(ուժը կորցրել է 12.01.01 թիվ 02/46 հրաման)
i
310.0849.151197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ
19 սեպտեմբերի 1997 թ. թիվ 849
i
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և վեցերորդ մասերի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_________________
ԹԻՎ 849 ՀՐԱՄԱՆՈՎ ____________________
«19» 09 1997 Թ. «28» 10 1997 Թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
_______________
«16» 10 1997 Թ. __________________
«01» 10 1997 Թ.
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.1997 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ելնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.1997 թ. օրենքի 46 հոդվածի պահանջներից և նպատակ ունենալով հստակեցնել օրենքի 15 հոդվածի 18 կետի դրույթները ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը հայտնում են.
i
I. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետի ավելացված արժեքի հարկից ազատվում են`
1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի վարձակալությունը, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձն ու հանրակացարաններում բնակվելու վարձը:
1.1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների) վարձակալներից, հանրակացարաններում բնակվողներից, տեղական ինքնակառավարման մարմնի, գերատեսչության կամ նրանց կողմից լիազորված անձի (ձեռնարկության) կողմից վարձակալական վճարը (բնակվարձը) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
1.2. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից սպասարկման վարձ գանձվում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման շինությունների և ընդհանուր նպատակներին ծառայող գույքի` քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան, սահմանված կարգով պարտադիր կատարման ենթակա, աշխատանքների իրականացման համար: Սույն հրահանգի առումով բազմաբնակարան շենքերի (այդ թվում` հանրակացարանների) ընդհանուր օգտագործման շինություններ են համարվում շենքի մուտքերը, աստիճանավանդակները, վերելակային և այլ հորերը, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքները, տանիքները, ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը) և ընդհանուր նպատակներին ծառայող գույք` վերելակները, ջրի պոմպերը, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգերը, շենքի հիմնամասերը, կրող կառուցվածքները, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումները:
1.3. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձը ազատվում է ավելացված արժեքի հարկից քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան պարտադիր կատարման ենթակա` 1.2. կետում նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ բնակարանի սեփականատերերի հետ կնքված պայմանագրերի առկայության պայմաններում:
1.4. Սույն հրահանգի 1.3. կետում նշված պայմանը կիրառության մեջ է մտնում 1998թ. սեպտեմբերի 1-ից:
1.5. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների) վարձակալներին, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին, հանրակացարաններում բնակվողներին այլ ծառայությունների մատուցումը ավելացված արժեքի հարկով հարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
2. Համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվներին` իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայությունները:
Համատիրությունների բնակարանային-շինարարական կոոպերատիվների` իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայություններ են համարվում բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման ու սպասարկման և օրենսդրությամբ սահմանված (կանոնադրական) այլ ծառայությունները:
(I բաժինը խմբագրվել է 13.01.98 թիվ 01/3 հրաման)
(II բաժինն ուժը կորցրել է 26.01.99 թիվ 01/4 հրաման)
i
II. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 16 հոդվածի 10 կետի` ավելացված արժեքի
հարկի զրոյական դրույքաչափ է կիրառվում սփյուռքահայ համայնքների,
օտարերկրյա պետությունների, օտարերկրյա և միջազգային
միջկառավարական (միջպետական) և ոչ կառավարական (հասարակական կամ
այլ համանման բնույթի) ու կրոնական կազմակերպությունների, առանձին
բարերարների կողմից անհատույց տրամադրված միջոցների հաշվին
մարդասիրական օգնության և բարեգործական, այլ սոցիալական ծրագրերի
շրջանակներում կատարվող շինարարական և հարակից (նախագծային,
հետազոտական և այլն) աշխատանքների նկատմամբ:
Շինարարական աշխատանքներին դասվում են շինարարության
միասնական նախահաշվի հաշվարկներում նախատեսվող հետևյալ
աշխատանքները.
1. Շենքերի, շինությունների և ինժեներական կառուցվածքների կառուցումը, ընդլայնումը, վերակառուցումը, վերնա - և կցակառուցումը, վերականգնումը, վերանորոգումը և դրա հետ կապված հավաքովի երկաթբետոնե, մետաղական, փայտյա և այլ շինարարական կոնստրուկցիաների, նյութերի և իրերի տեղափոխումը մինչև շինհրապարակ, աշտարակավոր և ուրիշ ամբարձիչների ենթաամբարձիչային ուղիների տեղադրումը և կազմահատումը:
2. Շինարարական կոնստրուկցիաների, նյութերի և իրերի պատրաստումը շինարարությունը իրականացնող կապալառու կազմակերպության կողմից:
3. Ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, էլեկտրական, ավտոմատացման, չափող, հսկող սարքերի, գազամատակարարման, ռադիո և հեռախոսային ներքին ցանցերի տեղադրումը:
4. Սանիտարատեխնիկական սարքերի և սարքավորումների տեղադրման և կարգաբերման աշխատանքները:
5. Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի, խմելու և կեղտաջրերի մաքրման կայանների, գազաորսիչ սարքերի, լուսավորության հաղորդագծերի, ջերմամատակարարման և գազամատակարարման ցանցերի, նավթա - և գազամուղների, էլեկտրահաղորդող և կապի օդային և կաբելային գծերի, առափնյակների, ավտոճանապարհների, երկաթգծերի, օդանավակայանների, կամուրջների, ինչպես նաև դրանց համար նախատեսված կառույցների կառուցումը:
6. Հիմքերի, հիմնատակերի և սարքավորումների հենարանային կոնստրուկցիաների կառուցումը, կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների հիմնապատումը և աղյուսապատումը:
7. Տեխնոլոգիական, էներգետիկ, սանիտարատեխնիկական, վերամբարձ-տրանսպորտային, ընդհանուր գործարանային և այլ սարքավորումների հավաքումը, մոնտաժումը, կարգավորումը և փորձարկումը, այդ թվում` սարքավորումների նախամոնտաժային ստուգումը, անհրաժեշտության դեպքում առանձին մասերի քանդման, լվացման, չորացման, փաթաթման աշխատանքները:
8. Տեխնոլոգիական սարքերի, սարքավորումների և գծերի մոնտաժումը և կարգաբերումը:
9. Գրունտի ողողալցումը, բացի ձեռնարկության հիմնական աշխատանքի համար հումքի և ավազի ողողալցման, չորացումը, ջերմոցների, մելորացման համակարգերի, արտեզյան հորերի կառուցումը, գետերի հունի կարգավորումը (մաքրումը, հունի ուղղումը, հատակախորացումը):
10. Հակաէրոզիոն, հակասողանքային և այլ բնապահպանական կառուցվածքների շինարարական աշխատանքները:
11. Լեռնահորատանցման և ստորգետնյա կառույցներ ու մակաբացման աշխատանքները:
12. Հիդրոտեխնիկական կառույցների իրականացումը:
13. Խողովակաշարերի և սարքավորումների հիդրավլիկական, պնևմատիկ և այլ տեսակի փորձարկումներ:
14. Սարքավորումների և տեխնոլոգիական խողովակների ներկրումը, մեկուսացումը և ծածկումը հակակորոզիոն ծածկույթով:
15. Ստորգետնյա խողովակների և մետաղական կառուցվածքների քիմ. և էլեկտրապաշտպանումը:
16. Սարքավորումների և տեխնոլոգիական գծերի հետ կոնստրուկտիվ կապված սպասարկող հարթակների, աստիճանների և այլ տեխնոլոգիական կառուցվածքների տեղադրումը և մոնտաժումը:
17. Տեղամասերի յուրացում, շինարարության տարածքի նախապատրաստում և հարթեցումը, կառույցների քանդումը, անտառահատումը, կոճղերի արմատահանումը, տարածքի ուղղաձիգ հարթեցումը:
18. Կառուցվող տարածքների, ինչպես նաև բնակավայրերի և քաղաքների բարեկարգումը և կանաչապատումը:
19. Փայտամածների և ցանկապատների կառուցումը և քանդումը շինարարական և մոնտաժային աշխատանքների ժամանակ:
20. Շինարարական աղբի հավաքումը և տեղափոխումը:
21. Ժամանակավոր շենքերի և կառույցների շինարարությունը, վերակառուցումը և վերականգնումը:
22. Նավթի ու գազի խողովակների, էլեկտրաէներգիայի, կապի միջոցների օդային և կաբելային գծերի, կամուրջների, ջրային հոսքերի ափերի կառուցման և ամրացման ստորջրյա տեխնիկական և ջրասուզակային աշխատանքները:
23. Վերը չթվարկված, քիչ հանդիպող աշխատանքները, որոնք նախատեսվում են շինարարության միասնական նախահաշվի հաշվարկում:
Շինարարականին հարակից աշխատանքներին դասվում են շինարարության
միասնական նախահաշվի հաշվարկներում նախատեսվող հետևյալ
աշխատանքները.
1. Նախագծային աշխատանքները և քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը (տեխնիկատնտեսական հաշվարկ, տեխնիկատնտեսական հիմնավորում, աշխատանքային նախագիծ և նախագիծ), այդ թվում շինարարության համար բոլոր տեսակի հետազոտական և հետախուզական աշխատանքները, տեխնոլոգիական, գլխավոր հատակագծի և տրանսպորտի, կառավարման աշխատանքների կազմակերպման և այլ բաժինների մշակումը:
2. Նախագծերի փորձաքննությունը:
3. Շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողությունը:
4. Տեխնոլոգիական սարքավորումների թողարկման և կարգաբերման աշխատանքները:
5. Նավթի և գազի պաշարների հետախուզման նպատակով իրականացվող խորքային հորատման աշխատանքները:
6. Շինարարության պահանջների համար գիտահետազոտական աշխատանքները, այսինքն կառուցվող ձեռնարկության կամ կառուցվածքի նախագծերում և նախահաշիվներում նախատեսված, տեղական պայմաններում ձեռնարկության կամ կառուցվածքի աշխատանքի առանձնահատկություններից ելնելով շինարարական, նախագծային և տեխնոլոգիական լուծումների ճշգրտման նպատակով իրականացվող գիտահետազոտական աշխատանքները (բացի փորձարարական, կառուցվածքների ստեղծման հետ կապված աշխատանքներից և սարքավորումների ձեռք բերումից):
7. Կառուցվող օբյեկտների հարակից փողոցի պահպանումը:
8. Ձմեռային, բարձր լեռնային, սահմանամերձ և այլ հնարավոր շինարարությունը բարդացնող պայմաններում իրականացվող շինարարության հետ կապված աշխատանքները:
9. Այլ աշխատանքները, որոնք չեն վերաբերվում շինմոնտաժային աշխատանքներին, բայց նախատեսված են շինարարության միասնական նախահաշվի մեջ:
Շինարարական աշխատանքների բերված դասակարգման ցանկի 3-8, 13-18,
17, 18, 20 և 22-23 կետերում ու շինարարականին հարակից
աշխատանքների 6, 8 և 9 կետերում նշված աշխատանքները դասվում են
շինարարական ու հարակից աշխատանքներին և «Ավելացված արժեքի հարկի
մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 10 կետի համաձայն ազատվում են
ավելացված արժեքի հարկից, եթե դրանք իրականացվում են նոր կառուցվող
կամ վերանորոգվող շինարարական օբյեկտներում, նախատեսված են
պայմանագրով և (կամ) ընդգրկված են շինարարության նախահաշվի մեջ:
Սփյուռքահայ համայնքների, օտարերկրյա պետությունների, օտարերկրյա և միջազգային միջկառավարական (միջպետական) և ոչ կառավարական (հասարակական կամ այլ համանման բնույթի) ու կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից անհատույց տրամադրված միջոցների հաշվին մարդասիրական օգնության և բարեգործական, այլ սոցիալական ծրագրերի շրջանակներում շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքներ իրականացնելիս այդ ծրագրերն իրականացնողների ու շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքներ կատարող կազմակերպությունների (այդ թվում նաև կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների) միջև կնքած համապատասխան պայմանագրերում և հաշվարկա-վճարային փաստաթղթերում պետք է նշվեն միջոցների տրամադրման աղբյուրները:
Մարդասիրական օգնության և բարեգործական, այլ սոցիալական ծրագրերի շրջանակներում շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքներ իրականացնողները պարտավոր են վարել այդ ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների ստացման ու օգտագործման առանձնացված հաշվառում:
(II բաժինն ուժը կորցրել է 26.01.99 թիվ 01/4 հրաման)
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15» 11 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970058