(ուժը կորցրել է 20.08.02 թիվ ՆԿ-1170-Ն կարգադրություն)
i
031.0204.171298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
17 դեկտեմբերի 1998թ.
ՆԿ-204
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Նախագահի
1998 թվականի դեկտեմբերի 17-ի
ՆԿ-204 կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) պետաիրավական վարչությունը (այսուհետ` Վարչություն) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական խնդիրն է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման իրավական ապահովումը` իր իրավասության շրջանակներում:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:
3. Վարչության կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
4. Վարչության ներքին կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Աշխատակազմի ղեկավարը` Վարչության պետի ներկայացմամբ:
5. Վարչությունն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Վարչության գործառույթներն են`
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների (այդ թվում` օրենքի ուժ ունեցող) և Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը ենթակա Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացություններ նախապատրաստելը և Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի գործունեության իրավական-վերլուծական ապահովումը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ինչպես նաև այլ իրավական ակտերի նախագծեր նախապատրաստելը.
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու աշխատանքները կազմակերպելը.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածով նախատեսված հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացման իրավական ապահովումը.
- քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին ուղղված Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի և իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, ամփոփումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, մշակումը, վերլուծությունն ու Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին պետական շինարարության հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին հրամանագրերով, կարգադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթներ:
2. Վարչությունն իր գործառույթներն իրականացնելիս`
- համակարգում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի փորձաքննական աշխատանքները.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի և դրանք նախագծերի փորձաքննությանը և (կամ) լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
- իր իրավասության շրջանակներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, այլ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Աշխատակազմի մյուս ստորաբաժանումների հետ.
- իր իրավասության շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար և այլ անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումը կազմակերպելու նպատակով հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
- Հայաստանի Հանրապետության նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական մարմիններում և կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
- անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին զեկուցումներ է ներկայացնում իր կողմից սպասարկվող բնագավառի հետ առնչվող համապատասխան մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանագրերով իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
1. Վարչության պետն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:
2. Վարչության պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
3. Վարչության պետը`
- իրականացնում է Վարչության անմիջական ղեկավարումը և պատասխանատվություն է կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.
- ապահովում է աշխատանքների պատշաճ կազմակերպումը, կատարում է Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև աշխատողների միջև գործառույթների և պարտականությունների բաշխում.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վարչության կանոնադրության, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, խրախուսելու, ինչպես նաև նրանց առաջխաղացման կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության կողմից նախապատրաստված առաջարկություններ, եզրակացություններ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն.
- ներկայացնում է Վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
- իր իրավասության շրջանակներում այլ մարմիններից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը, իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի պատճենների վերջին վիզավորման գործառույթը.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջականորեն ենթարկվում են Վարչության պետին:
Վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`
- իրականացնում են համապատասխան ստորաբաժանման անմիջական ղեկավարումը.
- ապահովում են իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատանքի պատշաճ կազմակերպումը.
- Վարչության պետին են զեկուցում իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պատրաստված նյութերը.
- Վարչության պետի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում են իրենց ղեկավարած ստորաբաժանման գործունեության հետ առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- պատասխանատվություն են կրում իրենց ղեկավարած ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.
- կատարում են Վարչության պետի հանձնարարականները:
5. Վարչության աշխատողներն ապահովում են Վարչության պետի և համապատասխան ներքին կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականների կատարումը և անձնական պատասխանատվություն կրում դրանց պատշաճ կատարման համար: