020.0185.031299
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 դեկտեմբերի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի հունիսի 30-ին Երևանում` Կողմերի միջև բարեկամական հարաբերությունների խորացման, մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության զարգացման նպատակով:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են փոխանակել մանկավարժներ և մշակույթի ու կրթության բնագավառների այլ մասնագետներ, կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և արվեստի բնագավառի այլ միջոցառումներ, օժանդակել գեղարվեստական գրականության հրապարակմանը և համաձայնագրով նախատեսված ոլորտներին վերաբերող գրականության փոխանակմանը: Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի նաև ոչ առևտրային հիմունքներով կինոժապավենների ցուցադրման միջոցով:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձ հիմունքներով ստանձնել է պարտավորություն, հնարավորության սահմաններում, մյուս Կողմի քաղաքացիներին տրամադրել կրթաթոշակներ` կրթական հաստատություններում ուսանելու և հետազոտական աշխատանքներ կատարելու համար, ինչպես նաև իր ներքին օրենսդրության համաձայն կուսումնասիրի մյուս Կողմի տարածքում ստացած կրթության ճանաչման պայմանները:
Համաձայնագրի կատարումն ապահովելու համար Կողմերը յուրաքանչյուր երեք տարին մեկ կմշակեն մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին գործնական ծրագրեր:
Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով` իսպաներեն և հայերեն: Երկու բնօրինակներն էլ հավասարազոր են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3 դեկտեմբերի 1999 թ.
ՍԴՈ-185