Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ԿՆՔՎԱԾ` Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ԿՆՔՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈ ...

 

 

020.1098.200513

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ԿՆՔՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 մայիսի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի փետրվարի 11-ին կնքված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2013 թվականի մայիսի 6-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» թիվ 8229-AM փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի փետրվարի 11-ին:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասերն են թվով 3 առդիրները և մեկ հավելված, որոնցում համապատասխանաբար ներկայացված են փոխառության միջոցների հաշվին իրականացվելիք ծրագրի նկարագրությունը (այսուհետ` Ծրագիր), դրա կատարումը, փոխառության հիմնական գումարի մարման ժամանակացույցը և համաձայնագրում օգտագործված սահմանումները: Համաձայնագրին կից ներկայացվել են նաև 2 լրացուցիչ նամակներ:

Ծրագիրը կազմված է երկու մասերից` ա) Կենսական նշանակության ճանապարհների բարելավում (147 կմ հատվածի բարելավում և 23 կմ հատվածի հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն), բ) Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ հզորացում: Ծրագիրն ավարտվելու է 2017 թվականի հունիսի 30-ին:

2. Համաձայնագրի նպատակն է ընտրված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի մոտ 147 կմ երկարությամբ ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու համար Կենսական նշանակության ճանապարհային ցանցը:

Վերոհիշյալ նպատակներով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 45.0 (քառասունհինգ) միլիոն ԱՄՆ դոլարի չափով փոխառություն, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` Համաձայնագրի 2.07-րդ բաժնի դրույթներին համապատասխան: Փոխառության միջոցների մասհանման վերջնաժամկետ է սահմանված 2017 թվականի հունիսի 30-ը:

Փոխառության մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 10 տարի:

3. Ըստ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04-րդ բաժնի` Հայաստանի Հանրապետության կողմից տոկոսների վճարման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարվելիք տոկոսագումարը հավասար է փոխառության արժույթի բազային տոկոսադրույքին` 6-ամսյա USD Libor գումարած փոփոխական տարբերությունը (սփրեդը)` պայմանով, որ փոխառության ամբողջ հիմնական գումարի կամ դրա մի մասի փոխարկումից հետո Հայաստանի Հանրապետության կողմից փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի դիմաց վճարվելիք տոկոսը պետք է որոշվի 2012 թվականի մարտի 12-ով թվագրված` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ընդհանուր պայմանները փոխառությունների համար» (այսուհետ` Ընդհանուր պայմանների) 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Ընդ որում, եթե փոխառության առհանված մնացորդի որևէ գումար ժամանակին չի վճարվում և եթե չվճարվելը շարունակվում է 30 օր, ապա Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02-րդ բաժնի «ե» կետում սահմանված կարգով:

4. Ըստ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.05-րդ և 2.06-րդ բաժինների` վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը, իսկ փոխառության հիմնական գումարի մարումը պետք է իրականացվի համաձայնագրի 3-րդ առդիրի 1-ին մասով սահմանված ժամանակացույցին համապատասխան` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, սկսած 2023 թվականի մայիսի 15-ից մինչև 2037 թվականի մայիսի 15-ը` մայր գումարի վճարվելիք տոկոսային մասնաբաժինը պետք է կազմի 3,33%, իսկ 2037թ. նոյեմբերի 15-ին այն պետք է կազմի 3,43%:

5. Համաձայնագրի 2-րդ առդիրի 4-րդ բաժնի «Ա» մասի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է, որ փոխառության միջոցներից կարող են ֆինանսավորվել Ծրագրի շրջանակներում նախատեսվող ապրանքների, աշխատանքների, ոչ խորհրդատվական ծառայությունների, խորհրդատվական ծառայությունների և Ծրագրի լրացուցիչ գործառնական ծախսերի 80%-ը, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է համաֆինանսավորել վերոնշյալ ծախսերի 20%-ը:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես հետևյալ հիմնական պարտավորությունները.

- փոխառության հիմնական գումարի վճարումն իրականացնել համաձայնագրում ներկայացված մարման ժամանակացույցին համապատասխան,

- հայտարարել Ծրագրի նպատակների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին և Ծրագիրն իրականացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով` Ընդհանուր պայմանների 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան,

- մինչև Ծրագրի ավարտն ապահովել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը, որը պատասխանատու է Ծրագրի կառավարման, համակարգման, իրականացման, մոնիտորինգի ու գնահատման համար և ունի Գործառնական ձեռնարկում նկարագրված կառուցվածքը, պարտականությունները և Բանկի համար ընդունելի անձնակազմ և ֆինանսավորում,

- բացառությամբ այն դեպքերի, երբ Փոխառուն և Բանկը այլ համաձայնություն են ձեռք բերում, չեղյալ չճանաչել, չփոփոխել, չկասեցնել, չհրաժարվել կամ այլ կերպ չձախողել Գործառնական ձեռնարկի կամ դրանում նշված պարտավորությունների կատարումը,

- թույլատրել Ստանդարտացման եվրոպական կոմիտեի կողմից առաջարկվող` ճանապարհների և մայրուղիների նախագծման և շինարարության ստանդարտների օգտագործումը Ծրագրի շրջանակներում ճանապարհների նախագծման և շինարարության նպատակով,

- ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան,

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջոցով մոնիտորինգ (մշտադիտարկում) իրականացնել և գնահատել Ծրագրի ընթացքը և պատրաստել Ծրագրի կիսամյակային հաշվետվությունները` Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա,

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջոցով պահպանել կամ ապահովել ֆինանսական կառավարման համակարգի պահպանումը` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան,

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջոցով նախապատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո Բանկ ներկայացնել աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ,

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջոցով ապահովել ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտը (հաշվեքննությունը)` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի «բ» բաժնի դրույթների համաձայն,

- Ծրագրի համար պահանջվող և փոխառության միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Գնումների ուղեցույցի 1-ին բաժնում ամրագրված կամ նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի դրույթների համաձայն,

- Ծրագրի համար պահանջվող և փոխառության միջոցներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատուների ծառայությունները ձեռք բերել Խորհրդատուի ուղեցույցի 1-ին և 4-րդ բաժիններում ամրագրված կամ նշված պահանջների և 2-րդ առդիրի 3-րդ բաժնի դրույթների համաձայն,

- ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Միջազգային մրցակցային սակարկության հիման վրա կնքված պայմանագրերի ներքո, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի Բ մասի 2-րդ կետում,

- Միջազգային մրցակցային սակարկությունից տարբեր` Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի Բ մասի 2-րդ կետում նշված գնումների մեթոդները կարող են կիրառվել Գնումների պլանում նշված պայմանագրերի շրջանակներում ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելու համար,

- խորհրդատուների ծառայությունները ձեռք բերել Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության հիման վրա պայմանագրերի ներքո, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի Գ մասի 2-րդ կետում,

- ապահովել, որպեսզի մինչև Ծրագրի ավարտը, Ծրագրի շրջանակներում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի հիմնանորոգված ճանապարհային հատվածների պահպանության համար հատկացվեն բավարար բյուջետային միջոցներ (առդիր 2, բաժին 5),

- եթե Փոխառության միջոցներն ամբողջությամբ չեն մասհանվել հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Փոխառության մասհանված գումարների չափով մարել այդ ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության մասհանված մնացորդը` համաձայն 3-րդ առդիրի 1-ին կետի,

- եթե Փոխառության միջոցներն ամբողջությամբ չեն մասհանվել հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվից հետո մասհանված ցանկացած գումար մարել գումարի մասհանման ամսաթվին հաջորդող հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` Բանկի կողմից որոշված չափով և այլն:

i

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման նպատակներով մի քանի փոխառության համաձայնագրեր, մասնավորապես, 2009 թվականի փետրվարի 26-ի` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը և 2010 թվականի հուլիսի 23-ի` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում), որոնք Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է համապատասխանաբար` 2009 թվականի մարտի 18-ին և 2010 թվականի հոկտեմբերի 7-ին` Ազգային ժողովի թիվ ԱԺՈ-Ն-131-4 և ԱԺՈ-236-Ն որոշումներով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված համաձայնագրերի վարկային միջոցների օգտագործման ուսումնասիրություն է կատարել ՀՀ վերահսկիչ պալատը և 2010 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմվել է համապատասխան հաշվետվություն:

ՀՀ վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների, տվյալ դեպքում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից, իրենց լիազորությունների ոչ լիարժեք իրականացման հետևանքով կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի կատարմանն ուղղված վարկային միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման բնագավառում տեղ են գտել բազմաթիվ թերություններ ու բացթողումներ:

Հիշյալ հաշվետվությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես, «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի և «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված աշխատանքների մասով: Միաժամանակ, ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն առաջարկել է` միջոցներ ձեռնարկել ավել վճարված 109.427.0 հազ. դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ, շինարարության ընթացքում աշխատանքների տեսակների կամ օգտագործվող նյութերի փոփոխության դեպքում կատարել աշխատանքների գների համարժեք փոփոխություններ, բացառել առանց ծագման և որակի հավաստագրեր ունեցող բիտումի օգտագործումը և այլն:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ, իրականացնելով ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` համաձայնագրով ստանձնված պարտավորությունների հետագա կատարման հուսալիությունն առավելագույնս ամրապնդելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ քննության առարկա համաձայնագրով նախատեսված ծրագրի ընդհանուր բնույթը և, միաժամանակ, հանրապետության ավտոճանապարհների բարելավմանն ուղղված խնդիրների ընդգրկումը պահանջում են համաձայնագրի կատարման նկատմամբ հստակ մշտադիտարկում, որը հիմք կհանդիսանա խուսափելու վարկային նախորդ համաձայնագրերի իրագործման պրակտիկայում տեղ գտած թերություններից և բացթողումներից, վարկային սուղ միջոցների անարդյունավետ օգտագործումից ու փոշիացումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների հնարավոր խախտումներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի փետրվարի 11-ին կնքված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 մայիսի 2013 թվականի

ՍԴՈ-1098

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.05.2013
N ՍԴՈ-1098
Որոշում