020.0151.080199
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1999-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 հունվարի 1999 թվականի |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարար Մ. Միքայելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից 1999-2000 թվականներին Հայաստանի Հանրապետությանը պետական վարկի տրամադրման մասին 1998 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Միքայելյանի բացատրությունը, ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ երկարատև համագործակցության նպատակով:
Ըստ համաձայնագրի, Ռուսական կողմը Հայկական կողմին տրամադրում է պետական վարկ` մինչև 20,57 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով:
Վարկն իրացվում է Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վճարման միջոցով:
Ըստ համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի, վարկը տրամադրվում է Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար:
Համաձայնագրի հավելվածով նախատեսված միջուկային վառելիքի մատակարարման վճարումը` 13,1 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով կատարվում է 1999 թվականին, իսկ վարկի մնացած մասը` 7,47 մլն ԱՄՆ-ի դոլարի ծավալով, տրամադրվում է 2000 թվականի ընթացքում:
Վարկի օգտագործված գումարները Հայկական կողմը մարում է 2003-2008 թվականների ընթացքում` ամեն եռամսյակ հավասար մասնաբաժիններով:
Համաձայնագիրը բովանդակում է նաև դրույթներ` վճարումների կատարման կոնկրետ ժամկետների և կարգի, վարկի մարման ժամկետների խախտման հետևանքների, վարկի սպասարկման համար լիազորված բանկերի, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից 1999-2000 թվականներին Հայաստանի Հանրապետությանը պետական վարկի տրամադրման մասին 1998 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8 հունվարի 1999 թվականի
ՍԴՈ-151