110.0182.310599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
28 մայիսի 1999 թվականի թիվ 182-Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 1999Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1999թ. ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1999թ. ընդունելության կանոնները:
2. Նախարարության իրավաբանական բաժնին (Վ. Սարգսյան) սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել պետական գրանցման` ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ պրն. Մ. Ստակյանին:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
______________ Լ. ՄԿՐՏՉՅԱՆ
«28» մայիսի 1999թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն կանոնները մշակված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհերը) 1999 թվականին ընդունելություն են կատարում ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցմամբ: Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ընդունելություն է կատարում նաև հեռակա ուսուցմամբ (ընդունելության հայտարարությունը տրվում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կողմից):
3. Հայաստանի Հանրապետության պետական բուհեր կարող են ընդունվել բարձրագույն, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթություն (ութերորդ դասարանի հիմքով) ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
4. Ընդունելությունը բուհերում կատարվում է անվճար (այդ թվում պետական պատվերով) և վճարովի ուսուցման համակարգերով, ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից հաստատված (հրաման 18-Մ, 15.01.99թ.) ընդունելության քննությունների (այսուհետև` քննություններ) ցանկի և սույն կանոններով սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն:
5. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացվում են նախարարի հրամանով ստեղծված Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, նախարարի կողմից հաստատած (հրաման թիվ 175-Մ, 07.05.99թ.) առարկայական ծրագրերով: Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում` նրանց մշակած և նախարարի կողմից հաստատված
(հրաման թիվ 175-Մ, 07.05.99թ.) ծրագրերով և գնահատման չափանիշներով:
6. Մրցույթը բուհերում կատարվում է երկու առանձին փուլով` ըստ պետական պատվերի և ըստ վճարովի ուսուցման համակարգի:
7. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի մինչև չորս մասնագիտությունների ուսուցման անվճար համակարգի համար նախատեսված տեղերի մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների ընդունելության բոլոր քննությունները: Դիմորդն իր ընտրած չորս մասնագիտությունները համարակալում է` ելնելով իր նախասիրություններից:
8. Դիմորդները ընտրած մասնագիտություններում կրկնվող առարկաների քննությունները հանձնում են միայն մեկ անգամ:
9. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում և Երևանի օտար լեզուների ինստիտուտի «Ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու» մասնագիտության գծով մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների (դեպարտամենտների):
10. Հանրակրթական առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական միավորներ:
11. Մրցույթն ըստ մասնագիտությունների անց է կացվում մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա` դիմորդի դիմում-հայտում նշված առաջին մասնագիտության գծով:
12. Առաջին հայտով անցկացրած մրցույթից հետո, ըստ մասնագիտությունների թափուր տեղերի, մրցույթն անց է կացվում դիմումում նշված հայտերի հերթականությամբ:
13. Եթե դիմորդը մրցույթով անցնում է դիմում-հայտում նշված առաջին հայտով, ապա դիմում-հայտում նշված մյուս հայտերի համար մրցույթին չի մասնակցում: Այն դեպքում, երբ դիմորդը մրցույթով չի անցնում իր դիմում-հայտում նշված առաջին հայտով, թափուր տեղերի առկայության դեպքում մասնակցում է դիմում-հայտում նշված երկրորդ մասնագիտության մրցույթին և այսպես շարունակ:
14. Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում`
ա) առաջնահերթ կարգով ընդունվում են միջնակարգ հանրակրթական դպրոցի ոսկե (արծաթե) մեդալ ունեցող դիմորդները.
բ) հաշվի են առնվում մրցութային քննական առարկաներից ստացած միավորները բուհերի կողմից նշված հաջորդականությամբ, իսկ վերջիններիս հավասարության դեպքում նույն սկզբունքով հաշվի են առնվում ոչ մրցութային առարկաներից ստացած միավորները:
15. Ըստ բուհերի և հայտերի մրցույթն անց է կացվում քննական համակարգով, որի արդյունքնեը հրապարակվում են ս/թ օգոստոսի 21-ին:
16. Անվճար ուսուցման համակարգ չընդունված դիմորդները կարող են մասնակցել տվյալ քաղաքի պետական բուհերի վճարովի ուսուցման համակարգի տեղերի` ըստ մասնագիտությունների մրցույթին, որը կենտրոնացված կարգով անց է կացվում ս/թ օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 29-ը: Վճարովի ուսուցման համակարգի մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են անվճար ուսուցման համակարգի մրցույթի համար դիմում-հայտում նշված առաջին բուհ` ս/թ օգոստոսի 22-ից (ժամը 9.00-ից) մինչև 26-ը (ժամը 24.00), բայց առաջին հայտով կարող են դիմել նաև այլ բուհեր: Դիմորդները կարող են մասնակցել մրցույթին մինչև չորս մասնագիտությունների համար: Վճարովի ուսուցման համակարգ ընդունված դիմորդների ցուցակները հրապարակվում են ս/թ օգոստոսի 30-ին:
17. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս, անվճար ուսուցման (այդ թվում պետական պատվերի) տեղերի հաշվին, ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված չափաքանակներով, ընդունվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-258, 27.10.98թ.):
18. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին, Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունվում են`
ա) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ (ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-57, 24.05.93).
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները (ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք թիվ ՀՕ-258, 27.10.98թ.) համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված վկայականների:
19. Սույն կանոնների 17-րդ և 18-րդ «ա» , «բ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, ովքեր հայտագրել են մասնագիտությունների ուսուցման միայն վճարովի համակարգ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս` հետագա ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով և ազատվում ընդունելության քննությունների վճարից:
i
20. Սփյուռքի դիմորդների, Հայաստանի Հանրապետության ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների և բուհերի հենակետային վարժարանների շրջանավարտներն ընդունվում են նախարարության հաստատած հանձնաժողովների կողմից քննական առարկաների շրջանակներում տվյալ բուհում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով` մրցույթի հիման վրա:
Միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության մրցումների (օլիմպիադաների) և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաների) հաղթողները համապատասխան մասնագիտությունների գծով կարող են բուհ ընդունվել առանց քննությունների, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` պետական պատվերի համակարգին հատկացված տեղերի հաշվին:
(20-րդ կետը լրաց. 30.06.99 թիվ 241-Մ հրաման)
21. Անվճար և վճարովի ուսուցման տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է Հանրապետական ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:
22. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար (դպրոցում կամ կենտրոնացված քննական համակարգով) քննություն են հանձնում հայոց լեզվից (գրավոր): Միջնակարգ կրթության ատեստատում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն դիմորդները, ովքեր միջնակարգ կրթության ատեստատում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից, քննություն են հանձնում որևէ օտար լեզվից գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):
Բացառություն են կազմում.
ա) 0212 - միջազգային հարաբերություններ, 0214 - լրագրություն (ժուռնալիստիկա), 0230 - հայոց լեզու և գրականություն, 0309 - նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, 0310 - հոգեբանություն և մանկավարժություն, 0312 - տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (ռուսական դպրոցների համար), 0312 - տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (հայկական դպրոցների համար), 0316, 0318 - սուրդոմանկավարժություն, լոգոպեդիա, 0317, 0318 - օլիգոֆրենոմանկավարժություն, լոգոպեդիա, 0533 - թարգմանչական գործ մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է.
բ) 0217 - բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) մասնագիտությունը (ԵՊՀ, ԳՄԻ, ՎՄԻ, ԳՊՀ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր).
գ) 0217, 0233 - բանասիրություն (ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու) մասնագիտությունը (ԵրՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր).
դ) 0233, 0217 - անգլերեն լեզու և ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությունը (ԳՄԻ), որի համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել անգլերեն լեզվից (բանավոր):
23. Միջնակարգ կրթության ատեստատում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր):
Բացառություն են կազմում.
0212 - միջազգային հարաբերություններ, 0233 - օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն), 0234 - արևելագիտություն (արաբագիտություն, պարսկագիտություն, թուրքագիտություն) (ԵՊՀ), 0533 - թարգմանչական գործ (ԵՊՀ, ԵրՕԼԻ), 0601 - տեսական տնտեսագիտություն, 0606 - համաշխարհային տնտեսագիտություն, 0611 - կառավարում, 0618 - մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ (ԵՊՀ, ԵրԺՏԻ), 0610 - պետական և մունիցիպալ կառավարում (ՀՊՃՀ, ԵրԺՏԻ), 0604 - ֆինանսներ և վարկ, 0607 - ազգային տնտեսագիտություն, 0614 - առևտուր (կոմերցիա), 0624 - ապահովագրական գործ, 0625 - արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, 0719 - տեղեկատվական համակարգեր (ԵրԺՏԻ) մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվից գրավոր քննությունը պարտադիր է:
24. Հայաստանի Հանրապետության պետական բուհերի մի շարք մասնագիտությունների գծով, որոնց ընդունելության քննությունների անվանացանկում ոչ մրցութային առարկաները նշված են աստղանիշով (նախարարի հրաման թիվ 18 - Մ, 15.01.99թ.), դիմորդների համար`
ա) ոչ մրցութային ընդունելության քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում հայոց լեզվի, մաթեմատիկայի, ֆիզիկայի քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից` տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար, իսկ հայոց լեզուն և մաթեմատիկան` միայն 1996 թվականից հետո հանձնված քննությունների գնահատականները).
բ) նախորդ տարիների շրջանավարտների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
«3»-ը համարժեք է 13 միավորի,
«4»-ը համարժեք է 17 միավորի,
«5»-ը համարժեք է 20 միավորի,
գ) դիմորդին իրավունք է վերապահվում, հաշվի չառնելով միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ քննական գնահատականը, տվյալ առարկայից քննություն հանձնել կենտրոնացված քննական համակարգով: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում կենտրոնացված քննական համակարգով հանձնած քննության արդյունքը: Անբավարար գնահատականի դեպքում դիմորդը չի կարող մասնակցել տվյալ մասնագիտության մրցույթին.
դ) 1998-99 ուս. տարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են կենտրոնացված քննական համակարգով.
ե) եթե դիմորդը հայտագրում է միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի տարեկան գնահատականը, ապա որպես մրցութային առարկա քննություն է հանձնում կենսաբանությունից և հակառակը.
զ) միջնակարգ մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (8-րդ դասարանի հիմքով) ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները հայոց լեզվի քննությունը հանձնում են կենտրոնացված քննական համակարգով:
25. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
26. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները քննությունները, բացի հայերեն և օտար լեզուներից, կարող են հանձնել ռուսաց լեզվով:
27. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
28. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի գանգատարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը այն հայտնելու օրը, մինչև ժամը 22.00: Գրավոր քննության գնահատականները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 16.00:
29. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարած գումարը չի վերադարձվում: Հանրապետական ընդունող հանձնաժողովը առանձին քաղաքացիների կարող է ազատել ընդունելության քննությունների վճարից:
30. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 1999 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 14-ը: Քննություններն անցկացվում են 1999 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 14-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:
Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների գծով մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում 1999 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 14-ը:
31. Դիմորդները քննություններին ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու, դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշված առաջին հայտի բուհում: Քննություններին մասնակցելու համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին հայտի բուհում:
Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:
Դիմումի հետ ներկայացվում են`
ա) միջնակարգ կրթության ատեստատը (բնօրինակը).
բ) 6 լուսանկար 3 x 4 չափսի.
գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).
դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական մինչև 16 տարեկան երեխաների համար, զինվորական գրքույկ զինծառայողների համար, ՆԳ բաժինների կողմից տրված 9-րդ ձև).
ե) զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին.
զ) սույն կանոնների 17-րդ և 18-րդ «ա» , «բ» ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության, մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայողների և ազատամարտիկների զոհվելու մասին):
32. Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ:
33. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հանրապետական ընդունող հանձնաժողովում:
34. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բուհերի, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են նախարարի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 1999թ. ընդունելության կանոնակարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
31.05.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 110990089