Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության          Քաղաքացիական գործ թիվ 3-1714 (ՏԴ)

    տնտեսական դատարանի վճիռ                                   2006թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-1272/2006թ.

Նախագահող դատավոր` Ե.Սողոմոնյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` նաև Դատարան) 29.06.2006 թվականին կայացրած վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Վագրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` նաև Ընկերություն)` 500.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու և տեղեկատվություն ներկայացնելուն պարտադրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով ՀՀ տնտեսական դատարան` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խնդրել է «Վագրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել Հանձնաժողովի 31.08.2005 թվականի թիվ 99-Ա որոշմամբ նշանակված 500.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը և վերջինիս պարտադրել ներկայացնելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 20.06.2005 թվականի թիվ 69-Ա որոշմամբ սահմանված տեղեկատվությունը:

ՀՀ տնտեսական դատարանի 29.06.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Պատասխանողը վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

ՀՀ տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածները:

Համաձայն պատասխանողի ներկայացրած հրամանագրքի և բացատրությունների` Ընկերությունում բացի Գ.Վարդանյանից գրանցված են նաև այլ աշխատակիցներ, և նրա բացակայության ժամանակ Ընկերությունն աշխատել է, հետևաբար այս պարագայում Ընկերության տնօրենի ստացիոնար բուժման մեջ գտնվելը որևէ ապացուցողական նշանակություն չունի, քանի որ նրա բացակայությամբ պահանջվող տեղեկատվությունը կարող էին ներկայացնել Ընկերության աշխատակիցները, իսկ ծանուցման թերթիկների տարբեր ստորագրությունները բացատրվում են հենց այն փաստով, որ պատասխանողի բացակայությամբ դրանք ստացել են Ընկերության աշխատակիցները, և որից հետո նրանք պարտավոր էին ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը: Այս պարագայում բողոք բերած անձը գտնում է, որ երբ 05.08.2005 թվականի թիվ 104 և 22.08.2006 թվականի թիվ 371 ծանուցման թերթիկների վրա առկա են և փոստային առաքողի, և ստացողի ստորագրությունները, ապացուցվում է Հանձնաժողովի որոշումները կից գրություններով Ընկերությանը հանձնելու փաստը:

Հանձնաժողովի թիվ 99-Ա որոշումը 05.09.2005 թվականին կից գրությամբ կրկին ուղարկվել է գրանցամատյանում նշված հասցեով և ուժի մեջ է մտել` համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի, քանի որ պատասխանողը ներկա է եղել բոլոր դատական նիստերին և իրազեկվել է Հանձնաժողովի թիվ 99-Ա որոշման մասին:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը`

1) 02.08.2005 թվականի թիվ 104 փոստային ծանուցման թերթիկով ուղարկվել է Հանձնաժողովի 20.07.2005 թվականի «Զովացուցիչ ջրեր արտադրող, ներկրող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու մասին» թիվ 69-Ա որոշումը:

2) 18.08.2005 թվականի թիվ 371 փոստային ծանուցման թերթիկով ուղարկվել է Հանձնաժողովի 18.08.2005 թվականի թիվ ՎԵ-1614 գրությունը` 31.08.2005 թվականի ժամը 11:00-ին Հանձնաժողովի կողմից անցկացվելիք նիստի մասին:

3) 05.09.2005 թվականի թիվ 54 և 16.09.2005 թվականի թիվ 219 փոստային ծանուցման թերթիկներով ուղարկվել է Հանձնաժողովի 31.08.2005 թվականի ««Վագրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 99-Ա որոշումը, որը վերադարձվել է փոստի նշումով այն մասին, որ «ձեռնարկությունը վաղուց տեղափոխված է»:

4) Պետական ռեգիստրի գործակալության 11.11.2005 թվականի թիվ 3-2/2767-05 գրության համաձայն` պատասխանողի հասցեն է` «Արշակունյաց 47», որով առաքվել են Հանձնաժողովի փաստաթղթերը:

5) Իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 01Ա-005666 վկայականի թիվ 007 ներդիրի և 12.06.2006 թվականի պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության փոփոխության համաձայն` տնօրենի և Ընկերության հասցեն է` ՀՀ քաղաք Երևան, Մխչյանի փողոց, թիվ 18:

6) ՀՀ տնտեսական դատարանի 16.03.2006 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է պատասխանողի և նրա գույքի գտնվելու վայրը հայտնաբերելու համար:

7) Հանձնաժողովը 15.05.2006 թվականի թիվ ԱՇ-1548 գրությունով հայտնել է, որ պատասխանողի հասցեն է` «ք.Երևան Մխչյան 18» և խնդրել գործի վարույթը վերսկսել:

8) Հայցվորը դատաքննության ժամանակ ընդունել է, որ Հանձնաժողովի 31.08.2005 թվականի որոշումը պատասխանողը չի ստացել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` վարչական ակտերի ձևերի, դրանց ընդունման, հրապարակման կամ հրատարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը ճիշտ է մեկնաբանվել ՀՀ տնտեսական դատարանի կողմից, սակայն միաժամանակ արձանագրում է, որ նշված հոդվածը տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ: Նշված խախտումը ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ կիրառվել է այնպիսի նորմ, որն ըստ էության տալիս է նույն կարգավորումը, սակայն նախատեսված է այլ օրենքում: Վճռաբեկ բողոքի հիմքում ընկած առարկությունները Վճռաբեկ դատարանը կգնահատի ներքոհիշյալ իրավական ակտերի պահանջների հաշվառմամբ:

i

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով: Հանձնաժողովի կողմից կայացված չհրապարակվող որոշումների ուժի մեջ մտնելու մասով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը առանձնահատկություն չի նախատեսում, ուստի այն կարգավորվում է «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով: Նշված հոդվածի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է իրազեկման առանձնահատկությունը, համաձայն որի` որոշման (եզրակացության) ընդունումից հետո` հինգ օրվա ընթացքում, դրա պատճենը տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ դա կայացվել է, կամ ուղարկվում է պատվիրված նամակով: Հանձնաժողովի որոշումներով նախատեսված է, որ այդ ակտերն ուժի մեջ են մտնում հասցեատերերին հանձնելուն հաջորդող օրվանից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի չհրապարակվող որոշումներն ուժի մեջ են մտնում դրանք առձեռն կամ փոստի միջոցով հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից:

Հանձնաժողովը չի ներկայացրել բավարար ապացույցներ, որոնք հավաստում են` իր կողմից կայացված 31.08.2005 թվականի ««Վագրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 99-Ա որոշումը պատասխանողին հանձնված լինելու հանգամանքը: Ավելին` Հանձնաժողովի կողմից ներկայացված ապացույցներով ապացուցվել է, որ պատասխանողը այդ հասցեից տեղափոխվել է: Նշված փաստերն ինքնին բացառում են պատասխանողի կողմից պատշաճ կարգով Հանձնաժողովի որոշումները ստանալու հանգամանքը, և հետևաբար բացառում են դրանց ուժի մեջ մտնելու հանգամանքները: Հանձնաժողովի` ուժի մեջ չմտած որոշումները չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել, այսինքն` հիմք հանդիսանալ այդ որոշմամբ առաջադրված տուգանքը բռնագանձելու և նույն որոշմամբ պահանջած տեղեկատվությունը ներկայացնելուն պարտադրելու համար:

i

Ինչ վերաբերվում է վճռաբեկ բողոքի հիմքի այն պատճառաբանությանը, որ պատասխանողը ներկա է գտնվել դատական նիստերին, ըստ այդմ էլ իրազեկվել է Հանձնաժողովի թիվ 99-Ա որոշման մասին, անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Տվյալ դեպքում հայցադիմումի հիմքում ընկած հանգամանքը` վարչական ակտի ուժի մեջ մտնելը, Հանձնաժողովի կողմից չի ապացուցվել: Ավելին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համաձայն` վարչական ակտի հանձնման պարտականությունը կրում է Հանձնաժողովը, այլ ոչ թե դատարանը, և նման պարտականությունը Հանձնաժողովը պետք է իրականացներ մինչև դատարան դիմելը: Հակառակ պարագայում անձը կզրկվի օրենքով սահմանված մի շարք իրավունքների իրականացման հնարավորությունից, մասնավորապես վարչական ակտը օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու իրավունքի հնարավորությունից, ինչպես նաև կծագի նրա դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման վտանգ:

Դատարանի կողմից կիրառված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է հանձնաժողովի որոշումների կատարմանը, որը Դատարանը իրավացիորեն կիրառել է Հանձնաժողովի 31.08.2005 թվականի թիվ 99-Ա որոշման ուժի մեջ մտնելու և դրա հետևանքով կատարման պարտականության ծագման նպատակով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի հիմքի մյուս պատճառաբանությունների հիմնավոր լինելու կամ հիմնավոր չլինելու հանգամանքը որևէ հետևանք չի կարող ունենալ վեճի լուծման համար, քանի որ պատասխանողի կողմից դատական կարգով չեն վիճարկվել Հանձնաժողովի որոշումները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխան, գնահատել է գործի լուծման համար հիմք հանդիսացած ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 29.06.2006 թվականի թիվ Տ-1272 քաղաքացիական գործով կայացված վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-1714(ՏԴ)
Որոշում