(ուժը կորցրել է 20.08.02 թիվ ՆԿ-1170-Ն կարգադրություն)
i
031.0205.171298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
17 դեկտեմբերի 1998թ.
ՆԿ-205
Հավելված
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1998 թվականի դեկտեմբերի 17-ի
ՆԿ-205 կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) տնտեսագիտական վարչությունը (այսուհետ` Վարչություն) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:
3. Վարչության կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
4. Վարչության ներքին կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Աշխատակազմի ղեկավարը` Վարչության պետի ներկայացմամբ:
5. Վարչությունն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Վարչության խնդիրն է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը` իր իրավասության շրջանակներում:
2. Վարչության գործառույթներն են`
- Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող փաստաթղթերի փորձագիտական քննություն իրականացնելը.
- համապատասխան մարմինների հետ համագործակցելով` սոցիալ-տնտեսական բնագավառին վերաբերող ծրագրերի և իրավական ակտերի հիմնադրույթները և նախագծերը քննության ենթարկելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ տնտեսության համապատասխան բնագավառներում գործերի վիճակի վերլուծությունը, հրատապ հարցերի բացահայտումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական գործընթացների և առանձին մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ զեկուցագրեր ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթներ:
3. Վարչությունն իր գործառույթներն իրականացնելիս`
- Հայաստանի Հանրապետության նախագահին և Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տնտեսական օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.
- իր իրավասության շրջանակներում նախապատրաստում և սահմանված կարգով Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծեր` համապատասխան եզրակացություններով և տեղեկանքներով.
- իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը նախապատրաստելու, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով, հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ պարբերաբար ուսումնասիրում և քննարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների կատարման արդյունքները և ներկայացնում համապատասխան տեղեկանքներ.
- իր իրավասության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին զեկուցագրեր է ներկայացնում իր կողմից սպասարկվող բնագավառի հետ առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իր իրավասության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված ակտերի նախագծերի համակողմանի ուսումնասիրման նպատակով, Աշխատակազմի ղեկավարի միջոցով փորձաքննության է ուղարկում համապատասխան նյութերը և անհրաժեշտության դեպքում պահանջում տեղեկատվական-վերլուծական բնույթի այլ նյութեր ու փաստաթղթեր.
- Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, անհրաժեշտության դեպքում, հասարակական և պայմանագրային հիմունքներով, իր աշխատանքներին ներգրավում է այլ կազմակերպությունների և մասնագետների:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
1. Վարչության պետն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:
2. Վարչության պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
3. Վարչության պետը`
- իրականացնում է Վարչության անմիջական ղեկավարումը.
- իրականացնում է Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վարչության կանոնադրության, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց խրախուսելու վերաբերյալ.
- Վարչության աշխատողների միջև բաշխում է պարտականությունները.
- իր իրավասության շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- իր իրավասության շրջանակներում ապահովում է Վարչության և այլ մարմինների փոխհարաբերությունները.
- ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
- Վարչության իրավասության շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- պատասխանատվություն է կրում Վարչության առջև դրված խնդիրների լուծման համար.
- կատարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջականորեն ենթարկվում են Վարչության պետին:
5. Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Աշխատակազմի ղեկավարի հրամանով` Վարչության պետի ներկայացմամբ:
6. Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`
- իրականացնում են համապատասխան ստորաբաժանման անմիջական ղեկավարումը.
- ապահովում են իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատանքի պատշաճ կազմակերպումը.
- Վարչության պետին են զեկուցում իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պատրաստված նյութերը.
- Վարչության պետի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում են իրենց ղեկավարած ստորաբաժանման գործունեության հետ առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- պատասխանատվություն են կրում իրենց ղեկավարած ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.
- կատարում են Վարչության պետի հանձնարարականները: