Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.1131.191213

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 դեկտեմբերի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 12.12.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ ստորագրվել է Երևանում` 2013թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կողմից:

Համաձայնագրի նախաբանին համապատասխան` վերջինիս հիմնական նպատակն է Կողմերի էներգետիկ շուկաների և գազափոխադրման ենթակառուցվածքի զարգացումը, գազի բնագավառում երկարատև փոխշահավետ համագործակցության խթանումը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետագա գործունեության համար բարենպաստ պայմանների, ինչպես նաև գազամատակարարման անհրաժեշտ հուսալիության ապահովումը:

Գազի բնագավառում Կողմերը պարտավորվում են խթանել ու խորացնել իրենց համագործակցությունը` նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման, գազի խնայողության ասպարեզում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, միասնական փոխհամաձայնեցված տեխնիկական քաղաքականության վարման, հնարավոր վթարային իրավիճակների ծագման դեպքում փոխադարձ օգնության ցուցաբերման ու այլ ուղղություններով:

Ընդհանուր առմամբ, Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում և միտված է փոխշահավետության սկզբունքի հիման վրա` Կողմերի միջև գազի ոլորտում երկարատև ու արդյունավետ տնտեսական կապերի հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն:

2. Քննության առարկա Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, թվով 11 հոդվածներից և Համաձայնագրի անքակտելի մաս կազմող Հավելվածից:

Համաձայնագրի 1-ին հոդվածը նվիրված է դրա առարկային, այն է` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի օտարմանն առնչվող իրավահարաբերությունների կարգավորմանը:

Համաձայնագրով սահմանվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի /12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսեր/ առուվաճառքի պայմանները, մասնավորապես, բաժնետոմսերի փաթեթի «Գազպրոմ» ԲԲԸ-ի սեփականությանը հանձնման, դրա դիմաց վճարման, ինչպես նաև «Գազպրոմ» ԲԲԸ-ին նշված բաժնետոմսերի փաթեթի սեփականության իրավունքով հանձնման կարգն ու ժամկետները ու մի շարք այլ էական իրավապայմաններ:

Հայկական Կողմը պարտավորվում է սահմանված ժամկետում ապահովել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև նշված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը, համաձայն որի` մինչև 2014թ. հունվարի 31-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի սեփականությանն է հանձնվում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթը` 63 333 900 000 հայկական դրամ արժեքով:

«Գազպրոմ» ԲԲԸ-ն պարտավորվում է հիշատակված բաժնետոմսերի փաթեթը` որպես սեփականություն իրեն անցնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարել բաժնետոմսերի փաթեթի նշված արժեքը:

Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ դրանով ստանձնված համապատասխան պարտավորությունների կատարման հսկողությունն իրականացնելու են Կողմերի պետությունների իրավասու մարմինները` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՌԴ էներգետիկայի նախարարությունները:

Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ծավալները, ժամկետները, գինը և այլ պայմանները սահմանվելու են ինքնուրույն` երկարաժամկետ պայմանագրերի Կողմեր հանդիսացող «Գազպրոմ» ԲԲԸ-ի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից: Միաժամանակ, Ռուսական Կողմը երաշխավորում է բնական գազի առաքումը Հայաստանի Հանրապետություն այն ծավալներով, որոնք բավական են ՀՀ ներքին կարիքների լրիվ բավարարման համար /հոդված 3/:

Համաձայնագրով կարգավորվում են գազի բնագավառում Կողմերի համագործակցությանը, ներդրումների երաշխիքներին, վեճերի լուծման կարգին, Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն առնչվող, ինչպես նաև տարաբնույթ այլ հարցեր:

Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող Հավելվածը նախատեսում է ՀՀ լիազորված մարմնի կողմից ՀՀ սպառողներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրացվող բնական գազի և էլեկտրաէներգիայի գների սահմանման կարգը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- երաշխավորում է, որ ՌԴ տարածքից ՀՀ առաքվող և ՀՀ ներքին շուկայում սպառման համար նախատեսված բնական գազը ենթակա չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս,

- ապահովում է ՀՀ իրավասու մարմնի կողմից ՀՀ սպառողներին իրացվող գազի գնի սահմանումը` սույն Համաձայնագրի Հավելվածով սահմանված Կարգին համապատասխան,

- ապահովում է ՀՀ իրավասու մարմնի կողմից ՀՀ սպառողներին իրացվող էլեկտրաէներգիայի գնի սահմանումը` սույն Համաձայնագրի Հավելվածով սահմանված Կարգին համապատասխան,

- պարբերաբար /ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ/ սահմանված կարգով վերանայում է իրացվող գազի և էլեկտրաէներգիայի գինը,

- երաշխավորում է, որ չի օգտագործի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման հատուկ իրավունքները, որոնք կխախտեն գործող օրենսդրությանը համապատասխան ընկերության բաժնետերերին տրամադրված իրավունքների ծավալը,

- ստեղծում է բարենպաստ պայմաններ Կողմերի գազային և էներգետիկ ճյուղերում փոխադարձ ներդրումների համար,

- վարում է մայրուղային գազատարների համակարգերի աշխատանքը կանոնակարգող միասնական փոխհամաձայնեցված նորմատիվային և տեխնիկական քաղաքականություն,

- մշակում և իրականացնում է Ռուսաստանի Դաշնության հետ գազի խնայողության և էներգախնայողության ոլորտում համատեղ ծրագրեր,

- երաշխավորում է, որ ՀՀ տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ին կամ նրա փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույքն օգտվում է ՀՀ լիակատար ու անվերապահ պաշտպանությունից և չի կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի,

- անհապաղ հատուցում է վերը նշված պայմանների խախտման դեպքում այդպիսի գույքի, իրավունքների կամ շահերի արժեքն ԱՄՆ դոլարով /հոդված 6/,

- հետ է գնում` համապատասխան պարտավորության չկատարման դեպքում, «Գազպրոմ» ԲԲԸ-ի պահանջով` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն ընկերությանը փոխանցված բաժնետոմսերի փաթեթը հայկական դրամին համարժեք ԱՄՆ դոլար գնով, ինչպես նաև հատուցում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի բոլոր վնասները,

- լուծում է Համաձայնագրի կիրառման և դրանից բխող պարտավորությունների կատարման ընթացքում ծագած վեճերը բանակցությունների միջոցով,

- կրում է միջնորդ դատարանում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը նաև այն դեպքում, երբ միջնորդ դատարանն իր որոշմամբ կարող է նախատեսել, որ Կողմերից որևէ մեկը կրելու է ծախսերի մեծ մասը,

- երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ որևէ նորմատիվ իրավական ակտով չեն փոփոխվի կամ չեղյալ հայտարարվի կամ այլ կերպ ոտնահարվի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ու դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքներն ու շահերը /հոդված 7/,

- երաշխավորում է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սովորական տնտեսական գործունեության մեջ օգտագործվող տեղեկությունները չեն կազմում ՀՀ պետական գաղտնիք:

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը կոչված է խթանելու գազի ոլորտում Կողմերի արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ուղղություններով, մասնավորապես, Կողմերի էներգետիկ շուկաների և գազափոխադրման ենթակառուցվածքի հետագա զարգացման, ինչպես նաև ՀՀ ներքին կարիքների լիարժեք բավարարման նպատակով բնականոն գազամատակարարման հուսալիության ապահովման ուղղությամբ:

Այսպիսով, Համաձայնագրի դրույթներին համապատասխան` անհրաժեշտ իրավական պայմաններ են ստեղծվում Հայաստանի Հանրապետություն կանոնավոր գազամատակարարման բնագավառում` համագործակցության և փոխշահավետության հիմունքներով Կողմերի միջև տնտեսական փոխհարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար, ուստի խնդրո առարկա Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 դեկտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1131

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.12.2013
N ՍԴՈ-1131
Որոշում