031.0015.310117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում եմ.
1. Հաստատել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
31 հունվարի 2017 թվականի
ՆԿ-15-Ն
Հավելված
ՀՀ Նախագահի
2017 թ. հունվարի 31-ի
ՆԿ-15-Ն կարգադրության
ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման քաղաքականության բաղկացուցիչ մաս հանդիսացող Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականությունը (այսուհետ` ՌԱՌՏՔ) պետության սահմանած պաշտոնական տեսակետը և գործունեությունն է` ուղղված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` ԶՈՒ) սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրերով ԶՈՒ-ն և այլ զորքերը ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով ապահովելուն, ինչպես նաև, ելնելով պետության անվտանգության ապահովման, ռազմատնտեսական մրցունակության և սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) իրավական ու ռազմատնտեսական միջոցառումների և գործողությունների համակարգ է:
2. ՌԱՀ-ի կայացման և զարգացման կարևորագույն բաղկացուցիչը համապատասխան գիտատեխնիկական բազայի առկայությունն է, որի զարգացումն անմիջականորեն կախված է գիտատեխնիկական համալիրի նկատմամբ տարվող քաղաքականությունից և ռազմատեխնիկական քաղաքականության (այսուհետ` ՌՏՔ) իրականացման հիմնական երաշխիքն է:
3. ՌԱՀ-ի զարգացման պետական քաղաքականության ռազմավարությունը հիմնվում է մինչև 2015 թ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև 2016 թ. ապրիլյան պատերազմի փաստերի վերլուծության վրա:
4. Սույն իրավական ակտում սահմանվում են ՌԱՌՏՔ նպատակները, սկզբունքները, հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց իրականացման մեխանիզմներն ու մինչև 2020 թթ. ՌՏՔ և ռազմարդյունաբերական քաղաքականության (այսուհետ` ՌԱՔ) գերակա ուղղությունները:
5. ՌԱՌՏՔ ռազմավարության իրավական և հայեցակարգային հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերը, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Պաշտպանության մասին» և «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը, Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային ծրագիրը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության բնագավառներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման փաստաթղթերը:
6. ՌԱՌՏՔ-ը մշակվում է ԶՈՒ-ի զարգացման պլանի և տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկությունները բնութագրող գործոնների վերլուծության հիման վրա: Մասնավորապես, այդ գործոններն են` Հայաստանի ռազմական վտանգների և սպառնալիքի փոփոխվող բնույթը, զինված ուժերի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, տնտեսության կառավարման ապակենտրոնացվածությունը, պետական միջամտությամբ կազմակերպությունների փոխկապվածության բացակայությունը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամերը և ռազմարդյունաբերության ոլորտին հատկացված ֆինանսների իրավիճակային օգտագործումը:
II. ՌԱՌՏՔ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՌԱՀ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
7. ՌԱՌՏՔ-ի նպատակներն են`
1) պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժը վերածել համակարգաստեղծ տեխնոլոգիական գործուն ու նորարարական միջոցի, որը կապահովի Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման համապատասխան ՌԱՀ-ի հզորություն, ինչպես նաև տնտեսական զարգացում և կնպաստի հնարավոր ցնցումների դիմակայմանը,
2) ամրապնդել ՌԱՀ-ի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության նորարարական զարգացման մեջ` որպես բարձր տեխնոլոգիական բազմապրոֆիլային համակարգ,
3) հասնել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և արտերկրից ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի (այսուհետ` ՍՌՏ), ռազմատեխնիկական ունեցվածքի (այսուհետ` ՌՏՈՒ) և հատուկ տեխնիկայի ծավալների օպտիմալ հարաբերակցությանը,
4) ապահովել ՌԱՀ-ի կազմակերպությունների արտադրանքի մրցունակությունն արտերկրի շուկաներում:
8. ՌԱՌՏՔ-ի իրականացման մեխանիզմներն են`
1) ԶՈՒ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքների և դրանց իրականացման նպատակով անհրաժեշտ ելակետային տվյալների մշակման, ինչպես նաև ռազմագիտատեխնիկական ուղեկցման համար ռազմական գիտահետազոտական կառույցի (հաստատության) ստեղծումը,
2) պետական, ինչպես նաև ոչ պետական կառույցների կողմից հիմնադրամների ստեղծումը` ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով,
3) ՌՏՔ-ի ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասով կազմակերպությունների ձևավորումը` նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտատեխնիկական կառույց (կոնստրուկտորական բյուրո կամ գիտահետազոտական ինստիտուտ),
4) համակարգային հիմնախնդիրներ ներառող սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակման համար պետական պատասխանատուների ինստիտուտի ներդրումը:
9. ՌԱՀ-ի զարգացման հիմքերն են`
1) ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի և հատուկ տեխնիկայի մշակման ու արտադրության, հիմնական նորոգման, արդիականացման և օգտահանման աշխատանքների տնտեսագիտորեն հիմնավորված գնի հաշվարկի իրականացումը` հաշվի առնելով շուկայում ձևավորված նմանատիպ աշխատանքների կատարման վարձատրության չափը,
2) բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության, պետական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունից ելնելով` ընկերությունների տեխնիկական վերազինման նպատակով ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառումը,
3) հիմնական արտադրական գործունեության և կապիտալ ներդրումների համար կազմակերպություններին վարկերի ստացման պետական երաշխիքների տրամադրումը,
4) գիտատեխնիկական մշակումների համար դրամաշնորհների ստացման մեխանիզմների ներդրումը,
5) ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի և հատուկ տեխնիկայի նոր նմուշների մշակման և արտադրության կազմակերպման նպատակով լաբորատոր ու արտադրական հզորությունների ստեղծումը և դրանց զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
6) համակարգաստեղծ տեխնոլոգիաների մշակման կամ ձեռքբերման համար պետական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը,
7) ռացիոնալ կառուցվածքի ու կազմի ներդրմամբ` ռազմական պատվերի կատարման որակի կառավարման համակարգի ռազմական նշանակության ապրանքների որակի բարձրացումը,
8) ՌԱՀ-ի աշխատանքները համակարգող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համապատասխան բազաների ստեղծումը,
9) ՌԱՀ-ի տեխնոլոգիական արդիականացման և աշխատանքի արտադրողականության աճի ապահովման, ինչպես նաև ՌԱՀ-ի կադրային ներուժի զարգացման համար ՌԱՀ-ի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի ստեղծումը,
10) ԶՈՒ-ի սպառազինման ծրագրի և պետական պաշտպանական պատվերի ձևավորման ու իրականացման ֆինանսական և տեխնոլոգիական ռիսկերի գնահատման համակարգի ստեղծումը,
11) ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգի ստեղծումը,
12) ՌԱՀ-ի կառավարման կազմի և կառուցվածքի օպտիմալացմամբ, համապատասխան կանոնակարգող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, ՌԱՀ-ի զարգացման ծրագրանպատակային պլանավորման համակարգի ձևավորումը:
III. ՌԱՌՏՔ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
10. ՌԱՌՏՔ-ի իրականացման հիմնական սկզբունքներն են`
1) երկրի պաշտպանական կարիքների համար ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ներուժի համապատասխանության ապահովումը,
2) ներհանրապետական գնումների և արտադրության կազմակերպման առաջնայնության ապահովումը,
3) հետզհետե արտերկրից կախվածության կրճատումը` նոր տեխնոլոգիաների մշակման կամ դրանք արտերկրից ձեռքբերման միջոցով,
4) ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական կարիքների համար նյութական միջոցների կիրառման տնտեսապես հիմնավորված և արդյունավետ օգտագործումը,
5) մարդ-մեքենա համակարգի բաղադրամասերի և ՍՌՏ-ի հարմարավետ օգտագործման ապահովումը,
6) ՌԱՔ-ի սուբյեկտների շահերի համակցման և դրանց միջև արդյունավետ համագործակցության ապահովումը,
7) ՌԱՌՏՔ-ի իրականացման կազմակերպական և գործառնական համատեղելիության ապահովումը,
8) գիտատեխնիկական աշխատանքների իրականացման փուլերում առանձին հաշվառվող մոդուլների ստացման ապահովումը:
11. ՌԱՌՏՔ-ի ձևակերպված սկզբունքները կարող են լրացվել այնպիսի կարևոր դրույթներով, որոնք վերաբերում են ՌԱՌՏՔ-ի խնդիրների լուծման համալիրության (համակարգվածության), գիտատեխնիկական և տեխնոլոգիական բազայի զարգացման առաջնայնությանը` պայմանավորված ՍՌՏ-ի նոր նմուշների ստեղծման ժամանակ գիտության նորագույն նվաճումների օգտագործման անհրաժեշտությամբ:
IV. ՌԱՌՏՔ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12. ՌԱՌՏՔ-ի հիմնական խնդիրներն են`
1) ՌՏՔ-ի զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը` ԶՈՒ-ի և այլ զորքերի պահանջմունքի բավարարման համար, որը գիտատեխնիկական զարգացման կանխատեսման հիման վրա կմշակի և կիրականացնի ՌԱՀ-ի զարգացման երկարաժամկետ պլանավորում` հիմնարար հետազոտական և գիտատեխնիկական, ինչպես նաև նորարարական աշխատանքների համար,
2) գոյություն ունեցող արդյունաբերական տեխնոլոգիական հիմքի վրա, ապահովելով տնտեսական աճ, կազմակերպել նոր սերնդի գիտատարողունակ մրցունակ ռազմական և քաղաքացիական արտադրանքի արտադրություն, ինչպես նաև նորարարական կառավարման մոդելների կիրառմամբ նոր որակական մակարդակի բարձրացնել արտադրության կազմակերպումը, գնահատել և իրականացնել ապրանքների արտահանման հնարավորությունը,
3) ապահովել ՌԱՀ-ի կազմակերպությունների կայուն գործունեությունը,
4) ՌԱՀ-ի զարգացման բարձր ցուցանիշներ ապահովելու համար իրականացնել հիմնական արտադրության անցումն ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակի,
5) պետական օժանդակությամբ, համապատասխան գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, համակարգաստեղծ կազմակերպությունների ստեղծումը,
6) ներքին և արտաքին շուկաներում հայրենական արտադրանքի դիրքի ամրապնդման համար համապատասխան միջոցառումների իրականացումը,
7) երկրի արտաքին սպառնալիքներին համապատասխան` ՌԱՀ-ի զորահավաքային նախապատրաստության ապահովումը և շարունակական կատարելագործումը,
8) երկարատև ցիկլով ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի և հատուկ տեխնիկայի ներհանրապետական գնման երկարաժամկետ պետական պաշտպանական պատվերի համակարգի ներդրումը և զարգացումը,
9) ՌԱՀ-ի և այլ պետությունների կազմակերպությունների միջև կոոպերացիոն և ինտեգրացիոն համագործակցության զարգացումը,
10) գիտատեխնիկական ծրագրերում տեխնոլոգիաների հաշվառմամբ, ինչպես նաև փուլային մշակումների ընթացքում արտադրանքի մոդուլների պարտադիր քարտացուցակավորմամբ աշխատանքների կրկնությունների բացառումը,
11) քաղաքացիական և ռազմական սեկտորների փոխգործակցությանը նպաստելը,
12) ՌԱՀ-ի վիճակի վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը և համապատասխան միջոցառումների իրականացումը:
V. ՌԱՀ-Ի ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
13. ՌԱՀ-ի գիտատեխնիկական համալիրը գիտահետազոտական, բուհական, արտադրական և տնտեսության այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտական ու գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող տեխնոլոգիական բազայով կազմակերպությունների համախումբ է, որը կապահովի ՌԱՀ-ի զարգացումը և արդիականացումը` Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունն ապահովելու նպատակով:
14. Գիտատեխնիկական համալիրի հիմնական խնդիրներն են`
1) ՌԱՀ-ի զարգացման և արդիականացման ապահովումը,
2) հետագա նպատակային կիրառման նպատակով գիտահետազոտական աշխատանքների կատարումը,
3) գիտական և ճարտարագիտական կադրերի պատրաստումը,
4) առաջնահերթ կարևորության ուղղություններում առաջանցիկ գիտատեխնոլոգիական պաշարի ձևավորումը:
15. Գիտատեխնիկական համալիրի բազա են հանդիսանում`
1) բարձր որակավորմամբ գիտնականները, ճարտարագետները և գործարարները, որոնք զբաղված են գիտելիքի ստեղծմամբ և այն ապրանքի վերածմամբ,
2) հիմնարար գիտական իմացությունները, ժամանակակից տեխնոլոգիական մշակումները և տեխնիկական որոշումներն ու լուծումները,
3) ժամանակակից հետազոտական, տեխնոլոգիական և փորձարարական լաբորատորիաներն ու փորձնական արտադրությունները:
16. Գիտատեխնիկական համալիրի հիմնական խնդիրների իրականացումը կապահովվի Հայաստանի գիտական և գիտաարտադրական հնարավորությունների գնահատմամբ որոշված առաջնահերթ գերակա ուղղություններին համապատասխան պետական համալիր ծրագրի առկայությամբ, պետական հսկողությամբ և համակարգված կատարմամբ:
17. Պետական համալիր ծրագրի նպատակն է երկրի ռազմական և տնտեսական անվտանգության երաշխավորված ապահովումը` գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների հիմքերի ստեղծմամբ ու զարգացմամբ:
18. Գիտատեխնիկական համալիրի ստեղծման հիմնական միջոցառումներն են`
1) ՌԱՀ-ի ոլորտում աշխատանքների անընդհատությունը և զարգացումն ապահովելու նպատակով մասնագետների` բուհական, հետբուհական, միջին մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համապատասխան պետական ծրագրի մշակումը և կենսագործումը,
2) համապատասխան պետական մարմնի (մարմինների) կողմից ազգային ներուժի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշակված կամ ձեռք բերված համակարգաստեղծ տեխնոլոգիաների, եզակի սարքավորումների հաշվառման մեխանիզմների ներդրումը և վարումը,
3) պետական օժանդակությամբ ռազմական արդյունաբերության գերակա ուղղություններով նախատեսված ՌԱՀ-ի ճյուղերի ստեղծման և զարգացման համար գիտատեխնիկական, արտադրատեխնոլոգիական ներուժի, առկա տեխնոլոգիաների պահպանման և զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
VI. ՌՏՔ-Ի ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Մինչև 2020 թ. ՌՏՔ-ի գերակա ուղղություններն են`
1) ԶՈՒ-ի սպառազինությունում գոյություն ունեցող ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի նորոգումը, արդիականացումը,
2) նոր ՍՌՏ-ների, ՌՏՈՒ-ների ստեղծումը և արտադրումը, որոնք են`
ա. հրաձգային զենքերը, զինամթերքը, ՌՏՈՒ-ն, թեթև սպառազինությունը, հրետանային միջոցները, ՍՌՏ-ի բազային և հատուկ մասերը.
բ. լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային և ռադիոլոկացիոն սպառազինությունը.
գ. անօդաչու թռչող սարքերը, հարվածային անօդաչու թռչող սարքերը և հակառակորդի նմանատիպ սարքերին հակազդման միջոցները.
դ. հետախուզության տեխնիկական միջոցները.
ե. կապի տեխնիկական միջոցները.
զ. նավարկային միջոցները.
է. ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները.
ը. քիմիական և կենսաբանական պաշտպանական միջոցները,
3) հրթիռաշինության զարգացումը.
4) ավտոմատացված կառավարման համակարգերի ստեղծումը:
20. ՌՏՔ-ի գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով:
VII. ՌԱՔ-Ի ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Մինչև 2020 թ. ՌԱՔ-ի գերակա ուղղություններն են`
1) մետաղամշակող կենտրոնների և ճշգրիտ դետալներ մշակող հաստոցային պարկի ստեղծումը,
2) ռադիոէլեկտրոնային սարքավորումների և դետալների հավաքման արտադրության ստեղծումը,
3) պայթուցիկ նյութերի` հեքսոգենի, օկտոգենի ու վառելիքային նյութերի համաձուլվածքների արտադրության ստեղծում, ինչպես նաև կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիաների յուրացումը,
4) բարձր, գիտատարողունակ և մրցունակ տեխնոլոգիաների յուրացումը, նոր մշակումների և արտադրությունների կազմակերպումը:
22. ՌԱՔ-ի գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով: