(ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1417-Ն և 01.03.12 թիվ 219 որոշումներ)
i
040.0282.310303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2003 թվականի N 282-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
i
դ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի ճամփորդական փաստաթղթի նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.07.03 թիվ 883-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց վկայականի և ճամփորդական փաստաթղթի պատրաստման աշխատանքները:
(որոշման վերնագիրը փոփ. 10.07.03 թիվ 883-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը հաստատվել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգը:
2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը (այսուհետ` վկայական) քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետությունում:
3. Վկայականը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվում է 1 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
4. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նորով փոխանակման:
5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:
6. Վկայականում նշվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`
ա) ազգանունը, անունը, հայրանունը,
բ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
գ) սեռը,
դ) ազգությունը,
ե) քաղաքացիությունը,
զ) Հայաստանի Հանրապետությունում բնակության կամ հաշվառման վայրը:
II. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ, ԱՅՆ ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ
i
7. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորած վկայականի փոխարեն նոր վկայական տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը (այսուհետ` ծառայություն):
(7-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
8. Վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում` վկայական ստանալու համար,
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշումը` անձին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին,
գ) անձնագիր,
դ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
ե) անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Վկայականը տրվում է սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:
i
9. Ծառայության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ վկայականը կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործելու համար այն դարձել է ոչ պիտանի:
(9-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)
10. Վկայականի փոխանակման համար վարչություն ներկայացվում է փոխանակման ենթակա վկայականն ու երկու գունավոր լուսանկար:
Եթե փոխանակման համար հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
i
11. Վկայականը կորցնելու դեպքում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին և ծառայությանը:
Կորած վկայականի փոխարեն վարչությունը նոր վկայական կարող է տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել:
Նոր վկայական տալու դեպքում կորած վկայականը անվավեր է ճանաչվում:
(11-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)
III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ
12. Վկայականը ենթակա է վարչություն հանձնման, եթե`
ա) լրացել է վկայականի գործողության ժամկետը.
բ) անձը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի դադարեցման համար.
գ) վկայական ունեցող անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.
դ) վկայականի տերը մահացել է:
Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը հանձնվում է վարչություն` դրա տիրոջ կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձի կողմից:
Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո վկայականն ուղարկում է վարչություն:
13. Վերադարձված, գտնված, անվավեր ճանաչված վկայականները պահպանվում են վարչությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
14. Վկայականների հաշվառումը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարումն իրականացվում է նախարարության սահմանած կարգով:
(կարգը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման
ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը (այսուհետ` վկայական) 88 x125 մմ չափսի 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:
Վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:
Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում` «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:
Վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից մինչև լուսանկարի համար նախատեսված տեղը տպագրվում են «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:
Վկայականի 1-ին էջի ձախ մասում «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար:
Վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ», 8-12-րդ էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:
Վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:
Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 12 ԷՋԻՑ» բառերը:
Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կնիքով:
Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:
(նկարագիրը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը հաստատվել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ` փաստաթուղթ) տալու կարգը:
2. Ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է օտարերկրյա պետությունում:
3. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին փաստաթուղթ տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` 1 տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` Հայաստանի Հանրապետությունում` նախարարության, իսկ եթե անձը ճամփորդական փաստաթղթով գտնվում է օտարերկրյա պետությունում և այդ փաստաթղթի ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն է առաջացել` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից, եթե անձի քաղաքական ապաստանի իրավունքն օրենքով սահմանված կարգով չի դադարեցվել:
(3-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
4. Ժամկետանց փաստաթուղթն անվավեր է և ենթակա է փոխանակման` սահմանված կարգով:
5. Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:
6. Փաստաթղթում նշվում են քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`
ա) ազգանունը, անունը, հայրանունը,
բ) սեռը,
գ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
դ) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):
7. Փաստաթղթում կարող են կատարվել հետևյալ նշումները`
ա) փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգվելու մասին` նախարարության կողմից.
բ) օտարերկրյա պետություններ ժամանակավորապես մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից:
Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթում այլ նշումներ կատարելն արգելվում է:
8. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթուղթ ստանալու համար վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
II. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼԸ, ԱՅՆ ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻՑ ՕԳՏՎԵԼԸ
9. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթուղթ ստանալու համար նախարարություն է ներկայացնում`
ա) դիմում` Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու համար,
բ) քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը,
գ) 35 x 54 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
դ) անդորրագիր պետական տուրք վճարելու մասին:
10. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի հետ ճամփորդող յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) ծննդյան վկայականը.
բ) 35 x 54 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր):
11. Փաստաթուղթը տրվում է դիմումն ստացվելուց հետո մեկամսյա ժամկետում:
Փաստաթուղթ տալը կարող է մերժվել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
12. Փաստաթուղթը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործելու համար ոչ պիտանի լինելու դեպքերում:
13. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթղթի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա փաստաթուղթը, սահմանված ձևի դիմում և 35x54 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր):
Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթում որևէ տեղեկություն փոխվելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու պատճառով այն փոխանակելիս ներկայացվում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթուղթ:
14. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը պարտավոր է փաստաթուղթը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանն, նախարարությանը, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
(14-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար կամ այլ պատճառով քաղաքական ապաստանի իրավունքը դադարեցվելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
(15-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)
16. Օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
17. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած` մահացած անձի փաստաթուղթը քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի հետ միասին հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմին: Մահվան գրանցումը կատարվելուց հետո փաստաթուղթն ուղարկվում է նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:
(17-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)
18. Օտարերկրյա պետությունում մահացած` քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթուղթը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, որն այն հանձնում է վարչություն: Գտնված փաստաթղթերը հանձնվում են նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:
(18-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)
19. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած` ազատազրկման դատապարտված անձանց փաստաթղթերը վերցվում են հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:
20. Խափանման միջոցի վերացման դեպքում կասկածյալների և մեղադրյալների փաստաթղթերը վերադարձվում են տերերին:
21. Պատիժը կրելուց հետո քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին կարող է տրվել նոր փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:
22. Փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ 17-րդ կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում են:
(կարգը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)
Հավելված N 4
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 283-Ն որոշման
ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) 88 x 125 մմ չափսի 32 էջից բաղկացած քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է:
Փաստաթղթի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:
Փաստաթղթի շապիկը շագանակագույն է: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» բառերը:
Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում տպագրվում են հետևյալ նախադասությունները`
«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ». «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ». «ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ, ԱՊԱ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆՐԱՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:
Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» բառերը:
Փաստաթղթի 2-րդ էջի ներքևի մասում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:
Փաստաթղթի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ էջի ձախ մասից հաջորդականությամբ` «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ», «ՏԻՊ», «ԿՈԴ», «ՓԱՍՏԱԹՈՒՂԹ N», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ» բառերը:
Փաստաթղթի 3-րդ էջի ներքևի մասում տեղ է հատկացվում փաստաթուղթ ստացող քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարի համար:
Փաստաթղթի 4-րդ էջում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ Է» բառերը:
Փաստաթղթի 5-րդ էջում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը և դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:
Փաստաթղթի 6-րդ և 7-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը: Նշված էջերից յուրաքանչյուրի վրա տեղ է հատկացվում երկու երեխայի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարները փակցնելու և նրանց տվյալները լրացնելու համար, իսկ նրանցից յուրաքանչյուրի լուսանկարի համար հատկացված տեղից ներքև տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է» և «ՍԵՌԸ» բառերը:
Փաստաթղթի 8-րդ և 9-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:
Փաստաթղթի 10-32-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:
Փաստաթղթի 1-ին և 5-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են փաստաթղթի սերիան և համարը:
Փաստաթղթի շապիկի վերջին էջի ներսի կողմում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ», «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 32 ԷՋԻՑ` ՉՀԱՇՎԱԾ ՇԱՊԻԿԸ» նախադասությունները:
Փաստաթղթի բոլոր էջերը համարակալվում են:
(4-րդ հավելվածը լրաց. 10.07.03 թիվ 883-Ն որոշում)