020.1021.170412
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 ապրիլի 2012թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 06.03.2012թ.:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա զարգացման նպատակով:
2. Արձանագրությամբ հստակեցվում է ՀԱՊԿ կանոնադրության 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված` ՀԱՊԿ անդամ պետությունների` իրենց տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի (ուժերի) խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին որոշումների ընդունման մեխանիզմը: Կանոնադրությամբ սահմանվում է, որ որոշումներն ընդունվում են անհետաձգելի խորհրդակցությունների անցկացումից հետո: Արձանագրությամբ սահմանվում է, որ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն ընդունում են որոշումներ` իրենց տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի (ուժերի) խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ այլ պետությունների հետ անհետաձգելի խորհրդակցություններ անցկացնելուց (համաձայնեցնելուց) հետո և նրանց պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:
4. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին չորրորդ գրավոր ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
5. Արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
17 ապրիլի 2012 թվականի
ՍԴՈ-1021