Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-61-Ո-Կ-8

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահ                     Կ. Անդրեասյանի

 

մասնակցությամբ`

    անդամներ                     Ա. Աթաբեկյանի

                                           Հ. Գրիգորյանի

                                           Ա. Դանիելյանի

                                           Կ. Թումանյանի

                                           Ե. Թումանյանցի

                                           Մ. Համբարձումյանի

                                           Էդ. Հովհաննիսյանի

                                           Ք. Մկոյանի

                                           Վ. Քոչարյանի

 

    Արդարադատության նախարարի տեղակալ       Լ. Բալյանի

 

Արդարադատության նախարարի

    ներկայացուցիչներ       Հ. Սանոյանի

                                           Ա. Սուջյանի

 

Երևան քաղաքի առաջին

ատյանի ընդհանուր իրավասության

    քաղաքացիական դատարանի դատավոր          Ա. Ստեփանյանի

 

    քարտուղարությամբ`                      Թ. Ղուկասյանի

                                                               Մ. Թելոյանի

 

    2024 թվականի հուլիսի 9-ին              ք. Երևանում

 

Բացատրությամբ ներկայացված փաստարկների կապակցությամբ վարույթ հարուցված մարմինը հարկ է համարել նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթները տեղեկատվական նշանակություն ունեն կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների համար: Այսինքն` անձին հաղորդում ներկայացնելու իրավունք վերապահելու նպատակն է ապահովել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների կողմից այդ լիազորության իրացումը: Կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումն ազդակ է, որի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինն իրացնում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր լիազորությունը, իսկ անձի դերակատարությունն այստեղ սահմանափակվում է նշված հաղորդումը ներկայացնելով:

Ավելին, Օրենսգրքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կայացված որոշումների բողոքարկման կարգ նախատեսված չէ: Մասնավոր անձինք զրկված են այդ վարույթի շրջանակներում կայացված որոշման իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև դատական կարգով կարգապահական վարույթի հարուցում հայցելու հնարավորությունից: Նրանց իրավական շահագրգռվածությունն այս գործընթացում եզրագծված է պատշաճ պատասխան ստանալու իրենց իրավունքի իրացմամբ: Ուստի կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կայացված որոշումները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ հաղորդում ներկայացրած անձի սուբյեկտիվ իրավունքների վրա, հետևաբար չի կարող խախտել նրա որևէ սուբյեկտիվ իրավունք:

Այսպիսով, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում անձի իրավունքները սահմանափակվում են համապատասխան հաղորդում ներկայացնելով, իսկ վերջինիս իրավական շահագրգռվածությունն այս գործընթացում եզրագծված է պատշաճ պատասխան ստանալու իր իրավունքի իրացմամբ: Բացի այդ, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնելու արդյունքում հաղորդում ներկայացնող անձի որևէ իրավունք չի վերականգնվում, ինչպես նաև չի վերացվում իրավունքի իրացմանը խոչընդոտող որևէ հանգամանք:

Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.2 կետում արտահայտած դիրքորոշմանը` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ կարգապահական խախտում է համարվում արարքը, որն իր մեջ պարունակում է Օրենսգրքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

Քննարկվող դեպքում Արդարադատության նախարարի կողմից Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները հարուցվել են տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու հիմքով, քանի որ առնվազն տարբեր են կարգապահական խախտումներ համարվող արարքների օբյեկտիվ կողմը: Թեև երկու դեպքում էլ Դատավորին վերագրվող որոշ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները համընկնում են, սակայն այդ խախտումները դրսևորվել են տարբեր արարքներով (գործողությամբ և անգործությամբ): Բացի այդ, Խորհրդի հիշյալ որոշման առկայությունը չի կարող բացառել Դատավորի կողմից այլ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի խախտման հատկանիշներ պարունակող արարքների կատարման հիմքով կարգապահական վարույթի հարուցումը, իսկ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում` դրա կարճումը:

Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.3 կետում արտահայտած դիրքորոշմանը` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Խորհուրդն իր մի շարք որոշումներում հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:

Չնայած նրան, որ արդեն իսկ ներկայացվել են իրավական վերլուծություններ գործին մասնակցող անձանց` դատավարական իրավունքների խախտման արդյունքում առաջացած հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ, Դատավորի կողմից առաջ քաշված դիրքորոշման առնչությամբ վարույթ հարուցած մարմինը կրկին հարկ է համարել նշել, որ Դատավորի կոպիտ անփութության պատճառով 85 քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 11 ամսից մինչև 3 տարի 5 ամիս անց հրապարակելը և դրա օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելը չի կարող որևէ մեկնաբանությամբ համարվել որպես նվազ կարևոր:

Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով պատասխանողի իրավունքների խախտման բացակայության և արարքը նվազ կարևորություն ունենալու փաստարկին, այն պատճառաբանությամբ, որ վճիռը, որով հայցը մերժվել է չի բողոքարկվել հայցվորի կողմից` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորին 22.11.2021 թվականին և 11.05.2022 թվականին ուղղված գրություններով նշված գործով պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է 16.10.2020 թվականին, սակայն հրապարակման պահից ավելի քան 1 տարի անց պատասխանող կողմը չի ստացել վճռի օրինակը, և վճիռը հրապարակված չէ Համակարգում: Խնդրել է սեղմ ժամկետում տրամադրել վճռի օրինակը` հաշվի առնելով նաև, որ նշված գործով թեև հայցը մերժվել է, սակայն Դատարանի 30.03.2018 թվականի որոշմամբ պատասխանողի գույքի վրա 1.700.000 ՀՀ դրամի չափով կիրառված արգելանքները պահպանված են: Նշված քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է և գործին մասնակցող անձանց տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 3 տարի անց, ինչը նշանակում է, որ նշված ժամանակահատվածում սահմանափակվել է պատասխանողի սեփականության իրավունքի իրացումը: Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

Վարույթ հարուցած մարմինը Դատավորի բացատրության 3.4 կետի առնչությամբ հայտնել է, որ Արդարադատության նախարարի 17.07.2022 թվականի թիվ 62-Ա որոշման համաձայն` Դատավորի նկատմամբ 20.05.2022 թվականի թիվ 50-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է` մասնավորապես հետևյալ հիմքերով և հիմնավորմամբ.

i

«Մինչև 02.05.2020 թվականի խմբագրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Նախկին կարգավորումներով օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

i

Նախկին կարգավորումներով օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով` խախտումը հայտնաբերելուց հետո` վեց ամսվա ժամկետում: Եթե խախտումը հայտնաբերվել է մինչև դատական վարույթն ավարտվելը, ապա սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է դատական վարույթն ավարտվելու պահից: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի:

i

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020 թվականի թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենք) լրացումներ և փոփոխություններ են կատարվել Նախկին կարգավորումներով օրենսգրքի 142-րդ հոդվածում (կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը), իսկ 144-րդ հոդվածը (կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները) շարադրվել է նոր խմբագրությամբ: Օրենքն ուժի մեջ է մտել 02.05.2020 թվականին:

i

Այսպես` Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

i

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, (...):

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո (...):

Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմերի համադրությունից ակնհայտ է, որ դրանք` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ժամկետների հետ կապված նախատեսում են միմյանցից էականորեն տարբեր պիտակավորումներից: Ընդ որում, Օրենքի պարունակում է անցումային դրույթներ, որոնք Օրենքով սահմանված` կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթների լիարժեք կիրառության համար նախատեսում է որոշակի պայման: Այսպես` Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները: Այսինքն` սույն իրավական նորմի ուժով կարգապահական պատասխանատվության հիմքերը սահմանող Օրենսգրքի 142-րդ հոդվածի և կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները սահմանող Օրենսգրքի 144-րդ հոդվածի գործողությունը պայմանավորված է դատավորի կողմից կարգապահական խախտում պարունակող արարքի` գործողության կամ անգործության կատարման պահով` որպես սահմանագիծ դիտարկելով Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (02.05.2020 թվականը): Ուստի, եթե Դատավորի վարքագծում կարգապահական խախտում համարվող արարքը առկա է 02.05.2020 թվականից հետ ընկած ժամանակահատվածում, ապա կիրառելի են Օրենսգրքի 142-րդ և 144-րդ հոդվածների դրույթները:

Այնուհանդերձ` վարույթ հարուցող մարմնի կողմից Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի կարգապահական պատասխանատվության հիմքերի և կարգապահական վարույթի հարուցման ժամկետների վերաբերյալ դրույթների միջև ընտրությունը պայմանավորելով 02.05.2020 թվականի նկատմամբ (դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածներում) կարգապահական խախտման պահի պարզմամբ` օրենսդիրը չի կարգավորել այն հարցը, թե, երբ է կարգապահական խախտումը համարվում կատարված` նկատի ունենալով, որ որոշ կարգապահական խախտումներ կարող են դրսևորվել որոշակի-տևական ժամանակահատվածում միևնույն խախտման անընդհատ իրականացմամբ` դատավարական նորմով սահմանված պարտականությունը տևական ժամանակով չկատարելով և դադարել օրենքով պահանջվող վարքագծի դրսևորմամբ: Ասվածի օրինակ է քննարկվող դեպքը: Սույն պարագայում Գործի փաստական հանգամանքները, մասնավորապես` Վճիռը 21.02.2020 թվականին հրապարակելու, իսկ դրա օրինակը միայն 24.05.2021 թվականին Դիմողի կողմից ստացված լինելու փաստերը վկայում են, որ 21.02.2020-24.05.2021 թվականներն (ներառում է 02.05.2020թ. հաջորդող ժամանակահատվածը) ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր պահի Դատավորի վարքագծում առկա են ՔԴՕ 124-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ ամրագրված դատավարական նորմի, արդյունքում` Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Հաշվի առնելով Գործի փաստերի նշված կազմը, առաջնորդվելով Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով և դրա վերաբերյալ ներկայացված մեկնաբանություններով` սույն կարգապահական վարույթը հարուցվել է Օրենսգրքի 142-րդ հոդվածի և 144-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, որոնց կարգավորումների շրջանակում պահպանված են Դատավորի նկատմամբ առերևույթ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթը հարուցելու համապատասխանաբար մեկամյա և եռամսյա ժամկետները, որոնք հաշվում են դատավորին վերագրվող խախտումները վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելու պահից: Տվյալ դեպքում խախտումների հայտնաբերման պահ դիտարկելով Դիմողի հաղորդումը արդարադատության նախարարությունում ստանալու պահը` 03.03.2022 թվականը` Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է 20.05.2022 թվականին:

(...) Հարկ է նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքի նկատմամբ սահմանված ժամկետների հետ կապված հարցերին, համեմատական վերլուծություններ անցկացնելով Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի համապատասխան իրավական նորմերի միջև, անդրադարձել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը իր` 13.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-98-Ո-Կ-26 որոշմամբ: Նշված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժել է արդարադատության նախարարի միջնորդությունը: Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Դավիթ Խաչատուրյանը չհամաձայնելով որոշման հետ` ներկայացրել են հատուկ կարծիք դրա պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ: Նշված ակտերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից տարբեր կերպ են մեկնաբանել Նախկին կարգավորումներով օրենսգրքի 144-րդ հոդվածում ամրագրված որոշ դրույթներ, որոնք վերաբերել են անձի, որպես կարգապահական խախտումը հայտնաբերող իրավասու սուբյեկտ հանդիսանալուն, կարգապահական խախտման հայտնաբերման պահին, որից սկսում է հոսել կարգապահական վարույթ հարուցելու ժամկետը և կարգապահական վարույթ հարուցելու առիթներին առնչվող ժամկետին: (...)»:

Հաշվի առնելով նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի` Խորհրդի անդամների տարաբնույթ ընկալումները, Նախկին կարգավորումներով օրենսգրքի` կարգապահական վարույթ հարուցելու ընթացքի ժամկետները սահմանող դրույթների հետ կապված, ինչպես նաև Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի կարգավորումների ոչ բավարար հստակությունը և դրա կիրառման բնագավառում ծագած հարցերը, առաջնորդվելով Օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջներով` վարույթ հարուցած մարմինը գտել է, որ թիվ ԵԴ/2854/02/18, ԵԴ/4296/02/18, ԵԴ/26037/02/18, ԵԴ/2159/02/19, ԵԴ/5137/02/19, ԵԴ/19972/02/19, ԵԴ/30738/02/19, ԵԴ/38307/02/19 քաղաքացիական գործերով Որոշմամբ Դատավորին վերագրված խախտումներով չպետք է ներկայացնել միջնորդություն:

Դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորը վարույթ հարուցող մարմին ներկայացրած բացատրությամբ հայտնել է հետևյալը.

3.1. Տվյալ դեպքում բացակայում է կարգապահական վարույթ հարուցելու առիթը, ինչպես նաև հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավակարգավորումից չի կարող հետևել, որ անձն իրավական շահագրգռվածության բացակայության պարագայում կարող է ակնկալել, որ իր ներկայացրած հաղորդումը կարող է հանդիսանալ կարգապահական վարույթ հարուցելու պատշաճ առիթ: Ցանկացած պարագայում հաղորդում ներկայացնելը ենթադրում է խախտված իրավունքների առկայություն, իսկ օրենքով նախատեսված դեպքում (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) նաև համապատասխան հետևանք, քանի որ հաղորդում ներկայացնելը չի կարող լինել ինքնանպատակ, և անձը չի կարող ներկայացնել հաղորդում, եթե առկա չէ վերջինիս «իրական (ռեալ)» իրավունքների ենթադրյալ խախտում:

Այսինքն` յուրաքանչյուր հաղորդման դեպքով պետք է պարզվի արդյոք հաղորդում ներկայացնողը հանդիսանում է «շահագրգիռ անձ» (որը կարող է կամ առավել արդյունավետ է իրականացնել կարգապահական վարույթ հարուցելուց հետո), քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանություն:

Վերոգրյալ հետևությունները պայմանավորված են նաև այլ հանգամանքով, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «անձի հաղորդում» եզրույթը չի կարող մեկնաբանվել Օրենսգրքի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության այլ իրավակարգավորումներից անկախ, և այս առումով պատահական չէ նաև, որ օրենսդիրը Խորհրդի որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար, նախատեսել է որպես նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման համար հիմք:

Վերոգրյալ եզրահանգման մասին է վկայում նաև այն, որ «ցանկացած անձ», զուտ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը և ըստ իրեն հայտնաբերելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի Օրենսգրքով սահմանված հատկանիշներ, հնարավորություն չունի պարզել (ինչպես սույն դեպքում պարզված չեն) ենթադրյալ արարքի արդյունքում այլ անձանց համար առաջացած բացասական հետևանքները, ինչպես նաև տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին կասկածի տակ դնելու և իր էությամբ դատական իշխանությունը հեղինակազրկելու հանգամանքները, որոնց բացակայությունը նվազ կարևորության պատճառով չի համարվում կարգապահական խախտում:

Միևնույն ժամանակ «ցանկացած անձ» իր համար անբարենպաստ դատական ակտ կայացվելու կամ այդ մասին ենթադրելու դեպքում կարող է իրականացնել դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրություն կամ որևէ այլ գործողություն և ներկայացնել հաղորդում` այդ կերպ փորձելով ազդել դատավորի անկախության վրա:

«Ցանկացած անձի» կողմից ոչ իր մասնակցությամբ գործերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելը կարող է ոչ բոլոր դեպքերում առերևույթ հնարավորություն ընձեռել գնահատելու որպես դատավորի անկախության վրա ազդելու փորձ, սակայն կարող է իրականացվել բացառապես այլ անձի, տվյալ դեպքում դատավորին, վնաս պատճառելու մտադրությամբ:

3.2. Խորհրդի 24.11.2022 թվականի և 27.02.2023 թվականի որոշումներով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են և հայտարարվել է նկատողություն: Նշված որոշումների հիմքում ըստ էության դրվել է գրեթե նույն ժամանակահատվածից սկսած այլ քաղաքացիական գործերով թույլ տրված նմանատիպ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնի խախտումներ:

Սույն և նշված կարգապահական վարույթների ուսումնասիրությունից հետևում է, որ բոլոր դեպքերում էլ վերագրված կարգապահական ենթադրյալ խախտման հիմքերն ըստ էության նույնն են և տարբեր տևողություններով ըստ էության վերաբերում են նույն ժամանակահատվածին:

Ըստ Դատավորի` նման պայմաններում առկա է նաև նույն կարգապահական խախտման հիմքով (նույն արարքների համար, որոնց համար արդեն առկա են համապատասխան որոշումներ) նույն անձին կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանք, որը, առավել ևս վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդպիսի արարքներ թույլ տալու հնարավորության բացակայության դեպքում, իր գնահատմամբ չի բխում ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի պահանջներից:

3.3. Վերը նշված գործերի դատավարական նախապատմությունների և կայացված դատական ակտերի համադրմամբ կատարված ուսումնասիրությունը համակցության մեջ չի կարող վկայել, որ դատավարության որևէ մասնակից զրկվել է որևէ դատավարական գործողության իրավունքից, ինչպես նաև նշված գործերի քննության ընթացքում անտեսվել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու պահանջների պահպանումը:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի, Խորհրդի կողմից մի շարք որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների, վերը նշված գործերի դատավարական նախապատմությունների և կից ներկայացված նյութերի համադրմամբ կատարված վերլուծությունից հետևում է, որ եթե նույնիսկ Դատավորին վերագրված ենթադրյալ արարքը ձևականորեն պարունակում է Օրենսգրքով նախատեսված նշված կարգապահական խախտման հատկանիշները, ապա ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ չի կարող կասկածի տակ դնել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Մասնավորապես` հաղորդման մեջ նշված թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով ապահովագրական ընկերությունը հայց է ներկայացրել քաղաքացու դեմ` խնդրելով վերջինիցս բռնագանձել 2.244.000 ՀՀ դրամ, որից 1.700.000 ՀՀ դրամը` որպես ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, 34.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրք, 510.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 21.04.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրը: Պատասխանողի ներկայացուցիչը, ում դիմումներն ի լրումն կցվել են հաղորդմանը, առարկել է պահանջի դեմ նաև խնդրելով բռնագանձել փաստաբանի վարձատրության գումար: Դատավորի նախագահությամբ քննվել է նշված քաղաքացիական գործը և կայացված վճռով ապահովագրական ընկերության հայցը մերժվել է, ապահովագրական ընկերությունից հօգուտ քաղաքացու բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Նշված վճիռը չի բողոքարկվել, ավելին` ապահովագրական ընկերությունը դիմումով դատարան է ներկայացրել բռնագանձված փաստաբանի վարձատրության գումարը վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Վկայակոչված դեպքը կարող է վկայել որակյալ արդարադատություն իրականացնելու մասին, ուստի հարց է առաջանում, արդյո՞ք վկայակոչված արարքը կարող է համարվել կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն կարող է պարունակել Օրենսգրքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն որևէ կողմ զրկված չի եղել բողոքարկման իրավունքից, ավելին չի օգտվել այդ իրավունքից և դատական ակտը կատարվել է կամովին, իսկ պատասխանողին հասցված որևէ վնասի մասին ապացույց առկա չէ: Տվյալ արարքն (վերագրված մյուս բոլոր արարքները) առնվազն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դրել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
09.07.2024
N ԲԴԽ-61-Ո-Կ-8
Որոշում