020.0863.270110
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 հունվարի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված` Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված 2010 թվականի հունվարի 11-ին:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին` Մոսկվայում: Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագիրն ստորագրվել է առարկությամբ, որը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության կողմից սույն համաձայնագրի վավերացման ընթացքում կատարված վերապահմանը:
Համաձայնագրի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման և դրանց վերադարձի ապահովման համար համաձայնեցված միջոցների իրականացումը:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- պահպանելով միջազգային պարտավորությունները և ՀՀ օրենսդրությունը` համագործակցել մյուս Կողմերի հետ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների մասին նախազգուշացման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության, հետախուզման և վերադարձման գործում,
- իրականացնել համագործակցություն ՀՀ իրավասու մարմինների միջոցով,
- ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման և վերադարձի ապահովման նպատակով ապահովել ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի առկայությունը և դրանում ընդգրկված տվյալների օպերատիվ տրամադրումը մյուս Կողմերի իրավասու մարմինների հայցի հիման վրա,
- հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի ՀՀ տարածքում հայտնաբերելու, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում ՀՀ իրավասու մարմինը պարտավոր է 20 օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցել մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը,
- հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերած կամ կալանած ՀՀ իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովելու համար և չօգտագործել կամ չտնօրինել այն,
- որպես հայցվող Կողմ, ՀՀ կենտրոնական իրավասու մարմինը պարտավոր է ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հայցն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում այն քննարկել և դրա արդյունքների մասին տեղեկացնել հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին, իսկ ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս` 15 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին,
- ապահովել, որպեսզի հայտնաբերված կամ կալանված ավտոտրանսպորտային միջոցը հանձնվի հայցող Կողմի ներկայացուցչին` հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից տրված` նրա լիազորությունները հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
- ապահովել մյուս Կողմից ստացված տեղեկությունների գաղտնիությունը, եթե հայցող Կողմն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը, իսկ այդ տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում այն կատարել միայն այդ տեղեկությունները տրամադրած Կողմի գրավոր համաձայնությունն ստանալու պարագայում,
- հայցի կատարումը մերժելու մասին անհապաղ` մերժման պատճառների նշումով, գրավոր ծանուցել հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին,
- մյուս Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի ներկայացման դեպքում ապահովել, որ վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցներից չգանձվեն մաքսատուրքեր, հարկեր, ակցիզներ, գանձումներ, այլ վճարումներ,
- որպես հայցվող Կողմ հոգալ ավտոտրանսպորտային միջոցը կալանելու և պահելու հետ կապված ծախսերը, իսկ որպես հայցող Կողմ ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը հոգա ավտոտրանսպորտային միջոցը ՀՀ տարածք վերադարձնելու հետ կապված ծախսերը,
- դադարեցնել հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հետախուզումն այն նախաձեռնող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ:
3. Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերը համագործակցություն իրականացնելիս որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:
4. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ` դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին համահունչ ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված` Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
27 հունվարի 2010 թվականի
ՍԴՈ-863