020.1073.300113
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 հունվարի 2013թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.
Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ`
դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ Ա. Վարդևանյանի, Հ. Աբգարյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 06.09.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի
Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թվականի ապրիլի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1997 թվականի մայիսի 12-ին և ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 30-ից: Օրենքի` վեճի առարկա 30.2-րդ հոդվածը լրացվել է 11.05.2011թ. ՀՕ-154-Ն օրենքի հիման վրա:
Հիշյալ օրենքի` դիմողի կողմից վիճարկվող 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերում սահմանվում են.
«Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային պարտավորությունների չափով:
Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:
...
Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը»:
2. Ըստ դիմող կողմի` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին: Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Պետրոս Պապամիխալոպուլոսն ընդդեմ Հունաստանի», «Սպորրոնգը և Լոննրոթն ընդդեմ Շվեդիայի» և «Գասուս Դոսիեր և Ֆողդեղթեշնիկ ՍՊԸ-ն ընդդեմ Նիդեռլանդների» գործերով որոշումները, ՀՀ և ՌԴ Սահմանադրությունների համապատասխան դրույթների մեկնաբանությունները` դիմողը նշում է, որ «սեփականությունից զրկել» դրույթը նշանակում է նաև անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու և այն տնօրինելու հնարավորությունից: ՈՒստի սեփականությունից զրկելը, որը ներառում է նաև սեփականության իրավունքի սահմանափակումը, կարող է իրականացվել միայն դատական կարգով: Իսկ վիճարկվող հոդվածը, ըստ դիմող կողմի, նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում` հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Հստակ չափորոշիչների բացակայության, ինչպես նաև վարչական մարմնի ցանկության և/կամ գնահատման հիման վրա անձի սեփականության իրավունքը սահմանափակող (զրկող) որոշումները, ըստ դիմողի, խթանում են այնպիսի իրավիճակի առաջացումը, երբ հնարավոր են չարաշահումներ և խտրական վերաբերմունքի դրսևորումներ անձանց նկատմամբ:
Դիմող կողմը նշում է նաև, որ գույքի վրա արգելանք դնելու ինստիտուտը հարկային իրավահարաբերությունների ոլորտում էականորեն տարբերվում է քրեական դատավարությունում գույքի վրա կալանք դնելու ինստիտուտից: Այնուամենայնիվ, քրեական դատավարության գործող օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների և այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ, սակայն քրեական դատավարության նոր օրենսգրքի պաշտոնական նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ քրեական վարույթի ընթացքում անձանց ֆինանսական միջոցների և այլ գույքի վրա արգելանք դնելն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ նշված օրենսգրքով նախատեսված անհետաձգելի դեպքերի: Անհետաձգելի դեպքերում, երբ հարկադրանքի միջոցի անհապաղ չկիրառումը կարող է հանգեցնել գույքի կորստի, վնասման կամ ոչնչացման, գույքի վրա կալանք դնելը կարող է կիրառվել դատախազի որոշմամբ: Այս դեպքում անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է համապատասխան որոշումը և այն հիմնավորող նյութերը ներկայացվեն դատարանի հաստատմանը:
3. Պատասխանող կողմը հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 31, 45 և 83.5-րդ հոդվածներին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին` նշում է, որ հարկ վճարողների հարկային պարտավորությունը ներառում է հասարակության բոլոր անդամների հանրային շահերը: Այդ պատճառով էլ պետությունն իրավունք ունի և պարտավոր է հարկային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել ոչ միայն հարկ վճարողների, այլև հասարակության այլ անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:
Ըստ պատասխանող կողմի` սեփականության իրավունքն «անսահմանափակ» իրավունք չէ: Այդ իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Անձանց գույքային իրավունքների, մասնավորապես` սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների սահմանափակում է նախատեսված վիճարկվող հոդվածով, որի նպատակն անձանց, հանրության և պետության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն է:
Ըստ պատասխանողի` գույքային իրավունքների ժամանակավոր սահմանափակումը, որը պարտավորությունների կատարումն ապահովող բնույթ է կրում և «չի առաջացնում սեփականության իրավունքի փոխանցում», ենթադրում է հետագա դատական վերահսկողություն, չի կարող դիտվել որպես սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում, այդ թվում` սեփականության իրավունքից զրկում: Բացի դրանից, պատասխանող կողմը վկայակոչում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածը` նշելով, որ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:
Պատասխանողը գտնում է նաև, որ դիմողի հղումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին` հիմնավոր չեն, քանի որ հաշվի չեն առնվել հիշատակված գործերի առանձնահատկությունները և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված` հարկային մարմնի ու հարկային ծառայողի գործողությունների բողոքարկման հնարավորությունը:
4. Սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականությունը որոշելիս ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում` ելնելով նաև դիմող կողմի հարցադրումներից, հարցը դիտարկել «սեփականության իրավունքից զրկելու» գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում: Միաժամանակ, ելնելով միջազգային իրավական պրակտիկայում ամրագրված սկզբունքներից (մոտեցումներից) ու սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքից` կարևոր է համարում պարզել, թե.
- վիճարկվող իրավակարգավորումները հանգեցնու՞մ են, արդյոք, անձի` սեփականության իրավունքից զրկման, թե՞ նախատեսում են որոշակի իրավապայմաններ` հիշյալ իրավակարգավորումների շրջանակներում անձի սահմանադրական պարտականության կատարումն ապահովելու համար,
- լիազոր պետական մարմինը սահմանադրաիրավական իմաստով իրավասու՞ է, արդյոք, կատարել անձի սահմանադրական պարտականության (տվյալ դեպքում` հարկային պարտավորության) կատարմանն ուղղված այնպիսի գործողություններ, որպիսիք նախատեսված են վիճարկվող նորմերով,
- վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում առկա՞ են, արդյոք, բավարար երաշխիքներ ապահովելու անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը հնարավոր խախտումներից:
5. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն, որպես սահմանադրական կարգի սկզբունք, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Սահմանադրական այս դրույթի իրացումը երաշխավորվում է ինչպես Սահմանադրության այլ հոդվածներով (31, 42.1., 43, 44-րդ հոդվածներ, 83.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր, 89-րդ հոդվածի 3-րդ կետ, 105 և 105.1-րդ հոդվածներ), այնպես էլ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ իրավական ակտերով, որոնք կարգավորում են սեփականության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները` սահմանելով սեփականության իրավունքի սուբյեկտներին, սեփականության իրավունքի բովանդակությունը, սեփականության իրավունքի սահմանափակումների թույլատրելի շրջանակները և այդ իրավունքն իրականացնելու ու պաշտպանելու պայմանները և կարգը, գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց շահերի պաշտպանության միջոցները և այլն:
Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հատկապես կարևորում է Սահմանադրության 31-րդ հոդվածում ամրագրված սեփականության իրավունքի իրացման հիմնական սահմանադրաիրավական սկզբունքները, համաձայն որոնց` անձի բացառիկ իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը` պայմանով, որ այդ իրավունքի իրացումը չխախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը, վնաս չպատճառի շրջակա միջավայրին: Իսկ որպես սեփականության անձեռնմխելիության ապահովման երաշխիք` սկզբունքային նշանակություն ունի նաև Սահմանադրության 31-րդ հոդվածի երկրորդ մասում հաստատագրված սեփականազրկման` բացառությամբ դատական կարգով և օրենքով նախատեսված դեպքերում իրականացման սկզբունքը, որը, ի տարբերություն օտարման ընթացակարգի (ՀՀ Սահմ. 31-րդ հոդվածի 3-րդ մաս), ենթադրում է օրենքով սահմանված իրավական պատասխանատվության համապատասխան միջոցի կիրառում:
Այդպիսիք են այն բացառիկ իրավապայմանները, որոնց շրջանակներում է Հայաստանի Հանրապետությունում իրացվելի ու պաշտպանելի սեփականության իրավունքը: Այդ իրավապայմանների երաշխավորված գործադրմանն են կոչված ընթացիկ օրենսդրական կարգավորումները, այդ թվում` նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է ոչ միայն հարկային իրավահարաբերությունների մասնակիցների վարքագծի կանոններն ու դրանց իրացման պայմանները, այլև, սույն գործով վեճի առարկայի իմաստով, կարգավորում է անձանց սեփականության տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից առաջացած հասույթներից պետական ու հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճարների գանձումն ապահովելու միջոցներն ու կարգը, այդ թվում` պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու համար:
Այսպիսով, արձանագրելով, մի դեպքում` սեփականության իրավունքի իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներն ու դրանց կիրառման օրենսդրական շրջանակները, մյուս դեպքում` օրենքով սահմանված հարկեր մուծելու` անձի սահմանադրական պարտականության կատարման անխուսափելիությունը, սահմանադրական դատարանը կարևորում է վերջինիս իրավակարգավորման այնպիսի միջոցների ու ձևերի սահմանումն ու կիրառումը, որոնց պարագայում իրավունքը չենթարկվի անիրավաչափ (անհամաչափ) սահմանափակման, իսկ օրենքով նախատեսված սահմանափակումները հետապնդեն սահմանադրորեն արդարացված նպատակ և որևէ կերպ չգերազանցեն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակները:
i
Վերոհիշյալ իրավապայմանների սահմանադրաիրավական բովանդակության և հասարակական հարաբերությունների կարգավորման բնագավառում դրանց գործադրման միջոցով իրավունքի գերակայության հաստատման գործում ունեցած սկզբունքային նշանակության վերաբերյալ սահմանադրական դատարանը մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել իր որոշումներում: Մասնավորապես, ՍԴՈ-903 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը նախատեսում է սեփականության իրավունքի իրականացման սահմանափակման միմյանցից տարանջատվող չորս հանգամանք.
ա) սեփականության իրավունքի իրականացման սահմանափակում` շրջակա միջավայրին վնաս պատճառելու, այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը խախտելու արգելքով (31-րդ հոդվ. 1-ին մասի երկրորդ նախադասություն),
բ) սեփականազրկում (31-րդ հոդվ. 2-րդ մաս),
գ) սեփականության հարկադիր օտարում հասարակության և պետության կարիքների համար (31-րդ հոդվ. 3-րդ մաս),
դ) հողի սեփականության իրավունքի սահմանափակում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Ինչպես հետևում է նշված ա) ենթակետի բովանդակությունից, սեփականության իրավունքի իրականացումը սահմանադիրը կաշկանդում է որոշակի հանրային արժեքներ պահպանելու պահանջով: Դրանք են. շրջակա միջավայրը, այլ անձանց, հանրության և պետության իրավունքները և օրինական շահերը: Նման մոտեցումը կոչված է ապահովելու սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացումը ճանաչելով երաշխավորված, սակայն ոչ բացարձակ»:
Սույն գործով առաջադրված խնդրի բացահայտման տեսանկյունից կարևոր է հատկապես արձանագրել, որ սահմանադրաիրավական նորմերն ընթացիկ օրենսդրական կարգավորումների միջոցով կիրառելը հատկապես երաշխավորելի է այնպիսի իրավաընկալման դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքն օրենքով նախանշված հիմքերով միջոց է հանդիսանում սահմանադրական պարտականության կատարումն ապահովելու համար: Այսինքն` իրավունքն ու պարտականությունը հանդես են գալիս ոչ միայն որպես անձի սուբյեկտիվ կարգավիճակը բնորոշող կամ հասարակական հարաբերություններում սուբյեկտիվ օրինաչափ հնարավորությունների ու ցանկությունների իրականացմանը կոչված և իրենց երկմիասնությամբ պայմանավորված իրավաբանորեն թույլատրելի միջոցներ, այլև իրավակարգավորման կարևոր բաղադրիչներ են, տվյալ դեպքում` անձի հարկային պարտավորության կատարումն ապահովելու միջոցով, պետական ու հասարակական կարիքների բավարարմանն ուղղված խնդիրներ լուծելու նպատակով: Այս առումով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող նորմերով նախատեսված կարգավորման որոշակիորեն արտահայտված իրավական կոնկրետ նպատակը պետական լիազոր մարմնի կողմից վերահսկվող անձի (ֆիզիկական և իրավաբանական) կողմից իր սուբյեկտիվ պարտականության կատարումն ապահովելն է, որն ունի սահմանադրորեն կանխորոշված հանրային-իրավական նշանակություն, քանի որ կոչված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրության 45, 48, 83.5, 89 և 106-րդ հոդվածներում նախանշված պատվիրանների կատարումը: Այդ նպատակի իրականացման օրենքով թույլատրելի միջոցը, ըստ վիճարկվող նորմերի իրավական բովանդակության, անձի գույքային իրավունքների սահմանափակումն է, որը կարող է դրսևորվել անձի պարտավորությունների կատարմանը համարժեք գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու արգելքի ժամանակավոր կիրառմամբ: Այսինքն` սույն գործով վիճարկվող նորմերում ամրագրված իրավակարգավորման գլխավոր միջոցը (մեթոդը) իր պարտավորություններին համարժեք անձի սահմանադրական իրավունքի ժամանակավոր սահմանափակմամբ նրա սահմանադրական պարտականության կատարումն ապահովելն է:
Անդրադառնալով հիշյալ միջոցի կիրառման իրավաչափության գնահատման խնդրին` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հարցը դիտարկել ինչպես վիճարկվող, այնպես էլ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի այլ նորմերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` համապատասխան իրավակարգավորումներ նախատեսող նորմերի համալիր վերլուծության շրջանակներում, մասնավորապես պարզելու համար, թե համարժեքության առումով համադրելի՞ են, արդյոք, վիճարկվող նորմերը սեփականազրկման գործընթացի իրավակարգավորումների համատեքստում:
Սեփականության իրավունքից «զրկելու» ինստիտուտի ընդհանուր էությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի չորրորդ բաժնի նորմերից և, մասնավորապես` 279-րդ հոդվածից` որպես սեփականության իրավունքի հարկադիր դադարման հիմք: Սահմանադրական դատարանն այդ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանն անդրադարձել է իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009): ՍԴՈ-903 որոշման մեջ բնութագրվում են դրա հիմնական և պարտադիր հետևյալ տարրերը.
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում,
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ ունեցած` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավազորությունների միաժամանակյա և լիակատար դադարում` առանց շարունակականության երաշխավորման,
- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց:
Համադրելով «սեփականազրկումը» բնորոշող վերոշարադրյալ տարրերը սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերի հետ` սահմանադրական դատարանն արձանագրում է հարկային մարմնի կողմից կիրառվող արգելադրման ինստիտուտի հետևյալ առանձնահատկությունները, համաձայն որոնց` այն «սեփականազրկումից» էապես տարբեր ինստիտուտ է, մասնավորապես.
- անձի սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ արգելանքը կիրառվում է վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորության կատարումն ապահովելու սահմաններում ու նպատակով («Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին մաս), հետևաբար, այն իրավախախտման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոց չէ,
- արգելադրումն իրականացվում է գույքային իրավունքների (տնօրինում, տիրապետում կամ օգտագործում) սահմանափակման միջոցով («Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին մաս), այն սեփականատիրոջ իրավազորությունների միաժամանակյա և լիակատար դադարում չէ` առանց շարունակականության երաշխավորման,
- արգելադրման դեպքում ընդհանրապես կիրառելի չէ հատուցանելիության սկզբունքը,
- հարկային մարմնի կողմից արգելադրումն իրականացվում է արտադատական կարգով,
- արգելանք դնելիս յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակման տեսակները, ծավալները` ելնելով տվյալ գույքի հատկանիշներից ու սեփականատիրոջ (կամ տիրապետողի) համար դրա նշանակությունից («Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 7-րդ մաս),
- հարկային պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո կամ արգելանքի կիրառմամբ հարկ վճարողի գործունեության ակնհայտ վտանգման դեպքերում առկա է հարկ վճարողի հետ պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կնքելու հնարավորություն («Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 12-րդ մաս),
- արգելադրում կիրառվում է ժամանակային կրճատ տևողությամբ (մեկ ամսից ոչ ավելի) և պարտավորության չկատարման դեպքում դրան հաջորդում են դատական կարգով գույքի բռնագանձման պարտադիր գործընթացներ («Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 13-րդ մաս), ընդ որում, սեփականատիրոջ իրավունքը դադարում է միայն դատական կարգով բռնագանձում տարածելուց հետո այն անձի սեփականության իրավունքի ծագման պահից, ում անցնում է տվյալ գույքը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 281-րդ հոդված),
- գույքն արգելանքի վերցնելու մասին հարկային մարմնի որոշումն ինչպես վարչական («Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 14-րդ մաս), այնպես էլ դատական կարգով ենթակա է բողոքարկման (»Հարկերի մասին» օրենքի 6-րդ գլուխ),
- հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության դադարման, արգելանք դնելուց հետո` 1-ամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացնելու կամ հարկ վճարողի հետ սույն հոդվածում նշված պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերում գույքի արգելադրման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած («Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 13-րդ մաս):
Այսպիսով, ակնհայտ են «սեփականազրկման» և հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գույքի նկատմամբ արգելանք կիրառելու ինստիտուտների ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային-իրավական էապես տարբեր նշանակությունն ու կիրառման առանձնահատկությունները:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առաջադրված հարցադրումների շրջանակներում գույքի արգելադրումն իր իրավակարգավորիչ բովանդակությամբ ու նշանակությամբ օրենսդրի կողմից` ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների իրացման նպատակով սահմանված իրավապայման է` արտադատական (կամ` մինչդատական) կարգով ապահովելու հարկատու անձի սահմանադրական պարտականության կատարումը, որի շրջանակներում երաշխավորված է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների` օրենքով սահմանված կարգով իրացումը: Այդ իրավապայմանը հետապնդում է սահմանադրորեն արդարացի, հետևաբար` նաև իրավաչափ նպատակ, որի կիրառմանն ուղղված միջոցների և հետապնդվող նպատակի միջև օրենսդիրը պահպանել է ողջամիտ համաչափություն:
6. Անդրադառնալով սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում լիազոր պետական մարմնի լիազորությունների բնույթի սահմանադրաիրավական գնահատմանը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես գույքի արգելադրմանը, այնպես էլ հարկային մարմնի կողմից հարկատու անձի պետական (համայնքային) բյուջեի առջև ունեցած պարտավորության կատարումն ապահովելուն ուղղված և վիճարկվող նորմերով նախատեսված այլ լիազորությունները (ժամանակացույցի կնքում, գույքի բռնագանձման հայցի ներկայացում և այլն), բխում են ՀՀ Սահմանադրության 89-րդ և 106-րդ հոդվածներում նախանշված պատվիրաններից և պետական բյուջեի կատարումն ապահովելու բնագավառում գործադիր իշխանության` ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված սահմանադրական անմիջական լիազորությունից: Հարկային մարմնի վերոհիշյալ լիազորություններն այնքանով, որքանով պայմանավորված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 18-րդ և 20-րդ մասերում նախանշված հանգամանքների առկայությամբ, օբյեկտիվորեն կարող են իրավաչափ համարվել:
Սակայն նկատի ունենալով նաև նման լիազորությունների կիրառման հետ կապված ու դիմողի կողմից մատնանշվող իրական ռիսկը` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը պետք է իրացնել միայն հարկային պարտավորությունների կատարումն ապահովող` օրենքով նախատեսված այլ հնարավորությունների սպառման պարագայում, և խիստ վերահսկելի ձևով:
7. Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների բնագավառում առկա միջազգային իրավական փորձին անդրադառնալիս սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կարևորել նախ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված սկզբունքային հետևյալ մոտեցումները, համաձայն որոնց.
- հարկերի հավաքագրման ապահովման նպատակով կառուցակարգեր մշակելիս պետությունները պետք է ունենան որոշակի հայեցողական ազատություն, որն ընդգրկում է հարկեր վճարելուց խուսափելու կանխարգելումը որպես իրավաչափ նպատակ ճանաչելը և բխում է հանրային շահերից (Case of Hentrich v. France (Application no. 13616/88), 22 September 1994),
- «ցանկացած միջամտություն, ներառյալ հարկերի վճարման ապահովման միջոցի կիրառման արդյունք հանդիսացող միջամտությունը, պետք է ապահովի «ողջամիտ հավասարակշռություն» հասարակության ընդհանուր շահերի պահանջների և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Այդպիսի հավասարակշռման հասնելու խնդիրն արտացոլված է 1-ին հոդվածի ողջ կառուցվածքում, ներառյալ` 2-րդ կետում: Անհրաժեշտ է պահպանել ողջամիտ համաչափություն օգտագործված միջոցների և հետապնդվող նպատակի միջև (ի թիվս այլոց, Gasus Dosier- und Fordertechnik GmbH v. The Netherlands գործով, պարբ. 49, 62),
- օրենսդիրը սկզբունքորեն կարող է դիմել այդ միջոցին (գույքի արգելադրմանը)` ապահովելու համար հասարակության շահերը` հարկերի վճարման և հարկային վճարումների հնարավորինս արդյունավետ իրականացման առումով» (Case of Gasus Dosier und Fordertechnik GmbH v. The Netherlands, (Application no. 15375/89) 23 February 1995):
Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ մի շարք երկրներում (Ռուսաստանի Դաշնություն, ՈՒկրաինա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Գերմանիա, Բելառուս, Վրաստան, Ղրղզստան, Սերբիա, ՈՒզբեկստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) առկա իրավակարգավորումների ուսումնասիրությունը թույլ է տալիս հանգել այն եզրակացությանը, որ այս հարցի վերաբերյալ առկա են տարբեր մոտեցումներ: Մասնավորապես`
- գույքի արգելադրումը, որպես հարկային պարտավորությունների ապահովման միջոց, իրականացվում է հարկային մարմնի կողմից` դատախազի սանկցիայի հիման վրա (Ռուսաստանի Դաշնություն).
- հարկային ծառայության մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) օրենքով սահմանված հիմքերից մեկի առկայության դեպքում որոշում է կայացնում հարկատուի գույքի վրա արգելանք դնելու մասին (ՈՒկրաինա, Բելառուս, Վրաստան).
- հարկատու անձի գույքի տնօրինման սահմանափակման մասին որոշումը կայացվում է հարկային մարմնի կողմից (Ղազախստան, Լատվիա, Գերմանիա, Էստոնիա, Սերբիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ).
- հարկատուի բանկային հաշիվների վրա արգելանք կարող է դրվել բացառապես դատարանի որոշման հիման վրա` պետական հարկային ծառայության մարմնի կողմից դատարան դիմելու միջոցով (ՈՒկրաինա, Ղրղզստան) և այլն:
Բացի նշվածից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Շեշտադրվում է նաև, որ նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Այսպիսով, սահմանադրական դատարանը գտնում է, որ հարկային պարտավորությունների կատարման ապահովման բնագավառում գույքային իրավունքների սահմանափակման ինստիտուտի կիրառման միջազգային իրավական փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է գործող իրավակարգավորումն օրենքով նախատեսելու օբյեկտիվ անհրաժեշտությունը և սույն գործով վիճարկվող նորմատիվ դրույթների համապատասխանությունն այդ ինստիտուտի իրավաչափ կիրառման չափորոշիչներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 հունվարի 2013 թվականի
ՍԴՈ-1073