020.0206.070100
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
«1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
7 հունվարի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 և 56 հոդվածներով,
դռնբաց նիստում քննեց «1993 թվականի հունվարի 22-ի Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի» 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 13.12.1999 թ.):
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Արձանագրությունն ստորագրվել է 1997 թ. մարտի 28-ին Մոսկվայում` 1993 թվականի հունվարի 22-ի Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայում մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով, քանի որ նշված կոնվենցիայի կիրառման ընթացքում ի հայտ էին եկել որոշ թերություններ:
Արձանագրությամբ փոփոխություններ են մտցվել կոնվենցիայի մի շարք հոդվածներում, որոնք վերաբերում են Կողմերի միջև իրականացվող հաղորդակցության կարգին, միմյանց ցուցաբերվող իրավական օգնության ծավալին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և այլ փաստաթղթերի փոխանցմանը, իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը մերժելուն, ծնողների և երեխաների միջև իրավահարաբերություններին, հետախուզում հայտարարելուն և հանձնման համար կալանքի տակ վերցնելուն, ձեռբակալված կամ կալանքի վերցված անձի ազատմանը:
Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված Կողմերի խնդրանքով քաղաքացիների անձնական և գույքային իրավունքներին կամ շահերին վերաբերյալ որոշ փաստաթղթերի անվճար տրամադրման հետ:
Արձանագրությունը կատարված է մեկ բնօրինակով` ռուսերեն:
Արձանագրությունը չի ստորագրվել Թուրքմենստանը, իսկ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովայի Հանրապետությունն ստորագրել են վերապահումով:
1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արձանագրությունը վավերացրել են Բելառուսի Հանրապետությունը և Ուկրաինան:
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն` Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թ. մայիսի 23-ի կոնվենցիայի 19 հոդվածի հիման վրա քննության առարկա արձանագրությունը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը` 22(1) հոդվածի վերաբերյալ վերապահումով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «1993 թվականի հունվարի 22-ի Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի» 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները (հաշվի առնելով 22(1) հոդվածի վերաբերյալ վերապահման հանգամանքը) համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
7 հունվարի 2000 թ.
ՍԴՈ-206