020.0938.150211
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 5 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
15 փետրվարի 2011թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականի մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2010 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականի մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունն ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից:
2. Արձանագրության համար պայմանագրաիրավական հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականի մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը (Պայմանագիր), որը կնքվել է երկու պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը պաշտպանելու նպատակով` հաստատելով երկու պետությունների նվիրվածությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրության և Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին:
Համաձայն Պայմանագրի` վերջինիս դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ:
Պայմանագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1997 թվականի ապրիլի 29-ին:
3. Ըստ գործի նյութերի` արձանագրությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Արձանագրությամբ ընդլայնվում են ռուսաստանյան ռազմակայանի խնդիրները, այդ թվում` ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ի տարբերություն Պայմանագրի գործող ձևակերպման, համաձայն որի` ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը` նախկին ԽՍՀ Միության արտաքին սահմանով (Թուրքիա և Իրան): Հիշյալ ձևակերպումը, ըստ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության, որևէ տարանջատում չի մտցնում Հայաստանի Հանրապետության հարևան երկրների միջև` դրանով իսկ վերացնելով նախկին ձևակերպումից բխող այն եզրակացությունը, թե Թուրքիայից և Իրանից Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթություն ունի:
Երկարաժամկետ պլանավորմամբ պայմանավորված` արձանագրությամբ նաև երկարաձգվում է Պայմանագրի գործողության ժամկետը (դրանով իսկ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելու ժամկետը)` նախկին 25 տարվա փոխարեն` 49 տարի:
4. Ըստ արձանագրության (Պայմանագրի 3-րդ և 26-րդ հոդվածների վերախմբագրմամբ)` Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը (կողմեր) համաձայնում են.
- ռուսաստանյան ռազմակայանը կատարում է կողմերի համապատասխան պայմանավորվածություններից բխող խնդիրները.
- ռուսաստանյան ռազմակայանը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը.
- նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմն աջակցում է ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով Հայաստանի Հանրապետությանն ապահովելու գործին.
- ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, 1997 թվականի օգոստոսի 29-ի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա, ինչպես նաև կողմերի օրենսդրության հիման վրա.
- Պայմանագիրը գործում է քառասունինը տարվա ընթացքում և ինքնաբերաբար երկարաձգվում է իրար հաջորդող հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամանակաշրջանի ավարտից առնվազն 6 ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Պայմանագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ:
Արձանագրությունը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում կողմերի միջև վավերագրերի փոխանակման օրվանից:
Արձանագրությունը կազմված է հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Արձանագրությունը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:
5. Արձանագրության և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան պետությունների միջև ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն, միաժամանակ ուղղված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, արտաքին սպառնալիքների դիմակայմանը, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականի մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
15 փետրվարի 2011 թվականի
ՍԴՈ-938