020.0223.240300
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՄՈՒՏՔԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 մարտի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետով, 56 և 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտքի և փոխանակման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Ղազարյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 11-ին` Մոսկվայում: Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտքի ու փոխանակման կարգի սահմանումը:
Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ապահովել օգտագործողների համար բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտք,
- միջոցներ ձեռնարկել տեղեկատվական կառուցվածքների համաձայնեցված գործողությունների իրականացման ուղղությամբ,
- կազմակերպել տեղեկատվական միջոցների, տեղեկատվական արտադրանքի և տեղեկատվական համակարգերի հաշվառում, ինչպես նաև դրանց մասին տեղեկությունների հրապարակում,
- նպաստել իրենց տեղեկատվական ռեսուրսների վիճակի և զարգացման մասին տեղեկությունների և փորձի փոխանակմանը,
- օժանդակություն ցուցաբերել տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացմանը,
- միջոցներ ձեռնարկել 1950 թ. նոյեմբերի 22-ի Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին միջազգային համաձայնագրին (Ֆլորենցյան կոնվենցիա) և դրա 1976 թ. նոյեմբերի 26-ի Արձանագրությանը միանալու համար:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միացման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության ազատ մուտքի և փոխանակման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
24 մարտի 2000 թվականի
ՍԴՈ-223