Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՆՐԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՆՐԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ Ք ...

 

 

020.0652.181006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՆՐԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի /զեկուցող/, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` դիմող` քաղ. Հ Դանիելյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Հենրիկ Դանիելյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Հ. Դանիելյանի դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործի նյութերը, սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը և կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶ ԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998թ. հուլիսի 1-ին: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 1-ին և համաձայն նշված օրենսգրքի 500 հոդվածի` այն ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը վերնագրված է` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան»:

Նշված հոդվածի 1-ին, 2-րդ և 3 -րդ մասերում ամրագրված է.

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում»:

2. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 8, 19 և 31 հոդվածներին, քանի որ դատարաններում իր նկատմամբ կիրառելով այդ նորմը` պատճառաբանել են, որ ինքը մեկ ամսվա ընթացքում չի դիմել դատարան` դրանով բաց թողնելով բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը: Տվյալ նորմը սահմանադրական չէ, քանի որ դրանում նշված չէ, որ պատասխանողը դիմողին պետք է տեղյակ պահի ժամկետային սահմանափակման մասին: Նման նշում չլինելու և իր անտեղյակության պատճառով փաստորեն սահմանափակվել է դատարան դիմելու իր իրավունքը, ինքը զրկվել է իր սեփականության դատական պաշտպանության իրավունքից, ինչպես նաև իր սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից:

Դիմող կողմը գտնում է, որ նման վիճակ առաջացել է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում իրեն չտրամադրելու պատճառով:

3. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածը նախատեսելով անձի` վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ու որոշումները բողոքարկելու իրավունքը, միաժամանակ նախատեսում է դրա իրականացման երկու պայման, որ նախ` բողոքը պետք է ներկայացվի վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան, և երկրորդ` բողոքը պետք է ներկայացվի այն մերժելու մասին տեղեկություն ստանալու, կամ, եթե դրա վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

Դատական պաշտպանության հստակ ժամկետի սահմանումը, պատասխանող կողմի կարծիքով, նշված իրավունքի խախտում չի կարող դիտվել: ՀՀ քր. դատ. օր.-ը, մանրամասն կարգավորման ենթարկելով քրեական գործերի քննության և լուծման կարգը, կանոնակարգել է նաև դատավարական գործողությունների կատարման և որոշումների ընդունման ժամկետները: ՀՀ քր. դատ. օր.-ը նաև ժամկետներ է սահմանել ինչպես հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի որոշումների, այնպես էլ դատավճռի բողոքարկման համար: Մասնավորապես, ՀՀ քր. դատ. օր.-ի 379 հոդվածը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու 15-օրյա ժամկետ, որը չի կարելի դիտել որպես Սահմանադրության 20 հոդվածով նախատեսված` յուրաքանչյուրի` իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունքի սահմանափակում: Նույն նկատառումներով չի կարելի պնդել, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածի երրորդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին:

ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածի 3-րդ մասը, ըստ պատասխանողի, չի հակասում նաև ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, քանի որ, ի տարբերություն նախկին ՀՀ քր. դատ. օր.-ի, ՀՀ քր. դատ. օր.-ը երաշխավորում է մարդու իրավունքները և ազատությունները, այդ թվում նաև` դրանց դատական պաշտպանության իրավունքը, սահմանում է դրա իրականացման հստակ մեխանիզմներ:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածի 3-րդ մասը սեփականության իրավունքի պաշտպանության հետ ուղղակի առնչություն չունի:

4. Գործի հանգամանքների պարզումը վկայում է, որ Հ. Դանիելյանը 27.09.04թ. և 15.10.04թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` հայտնելով, որ 1983թ. օրինական կարգով ամուսնացել է քաղ. ՈՒ. Սարգսյանի հետ: 1996թ. ինքը վաճառել է իր երկուսենյականոց բնակարանը և գնել մեկսենյականոց բնակարան, որը ձևակերպել է կնոջ` ՈՒ. Սարգսյանի անվամբ: Վերջինս մահացել է 24.08.2003 թվականին: Նրա մահից հետո դիմողին հայտնի է դարձել, որ այդ մեկսենյականոց բնակարանը 27.06.2003թ. իբր կտակվել է իր կնոջ քրոջը` Մ. Սարգսյանին: Նա գտնում է, որ այդ գործարքը կեղծ է` կնոջ հարազատները նոտարների միջոցով ցանկացել են խարդախությամբ տիրանալ իր կողմից գնված` վերը նշված բնակարանին, և խնդրել է նրանց ենթարկել քրեական պատասխանատվության` վկայակոչելով նաև, որ ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5 կետի համաձայն նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն ՀՀ գլխավոր դատախազը»:

Հ. Դանիելյանի դիմումն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազին, որն էլ իր հերթին հանձնարարել է Արաբկիրի ոստիկանությանը հետաքննություն իրականացնել: Վերջինիս նախապատրաստած նյութերով 20.12. 2004թ. որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության պատճառով:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստուգվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և քննչական վարչության դատախազը 2005թ. փետրվարի 2-ին Հ. Դանիելյանին պատասխանել է, որ վարչությունում ուսումնասիրել են Արաբկիրի ոստիկանության նախապատրաստած նյութերը և գտնում են, որ ոստիկանության կողմից նյութերի ընթացքը լուծվել է օբյեկտիվորեն, այն վերացնելու հիմքեր չկան, հարցը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և այն պետք է լուծվի դատական կարգով: Դրանից հետո Հ. Դանիելյանը 21.02.06թ. կրկին դիմել է գլխավոր դատախազին` խնդրելով քրեական գործ հարուցել իր բնակարանին առնչվող գործողությունների հետ կապված, կամ իրեն տրամադրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, որպեսզի ինքը հնարավորություն ունենա այն բողոքարկել դատարան: Սակայն պատասխան չի ստացել:

Հ. Դանիելյանը գտել է, որ ինքն իրավունք ունի դատախազության գործողությունները բողոքարկել դատարան` 03.04.2006թ. դիմելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին` խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ կետի համաձայն պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել իր բնակարանը «խարդախությամբ տիրանալու փորձ անող անձանց նկատմամբ»:

Վերը նշված դատարանը 05.04.06թ. որոշմամբ բողոքը թողել է առանց քննության, պատճառաբանելով, որ ՀՀ դատախազությունից պատասխան ստանալուց հետո Հ. Դանիելյանը ՀՀ քր. դատ. օր.-ի 290 հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում` մեկ ամսվա ընթացքում, չի դիմել դատարան:

Առաջին ատյանի դատարանի որոշումը Հ. Դանիելյանը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը 04.05.2006թ., չմատնանշելով ՀՀ քր. դատ. օր.-ի որևէ նորմ, Հ. Դանիելյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` հետևյալ պատճառաբանությամբ. «Նկատի ունենալով, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկման արդյունքում, վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն»:

Վերը նշված որոշման դեմ Հ. Դանիելյանը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի համաձայն վճռաբեկ դատարանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, հանդիսանում է ՀՀ բարձրագույն դատական ատյանը և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Այդ պայմաններում օրինական ուժի մեջ չմտած մինչդատական վարույթի, այդ թվում քրեական գործի հարուցումը մերժելու հետ կապված հարցերի բողոքարկումը բարձրագույն դատական ատյան, չի բխում վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից: Բացառիկ դեպքերում նման բողոքները վճռաբեկ դատարանի քննարկման առարկա կարող են դառնալ, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար: Սույն գործով բողոքարկվող որոշումը չունի նախադեպային նշանակություն: Վերը նշված պայմաններում վճռաբեկ բողոք է բերվել այնպիսի որոշման դեմ, որը վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար, ՀՀ քր. դատ. օր.-ի 407 հ. 3-րդ մասի ուժով այն պետք է թողնել առանց քննության:

5. Գործի նյութերի վերլուծությունը վկայում է, որ.

Նախ. ըստ այդ նյութերի և դիմող կողմի գրավոր հայտարարության` նա չի ստացել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որևէ որոշում, այդ թվում հետաքննության մարմնի որոշումը, որը կայացրել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը 20.12.2004 թվականին, և որում նշված է, որ այն կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան` առանց ժամկետային որևէ սահմանափակման: Փաստորեն, հետաքննության մարմինը հիմք է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասը, որը բողոքարկման ժամկետային սահմանափակում չի բովանդակում: Սակայն դիմող կողմին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով չտրամադրելը նրան զրկել է իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Երկրորդ. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման քննության իրավասություն չի ունեցել, քանի որ տվյալ պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի համաձայն (հոդվածը կոչվում է «Քրեական գործի հարուցումը մերժելը»)` «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան»

(25.05.06 ՀՕ-91-Ն օրենքով օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասը փոխվել և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»): Դատարանը,

քննության առնելով դիմումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 3-րդ մասի հիմքով 05.04.2006թ. որոշել է Հ. Դանիելյանի բողոքը թողնել առանց քննության:

Երրորդ. 17.04.06թ. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան ներկայացրած իր վերաքննիչ բողոքում դիմող կողմը խնդրում է` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 և 394 հոդվածների համաձայն վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի 05.04.06թ. որոշումը, որպեսզի քր. գործ հարուցվի իմ բնակարանին խարդախությամբ տիրացած անձանց նկատմամբ»: Վերաքննիչ դատարանը` չպարզելով քրեական գործի հարուցումը մերժելու, նման որոշում դիմողին տրամադրելու, այդ որոշումը բողոքարկելու վերաբերյալ նրա իրավունքները պարզաբանելու հանգամանքները, հիմք չընդունելով հիշյալ 185 հոդվածի պահանջը և բողոքը չքննելով ըստ էության` վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի որոշումներն իր 04.05.2006թ. որոշմամբ համարելով վերջնական և բողոքարկման ոչ ենթակա, Հ. Դանիելյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության և վերադարձրել է: Դա նաև այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասում շեշտվում է, որ «Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին 15 օրվա ժամկետում»:

Չորրորդ. ՀՀ վճռաբեկ դատարանն իր 16.06.2006թ. որոշմամբ յուրովի մեկնաբանելով ՀՀ Սահմանադրությունը, հիմք չընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` տվյալ պահին գործող 414 հոդվածի պահանջները, վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության, քանի որ, ինչպես նշվեց, ըստ վճռաբեկ դատարանի եզրակացության` նման հարցերի քննությունը «...չի բխում վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից» և «սույն գործով բողոքարկվող որոշումը չունի նախադեպային նշանակություն»:

Գործի հանգամանքների պարզման արդյունքում արձանագրելով այս իրողությունները, սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, Սահմանադրությամբ լիազորված չէ գնահատել հետաքննության մարմնի, դատախազի կամ ընդհանուր իրավասության դատարանների որոշումների ու վճիռների սահմանադրականությունը: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 93 հոդվածը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանին է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով իրավասություն վերապահված Սահմանադրության դրույթների վերաբերյալ վերջնական իրավական դիրքորոշում ներկայացնել` նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս: Այդ իրավական դիրքորոշումների բովանդակությունը սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանությունն է: Իր հերթին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը պարտավորեցնում է սահմանադրական դատարանին` ապահովել ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը: Դա իրականացնելու համար սահմանադրական դատավարության հիմնական սկզբունքներից մեկն է համարվում գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը: Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում ամրագրված է, որ նորմատիվ ակտերի սահմանադրականության հարցերով իր որոշումներն ընդունելիս, ի թիվս այլ հանգամանքների, սահմանադրական դատարանը պետք է հաշվի առնի նաև մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ինչպես նաև Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ քննության առարկա գործի հանգամանքների` գործնականում չի ապահովվել ու պաշտպանվել քաղաքացու` Սահմանադրության 18 և 19 հոդվածներով ամրագրված իրավունքները:

6. Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 3-րդ մասի դրույթների առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ հոդվածի դրույթները` իրենց իրավակարգավորման առարկայի շրջանակներում, պետության կողմից օրենքով սահմանված ժամկետային սահմանափակումների առումով համահունչ են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածով երաշխավորված դատական քննության մատչելիության և արդար դատաքննության իրավունքներին: Ժամկետային սահմանափակման նպատակն է պահպանել իրավական որոշակիությունը և ապահովել, որպեսզի գործերը վերանայվեն ողջամիտ ժամկետներում: Օրենսգիրքը պարտավորեցնում է քրեական վարույթ իրականացնող մարմիններին հանցագործությունը և այն կատարած անձանց բացահայտել սեղմ ժամկետներում, ինչպես նաև նախատեսվում է այդ ուղղությամբ իրականացված գործողությունների և ընդունված որոշումների բողոքարկման սեղմ ժամկետներ: Իրավաչափ նպատակով արդարացված սահմանափակումներն ունեն նաև միջազգային իրավական հիմնավորում` որպես պետություններում իրավական որոշակիության և կայունության երաշխավորման միջոց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է այս հարցին և նշել, որ Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետով երաշխավորված` «Դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում մատչելիության իրավունքը, չի հանդիսանում բացարձակ իրավունք և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, հատկապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ այն իր էությամբ պահանջում է պետության կողմից կարգավորում, որը կարող է փոփոխվել` կախված ժամանակից և տեղից, ինչպես հասարակության, այնպես էլ կոնկրետ անձանց պահանջմունքներին և միջոցներին համապատասխան: Պետություններն այս առնչությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես և այն սահմաններով, որ վնասի նրա էությունը, և դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետին, եթե ունեն օրինական նպատակ և կիրառված միջոցների և դրված նպատակի միջև գոյություն ունի արդար հավասարակշռություն» (Golder v. United Kingdom, 21 feb. 1975, Fayed v. United Kingdom, 25 aug. 1994, Ashingdane v. United Kingdom, 28 may 1985, Garcia Manibardo v. Spain (15 feb. 2000), 29.06.2000, Bellet v. France, 20 nov. 1995, Philis v. Greece, 27 aug. 1991, Tolstoy Miloslavsky v. United Kingdom, 23 jun. 1995): Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը շեշտում է, որ. «Բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետների կարգավորումը, անկասկած, նպատակ ունի ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը, հատկապես իրավական որոշակիության սկզբունքը: Շահագրգռված անձինք պետք է հաշվի առնեն, որ այդ կանոնները պետք է կիրառվեն» (Perez de Rada Cavanilles v. Spain, 28 oct. 1998, Societe anonyme «Sotiris et Nikos Kouras ATTEE» v. Greece (16 nov. 2000), 16 feb. 2001): Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում առանձնահատուկ կարևորել է, որ պետությունները պարտավոր են իրենց ներպետական օրենսդրությամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ ստեղծել անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար:

Ինչ վերաբերում է այդ սահմանափակման մասին իրազեկման խնդրին, ապա տվյալ հոդվածում խոսքը վերաբերում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների` դատարան բողոքարկմանը: Ակնհայտ է, որ նշված իրավասու անձանց կամ մարմինների որոշումների բողոքարկման արդյունքում միայն դրանք կարող են ճանաչվել անօրինական կամ անհիմն: Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասում նշված անձանց` իրենց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը, դրանց իրականացման հնարավորության ապահովումն այդ որոշումների կայացման փուլում պետք է երաշխավորվի, և դա նման որոշումներ կայացնող մարմինների ու անձանց պարտականությունն է, և օրենսգրքի 290 հոդվածի 3-րդ մասում իրավունքների պարզաբանման լրացուցիչ դրույթի ամրագրման պահանջը հիմնավոր չէ: Այս հարցը, մասնավորապես, կանոնակարգված է օրենսգրքի 101 հոդվածով: Այդ հոդվածի 2-րդ մասի դրույթը սահմանում է, որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը»: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6 հոդվածի 30-րդ կետի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմին է համարվում դատարանը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը: Նույն հոդվածի 31-րդ կետը սահմանում է, որ դատավարության մասնակիցներն են դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը: Բացի դրանից, օրենսգրքի 6 հոդվածի 33-րդ կետով սահմանվում է նաև «դիմող» հասկացությունը, համաձայն որի` դիմող է համարվում յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին` քրեական դատավարության կարգով խախտված իրավունքների պաշտպանության համար: Միաժամանակ, համաձայն ՀՀ քր. դատ. օր.-ի 98, 103, 177, 185, 198, 263, 290 և մի շարք այլ հոդվածների, 290 հոդվածի 1-ին մասում վկայակոչվող «այլ անձինք»` տվյալ դեպքում դիմողը, փաստացի ընդգրկվում են քրեադատավարական իրավահարաբերությունների ոլորտ, օրենսգիրքը ճանաչում է նրանց որոշակի իրավունքներն ու պարտականությունները, և նրանք այդ կարգավիճակում պետք է օգտվեն իրենց իրավունքների և պարտականությունների պարզաբանման ու դրանց իրականացման հնարավորության ապահովման երաշխիքներից` որպես իրենց իրավունքների արդյունավետ իրականացման էական պայման:

Մինչդեռ, սահմանադրական դատարանը փաստում է, որ այդպիսի երաշխիքներ (իրավասու մարմնի, պաշտոնատար անձի կողմից դիմողին` իր դատավարական իրավունքները բացատրելը) դիմողի կարգավիճակով հանդես եկող անձի մասով օրենսգրքի որևէ նորմով հստակ նախատեսված չէ: Քրեական դատավարության օրենսգրքում նման դրույթի ոչ հստակ ձևակերպված լինելը կարող է նաև այդ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով ոչ համաչափ իրավիճակի առաջացման պատճառ դառնալ: Այս խնդիրն օրենսդրական կանոնակարգման անհրաժեշտություն ունի և ՀՀ Ազգային ժողովի իրավասության հարցն է:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ քաղաքացու սահմանադրական իրավունքի չապահովման պատճառը ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 290 հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության խնդրով է պայմանավորված, այլ օրենսդրական նորմերի անհստակության և իրավակիրառական պրակտիկայի արդյունք է, ուստի նպատակահարմար է համարում սույն գործով իր որոշման պատճառաբանական մասի վրա հրավիրել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուշադրությունը` դիմող կողմի սահմանադրական իրավունքի օրենքով սահմանված կարգով իրացումն ապահովելու նպատակով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 3-րդ մասի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 հոկտեմբերի 2006 թվականի

ՍԴՈ-652

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.10.2006
N ՍԴՈ-652
Որոշում