020.0186.031299
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 դեկտեմբերի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությունով ապահովելու մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մարտի 28-ին` Մոսկվայում: Համաձայնագրի նպատակն է նախկին ԽՍՀՄ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությունով ապահովելու հարցերի լուծումը:
Համաձայնագիրը տարածվում է, մասնավորապես, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերում և այլ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայություն անցնող, Անկախ պետությունների համագործակցության միացյալ զինված ուժերում նախկինում ծառայության մեջ գտնված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա: Ըստ համաձայնագրի` զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները հետագա զինվորական ծառայությունը մեկ այլ պետությունում շարունակելու նպատակով փոխադրման դեպքում ապահովվում են բնակտարածությունով, համաձայն այն մասնակից պետության օրենսդրությամբ սահմանված նորմերի և կարգի, ուր նրանք ժամանում են:
Համաձայնագրով սահմանվում է նաև զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների` մշտական բնակության նպատակով մի մասնակից պետության տարածքից մյուսի տարածք տեղափոխվելու դեպքում բնակտարածությամբ ապահովման կարգը:
Համաձայնագրում ամրագրված է վերը նշված անձանց իրավունքը` մի մասնակից պետության տարածքից մյուսի տարածք մշտական բնակության մեկնելու դեպքում վաճառել կամ փոխանակել իրենց կողմից սեփականաշնորհված բնակտարածությունը:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են միմյանց տեղեկացնել բնակարանային օրենսդրության բնագավառում գործող նորմատիվ ակտերի մասին, իրականացնել մշտական համագործակցություն` զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին, նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությամբ ապահովելու հարցերի լուծման ժամանակ:
Համաձայնագրով սահմանվում է նաև բնակտարածության փոխանակման և վաճառքի հետ կապված վեճերի լուծման, համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերի համաձայնեցման, դրա ուժի մեջ մտնելու կարգը:
Հայաստանի Հանրապետությունը սույն համաձայնագիրն ստորագրել է հատուկ կարծիքով, որը կցված է համաձայնագրին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին բնակտարածությունով ապահովելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3 դեկտեմբերի 1999 թ.
ՍԴՈ-186