ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0214/02/10
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0214/02/10
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆիկ Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆիկ Այվազյանի ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի (այսուհետ` Համայնքի ղեկավար)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռաֆիկ Այվազյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող անասնապահական համալիրի նկատմամբ:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.09.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.11.2010 թվականի որոշմամբ Դատարանի 03.09.2010 թվականի վճռի դեմ Ռաֆիկ Այվազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Այվազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համայնքի ղեկավարը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 28.09.2005 թվականի թիվ 1786-Ն որոշումը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և 220-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես, այն, որ Լուսաձորի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի 12.03.1992 թվականի նիստում կայացված որոշմամբ Լուսաձորի տնտեսությանը պատկանող երկու տիպային ֆերման, խոտի նավեսը, փայտյա նավեսը և երկու հատ սիլոսային խրամատները սեփականաշնորհվել են Ռաֆիկ Այվազյանին: Սեփականաշնորհված գույքի ընդհանուր արժեքը կազմել է ընդհանուր 216.230 ռուբլի: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 28.09.2005 թվականի թիվ 1786-Ն որոշումը և հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ռաֆիկ Այվազյանին սեփականաշնորհված 2 հատ տիպային ֆերմայի, խոտի և փայտյա շվաքարանների, ինչպես նաև դրանց սպասարկման համար նախատեսված տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Տավուշի մարզի Լուսաձոր համայնքին և համայնքային սեփականություն է` անտեսելով այն հանգամանքը, որ Ռաֆիկ Այվազյանի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ ծագել է դեռևս 1992 թվականին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.11.2010 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը և կայացրել է հիմնավորված որոշում: Մինչդեռ, Ռաֆիկ Այվազյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վիճելի գույքն աճուրդային կարգով գնել է: «Միաժամանակ հայտնում ենք, որ Ռաֆիկ Այվազյանը դատարանում օգտագործել է կեղծ փաստաթղթեր, որոնց մասին համայնքապետարանը 18.03.2011 թ-ի թիվ 25 գրությամբ դիմել է ՀՀ Տավուշի մարզի դատախազ Ա. Մանթաշյանին` խնդրելով կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ և ստուգումներ Ռաֆիկ Այվազյանի կողմից ներկայացված փաստաթղթերի վավերականությունը ճշտելու նպատակով և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
ՀՀ ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղի 24.12.2007 թվականի «Լուսաձորի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի 12.03.1992 թվականի նիստի թիվ 2 արձանագրությունից» քաղվածքի համաձայն` Լուսաձորի տնտեսությանը պատկանող 2 տիպային ֆերման, խոտի փայտյա նավեսները, 2 հատ սիլոսի խրամատները սեփականաշնորհվել է Լուսաձոր գյուղի բնակիչ Ռաֆիկ Այվազյանին (գ.թ. 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
22.01.1991 թվականին ընդունված «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրվում են մասնակի հատուցմամբ, որի գումարը կարող է վճարվել նաև միանվագ կարգով:
Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` հողամասերի հատկացման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներ: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից: Մյուս հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է փոփոխվել կամ վերացվել միայն դատական կարգով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ դրանով կարգավորվում է գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն մասնակի հատուցմամբ տրամադրելու պայմանները, որի կատարման համար կազմվել են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներ:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի իրացումն առավելապես կատարվում է դրանց տեխնոլոգիական ամբողջականության պահպանմամբ: Անասնապահական շինությունները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական համալիրները և մյուս գույքը, եթե որոշում է ընդունվում դրանք բաժանելու մասին, իրացվում են աճուրդային վաճառքի կարգով, առաջին հերթին տվյալ բնակավայրի բնակիչներին կամ նրանց խմբերին: Աճուրդը հայտարարելուց հետո երեք ամսվա ընթացքում հիշյալ միջոցները և մյուս գույքը չիրացվելու դեպքում դրանք անհատույց տրամադրվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների տնօրինությանը: Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը կատարվում է համապատասխան լուծարքային հանձնաժողովների կողմից: Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ընդհանուր նշանակության սոցիալ-մշակութային և կոմունալ օբյեկտներն իրենց գույքով անհատույց հանձնվում են պատգամավորների համապատասխան խորհրդին: Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և այլ գույքի իրացումից գոյացած միջոցների բաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Նշված հոդվածը կարգավորում է լուծարվող կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերի (անասնագլխի, տեխնիկական միջոցների, տեխնոլոգիական համալիրների և այլն) իրացման պայմանները` նախատեսելով պարտադիր պահանջ, որ այն պետք է կատարվի համապատասխան լուծարքային հանձնաժողովների կողմից` աճուրդային վաճառքի կարգով:
Սույն գործով Ռաֆիկ Այվազյանը, որպես պահանջը հիմնավորող ապացույց վկայակոչել է 12.03.1992 թվականին Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի արձանագրությունը, որի համաձայն` Լուսաձորի տնտեսությանը պատկանող 2 տիպային ֆերման, խոտի փայտյա նավեսները, 2 հատ սիլոսի խրամատները սեփականաշնորհվել է Ռաֆիկ Այվազյանին:
Վերաքննիչ դատարանը Ռաֆիկ Այվազյանի վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի` «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Լուսաձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1786-Ն որոշմամբ ի թիվս այլ գույքի, Ռաֆիկ Այվազյանին սեփականաշնորհված 2 հատ տիպային ֆերմայի, խոտի և փայտյա շվաքարանների, ինչպես նաև դրանց սպասարկման համար նախատեսված տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Տավուշի մարզի Լուսաձոր համայնքին և հանդիսանում է համայնքային սեփականություն», և գտել է, որ «գործում առկա չէ հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի որևէ որոշում վիճելի գույքը Ռաֆիկ Այվազյանին սեփականաշնորհելու վերաբերյալ, առկա չէ նաև վիճելի գույքի համար հայցվորի կողմից կատարված վճարման վերաբերյալ որևէ ապացույց»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 22.01.1991 թվականին ընդունված «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը վերաբերում է գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրելու կարգին, ինչպես նաև լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի իրացման կարգին: Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի տրամադրման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներն օրենքով սահմանված կարգով իրավասու էին կատարել միայն հողհատկացումներ սեփականշնորհման ձևով, իսկ լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը պետք է կատարվեր միայն համապատասխան լուծարքային հանձնաժողովների կողմից: Սույն վեճը վերաբերում է Լուսաձորի կոլտնտեսությանը պատկանող անասնապահական շինությունների իրացման, այլ ոչ թե պետական սեփականություն հանդիսացող հողամասերի իրացման կարգին: Վերոնշյալից հետևում է, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի որոշումը սույն վեճի լուծման համար չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, քանի որ լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացման լիազորություն ունեցել են միայն լուծարքային հանձնաժողովները, այն էլ աճուրդային վաճառքի կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես` Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
Վերոնշյալից հետևում է, որ սույն գործով դատարանի կողմից պարզման ենթակա է, իսկ հայցվորի կողմից ապացուցման ենթակա է վեճի առարկա անասնապահական շինությունները` որպես լուծարվող տնտեսությանը պատկանող գույք, օրենքով սահմանված կարգով Ռաֆիկ Այվազյանին աճուրդային կարգով վաճառելու փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները վեճի առարկա գույքը հայցվորին ի սեփականություն հանձնելու փաստը հիմնավորելու համար կիրառել են ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի` «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսաձորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Լուսաձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1786-Ն որոշումը, որը սույն գործով կիրառելի չէ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան