011.0203.170510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի` ՍԴՈ-846 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԱԺՈ-203-Ն
Հայաստանի Հանրապետության
առարկությունը
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»
ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության
հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացման ընթացքում կատարված վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: