Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐ ...

 

 

020.1080.260313

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 մարտի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2013 թվականի փետրվարի 25-ին մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 23-ին` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև:

2. Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանի երկայնքով ընկած սահմանային երեք անցակետերի և մինչև անցակետերը տանող համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքի արդիականացման գործընթացում:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Համաֆինանսավորողների (Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական Միության, Եվրոպական Միության Հարևանության ներդրումային ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի) կողմից` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բաղադրիչով, որը բաղկացած է հետևյալ մասերից` ա) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցում, բ) խորհրդատվական ծառայություններ, ներառյալ վերահսկողության և մոնիտորինգի հարցերում աջակցություն, ինչպես նաև մոնիտորինգի հարցում Ծրագրի իրականացման գրասենյակին լրացուցիչ օգնություն, գ) վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար: Ակնկալվում է Ծրագիրն ավարտին հասցնել Համաձայնագրի ստորագրմանը հաջորդող երեք տարիների ընթացքում:

3. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 7 հոդվածներից, որոնք վերաբերում են ստանդարտ պայմաններին ու սահմանումներին (հոդված I), վարկի չափին ու մարմանը (հոդված II), վարկի միջոցների օգտագործմանը և Ծրագրի իրականացման պարտադիր պայմաններին (հոդված III), ֆինանսական գրանցումներին և հաշվետվությանը (հոդված IV), վարկի կասեցմանը, չեղյալ համարմանը կամ մարման ժամկետի կրճատմանը (հոդված V), Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն (հոդված VI) և այլ դրույթների (հոդված VII):

Համաձայնագիրն ունի 4 առդիրներ, որոնցում ներկայացված են` Ծրագրի նկարագրությունը (Առդիր 1), Կատեգորիաները և Վարկի միջոցների մասհանումը (Առդիր 2), Սահմանի համալիր կառավարման ծրագիրը (Առդիր 3) և Բնապահպանական և սոցիալական գործողությունների պլանը (Առդիր 4):

4. Համաձայնագրի II հոդվածի 2.01 բաժնի համաձայն` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկի չափը կազմելու է 10.300.000 եվրո: Վարկի առաջին մարման ամսաթիվը 2016 թվականի ապրիլի 16-ն է, իսկ վերջին մարման ամսաթիվը` 2027 թվականի հոկտեմբերի 16-ը: Վարկի միջոցները դուրս բերելու նվազագույն գումարը կազմում է 100.000 եվրո, կանխավճարի նվազագույն գումարը` 500.000 եվրո, իսկ չեղյալ հայտարարման նվազագույն գումարը` 500.000 եվրո:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. վարկը մարել քսանչորս հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին,

. վճարել հանձնառության վճար տարեկան 0,5 տոկոս դրույքաչափով,

. վճարել տոկոսագումարները յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին,

. իրականացնել Ծրագիրը պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ` համաձայն կիրառելի օրենքների և հաշվի առնելով բնապահպանական, առողջապահական և անվտանգության ասպեկտները,

. Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չբերելու պարագայում ստեղծել և Ծրագրի կատարման ամբողջ ընթացքում ապահովել Ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) գործունությունը բավարար ռեսուրսներով և համապատասխան որակավորում ունեցող աշխատակազմով` Բանկի համար ընդունելի աշխատանքային պայմաններով Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները, այդ թվում` Ծրագրի համար աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնումները համակարգելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու նպատակով,

. եթե Բանկն այլ համաձայնություն չի տալիս, ապա ապահովել, որպեսզի Վարկի միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների (բացի խորհրդատուների ծառայություններից) գնումները կատարվեն բաց մրցույթի միջոցով,

. եթե Բանկն այլ համաձայնություն չի տալիս, ապա ապահովել, որպեսզի` ա) Ծրագրի իրականացման սուբյեկտը և յուրաքանչյուր կապալառու իրականացնեն Բանկի բաղադրիչը, բ) Ծրագրի իրականացման սուբյեկտը ջանասիրությամբ իրականացնի և հետևի Բնապահպանական ու սոցիալական գործողությունների պլանին և կատարի դրա մոնիտորինգ, գ) Բանկի համաձայնությամբ փոփոխել Բնապահպանական ու սոցիալական գործողությունների պլանը` ի պատասխան Ծրագրում առկա հանգամանքների, դ) Ծրագրի իրականացման սուբյեկտը իրականացնի Ծրագիրը` պատշաճ կերպով հաշվի առնելով շրջակա միջավայրի և հանրային ու աշխատավայրում առողջապահության, անվտանգության և աշխատանքի չափանիշները,

. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Վարկի ողջ գումարը մարելը կամ չեղյալ հայտարարելը Բանկին ներկայացնել տարեկան հաշվետվություններ` իր կամ Բանկի բաղադրիչի առնչությամբ ծագող բնապահպանական ու սոցիալական հարցերի վերաբերյալ, հաշվետու տարվա ավարտից հետո` 90 օրվա ընթացքում,

. ապահովել, որ Ծրագրին առնչվող ցանկացած միջադեպ կամ դժբախտ պատահար տեղի ունենալուն պես, որն ունի կամ հավանաբար կունենա զգալի բացասական ազդեցություն շրջակա միջավայրի կամ հանրության կամ աշխատավայրում առողջապահության կամ անվտանգության վրա, Ծրագրի իրականացման սուբյեկտը Բանկին կտեղեկացնի և ծանուցում կտրամադրի դրա վերաբերյալ` նշելով միջադեպի կամ պատահարի բնույթը և դրանք շտկելու համար ձեռնարկվելիք քայլերը,

. վարել ընթացակարգեր, գրանցումներ և հաշիվներ Հայաստանի Հանրապետության այն ստորաբաժանումների կամ գործակալությունների մասով, որոնք պատասխանատու են Ծրագրի կամ դրա որևէ մասի իրականացման համար, և որոնք բավարար են արտացոլելու, համաձայն ընդունված միջազգային հաշվապահական կիրառվող չափանիշների, այն գործառնությունները, ռեսուրսները և ծախսերը, որոնք վերաբերում են Ծրագրին և բավարար են Ծրագրի մոնիտորինգն անցկացնելու և առաջընթացը գրանցելու համար,

. կազմակերպել Համաձայնագրի 4.01 բաժնի «ա» կետում նշված գրանցումների և հաշիվների աուդիտ յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար, Բանկի համար ընդունելի ձևով` միջազգայնորեն ընդունված աուդիտի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան և այլն:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում նշված` 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված վարկային համաձայնագիրը` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» (Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում) ֆինանսական պայմանագիրը (2012 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված` պայմանագրի փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններով հանդերձ)` Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2012 թվականի դեկտեմբերի 3-ին` ՀՀ Ազգային ժողովի թիվ ԱԺՈ-0-38-Ն որոշմամբ:

Վերոհիշյալ համաձայնագրով Հայաստանի և Վրաստանի միջև երեք սահմանային անցակետերի (Բագրատաշեն, Բավրա և Գոգավան) վերակառուցման և արդիականացման` ներառյալ Հայաստանում ելակետային ճանապարհների ու հարակից ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում` Բագրատաշենում նոր կամրջի, ինչպես նաև Գոգավանի սահմանային անցակետ տանող 7.4 կմ գլխավոր ճանապարհի վերակառուցման նպատակով, Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 30.316.000 եվրոյին համարժեք վարկ:

7. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Համաձայնագրի Առդիր 2-ով ներկայացված վարկի միջոցների հատկացման ու մասհանման աղյուսակի հիման վրա կատարվել է վարկային միջոցների բաշխում, որոնց նպատակային ու արդյունավետ ծախսման նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել պետական վերահսկողություն:

8. Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նման ծրագրերի իրականացումը հասարակության համար պետք է լինի առավել հրապարակային ու թափանցիկ, այդ թվում` ապահովելով մատչելի տեղեկատվություն իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 մարտի 2013 թվականի

ՍԴՈ-1080

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.03.2013
N ՍԴՈ-1080
Որոշում