Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱ ...

 

 

020.0979.160611

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 հունիսի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա.Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 7 հունիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Վարկառու) և Ասիական զարգացման բանկի (այսուհետ` ԱԶԲ) միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի մայիսի 30-ին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի կողմից:

Քննության առարկա Համաձայնագրի նախաբանից բխում է, որ վերջինիս կնքման համար հիմք է հանդիսացել Կողմերի միջև դեռևս 2009 թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), որը ՀՀ կողմից վավերացված է ՀՀ Ազգային ժողովի 02.02.2010թ. թիվ ԱԺՈ-186-Ն որոշմամբ:

Վարկառուն 2010թ. դեկտեմբերի 6-ին ներկայացված ֆինանսավորման հայտով դիմել է ԱԶԲ-ին` սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում նկարագրված Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով վարկ տրամադրելու համար:

ԱԶԲ-ն համաձայնել է իր ընթացիկ կապիտալ միջոցներից Վարկառուին տրամադրել (170,000.000) հարյուր յոթանասուն միլիոն ԱՄՆ դոլարի վարկ:

Համաձայն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.02 բաժնի` վարկն ունի մայր գումարի 20 տարվա մարման ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված, այն է` մայր գումարի առաջին վճարման ամսաթվին (01.04.2015թ.) նախորդող ժամանակահատված:

Համաձայնագրի 1-ին հավելվածին համապատասխան` ներդրումային Ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում զարգացնել միջտարածաշրջանային և պետական ճանապարհատրանսպորտային ցանցը, դրանով իսկ նպաստելով միջտարածաշրջանային ճանապարհային տրանսպորտի տարանցման դյուրացմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանը, առևտրային հոսքերի և մրցակցության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, շուկաների, աշխատանքների և սոցիալական ծառայությունների դյուրաշարժությանն ու հասանելիությանը, ճանապարհային ենթակառուցվածքների և կառավարման կարողությունների բարելավմանը:

Հանդիսանալով Ծրագրի հիմնական բաղադրիչը` նախատեսվում է Աշտարակ և Թալին քաղաքների միջև մոտավորապես 41.3 կմ ձգվող երկուղի ճանապարհի վերակառուցումը և լայնացումը քառուղի ճանապարհի, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ և օժանդակություն Ծրագրի կառավարմանը:

Վարկի շրջանակներում մատնանշված ծրագրային աշխատանքների իրականացման վերջնաժամկետն է 2014թ. դեկտեմբերի 31-ը:

Համաձայնագրով վարկային միջոցների ստացման վերջնաժամկետ է հանդիսանում 2015թ. հունիսի 30-ը կամ Վարկառուի և ԱԶԲ-ի միջև փոխհամաձայնեցված այլ օր, իսկ վարկի մայր գումարի մարման վերջնաժամկետ` 2034թ. հոկտեմբերի 1-ը:

2. Խնդրո առարկա Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 6 հոդվածներից և Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող 5 հավելվածներից:

Համաձայնագրի 1-ին հոդվածը նվիրված է վարկի տրամադրման ընդհանուր կանոններին և սահմանումներին: Մասնավորապես, տրված են Համաձայնագրում օգտագործված մի շարք եզրույթների և հասկացությունների բովանդակային պարզաբանումները:

Համաձայնագրի 2-5-րդ հոդվածներում սահմանված են տրամադրվելիք վարկի ընդհանուր պայմանները, Վարկառուի ֆինանսական բնույթի կոնկրետ պարտավորությունները, վարկային միջոցների նպատակային օգտագործման մասին համապատասխան դրույթները, Կողմերի հատուկ պարտավորությունները և Համաձայնագրի գործողության ժամկետը: Ընդսմին, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսված Համաձայնագրի ամսաթվից 60 օր անց եկող ամսաթիվը:

Ըստ Համաձայնագրի 6-րդ հոդվածի` Վարկառուի ֆինանսների նախարարը հանդես է գալու որպես Վարկառուի ներկայացուցիչ:

Համաձայնագրի հավելվածներում ամրագրված են Ծրագրի ընդհանուր նկարագրությունը, վարկի մարման ժամանակացույցը, վարկային միջոցների հանման և հատկացման պայմաններն ու կարգը` կից աղյուսակով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներին, ինչպես նաև Կողմերի տարաբնույթ այլ պարտավորություններին առնչվող դրույթներ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները (այդ թվում` նաև ֆինանսական բնույթի).

- Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.02 բաժնի համաձայն` Վարկառուն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ին վճարելու է տոկոսադրույք վերցված և դեռևս չմարված վարկի մայր գումարի համար յուրաքանչյուր տոկոսագումարի ժամանակահատվածի համար LIBOR-ի գումարին հավասար դրույքով և 0.60%` համաձայն վարկավորման կարգի 3.02 բաժնի, հանած 0.30% փոխառությունը,

- Վարկառուն տարեկան կտրվածքով վճարելու է 0.15%-ի չափով պարտավճար,

- Վարկառուն վարկի տոկոսադրույքը և այլ վճարները վճարելու է կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին,

- Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.05 բաժնի և 2-րդ հավելվածի համաձայն` վարկառուն պարտավոր է վերադարձնել վարկային հաշվից հանված վարկի մայր գումարը և տոկոսները` կիսամյակային մուծումներով` սկսած 2015թ. ապրիլի 1-ից մինչև 2034թ. հոկտեմբերի 1-ը, որի վճարվելիք տոկոսային մասնաբաժինը պետք է կազմի վարկի ամբողջական մայր գումարի վճարման օրվա դրությամբ 2.50%,

- Համաձայնագրի 3-րդ հավելվածի աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նախատեսվում է, որ վարկի միջոցներից կարող են ֆինանսավորվել Ծրագրի համար աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների 100%-ը` առանց հարկերի և տուրքերի,

- Համաձայնագրի 5-րդ հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Վարկառուն պետք է միջոցներ տրամադրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի հետ առնչվող փոխհատուցումները և ծախսերը ֆինանսավորելու նպատակով,

- Վարկառուն պետք է վարկային միջոցները բացառապես օգտագործի Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով,

- Վարկառուն գնելու կամ ապահովելու է, որ ծախսերով նախատեսված առարկաները գնվեն սույն Համաձայնագրի 4-րդ հավելվածում նախատեսված կարգով,

- Վարկառուն պարտավոր է ապահովել Ծրագրի իրականացումը` տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման հիմնավորված գործելակերպերին համապատասխան,

- Վարկառուն պետք է հնարավորություն ապահովի ԱԶԲ-ի համար Վարկառուի հրավիրած աուդիտորների հետ Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները, Ծրագրին առնչվող ֆինանսական գործերը քննարկելու համար,

- Վարկառուն պետք է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռի քննության առնելու Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները, համապատասխան գրառումներն ու փաստաթղթերը,

- Վարկառուն ապահովելու է ծրագրային ճանապարհի շահագործումը, պահպանությունը և վերանորոգումը` սահմանված տեխնիկական, ֆինանսական գործելակերպերին համապատասխան,

- Ծրագիրն իրականացնելիս և ծրագրային ճանապարհը շահագործելիս` Վարկառուն ապահովելու է, որ կատարվեն սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նախատեսված պարտավորությունները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 հունիսի 2011 թվականի

ՍԴՈ-979

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.06.2011
N ՍԴՈ-979
Որոշում