Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ Մ ...

 

 

020.0175.081099

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հոկտեմբեր 1999 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Հ. Գևորգյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարական Դաշնային խորհրդի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 19-ին Բեռնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Գևորգյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագրով Կողմերը նպատակ են հետապնդել իրենց ներքին օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում, ինչպես նաև 1975 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի Եզրափակիչ ակտում, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայում, Եվրոպայում տնտեսական համագործակցության Բոննի կոնֆերանսի վերջնական փաստաթղթերում, Առևտրի և սակագների գլխավոր համաձայնագրում և Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված սկզբունքներին համապատասխան հաստատել փոխադարձ առևտրի իրականացման և տնտեսական հարաբերությունների զարգացման կանոնները:

Կողմերը պայմանավորվել են զարգացնել տնտեսական համագործակցությունը, մատակարարման նոր աղբյուրները և շուկաների որոնումը, համատեղ ձեռնարկությունների հիմնումը, փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցության խթանումը, մտավոր սեփականության բնագավառում համագործակցության ամրապնդումը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ուղիների որոնումը:

Ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում և 1 հոդվածում ամրագրված սահմանադրական կարգի սկզբունքին, ինչպես նաև 8 հոդվածում ամրագրված տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքներին համապատասխան` համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության, ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.

1) ապրանքների նկատմամբ կիրառել առավել բարենպաստ ռեժիմ` դրանց արտահանման, ներմուծման հետ կապված մաքսատուրքերի, վճարների, հարկերի, ինչպես նաև հարկերի ու վճարների գանձման մեթոդների առումով (հոդված 3, 1-ին կետ),

2) ապրանքների արտահանման և ներմուծման դեպքերում արգելքներ, քանակական սահմանափակում կամ արտոնագրում չկիրառել, բացառությամբ երրորդ երկրների հանդեպ ստանձնած այլ պարտավորության դեպքերի (հոդված 4),

3) ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել ազգային ռեժիմ` Հայաստանի Հանրապետությունում դրանց վաճառքի, վաճառահանման, գնման, փոխադրման, տարածման, օգտագործման, դրանց հարկման և այլ վճարների առումով, ինչպես նաև Կողմի քաղաքացիների համար սահմանել ոչ բարենպաստ ռեժիմ, քան տրամադրված է Հայաստանի Հանրապետության կամ մեկ այլ պետության քաղաքացիներին (հոդված 5, հոդված 10, 7-րդ և 8-րդ կետեր),

4) առանձին գործարքների շրջանակներում ապահովել շուկայական գներով ապրանքների գնումն ու վաճառքը, հնարավորություն ընձեռել մյուս Կողմի ձեռնարկություններին մասնակցել այդ գործարքներին` մրցակցային սկզբունքներով (հոդված 7, 1-ին),

5) տեղեկություններ տրամադրել առևտրային գործունեության ոլորտին վերաբերող ներպետական օրենսդրության, դրանում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև դատական և վարչական որոշումների վերաբերյալ (հոդված 8),

6) ապահովել ներքին արտադրողի շահերը` ապրանքների մեծածավալ ներմուծումների դեպքում (հոդված 9),

7) ապահովել մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ, ոչ խտրական և համարժեք պաշտպանություն` անհրաժեշտության դեպքում գործող օրենսդրության մեջ կատարելով համապատասխան փոփոխություններ (հոդված 10, 1-ին և 4-րդ կետեր): Ընդ որում, համաձայնագրի 10 հոդվածի 4-րդ կետի համաձայն` անհրաժեշտ փոփոխությունները պետք է իրականացվեն 2000 թ. հունվարի 1-ից ոչ ուշ:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվել է միանալ միջազգային մի շարք համաձայնագրերի` Շվեյցարական Դաշնային խորհրդի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը դրանցում ամրագրված սկզբունքներին համապատասխան ապահովելու համար:

Համաձայնագրի դրույթների իրականացումը վերահսկելու նպատակով Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ հանձնաժողով` նախատեսելով վերջինիս ստեղծման կարգն ու գործառույթները:

Համաձայնագիրը կնքված է հինգ տարի ժամկետով: Նախատեսված են այդ ժամկետը երկարաձգելու պայմանները:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով առևտրատնտեսական ոլորտում կնքված նախորդ համաձայնագրերի կատարման ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաև պարզեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրվել են առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրեր` ավելի քան 40 պետությունների հետ, այդ թվում ԱՊՀ անդամ պետությունների հետ` ազատ առևտրի գոտու ստեղծման, Եվրոպական միության անդամ պետությունների հետ` գործընկերության և համագործակցության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` առևտրի վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարական Դաշնային խորհրդի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին 1998 թվականի նոյեմբերի 19-ին Բեռնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հոկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-175

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.10.1999
N ՍԴՈ-175
Որոշում