020.0224.310300
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
31 մարտի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Ա. Մկրտչյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 (1) և 56 հոդվածներով,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՄԻԱՎ վարակի հետ կապված խնդիրների լուծման հարցում համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայում` ԱՊՀ երկրների տարածքներում ՄԻԱՎ վարակի համալիր կանխարգելման համար ժամանակին և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու և բնակչության իրավունքների ու շահերի պաշտպանության ապահովման համար համաձայնեցված միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- ԱՊՀ մասնակից պետությունների ՄԻԱՎ վարակված և ՁԻԱՀ-ով հիվանդ քաղաքացիներին ցույց տալ բժշկական օգնություն, համակարգել այդ բնագավառում իր գործողությունները,
- միջոցներ ձեռնարկել իր տարածքում համաճարակային հսկողության կատարելագործման, բժշկական միջամտությունների, դոնորական արյան, օրգանների, կենսաբանական հեղուկների և հյուսվածքների օգտագործման անվտանգության ապահովման նպատակով,
- երաշխավորել ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների` ՄԻԱՎ վարակի հայտնաբերման համար հետազոտությունների մատչելի և անվճար կատարում` գաղտնիության և կամավորության սկզբունքի հիման վրա, ապահովելով հետազոտվողների անվտանգությունը, ինչպես նաև ՄԻԱՎ վարակված քաղաքացիների բոլոր իրավունքների և ազատությունների պահպանումը, ազատ ելք ու մուտք մյուս Կողմի տարածք` առանց վարակի բացակայությունը հաստատող վկայականի ներկայացման,
- օպերատիվ կարգով տեղեկացնել մյուս Կողմերի քաղաքացի հանդիսացող` ՄԻԱՎ վարակված անձանց հայտնաբերման մասին, ձեռնարկել միջոցներ ՄԻԱՎ վարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման համար,
- ստեղծել համատեղ ծրագրեր և նախագծեր, նպաստել կազմակերպությունների միջև խորհրդատվություններին, հանդիպումներին, կազմակերպել կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, մասնագետների փոխանակում, զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ բնակչությանն ապահովել ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված ՄԻԱՎ վարակի անվճար ախտորոշման հետ:
Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով` ռուսերենով:
Համաձայնագրի անբաժանելի մասն է հանդիսանում հավելվածը` Մինչև 2005 թ. ընկած ժամանակամիջոցում ԱՊՀ մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման բնագավառում համագործակցության միջպետական ծրագիրը:
Համաձայնագիրը չի ստորագրել Թուրքմենստանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՄԻԱՎ վարակի հետ կապված խնդիրների լուծման հարցում համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
31 մարտի 2000 թ.
ՍԴՈ-224