020.1095.200513
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 մայիսի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լ. Հունանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2013թ. ապրիլի 22-ի դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2013թ. հունվարի 25-ին:
Համաձայնագրի հիմնական նպատակը ձեռներեց կանանց համար բարելավված բարենպաստ միջավայրին աջակցելն է:
2. Համաձայնագրի համաձայն` Ասիական զարգացման բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ Ասիական զարգացման բանկի Հատուկ հիմնադրամի միջոցներից, տարբեր արժույթներով` տասներեք միլիոն երեսունհինգ հազար Փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարի չափով (ՓՀԻ 13.035.000 համարժեք)` կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագրի շրջանակներում:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) համաձայնագրի II հոդվածով նախատեսված պայմաններով մարել վարկի գումարը` վճարումներն իրականացնելով սահմանված դրույքաչափերին և վարկային համաձայնագրի 2-րդ առդիրում նկարագրված մարման ժամանակացույցին համապատասխան.
բ) տոկոսները և վարկի մասով մյուս բոլոր վճարները կատարել կիսամյակներով` յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին.
գ) ապահովել վարկային միջոցների օգտագործումը Ծրագրի ծախսերի ֆինանսավորման նպատակով.
դ) կատարել վարկային համաձայնագրի 4-րդ առդիրում նկարագրված պարտավորությունները կամ ապահովել դրանց կատարումը.
ե) կիրառել 2006թ. հունվարի 1-ով թվագրված` ԱԶԲ-ի Հատուկ գործառնությունների վարկային կանոնակարգի բոլոր դրույթները սույն համաձայնագրի նկատմամբ:
4. Համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 90-րդ օրը սահմանվում է որպես վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ:
5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի երկրորդ մասում ամրագրված սկզբունքներից, քանի որ կոչված են նպաստելու տնտեսական գործունեության ազատությանն ու ազատ տնտեսական մրցակցությանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
20 մայիսի 2013 թվականի
ՍԴՈ-1095