Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/13380/05/17

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/13380/05/17

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԳԱՐԴՄԵՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի` Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին 03.10.2017 թվականի թիվ 216-Ա որոշումն (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.12.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և վարչական գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի շրջանակներից` սեփական նախաձեռնությամբ ընդլայնելով վեճի շրջանակները, քննարկման առարկա դարձնելով Ընկերության կողմից չվիճարկված հարցեր, կայացրել է դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և Դատարանում քննության առարկա չդարձված հիմքով, որը հանգեցրել է գործի սխալ լուծման և խաթարել է արդարադատության էությունը:

Այսպես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը չի պարզել այն հարցը, թե ենթադրյալ մատակարարված ապրանքը մատակարարելիս Ընկերությունն արդյոք պետք է առաջնորդվեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` Կանոնակարգ): Մինչդեռ Ընկերությունն ինչպես վերաքննիչ բողոք բերելիս, այնպես էլ հայց ներկայացնելիս չի վիճարկել այն փաստը, որ իր կողմից մատակարարված ապրանքները չպետք է համապատասխանեն Կանոնակարգի պահանջներին: Ընկերությունը վերաքննիչ բողոքի հիմքում դրել է միայն այն փաստարկը, որ Հանձնաժողովը չի ապացուցել խնդրահարույց ապրանքներն Ընկերության կողմից մատակարարված լինելու փաստը, ինչը Դատարանը հաշվի չի առել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների շրջանակում մրցույթի հրավեր ուղարկելիս, հետագայում նաև Ընկերության հետ կնքված թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-910, NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-850, NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-786 և NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-915 պայմանագրերում Ընկերության համար պարտավորություն է սահմանել ներկայացնելու մատակարարվող ապրանքի` Եվրասիական տնտեսական միություն ծագման երկրի սերտիֆիկատները, ՀՀ օրենսդրության, ներառյալ` ՀՀ-ում դեռևս 30.01.2015 թվականից ուժի մեջ գտնվող Կանոնակարգի պահանջների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, որոնք Ընկերությունը ներկայացրել է, և որոնք առկա են նաև Դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերում: Բացի այդ, Ընկերության հետ կնքված պայմանագրերում, որպես ձեռքբերվող «խտացրած կաթ» ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջ, նախատեսվել է, որ խտացրած կաթ հանդիսացող ապրանքում կարող են օգտագործվել բացառապես կենդանական ծագման յուղեր:

Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից Կանոնակարգի պահանջների պահպանված լինելու հարցը չի բարձրացվել գործի քննության ողջ ընթացքում, այդ թվում նաև 16.01.2020 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որպիսի պայմաններում Հանձնաժողովը զրկված է եղել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից: Մինչդեռ, եթե Վերաքննիչ դատարանն այս հարցերը բարձրացներ մինչև որոշում կայացնելը, Հանձնաժողովը հնարավորություն կունենար հիմնավորելու իր գործողությունների և վարչական ակտի իրավաչափությունը` ներկայացնելով անհրաժեշտ պարզաբանումները:

 

i

2) Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշման մեջ և թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նույնանման փաստական հանգամանքներ, ապացույցներ ունեցող և միևնույն հիմքերով վիճարկված գործերով կայացված որոշումներում մի դեպքում` թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Վերաքննիչ դատարանը պետական գնումների շրջանակում հաղթող ճանաչված «Էդել» ՍՊԸ-ի և պետության միջև կնքված պայմանագրերը, դիտանցումների արդյունքները, մատակարարման փաստաթղթերը, այդ թվում` հարկային հաշիվների առկայությունը բավարար է համարել դիտանցումների արդյունքում արձանագրված խտացրած կաթ չհանդիսացող ապրանքները «Էդել» ՍՊԸ-ի կողմից մատակարարված լինելը հաստատված համարելու համար, մինչդեռ սույն գործով կայացված որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ պետական գնումների շրջանակում հաղթող ճանաչված Ընկերության և պետության (տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանի) միջև կնքված պայմանագրերը, դիտանցումների արդյունքները, մատակարարման փաստաթղթերը, այդ թվում` հարկային հաշիվների առկայությունը բավարար չէ դիտանցումների արդյունքում արձանագրված խտացրած կաթ չհանդիսացող ապրանքները Ընկերության կողմից մատակարարված լինելու փաստը հաստատված համարելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 10.12.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հանձնաժողովի նախագահի 15.05.2017 թվականի թիվ 65-Ա, 74-Ա, 81-Ա, 83-Ա և 84-Ա հրամանների հիման վրա համապատասխանաբար «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից կատարվել է դիտանցում (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 176, 212, 225, 255, 267).

2) Թիվ 65-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն, ի թիվս այլնի, մանկապարտեզի պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром, Жирность 8,5%, продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира» (Сгущенка с сахаром, Жирность 8,5%, продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира) (կաթնամթերային արտադրանք) անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա5286543019 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքի թվով 7 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 256-266).

3) Թիվ 74-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով, կաթի պարունակությամբ մթերք» անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա9754113359 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 226-228, 230-231).

4) Թիվ 81-Ա հրամանի հիմքով «ԺՊԻՏՆԵՐ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром, жирность 8,5%, продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира» (Сгущенка с сахаром, жирность 8,5%, продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира) անվանումով մթերք, ինչպես նաև «Молоко цельное, сгущенное с сахаром» (молоко цельное, сгущенное с сахаром) անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա 4627689280 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԺՊԻՏՆԵՐ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքների թվով 8 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 213-223).

5) Թիվ 83-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Сгущенка с сахаром» (Сгущенка с сахаром) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված էր «Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира» (Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира), «Сгущенка с сахаром, Руслада» (Сгущенка с сахаром, Руслада) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված է «Խտացրած կաթ շաքարով, Ռուսլադա կաթնային յուղի փոխարինիչով: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա6765936545, թիվ Ա2931614576 հարկային հաշիվներում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 177-183).

6) Թիվ 84-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром» (Сгущенка с сахаром) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված էր «Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира» (Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира): Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա9625447121 և Ա2512639015 հարկային հաշիվներում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքների թվով 4 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 267-275).

7) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների 2017 թվականի կարիքների համար հայտարարված սննդամթերքի թիվ ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2 գնման ընթացակարգում «խտացրած կաթ» ապրանքի չափաբաժնի համար հաղթող է ճանաչվել «Գարդմեն» ՍՊԸ-ն (հիմք` վարչական վարույթի նյութերի լազերային կրիչ-հատոր 2-րդ, գ.թ. 280).

8) 27.12.2016 թվականին Երևանի քաղաքապետարանի (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև կնքվել են Սննդամթերքի մատակարարման գնման թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-786, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-850, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-886, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-910 և թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-915 պայմանագրերը համապատասխանաբար «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» և «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար սննդամթերք ձեռք բերելու նպատակով, ընդ որում` պայմանագրերին կից` Սննդամթերքի ձեռքբերման տեխնիկական բնութագրերում, որոնք հանդիսանում են պայմանագրերի հավելվածը, որպես մատակարարման ենթակա ապրանք նշված է` «խտացրած կաթ» (հիմք` վարչական վարույթի նյութերի լազերային կրիչ-հատոր 2-րդ, գ.թ. 280).

9) Հանձնաժողովի 03.10.2017 թվականի թիվ 216-Ա որոշմամբ Ընկերությանը հասարակության մոլորեցման համար տրվել է նախազգուշացում և հանձնարարվել է որոշումը ստանալուց հետո հաջորդ օրվանից` 5 օրվա ընթացքում, վերացնել խախտումները և հետագայում բացառել, ինչպես նաև այդ ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովին ներկայացնել օրենքի խախտումը վերացնելը հիմնավորող ապացույցներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 441-447):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ այն դեպքերում, երբ դատաքննությունը ներառում է հակադիր մասնավոր շահեր, կողմերի հավասարության պահանջը, որն արդար դատաքննություն հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ` ապացույցներ այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնում էականորեն ավելի նվազ բարենպաստ պայմաններում համեմատած հակառակ կողմի հետ (տե՛ս, Նելսիդա Նիկողոսյանը և Գվիդոն Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 11724/04 և 13350/04 գանգատներով ՄԻԵԴ 06.12.2007 թվականի վճիռը, պարբ. 37):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վարչական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսևորումներից մեկն այն է, որ վարչական դատարանը պարտավոր է նախ և առաջ ապահովել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

i

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

Դատարան ներկայացված հայցադիմումը, համաձայն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումների, ի թիվս այլնի, բովանդակում է նաև այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն` հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը և այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների և անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու և վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ: Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ` գործն ի պաշտոնե քննելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:

i

Այսպես. օրինակ` վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում նախնական դատական նիստում պարզելով վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները, այդ թվում` արդյո՞ք պահպանվել են այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացակարգային բոլոր կանոնները, և արդյո՞ք ճիշտ են մեկնաբանվել ու կիրառվել վարչական ակտի հիմքում ընկած նյութական իրավունքի նորմերը: Այլ կերպ ասած` վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից, պետք է մատնանշի նաև ողջամտորեն հնարավոր բոլոր այն իրավական նորմերը, որոնց խախտումը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար և առաջարկի հայցվորին դրանք համալրել համապատասխան փաստական տվյալներով (տե՛ս Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմում` որպես վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմք, նշել է, որ վարչական վարույթի նյութերով չեն հիմնավորվել Ընկերությանը վերագրվող խախտումները վերջինիս կողմից կատարված լինելու փաստը, քանի որ գնորդներն ընդունել են ապրանքները` դրանով իսկ, փաստորեն, հավաստելով մատակարարված ապրանքների` տեխնիկական բնութագրին համապատասխանող ապրանք լինելու փաստը, հետևաբար վերոգրյալից բխում է, որ Հանձնաժողովի կողմից դիտարկման է ենթարկվել այլ ապրանք, ոչ այն, ինչը մատակարարվել է Ընկերության կողմից, և դրան հակադարձող ապացույց առկա չէ:

Դատարանը 10.12.2018 թվականի վճռով մերժել է հայցը` պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում անմիջականորեն գնահատելով Հանձնաժողովի կողմից Դատարանին ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա գրավոր և իրեղեն ապացույցները` Դատարանը գտնում է, որ դրանցով ամբողջությամբ հիմնավորվում են վիճարկվող որոշման հիմքում դրված հանգամանքները: Մասնավորապես, վարչական վարույթի նյութերում առկա արձանագրություններով և դրանց կից լուսանկարներով հիմնավորվում է Հանձնաժողովի թիվ 216-Ա որոշման մեջ նկարագրված ապրանքների հայտնաբերման փաստը և այն փաստը, որ ապրանքների վրա կատարված գրառումների համաձայն` դրանց բաղադրության մեջ առկա են եղել կաթնային յուղի փոխարինիչներ: Նշված ապրանքների ձեռքբերման պայմանագրերով, դրանց հավելվածը հանդիսացող տեխնիկական բնութագրերով, հարկային հաշիվներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ ապրանքները մատակարարվել են «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից և մատակարարվել են որպես խտացրած կաթ: Ավելին, ապրանքները հայցվոր ընկերության կողմից մատակարարելը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների 2017թ.-ի կարիքների համար հայտարարված սննդամթերքի թիվ ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2 գնման ընթացակարգում «խտացրած կաթ» ապրանքի չափաբաժնի համար հաղթող է ճանաչվել «Գարդմեն» ՍՊԸ-ն, ինչը կրկին վկայում է այն մասին, որ 2017 թ.-ի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատություններին նշված ապրանքատեսակը մատակարարվել է հենց «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից»:

Այնուհետև վերլուծելով Կանոնակարգով սահմանված կաթնային մթերք և կաթ պարունակող մթերք հասկացությունների նշանակությունը` Դատարանը եզրահանգել է, որ «Նշված կանոնակարգի կարգավորումներից հետևում է, որ ոչ կաթնային ճարպեր և սպիտակուցներ պարունակող մթերքները համարվում են ոչ թե կաթնային մթերք, այլ կաթ պարունակող մթերք, իսկ խտացրած կաթ է համարվում այն սննդամթերքը, որը պարունակում է կաթնային մթերք շաքարով, հետևաբար, այն սննդամթերքները, որոնք բացի կաթնային մթերքից պարունակում են նաև կաթնային ճարպի փոխարինիչներ, նշված կանոնակարգի իմաստով չեն համարվում խտացրած կաթ, այլ համարվում են կաթ պարունակող մթերքներ: Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից հայտնաբերված և հայցվոր ընկերության կողմից մատակարարված ապրանքները, դրանց վրա առկա գրառումների համաձայն` պարունակել են կաթնային ճարպի փոխարինիչներ, դրանք չեն կարող համարվել խտացրած կաթ, այլ համարվում են կաթ պարունակող մթերք, այսինքն` հայցվոր ընկերությունն ապրանքն իրացնելիս համապատասխան հարկային հաշիվներում, պայմանագրերում, տեխնիկական բնութագրերում նշված ապրանքները որպես խտացրած կաթ նշելով և իրացնելով` նշել է օրենքին հակասող տվյալներ և այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանել տվյալ ապրանքների որակական նկարագրին»:

 

Վերոգրյալի հիման վրա Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Հանձնաժողովի կողմից ճիշտ է որակվել Ընկերության վարքագիծը, այն համապատասխանում է հասարակությանը մոլորեցման` օրենքով սահմանված նկարագրին, քանի որ վերջինս ապրանքներն իրացնելիս նշել է դրանց որակական հատկանիշներին ոչ համապատասխան տվյալներ` իրացնելով խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը որպես այդպիսին նախադպրոցական հաստատություններին, որոնք ընդգրկում են հասարակության լայն շերտերի, մասնավորապես, հաստատության ղեկավար կազմը, աշխատակիցները, երեխաները, վերջիններիս ծնողները, ովքեր առնվազն կարող էին համոզմունք ունենալ, որ մատակարարվածը խտացրած կաթ է, այնինչ տեխնիկական կանոնակարգի իմաստով մատակարարված սննդամթերքը չի հանդիսացել խտացրած կաթ:

Վերաքննիչ դատարանը, 07.02.2020 թվականի որոշմամբ բավարարելով Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը և գործն ամբողջ ծավալով ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ «18.05.2017 թվականին կազմված արձանագրություններով և դրանց կից առկա լուսանկարներով անհնար է նույնականացնել հայցվոր ընկերության կողմից մատակարարված «խտացված կաթ» անվանումը կրող ապրանքները «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» և «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում պատասխանող վարչական մարմնի աշխատակիցների կողմից դիտանցումների արդյունքում պահեստներում հայտնաբերված ու արձանագրված ապրանքների հետ և այս ուղղությամբ ՀՀ վարչական դատարանի կողմից ըստ էության որևէ քննություն չի իրականացվել: Ընդ որում, առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 27.12.2016 թվականի գնման պայմանագրերի 1-ին հավելվածում սահմանվել է նաև մատակարարվող խտացված կաթի տեխնիկական բնութագիրը, որի մասով ՀՀ վարչական դատարանի կողմից ևս որևէ քննություն չի իրականացվել, մասնավորապես` սույն գործով վիճարկվող որոշման ու Դատարանի վճռի հիմքում ընկած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան խտացված կաթ մատակարարելու պահանջ պայմանագրով հայցվոր ընկերությանն ի սկզբանե ներկայացվել է, թե ոչ»:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «գործի քննության ընթացքում Դատարանը, ելնելով գործող օրենսդրական կարգավորումներից, պետք է ձեռնարկեր բոլոր համարժեք և հնարավոր միջոցները` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար` մասնավորապես, պարզեր, թե, արդյոք, «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 2017 թվականի մայիսի 18-ը նախորդող ժամանակահատվածում փաստացի մատակարարվել է «խտացրած կաթ» անվանումը կրող ապրանք, եթե այո, ապա, արդյոք, նշյալ կազմակերպությունների պահեստներում հայտնաբերված ապրանքը նույնական է «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից մատակարարված ապրանքին, թե ոչ` դրանով իսկ ապահովելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը, ինչը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, կարող է իրագործվել գործի նոր քննության արդյունքում»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «(...) կնքված պայմանագրերի «Պայմանագրի առարկան» բաժնի համաձայն` ապրանքը պետք է ընդամենը համապատասխաներ Պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին: Նման պայմաններում գործի քննության շրջանակներում Դատարանը նաև պետք է պարզի, թե, արդյոք, ենթադրյալ մատակարարված ապրանքը համապատասխանել է պայմանագրերից բխող վաճառողի պարտավորություններից, մասնավորապես, արդյոք, համապատասխանել է Պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին, եթե այո, ապա, արդյոք, տնտեսվարող սուբյեկտը պարտավոր էր ապրանքը մատակարարելիս ուղղորդվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով»:

i

Արդյունքում` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի նոր քննության ընթացքում պետք է պարզվի նաև այն հանգամանքը, թե իրավահարաբերության ծագման պահին գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված կոնկրետ որ իրավադրույթի շրջանակներում է պատասխանողի վարքագիծը որակվել որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի առաջին հիմքը վերաբերում է այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի շրջանակներից` սեփական նախաձեռնությամբ ընդլայնելով վեճի շրջանակները, (...):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից նույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`(...) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն (...):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Համադրելով վերոգրյալ իրավական նորմերը սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանը` որպես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզող դատարան, օժտված է ակտիվ դերակատարությամբ` իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ իրացումն ապահովելու համար, ուստի իր այս առաքելությունը հնարավորինս անշեղ կատարելու համար վարչական դատարանը, նախևառաջ, պարտավոր է ճիշտ որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, որից հետո պարտավոր է ձեռնամուխ լինել այդ փաստերի հաստատմանը կամ հերքմանն ուղղված անհրաժեշտ ապացույցների ձեռքբերմանը, հետազոտմանը և գնահատմանը, ընդ որում` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր կողմի` քննվող հարցերի վերաբերյալ արտահայտելու իր դիրքորոշումը և ներկայացնելու անհրաժեշտ փաստարկները:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող վարչական ակտով դատարան դիմած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ապա վարչական դատարանը` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի լույսի ներքո պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի` վարչական իրավախախտման բոլոր հատկանիշների առկայության հարցը` ձեռնարկելով համարժեք միջոցներ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձը պնդել է, որ թեև Ընկերությունն ինչպես վերաքննիչ բողոք բերելիս, այնպես էլ հայց ներկայացնելիս չի վիճարկել այն փաստը, որ իր կողմից մատակարարված ապրանքները չպետք է համապատասխանեն Կանոնակարգի պահանջներին, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով վերոհիշյալ հարցը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի և վարչական դատարանում գործի քննության շրջանակներից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի վիճարկվող Որոշման հիմքում ընկած է Ընկերության կողմից մատակարարված ապրանքների` Կանոնակարգի պահանջներին համապատասխանության հարցը, ուստի բոլոր դեպքերում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պարզելիս, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից և հիմնավորումներից, Դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել վիճարկվող վարչական ակտում կիրառված և մեկնաբանված նյութական իրավունքի նորմերը` պարզելու համար, ի թիվս այլնի, նաև իրավախախտման օբյեկտիվ կողմը, որը սույն գործով վերաբերում է Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող խտացրած կաթ մատակարարելուն, ընդ որում, ինչպես արդարացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, սույն գործով Դատարանը պարտավոր էր պարզել նաև, թե արդյոք ենթադրյալ մատակարարված ապրանքը համապատասխանել է պայմանագրերից բխող վաճառողի պարտավորություններին, մասնավորապես, արդյոք համապատասխանել է պայմանագրերի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին, և եթե այո, ապա արդյոք, Ընկերությունը պարտավոր էր ապրանքը մատակարարելիս ուղղորդվել նաև Կանոնակարգի պահանջներով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի և վարչական դատարանում գործի քննության սահմաններից դուրս գալու և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ, հիմնավորված համարելու համար:

Միաժամանակ անդրադառնալով բողոք բերած անձի այն պնդմանը, որ Հանձնաժողովը զրկված է եղել վերոհիշյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է վերոգրյալ իրավանորմի վերլուծությանը` արձանագրելով, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որի չիրականացման պարագայում կարող են վրա հասնել որոշակի անբարենպաստ հետևանքներ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Գագիկ Թովմասյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2680/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, դատավարության մասնակիցներին ծանրաբեռնելով իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ, միևնույն ժամանակ սահմանել է նաև դատավարական պարտականությունները կատարելու ընդհանուր և հատուկ կանոններ` վիճարկման հայցերով վարչական մարմնի վրա դնելով վարչական ակտի հիմքում ընկած հանգամանքների ապացուցման բեռը: Հետևաբար վարչական մարմինը, իրազեկվելով վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի մասին, պարտավոր է բարեխղճորեն կատարել իր պարտականությունը և դատարան ներկայացնել վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ:

Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, Հանձնաժողովի վիճարկվող Որոշման հիմքում ընկած է Ընկերության կողմից մատակարարված ապրանքների` Կանոնակարգի պահանջներին համապատասխանության հարցը: Մասնավորապես, վկայակոչելով Կանոնակարգի 5-րդ կետի 28-րդ, 30-րդ, 38-րդ, 46-րդ, 57-րդ, 80-րդ, 82-րդ, 95-րդ, պարբերությունները` Հանձնաժողովն իր որոշմամբ Ընկերությանը վերագրվող խախտումը հիմնավորել է նաև հետևյալ եզրահանգմամբ. «(...) Կանոնակարգի համաձայն` կաթնամթերք են համարվում ինչպես կաթնային մթերքը, այնպես էլ կաթ պարունակող մթերքը: Միևնույն ժամանակ, շաքարով խտացրած կաթը համարվում է կաթնային մթերք և շաքարով խտացրած կաթի արտադրության ընթացքում արգելվում է օգտագործել ոչ կաթնային ճարպեր և ոչ կաթնային սպիտակուցներ: Իսկ այն կաթնամթերքը, որի արտադրության ժամանակ օգտագործվել են ոչ կաթնային ճարպեր և ոչ կաթնային սպիտակուցներ, համարվում է ոչ թե շաքարով խտացած կաթ, այլ` կաթ պարունակող մթերք, որը կարող է պարունակել շաքար:

Տվյալ պարագայում, Ընկերության կողմից Ապրանքները որպես «խտացրած կաթ» իրացնելն այն դեպքում, երբ Ապրանքների մակնշման համաձայն և Կանոնակարգի իմաստով Ապրանքները չեն հանդիսանում «Խտացրած կաթ», ինչպես նաև Ընկերության կողմից Ապրանքների իրացման ընթացքում դրանց հաշվարկային փաստաթղթերում Կանոնակարգի 82-րդ կետի պահանջին հակասող նշում կատարելը համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում, քանի որ հնարավորություն չի տալիս սպառողին ամբողջական պատկերացում կազմել իրացվող ապրանքի վերաբերյալ և կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման)» (տե՛ս, Հանձնաժողովի որոշման 5-6-րդ էջերը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հանձնաժողովի որոշման հիմնավորումներում, որպես Ընկերությանը վերագրվող խախտումը հիմնավորող փաստարկման հանգամանք վկայակոչվել է նաև Ընկերության կողմից մատակարարված ապրանքների` Կանոնակարգի պահանջներին համապատասխանության հարցը, հետևաբար իրազեկվելով վիճարկման հայցի հիման վրա հարուցված սույն գործի մասին, Հանձնաժողովը ոչ միայն ունեցել է իրական հնարավորություն, այլ նաև պարտավոր է եղել դատարան ներկայացնել նշված հանգամանքը հիմնավորող բավարար ապացույցներ` անկախ դրա վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված փաստարկների կամ իրավական դիրքորոշումների:

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

i

Անդրադառնալով բողոք բերած անձի այն պնդմանը, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշման մեջ և թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտում իրավական նորմի մեկնաբանումը կոնկրետ փաստական հանգամանքների նկատմամբ իրավական նորմի բովանդակության վեր հանումն է, մինչդեռ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե իրավական նորմի բովանդակության բացահայտմանը, այլ այդ նորմով սահմանված պահանջների պահպանմամբ գործի քննությունն իրականացնելուն և դատական ակտ կայացնելուն, ապա նման իրավիճակներում միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանությունների հարց չի կարող բարձրացվել: Այլ կերպ ասած` երբ նմանատիպ փաստական հանգամանքներով և նմանատիպ ապացույցների առկայության պայմաններում մի դատարան իր ներքին համոզմամբ հանգում է այլ, իսկ մյուս դատարան մեկ այլ եզրակացության, ապա նման իրավիճակներում գործ ունենք ոչ թե իրավական նորմի տարաբնույթ մեկնաբանության, այլ փաստական հանգամանքների և ապացույցների տարաբնույթ գնահատման հետ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է ապացույցների ազատ գնահատման կանոնները, որոնց պահպանմամբ դատարանն անմիջականորեն գնահատում է գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, հետևաբար խոսք չի կարող լինել նշված իրավանորմի իրար հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելու վերաբերյալ: Տվյալ դեպքում, թե՛ սույն գործով Վերաքննիչ դատարանը և թե՛ վճռաբեկ բողոքում վկայակոչված թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը իրենց դատական ակտերում ոչ թե վեր են հանել իրավական նորմի բովանդակությունը` տալով դրա մեկնաբանումը, այլ նշված իրավանորմով սահմանված կանոնների պահպանմամբ անմիջականորեն գնահատել են գործում եղած բոլոր ապացույցները և կայացրել գործն ըստ էության լուծող համապատասխան դատական ակտեր:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթն իրացնելիս, ոչ թե որոշում է, թե որ դատարանն է ապացույցները ճիշտ գնահատում, այլ բացահայտում է, թե միևնույն նորմի տարաբնույթ և հակասական մեկնաբանություններից որն է համապատասխանում ինչպես տվյալ նորմն ընդունող մարմնի նպատակին, այնպես էլ իրավունքի համընդհանուր սկզբունքներին:

Այսպես. թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Ավագյան) մերժել է «Էդել» ՍՊԸ-ի հայցը` արձանագրելով, որ Հանձնաժողովը, կրելով իր կողմից ընդունված վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստերի ապացուցման բեռը, կատարել է իր այդ պարտականությունը` ապացուցելով վիճարկվող որոշման մեջ նշված անբարեխիղճ մրցակցության գործողությունն «Էդել» ՍՊԸ-ի կողմից կատարվելու հանգամանքը: Ինչպես նաև արձանագրվել է, որ մատակարարված ապրանքներն ընդունված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ դրանք տեխնիկական բնութագրին համապատասխանող լինելու փաստը հաստատված համարելու համար:

i

Նույն գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (դատավորներ` Ա. Առաքելյան, Ք. Մկոյան, Ա. Սարգսյան), վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի և 27-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի 1-ին մասերը, գտել է, որ «... վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի` վարչական վարույթի ընթացքում, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի ուժով` դատաքննության ընթացքում, կրում է վարչական մարմինը: Այսինքն` վերոգրյալից հետևում է, որ Հանձնաժողովը, կրելով իր կողմից ընդունված վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստերի ապացուցման բեռը, կատարել է իր այդ պարտականությունը` ապացուցելով վիճարկվող որոշման մեջ նշված անբարեխիղճ մրցակցության գործողությունն Ընկերության կողմից կատարված լինելու հանգամանքը»:

Վերոհիշյալ վարչական գործով կայացված դատական ակտերում առկա վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում խոսք չի կարող գնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտության մասին, քանի որ վերոհիշյալ հոդվածը թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով և սույն վարչական գործով ոչ թե կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, այլ յուրաքանչյուր դատարան վերոհիշյալ նորմով սահմանված պահանջի հիման վրա ինքնուրույն, իր ներքին համոզմամբ գնահատել է գործում եղած բոլոր ապացույցները` որոշելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատված լինել-չլինելու հարցը:

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը ևս բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/13380/05/17 վարչական գործով 2021 թվականի նոյեմբերի

26-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

26.11.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 26.11.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԳԱՐԴՄԵՆ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի` Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին 03.10.2017 թվականի թիվ 216-Ա որոշումն (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ::

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.12.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և վարչական գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի շրջանակներից` սեփական նախաձեռնությամբ ընդլայնելով վեճի շրջանակները, քննարկման առարկա դարձնելով Ընկերության կողմից չվիճարկված հարցեր, կայացրել է դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և Դատարանում քննության առարկա չդարձված հիմքով, որը հանգեցրել է գործի սխալ լուծման և խաթարել է արդարադատության էությունը:

Այսպես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը չի պարզել այն հարցը, թե ենթադրյալ մատակարարված ապրանքը մատակարարելիս Ընկերությունն արդյոք պետք է առաջնորդվեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` Կանոնակարգ): Մինչդեռ Ընկերությունն ինչպես վերաքննիչ բողոք բերելիս, այնպես էլ հայց ներկայացնելիս չի վիճարկել այն փաստը, որ իր կողմից մատակարարված ապրանքները չպետք է համապատասխանեն Կանոնակարգի պահանջներին: Ընկերությունը վերաքննիչ բողոքի հիմքում դրել է միայն այն փաստարկը, որ Հանձնաժողովը չի ապացուցել խնդրահարույց ապրանքներն Ընկերության կողմից մատակարարված լինելու փաստը, ինչը Դատարանը հաշվի չի առել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների շրջանակում մրցույթի հրավեր ուղարկելիս, հետագայում նաև Ընկերության հետ կնքված թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-910, NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-850, NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-786 և NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-915 պայմանագրերում Ընկերության համար պարտավորություն է սահմանել ներկայացնելու մատակարարվող ապրանքի` Եվրասիական տնտեսական միություն ծագման երկրի սերտիֆիկատները, ՀՀ օրենսդրության, ներառյալ` ՀՀ-ում դեռևս 30.01.2015 թվականից ուժի մեջ գտնվող Կանոնակարգի պահանջների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, որոնք Ընկերությունը ներկայացրել է, և որոնք առկա են նաև Դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերում: Բացի այդ, Ընկերության հետ կնքված պայմանագրերում, որպես ձեռքբերվող «խտացրած կաթ» ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջ, նախատեսվել է, որ խտացրած կաթ հանդիսացող ապրանքում կարող են օգտագործվել բացառապես կենդանական ծագման յուղեր:

Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից Կանոնակարգի պահանջների պահպանված լինելու հարցը չի բարձրացվել գործի քննության ողջ ընթացքում, այդ թվում նաև 16.01.2020 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որպիսի պայմաններում Հանձնաժողովը զրկված է եղել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից: Մինչդեռ, եթե Վերաքննիչ դատարանն այս հարցերը բարձրացներ մինչև որոշում կայացնելը, Հանձնաժողովը հնարավորություն կունենար հիմնավորելու իր գործողությունների և վարչական ակտի իրավաչափությունը` ներկայացնելով անհրաժեշտ պարզաբանումները:

 

2) Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշման մեջ և թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նույնանման փաստական հանգամանքներ, ապացույցներ ունեցող և միևնույն հիմքերով վիճարկված գործերով կայացված որոշումներում մի դեպքում` թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Վերաքննիչ դատարանը պետական գնումների շրջանակում հաղթող ճանաչված «Էդել» ՍՊԸ-ի և պետության միջև կնքված պայմանագրերը, դիտանցումների արդյունքները, մատակարարման փաստաթղթերը, այդ թվում` հարկային հաշիվների առկայությունը բավարար է համարել դիտանցումների արդյունքում արձանագրված խտացրած կաթ չհանդիսացող ապրանքները «Էդել» ՍՊԸ-ի կողմից մատակարարված լինելը հաստատված համարելու համար, մինչդեռ սույն գործով կայացված որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ պետական գնումների շրջանակում հաղթող ճանաչված Ընկերության և պետության (տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանի) միջև կնքված պայմանագրերը, դիտանցումների արդյունքները, մատակարարման փաստաթղթերը, այդ թվում` հարկային հաշիվների առկայությունը բավարար չէ դիտանցումների արդյունքում արձանագրված խտացրած կաթ չհանդիսացող ապրանքները Ընկերության կողմից մատակարարված լինելու փաստը հաստատված համարելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 10.12.2018 թվականի վճռին:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հանձնաժողովի նախագահի 15.05.2017 թվականի թիվ 65-Ա, 74-Ա, 81-Ա, 83-Ա և 84-Ա հրամանների հիման վրա համապատասխանաբար «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից կատարվել է դիտանցում (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 176, 212, 225, 255, 267).

2) Թիվ 65-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն, ի թիվս այլնի, մանկապարտեզի պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром, Жирность 8,5%, продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира» (Սգուշյոնկա ս սախարոմ, ժիրնոստ 8,5%, պրոդուկտ մոլոկոսոդերժաշիյ, սգուշյոննիյ ս սախարոմ ի ս զամենիտելեմ մոլոչնոգո ժիրա) (կաթնամթերային արտադրանք) անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա5286543019 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքի թվով 7 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 256-266).

3) Թիվ 74-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով, կաթի պարունակությամբ մթերք» անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա9754113359 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 226-228, 230-231).

4) Թիվ 81-Ա հրամանի հիմքով «ԺՊԻՏՆԵՐ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром, Жирность 8,5%, продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира» (Սգուշյոնկա ս սախարոմ, ժիրնոստ 8,5%, պրոդուկտ մոլոկոսոդերժաշիյ, սգուշյոննիյ ս սախարոմ ի ս զամենիտելեմ մոլոչնոգո ժիրա) անվանումով մթերք, ինչպես նաև «մոլոկո ցելնոյե, սգուշյոննոյե ս սախարոմ» (մոլոկո ցելնոյե, սգուշյոննոյե ս սախարոմ) անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա 4627689280 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԺՊԻՏՆԵՐ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքների թվով 8 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 213-223).

5) Թիվ 83-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Сгущенка с сахаром» (Սգուշյոնկա ս սախարոմ) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված էր «Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира» (Սգուշյոննիյ մոլոկոսոդերժաշիյ պրոդուկտ ս սախարոմ ի ս զամենիտելեմ մոլոչնոգո ժիրա), «Сгущенка с сахаром, Руслада» (Սգուշյոնկա ս սախարոմ, Ռուսլադա) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված է «Խտացրած կաթ շաքարով, Ռուսլադա կաթնային յուղի փոխարինիչով: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա6765936545, թիվ Ա2931614576 հարկային հաշիվներում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 177-183).

6) Թիվ 84-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром» (Сгущенка с сахаром) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված էր «Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира» (Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира): Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա9625447121 և Ա2512639015 հարկային հաշիվներում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքների թվով 4 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 267-275).

7) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների 2017 թվականի կարիքների համար հայտարարված սննդամթերքի թիվ ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2 գնման ընթացակարգում «խտացրած կաթ» ապրանքի չափաբաժնի համար հաղթող է ճանաչվել «Գարդմեն» ՍՊԸ-ն (հիմք` վարչական վարույթի նյութերի լազերային կրիչ-հատոր 2-րդ, գ.թ. 280).

8) 27.12.2016 թվականին Երևանի քաղաքապետարանի (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև կնքվել են Սննդամթերքի մատակարարման գնման թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-786, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-850, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-886, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-910 և թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-915 պայմանագրերը համապատասխանաբար «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» և «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար սննդամթերք ձեռք բերելու նպատակով, ընդ որում` պայմանագրերին կից` Սննդամթերքի ձեռքբերման տեխնիկական բնութագրերում, որոնք հանդիսանում են պայմանագրերի հավելվածը, որպես մատակարարման ենթակա ապրանք նշված է` «խտացրած կաթ» (հիմք` վարչական վարույթի նյութերի լազերային կրիչ-հատոր 2-րդ, գ.թ. 280).

9) Հանձնաժողովի 03.10.2017 թվականի թիվ 216-Ա որոշմամբ Ընկերությանը հասարակության մոլորեցման համար տրվել է նախազգուշացում և հանձնարարվել է որոշումը ստանալուց հետո հաջորդ օրվանից` 5 օրվա ընթացքում, վերացնել խախտումները և հետագայում բացառել, ինչպես նաև այդ ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովին ներկայացնել օրենքի խախտումը վերացնելը հիմնավորող ապացույցներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 441-447):

 

4. Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը.

Սույն գործով Դատարանը 10.12.2018 թվականի վճռով մերժել է հայցը` պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում անմիջականորեն գնահատելով Հանձնաժողովի կողմից Դատարանին ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա գրավոր և իրեղեն ապացույցները` Դատարանը գտնում է, որ դրանցով ամբողջությամբ հիմնավորվում են վիճարկվող որոշման հիմքում դրված հանգամանքները: Մասնավորապես, վարչական վարույթի նյութերում առկա արձանագրություններով և դրանց կից լուսանկարներով հիմնավորվում է Հանձնաժողովի թիվ 216-Ա որոշման մեջ նկարագրված ապրանքների հայտնաբերման փաստը և այն փաստը, որ ապրանքների վրա կատարված գրառումների համաձայն` դրանց բաղադրության մեջ առկա են եղել կաթնային յուղի փոխարինիչներ: Նշված ապրանքների ձեռքբերման պայմանագրերով, դրանց հավելվածը հանդիսացող տեխնիկական բնութագրերով, հարկային հաշիվներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ ապրանքները մատակարարվել են «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից և մատակարարվել են որպես խտացրած կաթ: Ավելին, ապրանքները հայցվոր ընկերության կողմից մատակարարելը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների 2017թ.-ի կարիքների համար հայտարարված սննդամթերքի թիվ ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2 գնման ընթացակարգում «խտացրած կաթ» ապրանքի չափաբաժնի համար հաղթող է ճանաչվել «Գարդմեն» ՍՊԸ-ն, ինչը կրկին վկայում է այն մասին, որ 2017թ.-ի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատություններին նշված ապրանքատեսակը մատակարարվել է հենց «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից»:

Այնուհետև վերլուծելով Կանոնակարգով սահմանված կաթնային մթերք և կաթ պարունակող մթերք հասկացությունների նշանակությունը` Դատարանը եզրահանգել է, որ «Նշված կանոնակարգի կարգավորումներից հետևում է, որ ոչ կաթնային ճարպեր և սպիտակուցներ պարունակող մթերքները համարվում են ոչ թե կաթնային մթերք, այլ կաթ պարունակող մթերք, իսկ խտացրած կաթ է համարվում այն սննդամթերքը, որը պարունակում է կաթնային մթերք շաքարով, հետևաբար, այն սննդամթերքները, որոնք բացի կաթնային մթերքից պարունակում են նաև կաթնային ճարպի փոխարինիչներ, նշված կանոնակարգի իմաստով չեն համարվում խտացրած կաթ, այլ համարվում են կաթ պարունակող մթերքներ: Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից հայտնաբերված և հայցվոր ընկերության կողմից մատակարարված ապրանքները, դրանց վրա առկա գրառումների համաձայն` պարունակել են կաթնային ճարպի փոխարինիչներ, դրանք չեն կարող համարվել խտացրած կաթ, այլ համարվում են կաթ պարունակող մթերք, այսինքն` հայցվոր ընկերությունն ապրանքն իրացնելիս համապատասխան հարկային հաշիվներում, պայմանագրերում, տեխնիկական բնութագրերում նշված ապրանքները որպես խտացրած կաթ նշելով և իրացնելով` նշել է օրենքին հակասող տվյալներ և այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանել տվյալ ապրանքների որակական նկարագրին»:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Հանձնաժողովի կողմից ճիշտ է որակվել Ընկերության վարքագիծը, այն համապատասխանում է հասարակությանը մոլորեցման` օրենքով սահմանված նկարագրին, քանի որ վերջինս ապրանքներն իրացնելիս նշել է դրանց որակական հատկանիշներին ոչ համապատասխան տվյալներ` իրացնելով խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը որպես այդպիսին նախադպրոցական հաստատություններին, որոնք ընդգրկում են հասարակության լայն շերտերի, մասնավորապես, հաստատության ղեկավար կազմը, աշխատակիցները, երեխաները, վերջիններիս ծնողները, ովքեր առնվազն կարող էին համոզմունք ունենալ, որ մատակարարվածը խտացրած կաթ է, այնինչ տեխնիկական կանոնակարգի իմաստով մատակարարված սննդամթերքը չի հանդիսացել խտացրած կաթ:

Վերաքննիչ դատարանը, 07.02.2020 թվականի որոշմամբ բավարարելով Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը և գործն ամբողջ ծավալով ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ «18.05.2017 թվականին կազմված արձանագրություններով և դրանց կից առկա լուսանկարներով անհնար է նույնականացնել հայցվոր ընկերության կողմից մատակարարված «խտացված կաթ» անվանումը կրող ապրանքները «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» և «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում պատասխանող վարչական մարմնի աշխատակիցների կողմից դիտանցումների արդյունքում պահեստներում հայտնաբերված ու արձանագրված ապրանքների հետ և այս ուղղությամբ ՀՀ վարչական դատարանի կողմից ըստ էության որևէ քննություն չի իրականացվել: Ընդ որում, առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 27.12.2016 թվականի գնման պայմանագրերի 1-ին հավելվածում սահմանվել է նաև մատակարարվող խտացված կաթի տեխնիկական բնութագիրը, որի մասով ՀՀ վարչական դատարանի կողմից ևս որևէ քննություն չի իրականացվել, մասնավորապես` սույն գործով վիճարկվող որոշման ու Դատարանի վճռի հիմքում ընկած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան խտացված կաթ մատակարարելու պահանջ պայմանագրով հայցվոր ընկերությանն ի սկզբանե ներկայացվել է, թե ոչ»:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «գործի քննության ընթացքում Դատարանը, ելնելով գործող օրենսդրական կարգավորումներից, պետք է ձեռնարկեր բոլոր համարժեք և հնարավոր միջոցները` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար` մասնավորապես, պարզեր, թե, արդյոք, «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 2017 թվականի մայիսի 18-ը նախորդող ժամանակահատվածում փաստացի մատակարարվել է «խտացրած կաթ» անվանումը կրող ապրանք, եթե այո, ապա, արդյոք, նշյալ կազմակերպությունների պահեստներում հայտնաբերված ապրանքը նույնական է «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից մատակարարված ապրանքին, թե ոչ` դրանով իսկ ապահովելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը, ինչը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, կարող է իրագործվել գործի նոր քննության արդյունքում»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «(...) կնքված պայմանագրերի «Պայմանագրի առարկան» բաժնի համաձայն` ապրանքը պետք է ընդամենը համապատասխաներ Պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին: Նման պայմաններում գործի քննության շրջանակներում Դատարանը նաև պետք է պարզի, թե, արդյոք, ենթադրյալ մատակարարված ապրանքը համապատասխանել է պայմանագրերից բխող վաճառողի պարտավորություններից, մասնավորապես, արդյոք, համապատասխանել է Պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին, եթե այո, ապա, արդյոք, տնտեսվարող սուբյեկտը պարտավոր էր ապրանքը մատակարարելիս ուղղորդվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով»:

Արդյունքում` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի նոր քննության ընթացքում պետք է պարզվի նաև այն հանգամանքը, թե իրավահարաբերության ծագման պահին գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված կոնկրետ որ իրավադրույթի շրջանակներում է պատասխանողի վարքագիծը որակվել որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հանձնաժողովի վիճարկվող Որոշման հիմքում ընկած է Ընկերության կողմից մատակարարված ապրանքների` Կանոնակարգի պահանջներին համապատասխանության հարցը, ուստի բոլոր դեպքերում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պարզելիս, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից և հիմնավորումներից, Դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել վիճարկվող վարչական ակտում կիրառված և մեկնաբանված նյութական իրավունքի նորմերը` պարզելու համար, ի թիվս այլնի, նաև իրավախախտման օբյեկտիվ կողմը, որը սույն գործով վերաբերում է Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող խտացրած կաթ մատակարարելուն, ընդ որում, ինչպես արդարացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, սույն գործով Դատարանը պարտավոր էր պարզել նաև, թե արդյոք ենթադրյալ մատակարարված ապրանքը համապատասխանել է պայմանագրերից բխող վաճառողի պարտավորություններին, մասնավորապես, արդյոք համապատասխանել է պայմանագրերի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին, և եթե այո, ապա արդյոք, Ընկերությունը պարտավոր էր ապրանքը մատակարարելիս ուղղորդվել նաև Կանոնակարգի պահանջներով...»:

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Հանձնաժողովի որոշման հիմնավորումներում, որպես Ընկերությանը վերագրվող խախտումը հիմնավորող փաստական հանգամանք վկայակոչվել է նաև Ընկերության կողմից մատակարարված ապրանքների` Կանոնակարգի պահանջներին համապատասխանության հարցը, հետևաբար իրազեկվելով վիճարկման հայցի հիման վրա հարուցված սույն գործի մասին, Հանձնաժողովը ոչ միայն ունեցել է իրական հնարավորություն, այլ նաև պարտավոր է եղել դատարան ներկայացնել նշված հանգամանքը հիմնավորող բավարար ապացույցներ` անկախ դրա վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված փաստարկների կամ իրավական դիրքորոշումների»:

Վճռաբեկ դատարանը գտնել է, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը ևս բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

 

5. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

Այսպես`

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև սույն օրենքի 13 հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:

Նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

Նույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից նույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն):

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի 82-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` կաթ պարունակող մթերքների և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների համար չի թույլատրվում օգտագործել կաթի և կաթնային մթերքների, դրանց տարբեր համադրությունների համար, այդ թվում` դրանց անվանումներում, ապրանքային նշաններում (առևտրային նշաններում) (առկայության դեպքում) կամ նման մթերքների մակնշման ժամանակ ստեղծված անվանման մեջ, պիտակների վրա, ցանկացած նպատակներով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հասկացությունները, որոնք կարող են սպառողին շփոթության մեջ գցել, ինչպես նաև բառեր, որոնք ձևավորվել են կաթնային մթերքների հասկացություններից (...):

 

Վերոնշյալ իրավադրույթների համակցությունից հետևում է, որ անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում դրսևորվող ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ: Մոլորեցնող ցանկացած գործողության կամ վարքագծի դրսևորման արդյունքում հասարակությանը չի տրամադրվում իրական տեղեկատվություն ապրանքների որակական, քանակական և այլ հատկանիշների մասին, ինչը կարող է հանգեցնել հասարակության անդամների մոտ ապրանքի վերաբերյալ թյուր տպավորության ստեղծմանը (ապակողմնորոշմանը): Այդպիսի գործունեությունը` որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, արգելվել է օրենսդրի կողմից` նկատի ունենալով, որ իրավական պետության կողմից որդեգրված ազատ տնտեսական գործունեության քաղաքականությունը նպատակ է հետապնդում ապահովելու արդարացի հավասարակշռություն տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների շահերի միջև: Այս առումով պետք է նկատի ունենալ, որ ազատ տնտեսական մրցակցության սկզբունքը բխում է տնտեսական ազատության և հավասարության սկզբունքներից և նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտեսավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի` 1999 թվականի հունվարի 27-ի թիվ ՍԴՈ-152 որոշման 7-րդ կետը):

Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` գտնում ենք, որ Ընկերության կողմից որպես խտացրած կաթ մատակարարվել են այնպիսի կաթնային արտադրանքներ, որոնց բաղադրության մեջ առկա են կաթնային յուղի փոխարինիչներ: Տվյալ դեպքում Ընկերության կողմից որպես խտացրած կաթ մակնշված ապրանքի իրացումը համարվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցում, քանի որ Ընկերության կողմից խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը տնտեսական շրջանառության մեջ է դրվել որպես խտացրած կաթ` այդ կերպ հասարակության անդամների մոտ ապրանքի որակական հատկանիշի վերաբերյալ թյուր տպավորություն ստեղծելով (ապակողմնորոշելով):

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, Հանձնաժողովի կողմից ընդունված Որոշումը իրավաչափ է և ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան, քանի որ Հանձնաժողովի կողմից ճիշտ է որակվել Ընկերության վարքագիծը, այն համապատասխանում է հասարակության մոլորեցման օրենքով սահմանված նկարագրին, որովհետև վերջինս ապրանքներն իրացնելիս նշել է դրանց որակական հատկանիշներին ոչ համապատասխան տվյալներ` իրացնելով խտացրած կաթ չհանդիսացող ապրանք, այնինչ տեխնիկական կանոնակարգի իմաստով մատակարարված սննդամթերքը չի հանդիսացել խտացրած կաթ: Այսինքն Ընկերությունը պարտավոր էր իրացնել բացառապես նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներին, այդ թվում` նախատեսված որակական և այլ հատկանիշներին համապատասխանող ապրանք(ներ):

Շարադրված հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի 10.12.2018 վճիռն օրինական ուժի մեջ թողնելու համար:

 

Դատավորներ` Էդ. Սեդրակյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/13380/05/17 վարչական գործով 2021 թվականի նոյեմբերի

26-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

26.11.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի նոյեմբերի 26-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԳԱՐԴՄԵՆ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի` Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին 03.10.2017 թվականի թիվ 216-Ա որոշումն (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Անտոնյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.12.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և վարչական գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի շրջանակներից` սեփական նախաձեռնությամբ ընդլայնելով վեճի շրջանակները, քննարկման առարկա դարձնելով Ընկերության կողմից չվիճարկված հարցեր, կայացրել է դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և Դատարանում քննության առարկա չդարձված հիմքով, որը հանգեցրել է գործի սխալ լուծման և խաթարել է արդարադատության էությունը:

Այսպես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը չի պարզել այն հարցը, թե ենթադրյալ մատակարարված ապրանքը մատակարարելիս Ընկերությունն արդյոք պետք է առաջնորդվեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` Կանոնակարգ): Մինչդեռ Ընկերությունն ինչպես վերաքննիչ բողոք բերելիս, այնպես էլ հայց ներկայացնելիս չի վիճարկել իր կողմից մատակարարված ապրանքները Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու փաստը: Ընկերությունը վերաքննիչ բողոքի հիմքում դրել է միայն այն փաստարկը, որ Հանձնաժողովը չի ապացուցել խնդրահարույց ապրանքներն Ընկերության կողմից մատակարարված լինելու փաստը, ինչը Դատարանը հաշվի չի առել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների շրջանակում մրցույթի հրավեր ուղարկելիս, հետագայում նաև Ընկերության հետ կնքված թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-910, NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-850, NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-786 և NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-915 պայմանագրերում Ընկերության համար պարտավորություն է սահմանել ներկայացնելու մատակարարվող ապրանքի` Եվրասիական տնտեսական միություն ծագման երկրի սերտիֆիկատները, ՀՀ օրենսդրության, ներառյալ` ՀՀ-ում դեռևս 30.01.2015 թվականից ուժի մեջ գտնվող Կանոնակարգի պահանջների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, որոնք Ընկերությունը ներկայացրել է, և որոնք առկա են նաև Դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերում: Բացի այդ, Ընկերության հետ կնքված պայմանագրերում, որպես ձեռքբերվող «խտացրած կաթ» ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջ, նախատեսվել է, որ խտացրած կաթ հանդիսացող ապրանքում կարող են օգտագործվել բացառապես կենդանական ծագման յուղեր:

Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից Կանոնակարգի պահանջների պահպանված լինելու հարցը չի բարձրացվել գործի քննության ողջ ընթացքում, այդ թվում նաև 16.01.2020 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որպիսի պայմաններում Հանձնաժողովը զրկված է եղել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից: Մինչդեռ, եթե Վերաքննիչ դատարանն այս հարցերը բարձրացներ մինչև որոշում կայացնելը, Հանձնաժողովը հնարավորություն կունենար հիմնավորելու իր գործողությունների և վարչական ակտի իրավաչափությունը` ներկայացնելով անհրաժեշտ պարզաբանումները:

 

2) Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշման մեջ և թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նույնանման փաստական հանգամանքներ, ապացույցներ ունեցող և միևնույն հիմքերով վիճարկված գործերով կայացված որոշումներում մի դեպքում` թիվ ՎԴ/13379/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Վերաքննիչ դատարանը պետական գնումների շրջանակում հաղթող ճանաչված «Էդել» ՍՊԸ-ի և պետության միջև կնքված պայմանագրերը, դիտանցումների արդյունքները, մատակարարման փաստաթղթերը, այդ թվում` հարկային հաշիվների առկայությունը բավարար է համարել դիտանցումների արդյունքում արձանագրված խտացրած կաթ չհանդիսացող ապրանքները «Էդել» ՍՊԸ-ի կողմից մատակարարված լինելը հաստատված համարելու համար, մինչդեռ սույն գործով կայացված որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ պետական գնումների շրջանակում հաղթող ճանաչված Ընկերության և պետության (տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանի) միջև կնքված պայմանագրերը, դիտանցումների արդյունքները, մատակարարման փաստաթղթերը, այդ թվում` հարկային հաշիվների առկայությունը բավարար չէ դիտանցումների արդյունքում արձանագրված խտացրած կաթ չհանդիսացող ապրանքները Ընկերության կողմից մատակարարված լինելու փաստը հաստատված համարելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 10.12.2018 թվականի վճռին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական են համարվել հետևյալ հանգամանքները.

1) Հանձնաժողովի նախագահի 15.05.2017 թվականի թիվ 65-Ա, 74-Ա, 81-Ա, 83-Ա և 84-Ա հրամանների հիման վրա համապատասխանաբար «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից կատարվել է դիտանցում (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 176, 212, 225, 255, 267).

2) Թիվ 65-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն, ի թիվս այլնի, մանկապարտեզի պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром, Жирность 8,5% продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира» (Սգուշյոնկա ս սախարոմ, ժիրնոստ 8,5%, պրոդուկտ մոլոկոսոդերժաշիյ, սգուշյոննիյ ս սախարոմ ի ս զամենիտելեմ մոլոչնոգո ժիրա) (կաթնամթերային արտադրանք) անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա5286543019 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքի թվով 7 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 256-266).

3) Թիվ 74-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով, կաթի պարունակությամբ մթերք» անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա9754113359 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 226-228, 230-231).

4) Թիվ 81-Ա հրամանի հիմքով «ԺՊԻՏՆԵՐ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром, Жирность 8,5%, продукт молокосодержащий, сгущенный с сахаром и с заменителем молочного жира» (Սգուշյոնկա ս սախարոմ, ժիրնոստ 8,5%, պրոդուկտ մոլոկոսոդերժաշիյ, սգուշյոննիյ ս սախարոմ ի ս զամենիտելեմ մոլոչնոգո ժիրա) անվանումով մթերք, ինչպես նաև «մոլոկո ցելնոյե, սգուշյոննոյե ս սախարոմ» (մոլոկո ցելնոյե, սգուշյոննոյե ս սախարոմ) անվանումով մթերք: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա 4627689280 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԺՊԻՏՆԵՐ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքների թվով 8 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 213-223).

5) Թիվ 83-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Сгущенка с сахаром» (Սգուշյոնկա ս սախարոմ) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված էր «Сгущенный молокосодержащий продукт с сахаром и с заменителем молочного жира» (Սգուշյոննիյ մոլոկոսոդերժաշիյ պրոդուկտ ս սախարոմ ի ս զամենիտելեմ մոլոչնոգո ժիրա), «Сгущенка с сахаром, Руслада» (Սգուշյոնկա ս սախարոմ, Ռուսլադա) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված է «Խտացրած կաթ շաքարով, Ռուսլադա կաթնային յուղի փոխարինիչով: Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա6765936545, թիվ Ա2931614576 հարկային հաշիվներում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 177-183).

6) Թիվ 84-Ա հրամանի հիմքով «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 18.05.2017 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել «Сгущенка с сахаром» (Սգուշյոնկա ս սախարոմ) անվանումով մթերք, որի պիտակի վրա նշված էր «Сгущенный молокосодержащий продукт с сахаром и заменителем молочного жира» (Սգուշյոննիյ մոլոկոսոդերժաշիյ պրոդուկտ ս սախարոմ ի ս զամենիտելեմ մոլոչնոգո ժիրա): Արձանագրությանը կից նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա9625447121 և Ա2512639015 հարկային հաշիվներում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է Ընկերությունը, իսկ որպես ապրանքը ձեռք բերող` «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Արձանագրությանը կից առկա են նշված ապրանքների թվով 4 լուսանկարներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 267-275).

7) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների 2017 թվականի կարիքների համար հայտարարված սննդամթերքի թիվ ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2 գնման ընթացակարգում «խտացրած կաթ» ապրանքի չափաբաժնի համար հաղթող է ճանաչվել «Գարդմեն» ՍՊԸ-ն (հիմք` վարչական վարույթի նյութերի լազերային կրիչ-հատոր 2-րդ, գ.թ. 280).

8) 27.12.2016 թվականին Երևանի քաղաքապետարանի (Գնորդ) և Ընկերության (Վաճառող) միջև կնքվել են Սննդամթերքի մատակարարման գնման թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-786, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-850, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-886, թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-910 և թիվ NԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2-915 պայմանագրերը համապատասխանաբար «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» և «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար սննդամթերք ձեռք բերելու նպատակով, ընդ որում` պայմանագրերին կից` Սննդամթերքի ձեռքբերման տեխնիկական բնութագրերում, որոնք հանդիսանում են պայմանագրերի հավելվածը, որպես մատակարարման ենթակա ապրանք նշված է` «խտացրած կաթ» (հիմք` վարչական վարույթի նյութերի լազերային կրիչ-հատոր 2-րդ, գ.թ. 280).

9) Հանձնաժողովի 03.10.2017 թվականի թիվ 216-Ա որոշմամբ Ընկերությանը հասարակության մոլորեցման համար տրվել է նախազգուշացում և հանձնարարվել է որոշումը ստանալուց հետո հաջորդ օրվանից` 5 օրվա ընթացքում, վերացնել խախտումները և հետագայում բացառել, ինչպես նաև այդ ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովին ներկայացնել օրենքի խախտումը վերացնելը հիմնավորող ապացույցներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 441-447):

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, ըստ վճռաբեկ դատարանի հերքվել է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն գործով Ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմում` որպես վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմք, նշել է, որ վարչական վարույթի նյութերով չեն հիմնավորվել Ընկերությանը վերագրվող խախտումները վերջինիս կողմից կատարված լինելու փաստը, քանի որ գնորդներն ընդունել են ապրանքները` դրանով իսկ, փաստորեն, հավաստելով մատակարարված ապրանքների` տեխնիկական բնութագրին համապատասխանող ապրանք լինելու փաստը, հետևաբար վերոգրյալից բխում է, որ Հանձնաժողովի կողմից դիտարկման է ենթարկվել այլ ապրանք, ոչ այն, ինչը մատակարարվել է Ընկերության կողմից, և դրան հակադարձող ապացույց առկա չէ:

Դատարանը 10.12.2018 թվականի վճռով մերժել է հայցը` պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում անմիջականորեն գնահատելով Հանձնաժողովի կողմից Դատարանին ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա գրավոր և իրեղեն ապացույցները` Դատարանը գտնում է, որ դրանցով ամբողջությամբ հիմնավորվում են վիճարկվող որոշման հիմքում դրված հանգամանքները: Մասնավորապես, վարչական վարույթի նյութերում առկա արձանագրություններով և դրանց կից լուսանկարներով հիմնավորվում է Հանձնաժողովի թիվ 216-Ա որոշման մեջ նկարագրված ապրանքների հայտնաբերման փաստը և այն փաստը, որ ապրանքների վրա կատարված գրառումների համաձայն` դրանց բաղադրության մեջ առկա են եղել կաթնային յուղի փոխարինիչներ: Նշված ապրանքների ձեռքբերման պայմանագրերով, դրանց հավելվածը հանդիսացող տեխնիկական բնութագրերով, հարկային հաշիվներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ ապրանքները մատակարարվել են «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից և մատակարարվել են որպես խտացրած կաթ: Ավելին, ապրանքները հայցվոր ընկերության կողմից մատակարարելը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների 2017 թ.-ի կարիքների համար հայտարարված սննդամթերքի թիվ ԵՔ-ՇՀԱՊՁԲ-17/2 գնման ընթացակարգում «խտացրած կաթ» ապրանքի չափաբաժնի համար հաղթող է ճանաչվել «Գարդմեն» ՍՊԸ-ն, ինչը կրկին վկայում է այն մասին, որ 2017 թ.-ի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատություններին նշված ապրանքատեսակը մատակարարվել է հենց «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից»:

Այնուհետև վերլուծելով Կանոնակարգով սահմանված կաթնային մթերք և կաթ պարունակող մթերք հասկացությունների նշանակությունը` Դատարանը եզրահանգել է, որ «Նշված կանոնակարգի կարգավորումներից հետևում է, որ ոչ կաթնային ճարպեր և սպիտակուցներ պարունակող մթերքները համարվում են ոչ թե կաթնային մթերք, այլ կաթ պարունակող մթերք, իսկ խտացրած կաթ է համարվում այն սննդամթերքը, որը պարունակում է կաթնային մթերք շաքարով, հետևաբար, այն սննդամթերքները, որոնք բացի կաթնային մթերքից պարունակում են նաև կաթնային ճարպի փոխարինիչներ, նշված կանոնակարգի իմաստով չեն համարվում խտացրած կաթ, այլ համարվում են կաթ պարունակող մթերքներ: Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից հայտնաբերված և հայցվոր ընկերության կողմից մատակարարված ապրանքները, դրանց վրա առկա գրառումների համաձայն` պարունակել են կաթնային ճարպի փոխարինիչներ, դրանք չեն կարող համարվել խտացրած կաթ, այլ համարվում են կաթ պարունակող մթերք, այսինքն` հայցվոր ընկերությունն ապրանքն իրացնելիս համապատասխան հարկային հաշիվներում, պայմանագրերում, տեխնիկական բնութագրերում նշված ապրանքները որպես խտացրած կաթ նշելով և իրացնելով` նշել է օրենքին հակասող տվյալներ և այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանել տվյալ ապրանքների որակական նկարագրին»:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Հանձնաժողովի կողմից ճիշտ է որակվել Ընկերության վարքագիծը, այն համապատասխանում է հասարակությանը մոլորեցման` օրենքով սահմանված նկարագրին, քանի որ վերջինս ապրանքներն իրացնելիս նշել է դրանց որակական հատկանիշներին ոչ համապատասխան տվյալներ` իրացնելով խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը որպես այդպիսին նախադպրոցական հաստատություններին, որոնք ընդգրկում են հասարակության լայն շերտերի, մասնավորապես, հաստատության ղեկավար կազմը, աշխատակիցները, երեխաները, վերջիններիս ծնողները, ովքեր առնվազն կարող էին համոզմունք ունենալ, որ մատակարարվածը խտացրած կաթ է, այնինչ տեխնիկական կանոնակարգի իմաստով մատակարարված սննդամթերքը չի հանդիսացել խտացրած կաթ:

Վերաքննիչ դատարանը, 07.02.2020 թվականի որոշմամբ բավարարելով Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի 10.12.2018 թվականի վճիռը և գործն ամբողջ ծավալով ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ «18.05.2017 թվականին կազմված արձանագրություններով և դրանց կից առկա լուսանկարներով անհնար է նույնականացնել հայցվոր ընկերության կողմից մատակարարված «խտացված կաթ» անվանումը կրող ապրանքները «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» և «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում պատասխանող վարչական մարմնի աշխատակիցների կողմից դիտանցումների արդյունքում պահեստներում հայտնաբերված ու արձանագրված ապրանքների հետ և այս ուղղությամբ ՀՀ վարչական դատարանի կողմից ըստ էության որևէ քննություն չի իրականացվել: Ընդ որում, առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 27.12.2016 թվականի գնման պայմանագրերի 1-ին հավելվածում սահմանվել է նաև մատակարարվող խտացված կաթի տեխնիկական բնութագիրը, որի մասով ՀՀ վարչական դատարանի կողմից ևս որևէ քննություն չի իրականացվել, մասնավորապես` սույն գործով վիճարկվող որոշման ու Դատարանի վճռի հիմքում ընկած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան խտացված կաթ մատակարարելու պահանջ պայմանագրով հայցվոր ընկերությանն ի սկզբանե ներկայացվել է, թե ոչ»:

 

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «գործի քննության ընթացքում Դատարանը, ելնելով գործող օրենսդրական կարգավորումներից, պետք է ձեռնարկեր բոլոր համարժեք և հնարավոր միջոցները` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար` մասնավորապես, պարզեր, թե, արդյոք, «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից «ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 89 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԺՊԻՏՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 151 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԵՐԵՎԱՆԻ Հ. 157 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին 2017 թվականի մայիսի 18-ը նախորդող ժամանակահատվածում փաստացի մատակարարվել է «խտացրած կաթ» անվանումը կրող ապրանք, եթե այո, ապա, արդյոք, նշյալ կազմակերպությունների պահեստներում հայտնաբերված ապրանքը նույնական է «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից մատակարարված ապրանքին, թե ոչ` դրանով իսկ ապահովելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը, ինչը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, կարող է իրագործվել գործի նոր քննության արդյունքում»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «(...) կնքված պայմանագրերի «Պայմանագրի առարկան» բաժնի համաձայն` ապրանքը պետք է ընդամենը համապատասխաներ Պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին: Նման պայմաններում գործի քննության շրջանակներում Դատարանը նաև պետք է պարզի, թե, արդյոք, ենթադրյալ մատակարարված ապրանքը համապատասխանել է պայմանագրերից բխող վաճառողի պարտավորություններից, մասնավորապես, արդյոք, համապատասխանել է Պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի պահանջներին, եթե այո, ապա, արդյոք, տնտեսվարող սուբյեկտը պարտավոր էր ապրանքը մատակարարելիս ուղղորդվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով»:

Արդյունքում` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի նոր քննության ընթացքում պետք է պարզվի նաև այն հանգամանքը, թե իրավահարաբերության ծագման պահին գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված կոնկրետ որ իրավադրույթի շրջանակներում է պատասխանողի վարքագիծը որակվել որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:

Վճռաբեկ գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վերաքննիչ վարչական դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

 

Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Չնայած այն հանգամանքին, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ներառված են բազմաթիվ մեջբերումներ ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից, պետք է նշեմ, որ Վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող պատճառաբանված համարվել, քանի որ վճռաբեկ բողոքը մերժվել է բողոքի հիմքերն ու հիմնավորումները հերքված չլինելու պայմաններում:

Վերոգրյալը հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ.

Գործի փաստական հանգամանքներից հետևում է, հայցվոր ընկերությունը վարչական ակտի հետ կապված իր առարկությունների հիմքում դրել է հակասական և իրարամերժ հետևյալ փաստարկները.

1. պատվիրատուն ընդունել է մատակարարված ապրանքը և առարկություններ չի ներկայացրել դրա որակի հետ կապված.

2. հնարավոր է պահեստում առկա ապրանքը նախորդ մատակարարի մատակարարած ապրանքն է.

3. ԵԱՏՄ կանոնակարգի պայմաններին համապատասխան ապրանքի մատակարարման պահանջ պայմանագրով չի եղել:

Վարչական դատարանը գործի փաստերը ի պաշտոնե պարզելու պարտականության իրականացման շրջանակներում վարչական մարմնից պահանջել է վարչական վարույթի նյութերը և առկա թույլատրելի ապացույցների հիման վրա կատարել եզրահանգումներ հաստատված փաստերի` այդ թվում նաև ապրանքների նախորդ մատակարարի կողմից մատակարարված ապրանքների վերաբերյալ:

Վարչական դատարանը համադրել է վարչական վարույթում առկա բոլոր ապացույցները և վարչական մարմնի կողմից դրանց նկատմամբ կիրառելի իրավահարաբերության նկատմամբ կիրառած իրավանորմերի իրավաչափությունը և դատական ակտում տվել համապատասխան իրավական գնահատական` մերժելով հայցը:

Վերաքննիչ դատարանը բեկանելով վարչական դատարանի վճիռը և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելով ըստ էության կասկածի տակ է դրել ինչպես վարչական ակտի հիմքում դրված փաստական հանգամանքների առկայությունը, այնպես էլ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը:

Համադրելով Դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը և գնահատելով իրավական վերլուծություններն անհնար է չհանգել եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանը բեկանելով Դատարանի վճիռը սահմանել է գործի նոր քննության ծավալ` ինչպես գործի փաստերը որոշելու, այնպես էլ կիրառված նյութական իրավունքի իրավաչափության մասով:

Անդրադառնալով վարչական ակտի հիմքում անհրաժեշտ փաստական հանգամանքների հաստատված չլինելու վերաբերյալ պնդումներին պետք է նշեմ, որ ինչպես Վերաքննիչ դատարանի այնպես էլ Վճռաբեկ դատարանի եզրահանգումները կրում են ընդհանրական բնույթ և չեն բխում գործում առկա ապացույցներից և կցված նյութերից:

Ապացույցների հետազոտման դատավարական կանոնների պահպանմամբ գործում առկա փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ Վերաքննիչ դատարանը հատվածաբար է հետազոտել գործում առկա ապացույցները և դատական ակտում չի անդրադարձել գործում առկա բոլոր ապացույցներին` բեկանված մասով տալով գործի նոր քննության առարկայազուրկ ծավալ:

Սույն եզրահանգումս պայմանավորված է նրանով, որ այդ փաստերը հիմնավորող ապացույցները գտնվել են վարչական վարույթի նյութերում և թույլ են տալիս կատարել լիարժեք եզրահանգումներ վարչական ակտի հիմքում ընկած փաստերի վերաբերյալ: Այդ փաստերը հաստատված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բողոքը բավարարեր և հայցը մերժեր և ոչ թե` գործն ուղարկեր նոր քննության առարկայազուրկ ծավալով և անորոշ իրավական հարցադրումներով:

Կասկածի տակ դնելով վարչական ակտի հիմքում ընկած փաստական հանգամանքները իմաստազուրկ է դատական ակտի բեկանված մասի նոր քննության ծավալում դնել նաև դատարանի կողմից սխալ կիրառված նյութական նորմերի առնչությամբ իրավական հարցադրումներ, քանի որ գործը չի կարող նոր քննության ուղարկվել ստորադաս դատարանում իրավունքի հարցը լուծելու համար: Իրավունքի հարցը պետք է լուծվեր վերադաս դատարանում` հաշվի առնելով դատական ատյանների ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Կասկածից դուրս է, որ բողոքարկված դատական ակտի վերաբերյալ իրավունքի խախտված լինելու հանգամանքը դատական ակտի բեկանման հիմքում դնելու պայմաններում չի կարող դրա իրավաչափության հարցը դրվել գործի նոր քննության ծավալում այդ հանգամանքը պայմանավորելով վարչական արդարադատության առանձնահատկությամբ:

Կարևորելով մասնագիտական արդարադատության կարևորությունը, գտնում եմ, որ նման մոտեցումն ուղղակի անթույլատրելի է, քանի որ նյութական իրավունքի հետ կապված բողոքի հիմքերը պետք է լուծում ստանան վերադաս դատարանում բողոքի քննության շրջանակներում` հակառակ դեպքում կստացվի, որ դատական ակտը բեկանվել է կասկածի հիմքով:

Ի վերջո ակնհայտ է մի բան, որ սույն գործով դիտարկված համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում սննդամթերքի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել սույն գործով հայցվոր կազմակերպությունը, որը չի ժխտել ուսումնասիրության առարկա դարձած կաթնամթերքի մատակարարման հանգամանքը, առարկելով սակայն, որ պատվիրատուներն ապրանքի որակի հետ կապված առարկություններ չեն ունեցել: Վարչական վարույթի նյութերում անդրադարձ կա նաև նախորդ մատակարարի կողմից առաքված ապրանքին, որի վերաբերյալ առկա է եղել նաև որակի համապատասխանության հավաստագիր:

Հայցվորի կողմից մատակարարված կաթնամթերքի անհամապատասխանությունը ԵԱՏՄ կանոնակարգին հավաստվում է հենց այդ ապրանքի պիտակին գրված կաթնամթերքի բաղադրությունից: Տվյալ դեպքում պատվիրատուի կողմից մատակարարին ապրանքի որակի կամ հատկանիշների վերաբերյալ առարկություններ ներկայացված չլինելը որևէ կերպ չի ազդում պետական լիազոր մարմնի կողմից կայացված վարչական ակտի որևէ հիմքի հիմնավորվածության վրա, զուտ այն պարզ պատճառով, որ ինչպես վարչարարության, այնպես էլ դատական կարգով վարչական ակտի վիճարկման ընթացքում չի հերքվել հայցվորի կողմից ԵԱՏՄ կանոնակարգին չհամապատասխանող մթերքի մատակարարումը, որպիսի հանգամանքը քաղաքացիաիրավական բնույթ չի կրում:

Գտնում եմ, որ է վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը պետք է բեկանվեր և օրինական ուժ տրվեր վարչական դատարանի վճռին:

 

    Դատավոր                                Ս. Անտոնյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 26 նոյեմբերի 2021 թվական:

 

pin
Վճռաբեկ դատարան
26.11.2021
N ՎԴ/13380/05/17
Որոշում