011.0315.270312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1001 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ԱԺՈ-315-Ն
Նախագիծ
Հայաստանի Հանրապետության առարկությունը «Անձնական տվյալների
ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին»
Կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 2010 թ. մայիսի 3-ին «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Կոնվենցիայի վավերագրի հանձնման ժամանակ հաստատված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: