020.1001.021211
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1981 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
2 դեկտեմբերի 2011թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2011 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 1981 թվականի հունվարի 28-ին` Ստրասբուրգում:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 8-ին` Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կողմից:
Կոնվենցիայի վավերագրի հանձնման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության հաստատած հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առարկություն:
2. Կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը` իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով:
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- Կոնվենցիան կիրառել պետական և մասնավոր ոլորտներում ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի և անձնական տվյալների ավտոմատացված մշակման նկատմամբ.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան երաշխիքներ ապահովելու անհնարինության դեպքում ավտոմատ կերպով չմշակել ռասայական ծագումը, քաղաքական կարծիքները կամ կրոնական, կամ այլ համոզմունքները բացահայտող, ինչպես նաև առողջությանը կամ սեռական կյանքին առնչվող անձնական տվյալները.
- ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցներ տվյալների ավտոմատացված ֆայլերում պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նաև չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար.
- նախատեսել համապատասխան պատժամիջոցներ և պաշտպանության միջոցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների խախտման համար` կիրառելով Կոնվենցիայում ամրագրված տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքները.
- Կոնվենցիայով նախատեսված դեպքերում և կարգով համաձայնել Կոնվենցիայի մյուս կողմերին տրամադրել փոխադարձ օգնություն և այդ նպատակով նշանակել մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ.
- Կոնվենցիայում նշված դեպքերում կրել փորձագետների և բանավոր թարգմանիչների հետ կապված ծախսերը:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2 դեկտեմբերի 2011 թվականի
ՍԴՈ-1001