020.0198.211299
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
21 դեկտեմբերի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ազատազրկման դատապարտվածներին հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա կոնվենցիան Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 1998 թվականի մարտի 6-ին` Մոսկվայում: Կոնվենցիայի նպատակն է ազատազրկման դատապարտվածների պատժի կրումը կազմակերպել այն պետությունում, որի քաղաքացի կամ նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ է հանդիսանում դատապարտյալը:
Կոնվենցիայով սահմանվում են ազատազրկման դատապարտված քաղաքացիներին` իրենց քաղաքացիության պետությանը, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց` իրենց մշտական բնակության պետությանը` պատիժը կրելու համար հանձնելու պայմանները, այդ մասին միջնորդությամբ դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, հանձնման կարգը, ինչպես նաև հանձնումը մերժելու հիմքերը:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որին պատիժը կրելու համար հանձնվում է ազատազրկման դատապարտված անձը, պարտավորվում է ապահովել պատժի շարունակությունը` չծանրացնելով դատապարտյալի վիճակը, ընդ որում, «Եթե դատավճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն ժամկետը փոքր է, քան դատավճռով նշանակվածը, դատարանը որոշում է այդ պետության օրենսդրությամբ նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը:» (կոնվենցիա, հոդված 12):
Կոնվենցիան բացառում է պատիժը կրելու համար դատավճռի կատարման պետությանը հանձնված դատապարտյալին միևնույն արարքի համար կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը (հոդված 14):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի երրորդ մասով սահմանված` դատապարտյալի ներման խնդրանքի իրավունքի իրականացման երաշխիք է կոնվենցիայի 15 հոդվածի երկրորդ մասը, որին համապատասխան պատիժը կրելու համար հանձնված դատապարտյալների նկատմամբ ներման և համաներման ակտեր կարող են կիրառել ինչպես դատավճռի կայացման, այնպես էլ դատավճռի կատարման պետությունները: Կոնվենցիայի նույն հոդվածի երրորդ մասում ամրագրված դրույթը` այն մասին, որ դատավճռի կատարման համար հանձնված դատապարտյալի վերաբերյալ դատավճիռը կարող է վերանայվել միայն դատավճռի կայացման պետության իրավասու դատարանի կողմից, բխում է պետության ինքնիշխանության սահմանադրական սկզբունքից (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1 հոդված) և, միաժամանակ, դատապարտյալի` դատավճռի վերանայման հանրաճանաչ իրավունքի (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդված ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14 հոդված) պաշտպանության երաշխիք է:
Կոնվենցիայի դրույթները կիրառելի են նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը դատապարտված անձանց նկատմամբ:
Համաձայն կոնվենցիայի` դատապարտյալի հանձնման հետ կապված ծախսերն իր տարածքի սահմաններում կրում է դատավճռի կայացման պետությունը, իսկ տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը` այդպիսի փոխադրման համար միջնորդությամբ դիմած Պայմանավորվող կողմը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի` ավանդապահին երրորդ ծանուցագրի հանձնման օրվանից և գործում է այդ օրվանից հինգ տարվա ընթացքում: նախատեսված է նաև կոնվենցիայի գործողության ժամկետի երկարաձգման և կոնվենցիայից դուրս գալու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ազատազրկման դատապարտվածներին հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
21 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ-198