ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-1121 (ՏԴ)
տնտեսական դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-1293
Նախագահող դատավոր` Ա. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի
Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ագան Խոնդկարյանի իրավահաջորդ Կարեն Խոնդկարյանի` հավատարմագրված փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանի միջոցով բերված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2007 թվականի մարտի 26-ի թիվ Տ-1293 վճռի դեմ` ըստ Ջուլիետա Ասրյանի (այսուհետ` հայցվոր) հայցի ընդդեմ Հրաչյա Գրիգորյանի, Ագան Խոնդկարյանի, Ջանիկ Զոհրաբյանի (այսուհետ` նաև պատասխանողներ)` կոոպերատիվի անդամ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է իրեն ճանաչել «Պրոգրես» արտադրական կոոպերատիվի անդամ իր ամուսնու կողմից թողնված կտակի հիման վրա:
ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ագան Խոնդկարյանի իրավահաջորդ Կարեն Խոնդկարյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը և 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Կարեն Խոնդկարյանը հանդիսանում է Հանգուցյալ Ագան Խոնդկարյանի որդին, ժառանգը և իրավահաջորդը, սակայն դատարանը նրան տեղյակ չի պահել քննվող գործի վերաբերյալ: Դատարանը տեղյակ է եղել, որ Ա. Խոնդկարյանը մահացած է, ուստի պետք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պարտադիր կարգով կասեցներ գործի վարույթը:
Վերոգրյալի հիման վրա Կ. Խոնդկարյանը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կ. Խոնդկարյանը սույն գործով պատասխանող Ագան Խոնդկարյանի որդին է:
2) Պատասխանողներից Ագան Խոնդկարյանին 17.11.2005 թվականին ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվել է նշումով, որ հասցեատերը մահացած է:
3) Ագան Խոնդկարյանը մահացել է 28.06.2005 թվականին:
4) Պատասխանողներ Հ. Գրիգորյանը և Ջ. Զոհրաբյանը 25.12.2005 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան` խնդրելով քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև լուծվի Ագան Խոնդկարյանի իրավահաջորդի հարցը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը կասեցնում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: «Պրոգրես» արտադրական կոոպերատիվի կանոնադրության 4.4-րդ կետի համաձայն` կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են ընդունվել կոոպերատիվի անդամ:
Սույն քաղաքացիական գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ դատարանը տեղեկացված է եղել Ագան Խոնդկարյանի մահի մասին, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տվել իրավահաջորդություն: Հետևաբար, հիմնավոր է վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 105-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահաջորդության հարցը լուծված չլինելու պայմաններում դատարանի կայացված վճիռը վերաբերում է նաև Ագան Խոնդկարյանի իրավահաջորդների իրավունքներին և պարտականություններին, որոնք դատաքննությանը մասնակից չեն դարձվել:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Վ. Աբելյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան