020.1078.260313
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 մարտի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ /կից հայտարարությամբ/ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 22.02.2013թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը /կից հայտարարությամբ/ (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է Աշգաբատում 2012թ. մայիսի 30-ին` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի կողմից:
i
Հարկ է նկատել, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին» պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է 1998թ. նոյեմբերի 25-ին` Մոսկվայում, և վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002թ. նոյեմբերի 20-ի թիվ Ն-311-2 որոշմամբ /ՀՀ սահմանադրական դատարանի 2000թ. հուլիսի 11-ի ՍԴՈ-243 որոշում/: Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002թ. դեկտեմբերի 19-ից:
Նշված Պայմանագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի տնտեսական, տեխնիկական և տեխնոլոգիական առավելությունների օգտագործման միջոցով բարձրացնել մասնակից երկրների էներգետիկ անվտանգությունը, տնտեսությունը և բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու հուսալիությունն ու արդյունավետությունը:
2. Քննության ենթակա Արձանագրությամբ մի շարք փոփոխություններ /լրացումներ/ են կատարվում Պայմանագրում, նպատակ հետապնդելով հստակեցնելու վերջինիս առանձին դրույթներ:
Արձանագրությամբ նախատեսվում են փոփոխություններ /լրացումներ/ կատարել Կողմերի միջև էլեկտրաէներգիայի պլանային և արտապլանային փոխհոսքերի, մատակարարվող էլեկտրաէներգիայի քանակների, վթարների և վթարային իրավիճակների սահմանումների, ինչպես նաև Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի կազմակերպման իրավական, տեխնոլոգիական և տնտեսական սկզբունքների վերաբերյալ:
Խնդրո առարկա Արձանագրությունը բաղկացած է 2 հոդվածներից, համաձայն որոնց առաջարկվում է փոփոխություններ /լրացումներ/ կատարել մատնանշված Պայմանագրի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածներում:
Ըստ Արձանագրության 1-ին հոդվածի` նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել Պայմանագրի 1-ին հոդվածում, մասնավորապես, տրվում են Պայմանագրում օգտագործվող մի շարք հասկացությունների /էլեկտրական էներգիայի հոսքեր, էլեկտրական էներգիայի արտապլանային /տեխնոլոգիական/ հոսքեր, վթար, վթարային իրավիճակ և այլն/ նոր սահմանումները: Գործնականում էական փոփոխության է ենթարկվում Պայմանագրի 3-րդ հոդվածը, որն առավել հստակեցնում է մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի հիմնական, այդ թվում` կազմակերպաիրավական, տեխնոլոգիական և տնտեսական սկզբունքները, որոնք կարևորագույն նշանակություն ունեն Կողմերի հարաբերություններում:
Պայմանագրի` նոր խմբագրությամբ 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է մասնակից պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման պայմանների /սկզբունքների/ իրականացման մեխանիզմը և կարգը նախատեսել երկկողմ և/կամ բազմակողմ միջազգային պայմանագրերին համապատասխան:
Արձանագրությամբ նախատեսված հաջորդ փոփոխությունը վերաբերում է Պայմանագրի 7-րդ հոդվածին, համաձայն որի` Կողմերը մշակում են Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկայի փոխհաշվարկների սկզբունքները, ապահովում են դրանց իրականացումը և այլն:
Պայմանագրի 20-րդ և 21-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները, հիմնականում, նվիրված են Պայմանագրի ընթացակարգային բնույթ կրող հարցերի շրջանակին, այն է` Պայմանագրին միանալուն, դրանում փոփոխություններ կատարելուն և այլն:
Արձանագրության 2-րդ հոդվածը սահմանում է, որ սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին 3-րդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
3. Ի լրումն Պայմանագրի` Արձանագրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ լրացուցիչ պարտավորությունները.
- որոշել լիազորված ՀՀ էլեկտրաէներգետիկ կազմակերպություններին, որոնք մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման համար իրականացնում են համապատասխան գործունեություն, և այդ մասին սահմանված կարգով ծանուցել Պայմանագրի մասնակից մյուս Կողմերին,
- կնքել Կողմերի լիազորված էլեկտրաէներգետիկ կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրեր` էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման վերաբերյալ,
- իրականացնել մշտադիտարկում` մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովմանը վերաբերող այլ փաստաթղթերի պայմանների կատարման նկատմամբ,
- ստեղծել, անհրաժեշտության դեպքում, համատեղ մարմիններ էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի համակարգման համար,
- համաձայնեցված տեղաբաշխել և փոխադարձության սկզբունքով տրամադրել հզորության ռեզերվները,
- իրականացնել համակարգված, օպերատիվ հակավթարային կառավարում,
- կիրառել համաձայնեցված սկզբունքներ հակավթարային ավտոմատ համակարգերի գործունեության համար, որոնք ազդեցություն ունեն Կողմերի էներգետիկ համակարգերի վրա,
- փոխանակել համաձայնեցված ծավալներով տեխնոլոգիական բնույթի տեղեկատվություն,
- կատարել աշխատանքի հուսալիության և անվտանգության փոխհամաձայնեցված պահանջները,
- չվնասել Պայմանագրի մյուս մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերին,
- կիրառել էլեկտրական էներգիայի ժամային, կոմերցիոն հաշվառում էլեկտրահաղորդման միջպետական հոսքագծերի վրա` Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև համաձայնեցված կանոնների հիման վրա,
- կիրառել համաձայնեցված հաշվարկային մեխանիզմներ էլեկտրաէներգիայի հաշվեմնացորդային հոսքերի բաժանման և մաքսային ձևակերպման ժամանակ,
- ապահովել առկա տեխնիկական հնարավորություններով մասնակից պետությունների տարածքներով էլեկտրական էներգիայի և հզորության անարգել տարանցումը,
- կնքել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման պայմանների /սկզբունքների/ իրականացման մեխանիզմը և կարգը սահմանող երկկողմ և/կամ բազմակողմ միջազգային պայմանագրեր,
- մշակել Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկայի փոխհաշվարկների սկզբունքները, ապահովել դրանց իրականացումը` համաձայն կնքված միջազգային պայմանագրերի:
4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Պայմանագիրը և Արձանագրությունը կոչված են բարձրացնելու մասնակից պետությունների էներգետիկ անվտանգությունը, տնտեսությանը և բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու հուսալիությունը և արդյունավետությունը` հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի բնագավառում Կողմերի իրավահավասարության, փոխշահավետության, էներգետիկ օբյեկտների ու ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի առանցքային նշանակությունը տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման գործում:
Այսպիսով, սույն Արձանագրության դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, մասնավորապես, միտված են էլեկտրաէներգետիկայի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն` օգտագործելով այդ համակարգերի զուգահեռ աշխատանքի ընձեռած առավելությունները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ /կից հայտարարությամբ/ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
26 մարտի 2013 թվականի
ՍԴՈ-1078