ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1824/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/1824/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.06.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Սոս Մարտիրոսյանի ընդդեմ Ծառայության Զեյթուն-Քանաքեռ տարածքային բաժնի` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սոս Մարտիրոսյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայության Զեյթուն-Քանաքեռ տարածքային բաժնին, ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1978-Ն որոշման թիվ 1 ցուցակի 1-ին մասով, նշանակել արտոնյալ պայմաններով կենսաթոշակ:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը կիրառել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1978-Ն որոշումը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սոս Մարտիրոսյանը տարբեր ժամանակաշրջաններում աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի ինժեներական բաժնում, այնուհետև` ինժեներաերկրաբանական բաժնում: «Հայջրնախագիծ» ինստիտուտի աշխատանքային ուղղվածությունը որևէ կապ չունի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված թիվ 1 ցուցակի 1-ին հատվածում նշված լեռնային աշխատանքների պայմանների հետ: Մասնավորապես բացակայում է Սոս Մարտիրոսյանի կողմից «Հայջրնախագիծ» ինստիտուտում օգտակար հանածոների արդյունահանման ստորգետնյա աշխատանքների հանքահորերում, հանքարաններում և հանքերում, երկրաբանահետախուզության մեջ, ցամաքուրդային հանքահորերում, հանքահորերի, հանքարանների, հանքերի շինարարությունում որպես բանվոր, ղեկավար, մասնագետ կամ ծառայող (որոնք տարեկան աշխատաժամանակի 50 տոկոսը և ավելին զբաղված են ստորգետնյա աշխատանքներով) կամ երկրաբան կամ տեխնիկական ղեկավար, նրանց տեղակալ (օգնական) աշխատելու փաստը:
Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սոս Մարտիրոսյանի «Հայջրնախագիծ» ինստիտուտում կատարված աշխատանքները համարվում են թիվ 1 ցուցակի 1010100դ - 20589 և 1010100դ - 25047 ծածկագրերով նախատեսված աշխատանքներ:
Մինչդեռ Սոս Մարտիրոսյանը, դատարան ներկայացրած փաստաթղթերի և աշխատանքային գրքույկի գրանցումների համաձայն, չունի օրենքով պահանջվող 15 տարվա ապահովագրական ստաժ: Մասնավորապես Դատարանը հաշվի չի առել, որ Սոս Մարտիրոսյանի կողմից ներկայացվել է տեղեկանք, որում նշված է, որ վերջինս անմիջապես զբաղված է եղել դաշտային երկրաբանահետախուզական աշխատանքներով և ստացել է օրենքով սահմանված դաշտային աշխատանքների համար նախատեսված նպաստ:
i
Ավելին, նշված տեղեկանքը տրվել է առանց իրավական հիմքի և չի համապատասխանում 29.05.2003 թվականի ՀՀ կառավարության թիվ 793-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար ապահովագրական ստաժը հաշվառելու, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կարգի» 20-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներին: Հետևաբար Դատարանը, հաշվի չառնելով վերը նշված իրավական ակտը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից տրված տեղեկանքը գնահատել է որպես պատշաճ ապացույց Սոս Մարտիրոսյանի պահանջը հիմնավոր համարելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.06.2008 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի 02.03.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Սոս Մարտիրոսյանը 01.09.1971 թվականից 24.06.1991 թվականն աշխատել է «Հայպետջրնախագիծ» ինստիտուտի (այժմ` «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ) երկրաբանահետազննական բաժնում:
Աշխատանքային գործունեության ընթացքում Սոս Մարտիրոսյանն աշխատել է որպես ինժեներ-երկրաբան, ավագ ինժեներ-երկրաբան, երկրաբանական պարտիայի պետ, առաջին կարգի ինժեներ-երկրաբան, երկրաբանական խմբի ղեկավար:
Աշխատանքային նշված պաշտոններում Սոս Մարտիրոսյանն անմիջապես զբաղված է եղել դաշտային երկրաբանահետախուզական աշխատանքներում և ստացել է օրենքով սահմանված դաշտային աշխատանքների համար նախատեսված նպաստ:
2) Ծառայության տնօրենին հասցեագրված 20.02.2008 թվականի դիմումով Սոս Մարտիրոսյանը խնդրել է 02.03.2007 թվականի դիմումը ներկայացնելու օրվանից իրեն արտոնյալ պայմաններով նշանակել կենսաթոշակ` ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1987-Ն որոշման թիվ 1 ցուցակի համաձայն:
3) Ի պատասխան 20.02.2008 թվականի դիմումի նշվել է, որ Սոս Մարտիրոսյանի կողմից կատարված աշխատանքները նախատեսված չեն ՀՀ կառավարության թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 ցուցակի 1-ին հատվածի 5-րդ կետի «բ» ենթակետի (ծածկագիր` 2010600բ - 6010) նշված ցանկում, ուստի Սոս Մարտիրոսյանը պահանջվող 20 տարվա մասնագիտական ստաժ չունենալու պատճառով չի կարող արտոնյալ պայմաններով ստանալ կենսաթոշակ:
4) Սոս Մարտիրոսյանի աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին տվյալներ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի 55 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հոդվածի առաջին մասի 1-2-րդ կետերով նախատեսված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները սահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1978-Ն որոշմամբ հաստատվել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և 2 ցուցակները: Թիվ 1 ցուցակի լեռնային աշխատանքներ մասում նշված է նաև «երկրաբաններ» պաշտոնները և մասնագիտությունները:
Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 ցուցակում լեռնային աշխատանքներ 1010100դ - 20589 կոդով նախատեսված է «երկրաբաններ» մասնագիտությունը և պաշտոնը, իսկ քանի որ Սոս Մարտիրոսյանը «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում ավելի քան 15 տարի աշխատել է որպես ինժեներ-երկրաբան, ավագ ինժեներ-երկրաբան, երկրաբանական պարտիայի պետ, առաջին կարգի ինժեներ-երկրաբան, երկրաբանական խմբի ղեկավար, հետևաբար նրա ապահովագրական ստաժը համապատասխանում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված արտոնյալ պայմաններով կենսաթոշակին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 ցուցակի իմաստով երկրաբաններ մասնագիտությունը և պաշտոնը վերաբերում է լեռնային աշխատանքներում այդպիսի պաշտոններ զբաղեցրած անձանց: Հետևաբար Դատարանը վերոնշյալ որոշման ճիշտ մեկնաբանության համար, որպես գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք, պետք է պարզեր ոչ միայն Սոս Մարտիրոսյանի երկրաբանի պաշտոնում աշխատելու հանգամանքը, այլև հստակեցներ, թե որքան ժամանակահատված է Սոս Մարտիրոսյանը լեռնային աշխատանքներ իրականացնելիս աշխատել երկրաբանի պաշտոնում:
Միաժամանակ ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 793-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար ապահովագրական ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակներ հաշվառելու» կարգի 20-րդ մասի համաձայն, այն դեպքում, երբ աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին տվյալներ, որոնք սահմանված են առանձին կատեգորիաների աշխատողների համար, ապահովագրական ստաժը հաստատվում է կազմակերպության տված` աշխատանքի բնույթը հավաստող տեղեկանքով: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար տրվող տեղեկանքում նշվում են ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 և 2 ցուցակներով նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, ապահովագրական ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակաշրջանը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը, այն սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:
Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ստաժը կարող է հիմնավորվել միայն համապատասխան բովանդակություն ունեցող տեղեկանքով: Մինչդեռ սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի թիվ 793-Ն որոշմամբ նախատեսված պահանջներին համապատասխանող տեղեկանք չի ներկայացվել, ինչի պայմաններում արտոնյալ կենսաթոշակի իրավունք ընձեռող ստաժի առկայությունը չէր կարող հիմնավորված համարվել:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 11.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան