Սեղմել Esc փակելու համար:
1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՓԱՐԻԶՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0320.101001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ /ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1957 թվականի դեկտեմբերի 13-ին Փարիզում ստորագրված` Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայում /վերապահումներով և հայտարարություններով/ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան /վերապահումներով և հայտարարություններով/ և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1957 թ. դեկտեմբերի 13-ին Փարիզում` Եվրոպայի խորհրդի անդամների կողմից, ուժի մեջ է մտել 1960 թ. ապրիլի 18-ից և նպատակ ունի հանձնման վերաբերյալ միանման կանոնների ընդունումով հասնել Կողմերի միջև ավելի սերտ միասնության:

Հայաստանի Հանրապետության կողմից, որպես Եվրախորհրդի անդամ, կոնվենցիան ստորագրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանը` 2001 թ. մայիսի 11-ին:

Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամների ստորագրման համար և ենթակա է վավերացման: Գործող սույն կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր Կողմի համար այն ուժի մեջ է մտնում վավերագիրը Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ տալուց 90 օր հետո:

2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց հանձնել սույն կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող Կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով (հոդված 1): Կոնվենցիայի 26 հոդվածին համապատասխան, որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմին հնարավորություն է տալիս կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ կատարել վերապահում կոնվենցիայի ցանկացած դրույթի կամ դրույթների վերաբերյալ. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 1-ին հոդվածի առնչությամբ իրեն իրավունք է վերապահել մերժել հանձնումը հետևյալ դեպքերում,

ա) եթե հանձնման դեպքում հայցող պետության տարածքում հանձնման ենթակա անձը կենթարկվի քրեական պատասխանատվության արտակարգ դատարանի կողմից, կամ եթե հանձնման ենթակա անձի նկատմամբ ի կատար ածվելիք դատավճիռը կայացվել է նման դատարանի կողմից.

բ) եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման ենթակա անձի տարիքի կամ առողջական վիճակի հետևանքով հանձնումը կվատթարացնի այդ անձի առողջական վիճակը կամ կսպառնա նրա կյանքին.

գ) եթե հանձնման ենթակա անձին ՀՀ տարածքում տրված է քաղաքական ապաստան:

3. Կոնվենցիայով նախատեսվում են հանձնման համար հիմք հանդիսացող հանցագործությունները: Մասնավորապես, «Հանձնումը պետք է կատարվի այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի օրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիստ պատժով: Երբ դատապարտման կամ բանտարկության դատավճիռը կամ կալանավորման որոշումը կայացվում է հայցող կողմի տարածքում, ապա նշանակված պատիժը պետք է լինի 4 ամսից ոչ պակաս» (հոդված 2, կետ 1): Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 2 հոդվածի 1 կետի վերաբերյալ նույնպես կատարել է վերապահում, ըստ որի «նախատեսված դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանձնումը կիրականացվի այն դեպքում, եթե հանձնման ենթակա անձը դատապարտվել է ազատազրկման 6 ամսից ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատժով»:

4. Կոնվենցիայի 3 հոդվածի համաձայն հանձնում չի իրականացվում, եթե հանցագործությունը, որի համար այն հայցվում է, հայցվող կողմը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Հանձնումը չի իրականացվում նաև, եթե հայցվող կողմն ունի բավարար հիմքեր` համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով, կամ` որ այդ անձի դիրքին կարող է վնաս հասցվել այս հանգամանքներից որևէ մեկի պատճառով:

Սույն կոնվենցիայի համաձայն` պետության ղեկավարի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ մահափորձը կամ սպանությունը չպետք է համարվի քաղաքական հանցագործություն:

Կոնվենցիայի 3 հոդվածի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է. «Քանի որ իր օրենքներով քաղաքական հանցագործությունների կամ քաղաքական հանցագործությունների հետ կապ ունեցող հանցագործությունների տեսակներ սահմանված չեն, ուստի այդպիսի հիմքերով հանձնման հարցում ստանալիս Հայաստանի Հանրապետությունը հանձնում կիրականացնի, երբ հարցման մեջ նշված հանցագործությունը այդպիսին է համարվում իր ընդհանուր քրեական օրենքով կամ Հայաստանի Հանրապետության համար գործող միջազգային պայմանագրերով»:

Կոնվենցիան հանձնման շրջանակներից բացառում է այն զինվորական հանցագործությունները, որոնք սովորական քրեական օրենքներով հանցագործություններ չեն համարվում (հոդված 4):

Կոնվենցիայի 4 հոդվածի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը նույնպես հայտարարություն է կատարել. «Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքներով զինվորական բոլոր հանցագործությունները սովորական քրեական օրենքներով են հանցագործություններ համարվում, ուստի այդ գործերով Պայմանավորվող կողմերի հանձնման վերաբերյալ հարցումները կբավարարի, եթե հայցող Պայմանավորվող կողմի օրենքներով տվյալ արարքը, որի առնչությամբ պահանջվում է համապատասխան անձի հանձնումը, նույնպես դասվում է սովորական քրեական հանցագործությունների շարքին»:

5. Կոնվենցիայով նախատեսվում է, որ Կողմը պետք է իրավունք ունենա մերժելու իր քաղաքացիների հանձնումը (հոդված 6):

Օգտվելով այդ հնարավորությունից, Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ չի հանձնի իր քաղաքացուն: Հայաստանի Հանրապետությունը նաև հայտարարել է, որ «Կոնվենցիայի իմաստով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որոշվում է հանձնման մասին որոշում ընդունելու պահին»:

Ըստ կոնվենցիայի, եթե հայցվող կողմը չի հանձնում իր քաղաքացուն, նա պետք է հայցող կողմի պահանջով գործը ներկայացնի իրավասու մարմիններին` անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար: Այս նպատակով հանցագործությանը վերաբերող փաստաթղթերը, տեղեկատվությունը և իրեղեն ապացույցները պետք է փոխանցվեն անվճար` կոնվենցիայով նախատեսված կարգով: Ընդ որում, հայցող կողմը պետք է տեղեկացվի իր հարցման արդյունքների մասին:

6. Կոնվենցիայի համաձայն` հայցվող կողմը կարող է մերժել հայցվող անձի հանձնումը.

ա) այն հանցագործության համար, որը, իր օրենքին համապատասխան, համարվում է ամբողջովին կամ մասամբ կատարված իր տարածքում կամ այն վայրում, որը դիտարկվում է որպես իր տարածք,

բ) եթե այդ կողմի իրավասու մարմինները նրա հանդեպ արդեն գործ են հարուցել այն հանցագործության կամ հանցագործությունների համար, որոնց համար հանձնում է պահանջվում,

գ) եթե հայցվող կողմի իրավասու մարմինները որոշել են կամ գործ չհարուցել կամ այն կարճել նույն հանցագործության կամ հանցագործությունների առնչությամբ:

7. Կոնվենցիայի համաձայն հանձնում չի իրականացվի.

ա) եթե այն հանցագործության կամ հանցագործությունների համար, որոնց համար հանձնում է պահանջվում, հայցվող անձի նկատմամբ վերջնական դատապարտման որոշում է կայացվել հայցվող կողմի իրավասու մարմինների կողմից,

բ) երբ հայցվող կամ հայցող անձը հայցվող կողմի օրենքի համաձայն ազատ է արձակվել դատական կարգով հետապնդման կամ պատժաժամկետը լրանալու պատճառով:

8. Ըստ կոնվենցիայի, եթե հանձնման ենթակա հանցագործության համար հայցվող կողմի օրենքով նախատեսվում է մահապատիժ, և եթե այդ հանցագործության համար հայցվող կողմի օրենքով մահապատիժ նախատեսված չէ կամ չի իրականացվում, ապա հանձնման վերաբերյալ հայցը կարող է մերժվել, մինչև հայցող կողմը չտա այնպիսի երաշխիքներ, որոնք հայցվող կողմը կհամարի բավարար, որ մահապատիժ չի կիրառվի:

9. Կոնվենցիայով նախատեսված է, որ հանձնման մասին հարցումը պետք է լինի գրավոր և փոխանցվի դիվանագիտական ուղիներով կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ միջոցներով` կցելով համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր:

Կոնվենցիան սահմանում է նաև վերահանձնում երրորդ պետության` հայցվող պետության համաձայնության դեպքում:

Ըստ կոնվենցիայի, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հայցող կողմի իրավասու մարմինները կարող են պահանջել հետախուզվող անձի ժամանակավոր ձերբակալություն: Ընդ որում, հայցվող կողմի իրավասու մարմինները գործը կլուծեն իրենց օրենսդրության համաձայն:

Կոնվենցիան սահմանում է, որ ժամանակավոր ձերբակալությունը կարող է դադարեցվել, եթե ձերբակալումից հետո 18 օրվա ընթացքում հայցվող կողմը չի ստացել հանձնման վերաբերյալ հարցումը և 12-րդ հոդվածում նշված փաստաթղթերը: Ամեն դեպքում այդ ժամանակահատվածը ձերբակալման օրվանից չպետք է գերազանցի 40 օրը: Ժամանակավոր ձերբակալման ընդհատում չի բացառվում ցանկացած ժամանակ, բայց հայցվող կողմը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հետախուզվող անձի փախուստը կանխելու համար (հոդված 16):

Կոնվենցիայի 16 հոդվածի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը վերապահում է կատարել, ըստ որի` ժամանակավոր կալանավորումը ամեն դեպքում դադարեցվելու է կալանավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում` հանձնման մասին հարցումը և 12-րդ հոդվածում նշված փաստաթղթերը չստանալու դեպքում:

10. Ըստ կոնվենցիայի` հանձնման փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայցող կամ հայցվող կողմի լեզվով: Հայցվող կողմը իր ընտրությամբ կարող է թարգմանություն պահանջել Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից մեկով (հոդված 23): Կոնվենցիայի այդ դրույթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հանձնման վերաբերյալ հարցումը և կից փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկի հաստատված թարգմանությամբ:

Ըստ կոնվենցիայի` հանձնման կապակցությամբ հայցվող կողմի տարածքում կատարված ծախսերը կրում է այդ կողմը, իսկ տարանցման հետ կապված ծախսերը կրում է հայցող կողմը:

11. Սույն կոնվենցիան այն երկրներում, որոնց նկատմամբ կիրառելի է, փոխարինում է ցանկացած երկկողմ պայմանագրի, կոնվենցիաների կամ համաձայնագրերի դրույթների, որոնցով երկու Պայմանավորվող կողմերի միջև կարգավորվում է հանձնումը: Իսկ Պայմանավորվող կողմերը կարող են միմյանց միջև կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր միայն ի լրումն սույն կոնվենցիայի դրույթների կամ հեշտացնելու համար դրանում պարունակվող սկզբունքների կիրառումը (հոդված 28):

12. Սույն կոնվենցիայի (վերապահումներով և հայտարարություններով) դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4 և 9 հոդվածներով հռչակված` պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, արտաքին քաղաքականության սահմանադրական սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1957 թվականի դեկտեմբերի 13-ին Փարիզում ստորագրված` Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայում /վերապահումներով և հայտարարություններով/ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հոկտեմբերի 2001 թվականի

ՍԴՈ-320

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.10.2001
N ՍԴՈ-320
Որոշում