020.0152.270199
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 24 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 հունվարի 1999 թվականի |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ`
դիմողների` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 72 պատգամավորների ներկայացուցիչներ Է. Եգորյանի, Ա. Սադոյանի և Վ. Խաչատրյանի,
պատասխանող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից որպես ներկայացուցիչներ լիազորված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար Ա. Վարդանյանի,
Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար Վ. Ավանեսյանի,
գործով որպես մասնագետ ներգրավված` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յու. Սուվարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի և 101 հոդվածի 2 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 2 կետի և 55 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 72 պատգամավորի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, մասնագետի եզրակացությունը, հետազոտելով քննության առարկա օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, գնահատելով օրենքի տառացի իմաստն ու ձևավորված իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի փետրվարի 17-ին, ստորագրվել, հրապարակվել և ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 20-ին:
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, դրա մասնակիցների իրավասությունը և պատասխանատվությունը, ինչպես նաև հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության նորմերը (հոդ. 1):
2. Դիմող կողմը գտնում է, որ «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մասնավորապես` Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված` պետության կողմից երաշխավորվող տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության մասին դրույթներին:
3. Պատասխանող կողմը գտնում է, որ օրենքի նշված նորմը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, քանի որ հարցը վերաբերում է բնական մենաշնորհին, և ազատ տնտեսական մրցակցության սահմանափակումը հեռահաղորդակցության ոլորտում նպատակ ունի օտարերկրյա ներդրումների միջոցով հանրապետության տարածքում բարելավել կապի վիճակը և ապահովել տեխնիկական առաջընթացն այդ բնագավառում:
4. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածը, որը վերնագրված է «Անցումային դրույթներ», սահմանում է. «Հայաստանի Հանրապետության հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի օրինական սեփականատեր հանդիսացող «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») փակ բաժնետիրական ընկերությանը 15 տարի ժամկետում տրված հեռահաղորդակցության և «Արմենտելի» հեռահաղորդակցության ցանցերով բարձր հաճախության տեսափոխանցման (այդ թվում` մալուխային հեռուստատեսության) ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունքները հաստատող` մինչև սույն օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից տրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի թիվ 218 որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիան ուժի մեջ է սույն օրենքին և լիցենզիայի պայմաններին համապատասխան: Նշված լիցենզիայով սահմանված իրավունքների գործողությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` հակամենաշնորհային օրենսդրությամբ)»:
Նույն օրենքի 17 հոդվածով ամրագրված է, որ լիցենզիայով չեն կարող նախատեսվել բացառիկ իրավունքներ, բացառությամբ սույն օրենքի անցումային դրույթներով նախատեսված դեպքի:
Բացի դրանից, օրենքի 2 հոդվածով սահմանվում է նաև, որ հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենքով, բացառությամբ սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված դեպքի:
5. Կապի նախարարության կողմից տրված և կառավարության որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիան ուժի մեջ թողնելու մասին օրենքի 24 հոդվածի դրույթի իրավական վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը ոչ թե իրավահարաբերություններ կարգավորող համընդհանուր նորմ է սահմանել, այլ, գործադիր իշխանության կողմից կոնկրետ իրավասուբյեկտի համար սահմանված լիցենզիայի պայմանները փաստացի վավերացնելով, դրանց օրենքի ուժ է տվել:
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի պահանջներից ելնելով, «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելիս` սահմանադրական դատարանը պարտավոր է հիմք ընդունել.
-իրավական ակտի ձևը.
-իրավական ակտն ընդունելու ժամանակը, ստորագրելու, հրապարակելու և գործողության մեջ դնելու սահմանված կարգի պահպանումը.
-իրավական ակտերի նորմերի բովանդակությունը.
- մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց թույլատրելի սահմանափակման շրջանակները և հիմքերը.
- Սահմանադրությամբ նախատեսված` իշխանությունների տարանջատման սկզբունքը.
- պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները.
- Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը:
6. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածում սահմանելով, որ «Նշված լիցենզիայով սահմանված իրավունքների գործողությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` հակամենաշնորհային օրենսդրությամբ)» (նման օրենսդրությունը սույն օրենքի ընդունման պահին սկզբունքորեն բացակայում էր), օրենսդիրը, փաստորեն, օրենքի նորմին հաղորդելով սահմանադրական նորմի բնորոշ գծեր, կանխորոշում է այս ոլորտը կարգավորող օրենքների բովանդակությունը:
ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի երրորդ մասի համաձայն` օրենսդիր մարմնի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, որը ՀՀ Ազգային ժողովին չի օժտել սահմանադրական բնույթի նորմեր պարունակող օրենքներ ընդունելու իրավասությամբ:
Բացի դրանից, ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի երկրորդ մասի համաձայն` պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՀՀ Ազգային ժողովն օրենքի ուժ է հաղորդել մի փաստաթղթի, որը պարունակում է կառավարության կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի իրավասությունները գերազանցող նորմեր: Մասնավորապես.
ա) ՀՀ կապի նախարարության կողմից տրված լիցենզիան չի համապատասխանում ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշմամբ սահմանված պահանջներին,
բ) թիվ 60 վերախմբագրված լիցենզիայի 4-րդ կետում ամրագրված դրույթը, ըստ որի «Սույն լիցենզիայով լիցենզավորվող վերապահված բացառիկ իրավունքները չպետք է դիտվեն որպես խախտում Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային կամ այլ օրենքների նկատմամբ», կառավարության, առավել ևս` նախարարության իրավասության հարց չէ: Այն դուրս է նաև օրենսդիր մարմնի լիազորությունների շրջանակներից,
գ) գործադիր մարմինն իրավասու չէ պարտավորություններ ստանձնել և սահմանափակել քաղաքացիների իրավունքները և նրանց չթույլատրել զբաղվելու ազատ տնտեսական գործունեությամբ, եթե դա սահմանված չէ օրենքով և չի բխում օրենքի գործադրման պահանջներից: Միակողմանի նման պարտավորություններ է ստանձնվում տրված թիվ 60 լիցենզիայի 4-րդ կետով, ամրագրելով, որ «... լիցենզավորվողին վերապահված բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինները պարտավորվում են ներդնել իրենց պետական իրավական ուժերը` չթույլատրելու որևէ անձի կողմից սույն լիցենզիայում նշված ցանկացած տեսակի ծառայությունների մատուցումը»:
7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 հոդվածի երրորդ մասի համաձայն` պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:
ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի համաձայն` պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Տնտեսական գործունեության ազատությունը բացարձակ ազատություն չէ և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան այն կարող է սահմանափակվել: Ընդ որում, սահմանափակման բնույթը հիմնավորում է օրենսդիրը` հաշվի առնելով, որ դա հնարավոր է միայն այլ անձանց իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու, բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29 հոդվածի երկրորդ մասի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածի 3-րդ կետի):
Ազատ տնտեսական մրցակցության սկզբունքն իր հերթին բխում է տնտեսական ազատության և հավասարության սկզբունքներից և նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտեսավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության դրույթների, սահմանադրականության միջազգային սկզբունքների վերլուծությունը վկայում է, որ ազատ տնտեսական մրցակցությունը չի բացառում պետության ու հասարակության անվտանգության և օրինական շահերի, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով պետության կողմից արգելված, պետական լիցենզավորման ենթակա, բնական կամ պետական մենաշնորհ հանդիսացող կամ բացառիկ իրավունքներով կարգավորվող գործունեության տեսակների առկայությունը:
Նման ոլորտների հստակեցումը, տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության շրջանակների հնարավոր սահմանափակումները սակայն կանոնակարգվում են Սահմանադրությամբ և օրենքներով` ապահովելու համար նաև հակամենաշնորհային այնպիսի քաղաքականության իրականացում, որը երաշխավորում է բարեխիղճ մրցակցություն և տնտեսական ու սոցիալական առաջընթաց:
Միայն օրենսդիր իշխանությունն է իրավասու որոշել այդ սահմանափակումների շրջանակներն ու բնույթը` որպես համընդհանուր պարտադիր վարքագծի կանոններ: Իսկ այն դեպքում, երբ առանձին իրավահարաբերություններ դեռևս օրենքով կարգավորված չեն, կառավարությունը այն կարող է լրացնել ոչ միայն որպես օրենսդրական նախաձեռնության սուբյեկտ, այլև Սահմանադրության 78 հոդվածի հիման վրա կառավարության գործունեության ծրագրի օրենսդրական ապահովման նպատակով Ազգային ժողովը կարող է լիազորել կառավարությանն ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք գործում են Ազգային ժողովի կողմից սահմանված ժամկետում և չեն կարող հակասել օրենքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5 և 8 հոդվածների պահանջներին այնքանով, որքանով որ պետական լիցենզավորման ենթակա, պետական կամ բնական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակների հստակեցումը, այդ ոլորտներում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը և պետության ու հասարակության անվտանգության և օրինական շահերից, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներից ելնելով տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության շրջանակների հնարավոր սահմանափակումները որպես համընդհանուր պարտադիր վարքագծի կանոններ նախապես ոչ թե սահմանվել են օրենքով, այլ գործադիր իշխանության կողմից, իսկ օրենսդիրն անցումային դրույթների ձևով օրենքի ուժ է հաղորդել կոնկրետ հասցեագրված պայմանների, որոնցում նաև տեղ են գտել ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ձևակերպումներ:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածում հիշատակվող թիվ 60 լիցենզիայում նախատեսված և ՀՀ Ազգային ժողովի կողմից փաստորեն օրենքի աստիճանի բարձրացված առանձին դրույթներ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բնույթ են ստացել և որոնց չկատարումը երկրի համար հղի է որոշակի հետևանքներով, նկատի ունենալով նաև, որ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի հիման վրա «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը», հաշվի առնելով, որ քննության առարկա 24 հոդվածի իրավաբանական ուժը կորցնելը օտարերկրյա ներդրողին տրված լիցենզիայի գործողության վրա անմիջական ազդեցություն չի կարող ունենալ, գնահատելով ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում այդ ժամանակահատվածում գտնել օրենսդրական և իրավակիրառական այնպիսի լուծումներ, որոնք օրենքի մակարդակով կսահմանեն բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտների վերաբերյալ պետության քաղաքականությունը, կապահովեն քննության առարկա հոդվածի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունների` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կատարումը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
27 հունվարի 1999 թվականի
ՍԴՈ-152