ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0176/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/0176/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հուլիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դավթաշենի հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ «Լեպիս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ, որից 90 տոկոսը` 696.600 ՀՀ դրամը, փոխանցել բյուջետային հաշվի համարին, իսկ 10 տոկոսը` 77.400 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամը, հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` գումարի 90 տոկոսի մասով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը չի կիրառել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատաքննության ընթացքում Դատարանը հաստատված և հիմնավոր է համարել Ընկերության նկատմամբ 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ տուգանքի նշանակման հանգամանքը, սակայն հայցը մասնակիորեն մերժել է և բռնագանձման ենթակա գումարի 10 տոկոսը` 77.400 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամը, պատասխանողից չի բռնագանձել` պատճառաբանելով, որ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին նշված գումարի բռնագանձման համար հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հիմնավորումներ, թե որ նորմատիվ ակտով է սահմանվում նշված բռնագանձումը: Մինչդեռ, հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին բռնագանձումների կատարումը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցի չբավարարված մասով, բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և փոփոխել ստորադաս դատարանի ակտը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 03.10.2007 թվականի թիվ 1102815 հանձնարարականի հիման վրա Հարկային տեսչության վերահսկողության բաժնի հարկային տեսուչները Ընկերությունում կատարել են ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում:
2) Ստուգման արդյունքում 18.10.2007 թվականին կազմվել է թիվ 1102815 ստուգման ակտը:
3) Ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերության կողմից 07.08.2007 թվականին կատարվել է ընդհանուր գումարով 1.548.000 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամի ձեռնարկատիրական գործունեության առարկաների տեղափոխում` առանց հաշիվ ապրանքագրերի և առանց տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում գրանցում կատարելու, որի համար ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 387.000 (երեք հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամ տուգանքի պարտավորություն:
4) Սահմանված երեսնօրյա ժամկետում Ընկերության կողմից տուգանքը չի վճարվել, ինչի հետևանքով գումարը կրկնապատկվել է և կազմել է 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմինը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի առաջին ենթակետի համաձայն` հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ` ֆոնդ): Ֆոնդը կազմավորվում է հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:
i
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության` որպես պետական ծառայության հատուկ տեսակ, կազմակերպման և իրականացման, հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, հարկային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Նույն օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ նույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի և դրանում հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վրա: Նշված օրենքի վերոնշյալ հոդվածները ցույց են տալիս նշված օրենքի գործողության ոլորտը:
Սույն քաղաքացիական գործով Դատարանը, հաստատված համարելով Ընկերության նկատմամբ 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ հարկային պարտավորության առկայության հանգամանքը, մասնակիորեն` գումարի 10 տոկոսի չափով, մերժել է հայցը` հիմք ընդունելով այն, որ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին նշված գումարի բռնագանձման համար հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հիմնավորումներ, թե որ նորմատիվ ակտով է սահմանվում նշված բռնագանձումը:
Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալ հոդվածները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հարկային պարտավորության բռնագանձման պահանջ ներկայացնելիս հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին փոխանցումների կատարումը տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների շրջանակից դուրս է: Այսինքն` Ընկերությունը «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի ուժով պարտավորություն չի կրում գումարներն առանձին պետական բյուջեի և հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվի համարներին փոխանցելու հարցում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին փոխանցումը կատարվում է բռնագանձման ենթակա հարկային պարտավորության գումարից, որով հարկատուի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում: Այսինքն` անկախ հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին փոխանցման վերաբերյալ հայցապահանջի մերժման հանգամանքից Ընկերության մոտ հարկային օրենսդրությամբ ծագած հարկային պարտավորությունն ամբողջությամբ ենթակա է բռնագանձման ՀՀ բյուջետային հաշվին:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի ուժով Ընկերության մոտ չի ծագում որևէ լրացուցիչ պարտավորություն հարկային պարտավորության տեղաբաշխման վերաբերյալ, փոխարենը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 28-րդ հոդվածների ուժով պարտավորվում է հարկային պարտավորության ամբողջ գումարը վճարել ՀՀ բյուջետային հաշվին:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 04.03.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. «Լեպիս» ՍՊԸ-ից բռնագանձել 774.000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի հաշվի համարին գումարը փոխանցելու մասով հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան