ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Տիեզերական գործունեության մասին օրենքի նպատակը |
Օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը:
Հոդված 2. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 3. |
Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը |
1. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) տիեզերական գործունեություն` տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում.
2) տիեզերական օբյեկտ` տիեզերական տարածությունում գտնվող կամ տիեզերական տարածություն արձակվող յուրաքանչյուր սարքավորում և դրա բաղկացուցիչ մասերը.
3) տիեզերական տեխնիկա` տիեզերական օբյեկտները տիեզերական տարածություն արձակող սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը, տիեզերական տարածությունում տիեզերական օբյեկտների կառավարման համար նախատեսված սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը.
4) շահագործող` տիեզերական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.
5) տիեզերական ենթակառուցվածք` փոխկապակցված կառույցներ, շինություններ և (կամ) օբյեկտներ, որոնք օգտագործվում են բացառապես տիեզերական գործունեության ապահովման նպատակով.
6) երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալներ` տիեզերական տարածությունում գտնվող տիեզերական օբյեկտից ստացված օդերևութաբանական, հեռակա զննման, քարտեզագրման, գյուղատնտեսական տվյալներ: Երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալները չեն ներառում կապի, հեռահաղորդակցային և ռադիոնավիգացիոն տվյալներ.
7) տիեզերական տարածություն` ծովի մակարդակից 100 կիլոմետրից բարձր տարածություն:
Հոդված 5. |
Տիեզերական գործունեության սկզբունքները |
1. Տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներն են`
1) տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցումը.
2) տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.
3) տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար և փոխշահավետ համագործակցության ապահովումը.
4) տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովումը.
5) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության և հավասարակշռված զարգացման ապահովումը:
ԳԼՈՒԽ 2
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 6. |
Տիեզերական գործունեության բնագավառում կառավարության լիազորությունները |
1. Տիեզերական գործունեության բնագավառում Կառավարության լիազորություններն են`
1) հաստատում է տիեզերական գործունեության բնագավառի զարգացման և ֆինանսավորման ծրագրերը.
2) հաստատում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը.
3) սահմանում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը.
4) սահմանում է տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները.
5) սահմանում է շահագործումից հանված` պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը.
6) սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների (ներառյալ` վթարների) և աղետների քննության կարգը.
7) սահմանում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման` լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը:
Հոդված 7. |
Տիեզերական գործունեության հարցերով լիազոր մարմինը |
1. Տիեզերական գործունեության պետական կառավարումն իրականացնում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմինը`
1) տիեզերական գործունեության բնագավառում`
ա. մշակում և իրականացնում է պետական քաղաքականությունը,
բ. իրականացնում է տիեզերական ոլորտի գործունեության լիցենզավորումը,
գ. տիեզերական օբյեկտները և տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման դեպքում տալիս է համաձայնություն,
դ. ապահովում է շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների համագործակցությունը,
ե. ապահովում է գիտական և սոցիալ-տնտեսական նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների հետ համատեղ տիեզերական ծրագրերի, տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ մարմինների կողմից տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները,
զ. ապահովում է միջազգային համագործակցության իրականացումը,
է. ապահովում է շրջակա միջավայրի վրա տիեզերական գործունեության վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացումը.
2) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 8. |
Տիեզերական գործունեության լիցենզավորումը |
1. Տիեզերական գործունեությունը իրականացվում է լիցենզիայի հիման վրա:
ԳԼՈՒԽ 3
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 9. |
Տիեզերական գործունեության ֆինանսավորումը |
1. Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 4
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՆ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Հոդված 10. |
Տիեզերական օբյեկտները և տեխնիկան |
1. Տիեզերական օբյեկտները և տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման և պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը հաստատող նշումը:
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տիեզերական օբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է վերահսկողություն` երկրի վրա այդ օբյեկտների գտնվելու ընթացքում, դեպի տիեզերք թռիչքի ցանկացած փուլում կամ տիեզերքում գտնվելու ընթացքում, երկնային մարմինների վրա դրանց գտնվելու ընթացքում, ինչպես նաև դեպի երկիր վերադառնալու ընթացքում և դրանից հետո:
Հոդված 11. |
Տիեզերական ենթակառուցվածքները |
1. Հայաստանի Հանրապետության տիեզերական ենթակառուցվածքներն են`
1) տիեզերանավակայանները.
2) մեկնարկային համալիրները և արձակման կայանները.
3) կառավարման և չափումների համալիրները.
4) տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոնները և կետերը.
5) տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետերը.
6) տիեզերական տեխնիկայի պահպանման բազաները.
7) տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրերը.
8) տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքները (պոլիգոնները) և թռիչքային-վայրէջքային գծերը.
9) տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտները.
10) տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնները և սարքավորումները.
11) տիեզերական գործունեության համար օգտագործվող այլ կառուցվածքներ և տեխնիկա:
ԳԼՈՒԽ 5
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. |
Տիեզերական գործունեության անվտանգության ապահովումը |
1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջների պահպանմամբ:
2. Տիեզերական գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության` շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը համապատասխան:
3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների շահագործողները տիեզերական գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած վտանգների մասին տեղեկատվությունն անհապաղ պետք է ներկայացնեն լիազոր, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների լիազոր մարմիններ:
4. Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում լիազոր մարմինը, շահագործողներն անհապաղ տեղեկացնում են այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին:
Հոդված 13. |
Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննությունը |
1. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարները (ներառյալ` վթարները) և աղետները ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 14. |
Որոնման և փրկարարական աշխատանքները, պատահարների հետևանքների վերացումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարում է ՀՀ օրենսդրությամբ նման լիազորություն ունեցող շահագրգիռ մարմինների լիազոր մարմինը:
2. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում պատահարների հետևանքների վերացման աշխատանքները ներառում են պատահարներից տուժած արդյունաբերական և այլ օբյեկտների վերականգնումն ու վերակառուցումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասի հատուցումը:
3. Օտարերկրյա պետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Հոդված 15. |
Տիեզերական գործունեության ապահովագրությունը |
1. Շահագործողները, որոնք օգտագործում են (շահագործում են) տիեզերական տեխնիկա, կամ որոնց պատվերով ստեղծվում և օգտագործվում է (շահագործվում է) տիեզերական տեխնիկա, պարտավոր են ապահովագրել տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների, տիեզերական օբյեկտների աշխատակիցների կյանքին, առողջությանը կամ այլ անձանց կյանքին, առողջությանը ու գույքին պատճառած վնասի համար պատասխանատվության ռիսկը:
Հոդված 16. |
Տիեզերական օբյեկտների և տիեզերական տեխնիկայի օտարումը |
1. Տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի օտարումը շահագործողի կողմից այլ շահագործողի իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:
ԳԼՈՒԽ 6
ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 17. |
Վնասների հատուցումը |
1. Շահագործողները փոխհատուցում են տիեզերական օբյեկտների կողմից երկրի վրա գտնվող գույքին պատճառած ցանկացած վնաս:
2. Տիեզերական գործունեության արդյունքում հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 18. |
Պետական վերահսկողությունը տիեզերական գործունեության բնագավառում |
1. Տիեզերական գործունեության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 19. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգերը Կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 26 Երևան ՀՕ-152-Ն
|
|