Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԷԴ/2750/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2750/02/15       2022 թ.

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի` Համայնքի ընդդեմ Նաիրա Մնացականյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` Նաիրա Մնացականյանի ընդդեմ Համայնքի` գումարի բռնագանձման և հողամասը հանձնել պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Նաիրա Մնացականյանից հօգուտ իրեն գումար բռնագանձել:

Հակընդդեմ հայցով Նաիրա Մնացականյանը պահանջել է Համայնքից հօգուտ իրեն գումար բռնագանձել և պարտավորեցնել հողամասը հանձնել:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 08.04.2016 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Տ. Նազարյան) 27.04.2016 թվականի որոշմամբ Նաիրա Մնացականյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և 08.04.2016 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 08.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան) 26.04.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, 08.12.2017 թվականի վճիռը մասնակիորեն` հակընդդեմ հայցը բավարարելու մասով բեկանվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.07.2018 թվականի որոշմամբ Նաիրա Մնացականյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 07.07.2021 թվականի վճռով Նաիրա Մնացականյանի հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Դ. Սերոբյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) 27.09.2021 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և բողոքաբերին տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ դրանում առկա թերությունը վերացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Համայնքի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը (ներկայացուցիչ` Ա. Աղաբաբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում Համայնքն անհիմն և անօրինական ձևով զրկվել է արդար դատաքննության իրավունքից, որի բաղկացուցիչ մասն է կազմում ստորադաս դատարանի դատական ակտի հիման վրա Համայնքի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու անհնարինությունը, որի խաթարումը կնշանակի արդարադատության բուն էության խախտում:

Բողոք բերած անձը նշել է, որ Համայնքը պետական տուրքի վճարումը իրականացրել և իրականացնում է LSonline գանձապետական ծրագրի միջոցով, որն իրենից ենթադրում է www.e-payments.am համակարգի մի ճյուղ, նշելով նաև, որ օրենսդիրը չի սահմանափակում բողոքաբերի կողմից ծրագրի ընտրության իրավունքի հնարավորությունը:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համայնքի 27.11.2020 թվականի վերաքննիչ բողոքին կից ներկայացված պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին ներկայացվել է «Փաստաթղթի դիտում (40 Ծախս)» վերտառությամբ փաստաթուղթը, որում հստակ նշված է հղման համարը, գործարքի համարը, վճարման շարժառիթը, գործարքի ամսաթիվը, գործարքի գումարի չափը, վճարման նպատակը, այդ փաստաթղթի վրա դրված է աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի կնիքը և այդ փաստաթուղթը ստորագրելու լիազորություն ունեցող անձի ստորագրությունը և այլն: Այս ամենը վկայում է այն մասին, որ բողոքի համար նախատեսված օրենքով սահմանված պետական տուրքը փոխանցվել է պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին և այդ փաստը հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանը պետք է բողոքը ընդուներ վարույթ:

Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել գործի փաստական հանգամանքների և դրանք հիմնավորող ապացույցների ամբողջական ուսումնասիրություն, Համայնքի կողմից ներկայացված բողոքը սահմանված կարգով չի քննարկվել, և Վերաքննիչ դատարանը 29.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը կայացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչի արդյունքում խախտվել են Համայնքի իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը` կայացնելով նոր դատական ակտ կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը, սակայն, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59):

Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Ի հավելումն վերոգրյալի` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ` Կանոններ) համապատասխան դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ` արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):

Կանոնների 1-ին կետի համաձայն` նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

Կանոնների 5-րդ կետի համաձայն` նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`

1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (...):

Հավելվածի 14-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.

Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`

1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,

2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,

3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,

4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը(...),

5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.

ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը (...):

8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,

9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,

10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին` նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Վճռաբեկ դատարանը, նշված որոշմամբ անդրադառնալով, մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում քննարկվող իրավական հարցադրման համատեքստում հավելել, որ Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով էլեկտրոնային եղանակով կատարված վճարումների վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահանջվում է բացառապես վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքը 05.08.2021 թվականին Դատարանի 07.07.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 6-րդ, գ.թ. 3-12):

Վերաքննիչ դատարանը 27.09.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը` ի թիվս այլ խախտումների նաև այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթուղթը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի վճարումը հաստատող թույլատրելի և արժանահավատ ապացույց չէ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը ընդգծել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար որպես պետական տուրքի գումար ենթակա է վճարման 29.040,00 ՀՀ դրամ` 10.000,00 ՀՀ դրամ ոչ գույքային պահանջի մասով և 19.040,00 ՀՀ դրամ` 634.680,00 ՀՀ դրամ գումարի 3%, մինչդեռ բողոքին կից ներկայացված փաստաթուղթը պարունակում է միայն 20.000,00 ՀՀ դրամ գումարի վճարման վերաբերյալ տեղեկություն (հատոր 6-րդ, գ.թ. 14-15):

Համայնքը 15.10.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 6-րդ, գ.թ. 25-37):

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Համայնքի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն հիմնավորմամբ, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կրկին կցել է 05.08.2021 թվականի ներկայացված վերաքննիչ բողոքին կցված և Վերաքննիչ դատարանի կողմից անարժանահավատ ճանաչված «Վճարման հանձնարարագիր» վերտառությամբ փաստաթուղթը, ինչպես նաև «Փաստաթղթի դիտում (402 Ծախս)» վերտառությամբ կրկին միակողմանի կազմված երկու փաստաթուղթ, որոնք նույնպես չեն կարող համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող արժանահավատ ապացույց (հատոր 6-րդ, գ.թ. 39):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործում առկա վերաքննիչ բողոքների համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրերի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթերով պետական տուրքի վճարումները կատարվել են էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումները հավաստող ապացույցները ներկայացվել են դատարան թղթային տարբերակներով: Մասնավորապես, առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից բողոքաբերը ներկայացրել է պետական տուրքի վճարման անդորրագիր, որում առկա է փաստաթղթի համարը` «N 977», գործարքի ամսաթիվը` «22 հուլիսի 2021թ.», վճարված գումարի չափը` «20.000», արժույթը` «ՀՀ դրամ», վճարման նպատակը` «Պետական տուրք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/2750/02/15 քաղաքացիական գործով որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակով», վճարող ընկերության անվանումը` «Երևանի քաղաքապետարան», վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` «18-02593108», շահառուի (ստացող) անվանումը` «ՀՀ պետական բյուջե», շահառուի հաշվեհամարը` «900005016010», գործարքն իրականացնող անձի տվյալները, ստորագրությունը և վճարող ընկերության կնիքը:

Վերաքննիչ դատարանը 27.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ նշել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար որպես պետական տուրքի գումար ենթակա է վճարման 29.040,00 ՀՀ դրամ` 10.000,00 ՀՀ դրամ ոչ գույքային պահանջի մասով և 19.040,00 ՀՀ դրամ` 634.680,00 ՀՀ դրամ գումարի 3%, մինչդեռ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթուղթը պարունակել է միայն 20.000,00 ՀՀ դրամ գումարի վճարման վերաբերյալ տեղեկություն:

Համայնքը կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է առաջին անգամ վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիր` «9050 ՀՀ դրամ» գումարի չափով: Վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը` «N 1413», գործարքի ամսաթիվը` «14 հոկտեմբերի 2021թ.», վճարված գումարի չափը` «9050», արժույթը` «ՀՀ դրամ», վճարման նպատակը` «Պետական տուրք` թիվ ԵԷԴ/2750/02/15 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք բերելու համար», վճարող ընկերության անվանումը` «Երևանի քաղաքապետարան», վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` «18-02593108», շահառուի (ստացող) անվանումը` «ՀՀ պետական բյուջե», շահառուի հաշվեհամարը` «900005016010», գործարքն իրականացնող անձի տվյալները, ստորագրությունը և վճարող ընկերության կնիքը:

Վերոգրյալից հետևում է, ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքներին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթերը պարունակում են Կանոնների 14-րդ կետով սահմանված վավերապայմանները, այդ թվում նաև` նույն կետի 5-րդ ենթակետով պահանջվող հաճախորդի ստորագրությունը, հետևաբար դրանք հանդիսանում են վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույցներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը` թույլ տալով դատավարական նորմի խախտում: Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, զրկել է Համայնքին` Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից, խախտելով բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Համայնքի` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` Համայնքի դատական պաշտպանության իրավունքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 12 մայիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.05.2022
N ԵԷԴ/2750/02/15
Որոշում