020.1101.110613
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 հունիսի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2013 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով փոխառության համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրն (Փոխառության համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի մայիսի 29-ին:
2. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երեսուն միլիոն (30.000.000) ԱՄՆ դոլարի չափով փոխառություն` Փոխառության համաձայնագրում նշված պայմաններով` Փոխառության համաձայնագրով նախատեսված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով:
Համաձայն Փոխառության համաձայնագրի` սկզբնական միջնորդավճարը հավասար է փոխառության գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25 տոկոս): Մայր գումարը մարվում է` սկսած 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2038 թվականի մայիսի 15-ը: Փոխառության միջոցների փակման ամսաթիվն է 2017 թվականի հունիսի 30-ը:
Ծրագրի նպատակներն են կրճատել սպառվող էլեկտրաէներգիայի քանակը և բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունն ընտրված ոռոգման համակարգերում, ինչպես նաև բարելավել ոլորտին առնչվող կարևոր տվյալների ու տեղեկատվության առկայությունը և հուսալիությունը` որոշում կայացնողների, այլ շահագրգիռ կողմերի համար:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
ա) ոռոգման համակարգի բարելավում, այդ թվում` մեխանիկական ոռոգման փոխարկումը ինքնահոսի` Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում և Քաղցրաշենում չորս ինքնահոս համակարգի կառուցման միջոցով.
բ) կառավարման վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` վերահսկողական ստուգման և տվյալների ստացման համակարգի (SCADA) տեղադրում շուրջ 70 դիտակետում` մայր ջրանցքների և ջրառների ընտրված կետերի վրա.
գ) Ծրագրի կառավարում և ՋՕԸ-ներին աջակցություն, այդ թվում` աջակցության տրամադրում ԾԻԳ-ին` Ծրագրի կառավարման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման աշխատանքներում:
3. Փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) փոխառության սպասարկման գծով վճարումները կատարել կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, ԱՄՆ դոլարով.
բ) Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցով նշանակել ԾԻԳ-ին, որը կստանձնի գնումների պլանավորման, մշտադիտարկման և հաշվետվությունների, ֆինանսական կառավարման և վճարումների, Ծրագրի հաշիվների վարման և Ծրագրի հաշվետվությունների պատրաստման պարտականություններ.
գ) ապահովել իր տարեկան բյուջեում ոռոգման ոլորտում անհրաժեշտ միջոցների առկայությունը` ոռոգման համակարգերի պահպանման համար.
դ) Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցով ապահովել, որ Ծրագրի ոռոգման համակարգի բարելավման մասի իրականացման նպատակով կատարվող բոլոր գործողությունները համապատասխանեն բնապահպանական նորմերին և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի համար ընդունելի ուղեցույցներին.
ե) իրականացնել Ծրագրի առաջընթացի մշտադիտարկումը և գնահատումն ու պատրաստել Ծրագրի ընթացքի մասին հաշվետվություններ` Փոխառության համաձայնագրով սահմանված կարգով.
զ) վարել կամ ապահովել ֆինանսական կառավարման համակարգի վարումը` Փոխառության համաձայնագրով սահմանված կարգով:
Միաժամանակ սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ իրավական առումով անըմբռնելի և խնդրահարույց է Փոխառության համաձայնագրով ամրագրված այն պարտավորությունը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը «Ջրտնտպետկոմի միջոցով. .... (ե) պահպանում է Ջրտնտպետկոմը և ապահովում է, որ այն նշանակի արհեստավարժ աշխատակազմ բավականաչափ թվով և Բանկի համար ընդունելի այնպիսի պարտականություններով և գործառույթներով, որոնք հնարավորություն կտան Ջրտնտպետկոմին կառավարել, համակարգել և մշտադիտարկել ՇՄԿՊ-ների իրականացումը» (Առդիր 2, Բաժին I., կետ «Գ», ենթակետ 2): Հիշյալ դրույթը ենթակա է ճշգրտման և հստակեցման` ստանձնվող պարտավորության լիարժեք իրականացումն ապահովելու և իրավակիրառական պրակտիկայում խնդիրների առաջացումը բացառելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թվականի մայիսի 29-ին հավանություն է տվել Փոխառության համաձայնագրին:
5. Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի հստակության, այդ միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Փոխառության համաձայնագիրը ևս պահանջում է լուրջ վերահսկողական համակարգ` միջոցների նպատակային օգտագործման և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու առումով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 հունիսի 2013 թվականի
ՍԴՈ-1101