020.1162.040914
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
4 սեպտեմբերի 2014 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 26.08.2014 թ.:
Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2014 թ. մայիսի 23-ին:
Համաձայնագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 9,800,000 Հատուկ փոխառության իրավունքներին (SDR) համարժեք գումարի չափով վարկ` Կրթության բարելավման ծրագրի նպատակներն իրականացնելու համար, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին բարելավելու, ՀՀ ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանները և կրթական ռեսուրսների մատչելիությունը բարելավելու և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության բարելավված որակին և համապատասխանությանն աջակցելու համար:
Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարումը», Առդիր 3. «Մարման ժամանակացույցը» և Հավելված, ինչպես նաև թվով 2 Լրացուցիչ նամակ:
Կրթության բարելավման ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից` Մաս Ա. «Հանրակրթության որակի բարձրացում», Մաս Բ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) լիարժեք գործունեության ծավալում», Մաս Գ. «Ծրագրի կառավարումը, մոնիթորինգը և գնահատումը»:
2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 9,800,000 Հատուկ փոխառության իրավունքներին համարժեք գումարի չափով վարկ, որը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 5 տարի, տոկոսադրույքը կազմում է 1.25%, ծառայության վճարը` 0.75%, պարտավճարը` առավելագույնը 0.5%: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին, մայր գումարի մարման եղանակը նախատեսված է հավասարաչափ կիսամյակային վճարումներով` կապակցված վարկի ողջ գումարի հետ:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
. կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին վճարել պարտավճար Ֆինանսավորման չմասհանված մնացորդի դիմաց` առավելագույնը տարեկան մեկ տոկոսի կեսին (1%-ի 1/2) հավասար չափով,
. կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին վճարել Վարկի մասհանված մնացորդի դիմաց սպասարկման վճար` տարեկան մեկ տոկոսի երեք քառորդին (1%-ի 3/4) հավասար չափով, Վարկի մասհանված մնացորդի դիմաց` տարեկան մեկ և մեկ քառորդ (1.25%) տոկոսի չափով,
. կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի սեպտեմբերի 15-ը մարել Վարկի հիմնական գումարը 1.65%-ի չափով, իսկ 2029 թվականի մարտի 15-ից մինչև 2038 թվականի սեպտեմբերի 15-ը` 3.35%-ի չափով,
. Ծրագրի պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով` Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, պահպանել Կրթական ծրագրերի կենտրոնը որպես ԿԳՆ կազմում Ծրագրի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)` Ընկերակցության պահանջները բավարարող լիազորություններով, կադրային համալրմամբ և այլ ռեսուրսներով,
. ապահովել Ծրագրի իրականացումը? Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն,
. պահպանել կամ ապահովել ֆինանսավորման կառավարման համակարգի պահպանումը` Ընդհանուր պայմանների 4.09 բաժնի պահանջների համաձայն և այլն:
4. «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ և 48-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված` «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4 սեպտեմբերի 2014 թվականի
ՍԴՈ-1162