020.1375.270617
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐՈՒՍՅԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 հունիսի 2017 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմող Ա. Աբրահամյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արուսյակ Աբրահամյանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթն Արուսյակ Աբրահամյանի` 2017 թվականի մարտի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ից:
Օրենքի` «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետը սահմանում է. «Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
...
9. դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար`
...
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի 20-պատիկի չափով
...»:
Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետում ՀՀ Ազգային ժողովի կողմից կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ (9-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 12.10.99 ՀՕ-4, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-219, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 07.07.05 ՀՕ-148-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-60-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն), որոնցից վերջինը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-282-Ն ՀՀ օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
Անուշ Ղազարյանը դիմելով դատարան` պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ք. Երևան, Մանուշյան փողոց թիվ 86 հասցեի նկատմամբ Մակեդոն Ղազարյանի անվամբ տոմարագրելու վերաբերյալ Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջանային խորհրդի գործկոմի 31.05.1984 թվականի թիվ 10/10 որոշումը, որպես հետևանք` անվավեր ճանաչել նույն գույքի վերաբերյալ Մակեդոն Ղազարյանի և Վահան Գևորգյանի միջև 20.07.1993 թվականին կնքված պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի գրանցումը, Վահան Գևորգյանի և Գևորգ Համբարձումյանի միջև 17.08.1998 թվականին կնքված պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի գրանցումը, Գևորգ Համբարձումյանի և Կարինե Հարությունյանի միջև 13.04.1999 թվականին կնքված թիվ 4-592 առուծախի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի գրանցումը, Կարինե Հարությունյանի անվամբ տրված 26.04.2013 թվականի թիվ 765 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Կարինե Հարությունյանի մահից հետո նրա ժառանգներ Արուսյակ և Սարգիս Աբրահամյանների անվամբ տրված 26.11.2014 թվականի թիվ 34216 և թիվ 34217 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ճանաչել ք. Երևան, Մանուշյան փողոց թիվ 86 հասցեի հողամասի և օրինական կառույցների նկատմամբ հայցվոր Անուշ Ղազարյանի սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի 30.10.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ վերջինիս` 07.07.2016 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության և Արուսյակ Աբրահամյանի, Սարգիս Աբրահամյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և ՀՀ վարչական դատարանի` 30.10.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Նշված որոշման դեմ Արուսյակ և Սարգիս Աբրահամյանների ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 14.09.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` 07.07.2016 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությանը կից ապացույցներ չներկայացնելու հիմքով և, միաժամանակ, սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար:
Սարգիս Աբրահամյանի անունից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 12.10.2016 թվականի որոշմամբ թողել է առանց քննության` ՀՀ վճռաբեկ դատարանի` 14.09.2016 թվականի որոշմամբ մատնանշված սխալները մասնակի շտկելու պատճառաբանությամբ, նշելով, որ. «... բողոքաբերը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.09.2016 թվականի որոշմամբ մատնանշված սխալները վերացրել է մասնակի, այն է` սույն գործով ներկայացված ընդհանուր 11 պահանջների պարագայում վճարել է միայն մեկ պահանջի համար սահմանված պետական տուրքի գումարը, և պետական տուրքի չվճարված մասի վերաբերյալ առկա չէ միջնորդություն պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ»:
Նույն պահանջով կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել նաև Արուսյակ Աբրահամյանի անունից, որով, միաժամանակ, միջնորդություն է ներկայացվել հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բաց թողնելը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 16.11.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության` հիմնավորելով, որ. «... բողոք բերած անձի միջնորդությունը դրանում առկա պատճառաբանություններով հիմնավոր չէ, և ենթակա է մերժման, քանի որ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ Արուսյակ Աբրահամյանի ներկայացուցչի կողմից վկայակոչված պատճառները հարգելի չեն»:
3. Դիմողը վիճարկվող նորմի վերլուծության հիման վրա գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին և 63-րդ հոդվածներին:
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը ենթակա է գանձման առաջին ատյանի դատարան ներկայացված յուրաքանչյուր հայցապահանջի համար 20.000-ական դրամ հաշվարկով, այսինքն, ըստ դիմողի, վիճարկվող նորմի ձևակերպումը նշանակում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը պետք է վճարի ոչ թե յուրաքանչյուր վճռաբեկ բողոքի համար 20.000 դրամ, այլ 20.000-ական դրամ` առաջին ատյանի դատարան ներկայացված յուրաքանչյուր հայցապահանջի հաշվարկով:
Դիմողը նշում է նաև, որ օրենքի վիճարկվող նորմը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, քանի որ ընթերցումից բավական բարդ է եզրակացնել, որ պետական տուրքի չափը կախված է լինելու ոչ թե վճռաբեկ բողոքների, այլ դրանցում ներառված հայցապահանջների քանակից:
ՀՀ Սահմանադրության, ՀՀ դատական օրենսգրքի մի շարք դրույթների և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումների վրա հիմնվելով` դիմողը կարծում է, որ վիճարկվող նորմի ձևակերպումը հնարավորություն չի տալիս կանխատեսելու պետական տուրքի վճարման չափը, ինչի արդյունքում խաթարվել են դատարանի մատչելիության և արդար դատաքննության սկզբունքները:
4. Պատասխանողը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից, վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 02.12.2014 թվականի ՍԴՈ-1176 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, վկայակոչելով նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013 թվականի N 129 որոշման 8-րդ կետը, պատասխանողն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատարանների կողմից ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013 թվականի N 129 որոշման 8-րդ կետով սահմանված կարգին չհետևելը վիճարկվող նորմին հակասահմանադրականություն չի կարող հաղորդել: Ըստ պատասխանողի` պրակտիկայում իրավական որոշակիությանն առնչվող իրավական ակտերի կիրառման բազմաթիվ դեպքերում խնդիրը կարող է լուծվել ոչ թե դրանց հակասահմանադրական ճանաչման, այլ ողջամիտ մեկնաբանության, օրենքի կամ իրավունքի անալոգիա կիրառելու պարագայում:
Անդրադառնալով դիմողի ներկայացրած իրավիճակին` պատասխանողը գտնում է, որ այն իրականում խոսում է ոչ թե դրույթի հակասահմանադրական լինելու, այլ ձևավորված հակասական դատական պրակտիկայի մասին, ինչի վերացմանն էլ ուղղված է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Այս իմաստով, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի` 14.03.2017 թ. ՍԴՈ-1357 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, պատասխանողը հարկ է համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի պահանջի կիրառման ընթացքում այն այլ ատյանի դատարանների կողմից տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառելը հիմք չէ հակասական պրակտիկայի ձևավորման մասին խոսելու համար:
Ըստ պատասխանողի` այլ հարց է, որ պրակտիկան դեռևս չի տվել այն հարցի պատասխանը, թե միևնույն հայցադիմումի (վերաքննիչ, վճռաբեկ բողոքների) մեջ ինչպիսի հայցապահանջների առկայությունն է գնահատվում որպես առանձին ոչ գույքային պահանջներ: Մասնավորապես` մեկնաբանված չէ այն հարցը, թե արդյոք հիմնական և ածանցյալ պահանջների դեպքում առավել նպատակահարմար ու արդյունավետ է նման հայցապահանջները դիտարկել որպես մեկ ամբողջություն, գանձման ենթակա պետական տուրքի չափի որոշման հարցում առաջնորդվել այդ սկզբունքով: Ըստ պատասխանողի` վերոնշյալ հիմնախնդիրներն առայժմ տեսության մեջ և պրակտիկայում պատշաճ ուշադրության չեն արժանացել:
5. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողը, բացահայտելով վիճարկվող նորմի բովանդակությունը, իր դժգոհությունն է արտահայտում, որ Վճռաբեկ դատարանը վիճարկվող նորմը կիրառել է իր կողմից տրված մեկնաբանությամբ: Այսինքն` Սահմանադրական դատարանի գնահատմամբ` դիմողը բարձրացնում է իրավական նորմի կիրառման իրավաչափության հարց: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել իրավական նորմի կիրառման իրավաչափության վերաբերյալ իր` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ... ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Դիմող և պատասխանող կողմերի վկայակոչումները հակասական դատական պրակտիկայի մասին` վեճի առարկա նորմի սահմանադրականության խնդիր չեն բովանդակում: Հնարավոր նման հակասական պրակտիկան պետք է հաղթահարվի ՀՀ Սահմանադրության /2005 թ. փոփոխություններով/ 92-րդ հոդվածի հիման վրա` օրենքի միատեսակ կիրառության ճանապարհով, ինչի ապահովմանն է կոչված ՀՀ վճռաբեկ դատարանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Արուսյակ Աբրահամյանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
27 հունիսի 2017 թվականի
ՍԴՈ-1375