020.1123.051113
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 նոյեմբերի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 18.09.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Պայմանագիրն ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին Երևանում` երկու երկրների զինված ուժերը, այլ զորքերը, զինվորական խմբավորումները, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները և զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորումները սպառազինության բարձր արդյունավետության ու հեռանկարային համակարգերով համալրելու և հավաքական անվտանգության համակարգը տեխնիկական տարրով կազմավորելու նպատակով:
2. Պայմանագիրն ստորագրելիս հաշվի են առնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2003թ. հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված միջկառավարական համաձայնագրի դրույթները (Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 2003 թվականի մարտի 26-ին):
3. Պայմանագրով սահմանվում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման իրականացման կարգը, որը ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանքներ և ծառայություններ, մտավոր գործունեության արդյունքներ, այդ թվում` դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ և ռազմական ոլորտի տեղեկատվություն:
4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
. ապահովել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների իրականացումը լիազորված կազմակերպությունների կնքած պայմանագրերով` առանց ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման (արտահանման) լիցենզիայի տրամադրման,
. ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացնել այն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, որով իրականացվում է իր սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համար,
. պետական գաղտնիք պարունակող ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար պայմանագրերի կնքումն իրականացնել օրենսդրության համաձայն և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» 2002թ. նոյեմբերի 5-ի համաձայնագրի դրույթներով,
. ռազմական նշանակության արտադրանքը մյուս երկրի մաքսային տարածք տեղափոխել համապատասխան լիազորված մարմինների կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման հաստատված անվանացանկերից քաղվածքներով` դրանք ազատելով մաքսային վճարներից,
. արտադրանքը մատակարարող կողմի համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար,
. ապահովել ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և ստացվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և ստացվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին» 2005թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան,
. ապահովել ռազմատեխնիկական աջակցություն մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի ընդունման և որակի վերահսկողության մասով,
. առանց մատակարարող կողմի նախնական գրավոր համաձայնության` չվաճառել և չփոխանցել երրորդ կողմին ռազմական նշանակության արտադրանք, դրա վերաբերյալ գիտական և տեխնիկական տեղեկատվություն, հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև գյուտեր, նոու-հաու և այլ տեղեկություններ:
5. Պայմանագրով սահմանված են նաև դրա ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները, գործողության ժամկետը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգն ու պայմանները, ինչպես նաև պայմանագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերի լուծման կարգը, որոնք համահունչ են միջազգային իրավական ակտերին ներկայացվող պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2013 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
5 նոյեմբերի 2013 թվականի
ՍԴՈ-1123