ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/3857/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3857/02/20 2021 թ.
Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան
Դատավորներ` Ա. Մխիթարյան
Գ. Խանդանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2021 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով, քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2021 թվականի որոշման դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի` Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե Սաժումյանի և Մարտին Հարությունյանի (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Բանկի` 03.10.2016 թվականից մինչև 17.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար Համահայցվորների ամսական միջին աշխատավարձի չափով վճարման ենթակա գումարների վրա հաշվարկվող տույժերի գումարները բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Բանկից հօգուտ իրենց բռնագանձել 03.10.2016 թվականից մինչև 17.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար իրենց ամսական միջին աշխատավարձի չափով վճարման ենթակա գումարների վրա հաշվարկվող տույժերի գումարները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2020 թվականի որոշմամբ Դատարանի 19.06.2020 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բանկի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.01.2021 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, Դատարանի 19.06.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ.
«1. Արևիկ Արայի Չալիկյանի, Արմեն Սամվելի Խաչատրյանի, Նորա Վահրամի Վանյանի, Մարինե Արտաշեսի Սաժումյանի և Մարտին Վարդանի Հարությունյանի հայցն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության` 2016թ. հոկտեմբերի 3-ից մինչև 2019թ. հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածի համար Արևիկ Արայի Չալիկյանին, Արմեն Սամվելի Խաչատրյանին, Նորա Վահրամի Վանյանին, Մարինե Արտաշեսի Սաժումյանին և Մարտին Վարդանի Հարությունյանին ամսական միջին աշխատավարձի չափով վճարման ենթակա գումարների վրա հաշվարկվող տույժերի գումարները բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակի:
2.»ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Արևիկ Չալիկյանի բռնագանձել 303.700 (երեք հարյուր երեք հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, Արմեն Խաչատրյանի` 356.650 (երեք հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ, Նորա Վանյանի` 301.978 (երեք հարյուր մեկ հազար ինը հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ, Մարինե Սաժումյանի` 629.365 (վեց հարյուր քսանինը հազար երեք հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ, Մարտին Հարությունյանի` 362.030 (երեք հարյուր վաթսուներկու հազար երեսուն) ՀՀ դրամ:
3.»ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 39.074,46 (երեսունինը հազար յոթանասունչորս ամբողջ քառասունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:»:
2. «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 58.611,69 (հիսունութ հազար վեց հարյուր տասնմեկ ամբողջ վաթսունինը հարյուրերորդական) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
3.»ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Արևիկ Արայի Չալիկյանի, Արմեն Սամվելի Խաչատրյանի, Նորա Վահրամի Վանյանի, Մարինե Արտաշեսի Սաժումյանի և Մարտին Վարդանի Հարությունյանի բռնագանձել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Բանկը (ներկայացուցիչ Վահագն Բաղրամյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1 ին մասը և 265-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը և 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ պարագայում հատուցման նշանակումը տեղի է ունեցել վիճելի իրավահարաբերության վերաբերյալ դատարանի կողմից վեճի լուծման արդյունքում, այլ ոչ թե առկա է եղել ի սկզբանե գործատուին հայտնի աշխատավարձ վճարելու կատարման ենթակա անվիճելի պարտավորություն, որն ի սկզբանե նախատեսված է եղել պայմանագրով կամ որևէ նորմատիվ իրավական ակտով: Նման պարագայում դատարանի վճռով որոշված հատուցման նկատմամբ նախքան դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը չի կարող կիրառվել որևէ տուժանք: Նշվածն առավել քան ակնհայտ է, քանի որ քննարկման է ենթակա դրամական պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվությունը, իսկ պատասխանատվության պարտադիր պայման է պարտավորությունը խախտած անձի մեղքը, որը կարող է առկա լինել միայն այն պահից սկսած, երբ անձին հայտնի է դարձել իր ունեցած դրամական պարտավորության մասին, այսինքն` թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով վեճի լուծման արդյունքում կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից` 17.07.2019 թվականից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված տուժանքը չի կարող կիրառվել նաև վճռի չկատարման դեպքում, քանի որ վճռով սահմանված հատուցումը հանդիսանում է պարզապես դրամական պահանջ, և վճռի չկատարման դեպքում պատասխանատվությունը չի կարող որոշվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ պետք է որոշվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
i
Բացի այդ, անկախ այն հանգամանքից, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված հատուցումն առհասարակ հանդիսանում է աշխատավարձ, թե` ոչ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի դրույթների տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ դրանում հղում է պարունակվում օրենսգրքին, կոլեկտիվ պայմանագրերին և կողմերի համաձայնությանը (սակայն խոսք չի գնում դատական ակտերով նախատեսված հատուցման վճարման ժամկետների մասին), տվյալ հոդվածի դրույթները չեն վերաբերում դատական ակտերով սահմանված հատուցումներին: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկի մոտ հայցվորներին հատուցում վճարելու պարտականությունը ծագել է միայն թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ակնհայտ է, որ խոսք չի կարող գնալ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար հայցվորներին աշխատավարձ վճարելու պարտականությունը սահմանված ժամկետում չկատարելու Բանկի մեղքի մասին, որպիսի պարագայում ակնհայտ է, որ խոսք չի կարող գնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի կիրառելիության մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.06.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով 03.07.2018 թվականի վճռով Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե Սաժումյանի և Մարտին Հարությունյանի հայցն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, պարապուրդի գումարները բռնագանձելու պահանջների մասին բավարարվել է մասնակի: Դատարանը վճռել է պարտավորեցնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորներին վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով (հատոր 1-ին, գ.թ. 47-61):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2018 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.07.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2019 թվականի որոշման դեմ Բանկի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 62-63):
Հայցվորները հայցադիմումում հայտնել են, որ. «21.08.2019 թվականին Բանկը կատարել է վճռով իր վրա դրված պարտավորությունը» (հատոր 1-ին, գ.թ. 2-16):
2) Համաձայն Բանկի կողմից տրված տեղեկանքի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ նախկին աշխատակիցների հաշվարկված միջին աշխատավարձը` ներառյալ հարկերը և սոց. վճարները, 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է` Մարինե Սաժումյան` 629,365 դրամ, Նորա Վանյան` 301,978 ՀՀ դրամ, Արևիկ Չալիկյան` 303,700 դրամ, Մարտին Հարությունյան` 362,030 դրամ, Արմեն Խաչատրյան` 356,650 դրամ (հատոր 1-ին, գ.թ. 46):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ և 265-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ և 265-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
i
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված հատուցման գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1 ին մասով նախատեսված տուժանքները` նախքան դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածի համար հաշվարկելու կարգին, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումը:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի` ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվենցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա հավանաբար կհանգեցնի այնպիսի իրողության, որն անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40, «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության և մյուսների թիվ ԳԴ/0171/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
i
Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 07.04.2017 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը մեկնաբանելով վերոհիշյալ օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններին համապատասխան, արձանագրել է հետևյալը. նախ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածն ընդգրկված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատավարձ» վերտառությամբ 19-րդ գլխում, որով կարգավորվում են աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցման` աշխատավարձի սահմանումը, աշխատանքի վարձատրության կազմակերպումը տարբեր պայմաններում, աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը, աշխատավարձի ժամկետանց վճարման հետևանքները և այլն, այսինքն` նշված գլխի նորմերը կարգավորում են կատարված աշխատանքի դիմաց աշխատողին վարձատրելու իրավահարաբերությունները: Բացառություն են կազմում միայն նշված գլխում ընդգրկված 186-րդ հոդվածով և 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը, որոնցով կարգավորվում են պարապուրդի ժամանակ աշխատողի վճարման հարցերը, ինչպես նաև աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու հարցը, սակայն այդ նորմերի ուսումնասիրությունը ևս հանգեցնում է այն հետևության, որ նշված կարգավորումները վերաբերում են այնպիսի իրավիճակների, որոնք բնականոն աշխատանքային հարաբերությունների առկայության պայմաններում կրում են ժամանակավոր բնույթ: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի նշված նորմերով սահմանված են որոշակի կանոններ, թե ինչպես պետք է գործատուն կատարի վճարում կա՛մ կատարված աշխատանքի դիմաց, կա՛մ թեկուզև չկատարված, սակայն այնպիսի աշխատանքի դիմաց, որն աշխատողը պատրաստ է եղել կատարել գործատուի կողմից համապատասխան պայմանների ապահովման դեպքում (ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ): Նշված բոլոր իրավակարգավորումների համար էական է այն ելակետային հանգամանքը, որ գործատուն հաստատապես գիտի, որ որոշակի պայմաններում, անկախ աշխատանքը կատարվելու հանգամանքից, պարտավոր է ապահովել աշխատանքի վարձատրությունն օրենքով սահմանված որոշակի կարգով և չափով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված նորմը նպատակաուղղված է տուժանքով ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարմանը, այսինքն` եթե գործատուն այդ պարտականությունը չի կատարում, նրա համար ակնհայտ է, որ խախտում է աշխատանքի դիմաց վարձատրելու օրենքով սահմանված իր նվազագույն պարտականությունները, այն է` ակնհայտ առկա է լինում գործատուի մեղքը: Մինչդեռ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճ ծագելիս հարկադիր պարապուրդի կամ հատուցման գումարի վճարման պարտավորության առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ, իսկ աշխատանքային վեճի լուծումն էլ պայմանավորված չէ գործատուի համար կանխատեսելի ժամկետներով: Նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հատուցման գումարի նկատմամբ նույն չափերով տուժանքների կիրառումը, ինչ չափով որ կիրառման է ենթակա գործատուի կողմից օրենքով հստակ սահմանված և իրեն նախապես հայտնի իր պարտականությունը չկատարելու համար, չի կարող իրավաչափ համարվել: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հենց այդ հանգամանքի հաշվառմամբ է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում գործատուի համար սահմանվել է միայն հարկադիր պարապուրդի գումար վճարելու պարտականություն և որևէ այլ տուժանք վճարելու պարտականություն չի նախատեսվել: Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուցման գումարի նկատմամբ կիրառելի չէ. այդ գումարի նկատմամբ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, մասնավորապես` վճարման իր պարտականությունը գործատուին հաստատապես հայտնի լինելու և վերջինիս կողմից չկատարվելու դեպքում կարող են հաշվարկվել դրամական պարտավորությունը չկատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին նշել, որ աշխատողը, նոր հաշվարկներ կատարելով, չի կարող պահանջել միևնույն ժամանակահատվածի համար հատուցման գումարից բացի այլ գումար, եթե այդ գումարը մեկ անգամ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է բռնագանձել գործատուից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե նման պայմաններում աշխատողը դիմում է դատարան` պահանջելով նաև իրեն պակաս վճարված գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքը, ապա այդ պահանջը ենթակա է մերժման: Այս եզրահանգումը պայմանավորված է այն իրողությամբ, որ դատական ակտը պատշաճ կատարված լինելու պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ գործատուի կողմից վճարման ենթակա հատուցման գումարի հաշվարկը, ինչպես նաև վճարումը կատարվել են ճշգրիտ, որպիսի հանգամանքը բացառում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տուժանքի առաջացումը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նկարագրված իրավիճակում, վերը շարադրված իրավական դիրքորոշումների համաձայն, թե՛ հարկադիր պարապուրդի և թե՛ հատուցման` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա արդեն իսկ բռնագանձված գումարների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումար հաշվարկվել և բռնագանձվել չի կարող:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ այն դեպքերում, երբ արդեն իսկ առկա է նման վճիռ, այդ գումարը դադարում է պարզապես չվճարված աշխատավարձ դիտարկվելուց, այն դառնում է աշխատողի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվճարելու դեպքում գործատուն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության պահանջները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պայմաններում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, այն է` դրամական պարտավորությունը խախտելու համար պատասխանատվությունը, քանի որ նման պայմաններում գործատուն ոչ թե պարզապես աշխատավարձը չի վճարում, այլ խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վրա դրված դրամական պարտավորությունը: Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված տոկոսների բռնագանձման հայց ներկայացնելիս այլևս չի քննարկվում տվյալ գումարի` որպես չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը, այլ քննարկվում է միայն դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորությունը, որը չի կատարվել (տե՛ս, Ռադիկ Սարուխանյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով 03.07.2018 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե Սաժումյանի և Մարտին Հարությունյանի հայցն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, պարապուրդի գումարները բռնագանձելու պահանջների մասին բավարարվել է մասնակի: Դատարանը վճռել է պարտավորեցնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորներին վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Հայցվորները հայցադիմումում հայտնել են, որ Բանկը 21.08.2019 թվականին կատարել է վճռով իր վրա դրված պարտավորությունը:
Համահայցվորները հայց են ներկայացրել դատարան ընդդեմ Բանկի` պահանջելով բռնագանձել 03.10.2016 թվականից մինչև 17.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար իրենց ամսական միջին աշխատավարձի չափով վճարման ենթակա գումարների վրա հաշվարկվող տույժերի գումարները:
i
Սույն գործով Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատուցում վճարելու պարտավորության առկայության դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով և/կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվության կանոնները կիրառելի չեն, այլ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, քանի որ այդ պարտավորությունը գործատուի մոտ կարող է ծագել միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, որի պարագայում այդ գումարը դադարում է պարզապես չվճարված աշխատավարձ դիտարկվելուց` դառնալով աշխատողի օգտին բռնագանձման ենթակա գումար:
i
Վերաքննիչ դատարանը, Արևիկ Չալիկյանի, Արմեն Խաչատրյանի, Նորա Վանյանի, Մարինե Սաժումյանի և Մարտին Հարությունյանի վերաքննիչ բողոքը հիմնավոր համարելով, Դատարանի վճիռը բեկանել, փոփոխել է և հայցը բավարարել` պատճառաբանելով, որ թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով հաստատվել է աշխատանքային պայմանագրերի լուծման անիրավաչափությունը և կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, հիմք ընդունելով այն, որ թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 17.07.2019 թվականին, իսկ 03.10.2016-17.07.2019 թվականը նախորդում է վճռի օրինական ուժի մեջ մտնելուն և պահանջն ուղղված է աշխատանքային պայմանագրի գործողության ընթացքում չվճարված աշխատավարձերի նկատմամբ տոկոսների հաշվարկմանը, արձանագրում է, որ սույն դեպքում վերոնշյալ ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/4969/02/15 քաղաքացիական գործով 03.07.2018 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Արևիկ Չալիկյանին, Արմեն Խաչատրյանին, Նորա Վանյանին, Մարինե Սաժումյանին և Մարտին Հարությունյանին վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը չի կարող 03.10.2016-17.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածների համար համարվել Արևիկ Չալիկյանին, Արմեն Խաչատրյանին, Նորա Վանյանին, Մարինե Սաժումյանին և Մարտին Հարությունյանին հասանելիք համապատասխան գումարներն ապօրինի պահած, քանի որ տվյալ դեպքում վերը նշված ժամանակահատվածներում Բանկը հայցվորներին գումար վճարելու որևէ պարտավորություն չի ունեցել, հետևաբար և օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա արդեն իսկ բռնագանձված գումարների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքի գումար հաշվարկվել և բռնագանձվել չի կարող:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերը թվարկված փաստերի անտեսմամբ, արդյունքում նաև` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի խախտմամբ սխալ եզրահանգման է եկել նշված ժամանակահատվածի համար Բանկի պատասխանատվության վերաբերյալ, ուստի վճռաբեկ բողոքի փաստարկները հիմնավոր են և իրավաչափ:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով Համահայցվորները վերոնշյալ իրավանորմի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ Բանկի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով նաև այն, որ օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ ընդհանուր իրավասության դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2020 թվականի վճռին:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 դեկտեմբերի 2021 թվական: