Սեղմել Esc փակելու համար:
ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ ԹԻՎ 41698/04) ...

 

 

                          CONSEIL       COUNCIL

                         DE L'EUROPE   OF EUROPE

 

i

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 41698/04)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

2 դեկտեմբեր 2008

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ

 

04/05/2009

 

Վճիռը կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռ

 

Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`

Josep Casadevall, Նախագահ,

Elisabet Fura-Sandstrom,

Corneliu Birsan,

Bostjan M. Zupaneie,

Alvina Gyulumyan,

Egbert Myjer,

Luis Lopez Guerra, դատավորներ

և Stanley Naismith, Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2008 թ. նոյեմբերի 13-ին կայացած դռնփակ նիստում,

Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2004 թ. նոյեմբերի 5-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի քաղաքացի Մյասնիկ Թադևոսյանի (»դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 41698/04 գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացնում էին Լոնդոնում գործող Մարդու Իրավունքների Քրդական Ծրագրի իրավաբաններ պրն. Մ. Մյուլլերը, պրն. Թ. Օթթին, պրն. Ք. Յիլդիզը և տկն Լ. Քլարիջը, Երևանում գործող փաստաբան պրն. Տ. Տեր-Եսայանը և պրն. Ա. Ղազարյանը: ՀՀ Կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:

3. 2006 թ. հունվարի 24-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1944 թ. և ապրում է Մրգաշատ գյուղում, Հայաստանի Հանրապետություն:

5. Դիմումատուն ընդդիմադիր կուսակցություններից մեկի` «Ազգային Միաբանություն» կուսակցության Արմավիրի մարզի տարածքային մասնաճյուղի նախագահն է: Մինչ թոշակի անցնելը դիմումատուն շուրջ 30 տարի աշխատել է իրավապահ մարմիններում, որից 10-ը տարին եղել է ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:

6. 2004 թ. մարտ-մայիս ամիսներին Երևան քաղաքում մի շարք հանրահավաքներ են տեղի ունեցել, որոնք կազմակերպվել էին ընդդիմադիր կուսակցությունների կողմից 2003 թ. փետրվար-մարտ ամիսներին կայացած ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ենթադրյալ անօրինականությունների դեմ, որոնք վիճարկում էին վերընտրված նախագահի լեգիտիմությունը: Ըստ երևույթին, դիմումատուն մասնակցել է այդ հանրահավաքներից մի քանիսին:

 

Ա. Վարչական վարույթի առաջին փուլը

 

7. 2004 թ. ապրիլի 4-ին դիմումատուի բնակարան են այցելել երկու ոստիկան, որոնք վերջինիս խնդրել են իրենց հետ գնալ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին: Գործի նյութերից երևում է, որ դիմումատուն որոշակի դիմադրություն է ցուցաբերել ոստիկանությանը: Դիմումատուն ժխտում է այդ հանգամանքը:

8. Ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու, ինչպես նաև զազրախոսելու համար դիմումատուի դեմ ոստիկանությունում վարչական գործ է հարուցվել: Դիմումատուի պնդմամբ ոստիկանության բաժնի պետը ասել է, որ իրեն ձերբակալել են, որպեսզի վերջինս չմասնակցի հաջորդ օրը Երևանում տեղի ունենալիք հանրահավաքին:

9. 2004 թ. ապրիլի 5-ին դիմումատուն տարվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան, որտեղ դատավոր Ա-ն վերջինիս տասնօրյա ժամկետով վարչական կալանքի է ենթարկել «կողոպուտ կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու և շուրջ 5 րոպե զազրախոսելու համար»:

10. Այնուհետև դիմումատուն իր պատիժը կրելու համար տարվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ժամանակավոր պահման վայր:

11. Դիմումատուի պնդմամբ 2004 թ. ապրիլի 14-ին կալանքից ազատվելուց հետո նրան պարբերաբար այցելել են ոստիկանության աշխատակիցները և խուզարկություններ են կատարել իր բնակարանում: Յուրաքանչյուր նման այցելության ժամանակ նա ստիպված է եղել թաքնվել` վախենալով, որ նրան նորից կտանեն ոստիկանություն:

12. 2004 թ. ապրիլի 20-ին դիմումատուն դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` գանգատվելով վերոնշյալ դեպքերից, ներառյալ` նաև ոստիկանության աշխատակիցների պարբերաբար այցելություններից: 2004 թ. մայիսի 17-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերոնշյալ դիմումն ուղարկել է մարզային դատախազություն:

 

Բ. Վարչական վարույթի երկրորդ փուլը

 

13. Դիմումատուի պնդմամբ 2004 թ. մայիսի 20-ին ժամը 8-ի սահմաններում իր բնակարան են այցելել ոստիկանության երեք աշխատակից, որոնք հայտնել են իրեն, որ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետը ցանկանում է խոսել իր հետ: Այնուհետև նրան տարել են ոստիկանություն:

14. Գործի նյութերից երևում է, որ նույն օրը` ժամը 9-ի սահմաններում, դիմումատուն ձերբակալվել է: Կառավարության պնդումների համաձայն` ձերբակալման պատճառ է հանդիսացել իր և ոստիկանության աշխատակիցների միջև վիճաբանությունը, երբ վերջիններս ստուգելու նպատակով փորձել են կանգնեցնել իր մեքենան:

15. Ոստիկանությունում դիմումատուի դեմ վարչական գործ է հարուցվել և մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՎԻՎՕ-ի) 182-րդ հոդվածով` ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չարամտորեն չենթարկվելու և զազրախոսելու համար: Ինչպես երևում է գործի նյութերից, կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն, որն ստորագրվել է դիմումատուի կողմից: Գործով վկա Ս-ն իր կողմից տրված ցուցմունքներում հավաստել է դիմումատուի կողմից զանցանք կատարելու փաստը:

16. Դիմումատուի պնդմամբ ոստիկանությունում նրան խնդրել են ստորագրել մի փաստաթուղթ, որով կընդուներ այն, որ զազրախոսել է ոստիկանության աշխատակիցներին այն ժամանակ, երբ վերջիններս փորձել են կանգնեցնել իր մեքենան: Նա հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը` պնդելով, որ իր դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ է: Այդ ամենին ի պատասխան` ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ ոստիկանության բաժնի պետն է կարգադրել իրենց գրել նման փաստաթուղթ:

17. Այնուհետև դիմումատուի պնդմամբ ցերեկը` ժամը 12-ի սահմաններում, նրան տարել են ոստիկանության բաժնի պետի մոտ, ով իրեն ասել է, որ վերջինիս պիտի կալանավորեն տասնօրյա ժամկետով: Այդ ամենին ի պատասխան` դիմումատուն ժխտել է իր դեմ ներկայացված մեղադրանքները: Այնուհետև ոստիկանության բաժնի պետը վիրավորական խոսքեր է ասել դիմումատուի հասցեին: Քիչ անց նրան տարել են դատարան:

18. Կառավարությունն առարկել է վերոնշյալ պնդումների դեմ` նշելով, որ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են դիմումատուին իր դատավարական իրավունքների մասին, ներառյալ` փաստաբան ունենալու իր իրավունքի մասին, սակայն դիմումատուն չի ցանկացել փաստաբան ունենալ:

19. Դիմումատուն տարվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հ-ի մոտ: Դատավոր Հ-ն, կարճատև նիստից հետո որոշում է դիմումատուին ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածով ենթարկել վարչական կալանքի տասն օր ժամկետով: Դատավորի ամբողջ եզրակացությունը հանգում էր հետևյալ նախադասությանը.

 

«2004 թ. մայիսի 19-ից 20-ի գիշերվա ընթացքում [ավտոմեքենան] անընդհատ երթևեկել է Մրգաշատ գյուղում, որը կասկած է հարուցել հերթապահություն կատարող ոստիկանության աշխատակիցների մոտ, որը ստուգելու նպատակով, ժամը 9-ի սահմաններում նրանք փորձել են կանգնեցնել մեքենան և պարզել կասկածները: Մեքենան վարող զանցառուն [դիմումատուն] սկսել է հայհոյել ոստիկաններին, խանգարել է նրանց աշխատանքը, զազրախոսել է, չի կատարել նրանց օրինական պահանջները, որի համար բերման է ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին:

 

Իր բացատրությամբ [դիմումատուն] կատարված իրավախախտումը չընդունեց` հայտնելով, որ ինքը ոչ մի մեղք չի գործել, հասկանում է, որ պիտի նստի, ուստի կգնա կնստի: Բոլորից էլ շատ շնորհակալ է, օրենքները լավ գիտի, պաշտպանի կարիք չունի:

 

Վկաներ` ոստիկանության Մեծամորի բաժնի տեղամասային տեսուչ` [Գ.] և անչափահասների գործով օպեր` [Ա.] հայտնեցին, որ զանցառուն չի կատարել իրենց օրինական պահանջները, զազրախոսել է, հայհոյել իրենց:

 

Վկա [Ս.] ցուցմունք է տվել, որ ներկա է եղել զանցառուի կողմից ոստիկանության աշխատակիցներին հայհոյանքներ տալուն և վիճաբանությանը:

 

[Դիմումատուի] կատարած զանցանքը հիմնավորված է վարչական իրավախախտումների մասին արձանագրություններով, զեկուցագրերով [բերման ենթարկելու մասին արձանագրությամբ] և վկաների բացատրություններով»:

 

20. Դատական նիստի արձանագրության համաձայն դատական նիստը եղել է դռնբաց և սկսվել է ժամը 16.00-ին: Դատավորը դիմումատուին տեղեկացրել է դատավորին և դատական նիստերի քարտուղարին բացարկ հայտնելու, ինչպես նաև փաստաբան ունենալու իր իրավունքների մասին: Դիմումատուն չի արել որևէ միջնորդություն և հրաժարվել է փաստաբան ունենալուց: Այնուհետև դատավորը սկսել է ուսումնասիրել գործում առկա ապացույցները: Դատավորը լսել է դիմումատուին, ոստիկանության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև վկա Ս-ին: Դատավորն անցել է խորհրդակցական սենյակ, որից հետո վերադարձել է և հրապարակել է որոշումը:

21. Դիմումատուի պնդմամբ դատական նիստի արձանագրությունը ճշգրտորեն չի արտացոլում այն ամենը, ինչ իրականում տեղի է ունեցել դատական նիստի ժամանակ: Դատավորը չի հարցաքննել դիմումատուին, չի ընդունել դիմումատուի կողմից ներկայացված ապացույցները, չի տրամադրել անհրաժեշտ ժամանակ պաշտպանական կողմի վկաներին հրավիրելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների և մեղադրական կողմի վկաների հետ առերեսման համար:

22. 2004 թ. մայիսի 21-ին դիմումատուն դիմել է Արմավիրի մարզի դատախազին` բողոքելով ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ այցելություններից, պնդելով, որ իր դեմ հարուցված վարչական գործը շինծու է եղել, և խնդրել է իր դիմումին տալ համապատասխան ընթացք և իրեն ազատ արձակել: Նա նաև ասել է, որ ոստիկանության բաժնի պետը վիրավորել է իրեն:

23. 2004 թ. մայիսի 26-ին դատախազությունը հանցագործության դեպքի բացակայության հիմքով մերժել է քրեական գործի հարուցումը: Այս որոշումը չի բողոքարկվել:

 

Գ. Դիմումատուի կալանավորումը

 

24. Դիմումատուն իր երկրորդ տասնօրյա ժամկետով կալանքը կրել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ժամանակավոր պահման վայրում:

25. Դիմումատուն պնդել է, իսկ կառավարությունը չի վիճարկել այն հանգամանքը, որ այդ ընթացքում նա պահվել է 10 քմ մակերեսով խցում` ինն այլ կալանավորների հետ միասին, որոնցից մի քանիսն ունեին մեկից ավելի դատվածություն, և հաշվի չեն առնվել իր տարիքը, իր կողմից նախկինում ոստիկանության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաև իր կողմից նախկինում դատվածություն չունենալու հանգամանքները: Այնտեղ չեն եղել քնելու տեղեր, և կալանավորները ստիպված են եղել քնել մոմլաթապատ հատակի վրա: Խուցը վատ էր օդափոխվում, և այնտեղ չկար բավարար թարմ օդ: Բացառությամբ դիմումատուի` բոլոր կալանավորները խցում ծխում էին: Խցում կիսով չափ մութ էր: Այնտեղ կար 0.32 քմ մակերեսով պատուհան, որը գրեթե փակ էր: Դիմումատուն օրական երկու անգամ է սանիտարահիգիենիկ հարմարություններից, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու հնարավորություն ունեցել: Սնունդը տրվում է օրական միայն մեկ անգամ: Կալանքի ընթացքում նա իրեն ծայրահեղ նվաստացված էր զգում և մտահոգված էր իր անվտանգության համար` պայմանավորված այն հանգամանքով, որ նա նախկինում եղել է ոստիկանության բաժնի պետ:

26. Դիմումատուի պնդմամբ 2004 թ. մայիսի 30-ին կալանքից ազատվելուց հետո էլ նա շարունակում էր տառապել վախի զգացողությամբ և անքնությամբ:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը

 

27. ՎԻՎՕ-ի համապատասխան դրույթների համառոտ շարադրանքը տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի (Galstyan v. Armenia) գործով վճիռը (թիվ 26986/03, պարբ. 26, 15 նոյեմբեր 2007): Վերոնշյալ վճռում բացակայող ՎԻՎՕ-ի դրույթները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են.

 

Հոդված 182. Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական

կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

 

«Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը կամ ուղղիչ աշխատանքների նշանակում մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով»:

 

Բ. Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենք

 

28. Օրենքի համապատասխան հոդվածները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են հետևյալը.

 

Հոդված 13. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները

 

«Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի` ... 3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և [կուսակցություններին], զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին»:

 

Հոդված 20. Ձերբակալված և կալանավորված անձանց նյութակենցաղային

պայմանների ապահովումը

 

«... Ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ նորմերին: Ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել երկուսուկես քառակուսի մետրից` յուրաքանչյուր անձի համար:

Ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրում են անհատական քնելու տեղ և անկողնային պարագաներ»:

 

Գ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի` 2003 թ. սեպտեմբերի 11-ին հաստատված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին թիվ 8 հրաման.

 

29. Հրամանի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

«[Ձերբակալված անձանց պահելու վայրերի] հատուկ առանձնացված մասնաբաժիններում, [ՎԻՎՕ-ով] սահմանված տևողությամբ պահվում են նաև վարչական կալանքի ենթարկված անձինք...»:

 

III. ԿԱԼԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ

 

Ա. Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) զեկույցը 2002 թ. Հայաստան կատարած այցի վերաբերյալ - CPT/Inf(2004)25

 

30. Զեկույցի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.

 

«4. Կալանքի պայմանները

 

ա. ներածություն

 

43. Նախ և առաջ ԽԿԿ-ն ցանկանում է ընդգծել այն չափանիշները, որոնք կիրառվում են ոստիկանության ժամանակավոր պահման վայրերը գնահատելիս:

Ոստիկանությունում գտնվող բոլոր խցերը պետք է լինեն մաքուր, ունենան պահվող մարդկանց քանակին համապատասխան չափսեր, լուսավորում (այսինքն` բավարար կարդալու համար, բացառելով քնելու ժամերը) և օդափոխում: Գերադասելի է, որ խցերը սարքավորված լինեն հանգստի միջոցներով (օրինակ, հատակին ամրացված լինեն աթոռ կամ նստարան), իսկ գիշերը այնտեղ անցկացնող անձանց պետք է տրամադրվեն մաքուր ներքնակներ և վերմակներ:

Արգելանքի ենթարկված անձինք անհրաժեշտության դեպքում իրենց բնական պահանջները պետք է բավարարեն մաքուր և պատշաճ պայմաններում` ունենալով լվացվելու հարմարանքներ: Նրանք պետք է սնունդ ստանան համապատասխան ժամերին, և ամեն օր առնվազն մեկ անգամ դա պետք է լինի լրիվ կերակուր (այսինքն` ավելի էական կերակուր, քան բուտերբրոդն է): Ոստիկանությունում 24 կամ ավելի ժամ արգելանքի տակ պահվող անձինք հնարավորության դեպքում պետք է կարողանան ամեն օր դրսում զբոսնել:

 

բ. Ժամանակավոր պահման վայրեր

 

44. Այցի ընթացքում ԽԿԿ պատվիրակությունը այցելեց ժամանակավոր պահման վայրեր Երևանում, Ախուրյանում, Հրազդանում, Մարալիկում և Սևանում: Այս հաստատություններում պահվում են երկու տեսակ կալանավորներ` քրեական գործերով կասկածյալները և վարչական կալանքի ենթարկված անձինք:

Այցելած ժամանակավոր պահման վայրերում գոյություն ունեցող կալանքի պայմանները տատանվում էին ընդունելիի (Ներքին գործերի նախարարության Հրազդանի բաժնում) և վատի (օրինակ, Ներքին գործերի նախարարության Ախուրյանի և Սևանի բաժիններում) միջև:

45. Ինչ վերաբերում է բնակեցվածության մակարդակին` ապա գրանցամատյանների ուսումնասիրությունն ու յուրաքանչյուր խցի քնելու տեղերի քանակը ցույց տվեցին, որ յուրաքանչյուր անձի համար Օրենքով [Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին] նախատեսված 2.5 քմ նվազագույն տարածք ապահովելու պահանջը պահպանվել էր քրեական գործերով կասկածյալների մասով: Սակայն ԽԿԿ-ն պետք է ավելացնի, որ այս նվազագույն չափանիշը շատ ցածր է: Ինչ վերաբերում է վարչական կալանք կրող անձանց խցերին, այցի ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը ցույց տվեց, որ պայմանները կարող էին դառնալ չափազանց նեղված, օրինակ` 9 քմ մակերեսով խցում մինչև 6 կալանավոր Հրազդանում և Սևանում:

Այցելած բոլոր ժամանակավոր պահման վայրերն ունեին խցերի լուսավորման և օդափոխման խնդիրներ: Բացառությամբ Հրազդանի ժամանակավոր պահման վայրի, բնական լույսից օգտվելու հնարավորությունը փոքր էր (փոքր պատուհաններ` որոշ դեպքերում, ինչպես Երևանում, ծածկված շերտավարագույրներով) կամ բացակայում էր (օրինակ, Ախուրյանում): Արհեստական լուսավորումը ամենուրեք թույլ էր, իսկ որոշ խցեր գրեթե մթության մեջ էին ընկղմված (օրինակ, Երևանում, Ախուրյանում և Մարալիկում): Ինչ վերաբերում է օդափոխությանը, ապա Երևանում և Սևանում այն բարելավման ակնկալիքի տեղիք էր տալիս:

Ինչ վերաբերում է ժամանակավոր պահման վայրի բարեկարգությանն ու հիգիենային, այն բավականին ընդունելի էր Ներքին գործերի նախարարության Հրազդանի բաժնում և շատ վատ Սևանում գտնվող հաստատությունում: Երևանի ժամանակավոր պահման վայրի խցերը բավականաչափ լավ նորոգված էին, սակայն դրանց մաքրության մակարդակն ավելին էր պահանջում: Ախուրյանում և Մարալիկում գտնվող ժամանակավոր պահման վայրերը բարեկարգ չէին, բայց մաքուր էին:

46. Խցերը կահավորված էին մահճակալներով կամ քնելու փայտյա հարմարանքներով: Պատվիրակությունը նկատեց, որ ներքնակներ, սավաններ, բարձեր և վերմակներ տրամադրվել էին միայն քրեական հանցագործություններով կասկածյալներին այցելած բոլոր ժամանակավոր պահման վայրերում, սակայն դա չէր կատարվել վարչական կալանավորների դեպքում:

Պատվիրակությունը չէր ստացել զուգարանից օգտվելու հնարավորության վերաբերյալ որևէ բողոք այն անձանցից, որոնք կալանավորված էին կամ վերջերս կալանքի տակ էին պահվել այցելած ժամանակավոր պահման վայրերում: Այդուհանդերձ, Ներքին գործերի նախարարության Հրազդանի բաժնի ակնառու բացառությամբ ընդհանուր օգտագործման զուգարանը և լվացվելու հարմարությունները գտնվում էին քարուքանդ վիճակում և կեղտոտ էին:

Երևանի և Հրազդանի հաստատություններն ունեին լողանալու հարմարություններ, որոնք կարող էին օգտագործվել նոր ժամանած կալանավորների կողմից (բուժակի/բժշկի ցուցման համաձայն) և այն վարչական կալանավորների կողմից, որոնք համապատասխան հաստատություններում պահվում էին մեկ շաբաթից ավելի երկար ժամկետով: Երկու ժամանակավոր պահման վայրերում էլ ցնցուղային հարմարությունները ընդունելի աստիճանի բարեկարգ ու մաքուր էին և տաք ջուրն ապահովված էր: Այդուհանդերձ, միակ անձնական հիգիենայի պարագան, որը բաժանվում էր կալանավորներին, մի փոքր կտոր օճառն էր:

47. Ոստիկանության ծառայողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն այցելած ժամանակավոր պահման վայրերի մեծամասնությունում կալանավորներին օրը երեք անգամ տրվում է սնունդ` ներառյալ մեկ տաք ուտեստ: Սակայն դա այդպես չէր Ներքին գործերի նախարարության Սևանի բաժնում, որտեղ սնունդ էր տրամադրվում օրը միայն մեկ անգամ` այս նպատակի համար նախատեսված սահմանափակ բյուջեի պատճառաբանությամբ (320 հայկական դրամ` այսինքն ընդամենը 50 ցենտ օրական յուրաքանչյուր կալանավորի համար): Նման պարագայում սննդի ապահովումը մեծամասամբ իրականացվում էր կալանավորների ընտանիքների կողմից: Ընտանեկան կապեր չունեցող կալանավորները սննդի ապահովման առումով ստիպված էին ապավինել այլ կալանավորների կամ ոստիկանության առանձին ծառայողների մեծահոգությանը:

48. Այցելած բոլոր ժամանակավոր պահման վայրերն ունեին դրսում զբոսանքի համար նախատեսված տարածքներ, որտեղ կալանավորներին թույլատրվում էր զբոսնել օրը մեկ ժամ (կանանց և անչափահասների դեպքում` օրը երկու ժամ): Սակայն Ներքին գործերի նախարարության Երևանում գտնվող ժամանակավոր պահման վայրում պատվիրակությունը տեղեկացավ, որ կալանավորները կարող էին զրկվել դրսում զբոսանքից որպես պատիժ ժամանակավոր պահման վայրի ներքին կանոնակարգը խախտելու համար:

49. ԽԿԿ-ն առաջարկում է, որ Հայաստանի իշխանությունները ժամանակավոր պահման վայրում միջոցներ ձեռնարկեն, որպեսզի.

- ապահովվի, որ բոլոր կալանավորներին տրամադրվել է բավարար բնակելի

տարածք` նպատակը պետք է լինի յուրաքանչյուր անձի համար նվազագույնը

4 քմ,

- ապահովվի խցերի բավականաչափ լուսավորում (ներառյալ բնական լույսի

մատչելիություն) և օդափոխում,

- խցերը և ընդհանուր օգտագործման սանիտարական հարմարությունները պահվեն

բավարար չափով նորոգված և հիգիենայի պահանջներին համապատասխան

վիճակում,

- ապահովվի, որ բոլոր կալանավորներին (ներառյալ նրանց, որոնք պահվում են

վարչական իրավախախտումներ կատարելու համար) գիշերվա համար տրամադրվեն

ներքնակներ և վերմակներ,

- ապահովվի, որ վարչական կալանավորները հնարավորություն ունեն տաք ցնցուղ

ընդունել նվազագույնը շաբաթը մեկ անգամ կալանքի կրման ժամկետի

ընթացքում,

- ապահովվի, որ բոլոր կալանավորներին սնվելու ընդունված ժամերին

տրամադրվում է բավարար քանակի և որակի սնունդ,

- վերջ տրվի որպես կարգապահական պատիժ դրսում զբոսնելու

հնարավորությունից զրկելուն:»

 

Բ. ԽԿԿ զեկույցը 2004 թ. Հայաստան կատարած այցի վերաբերյալ - CPT/Inf(2006)38

 

33. Զեկույցի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.

 

«4. Կալանքի պայմանները

 

ա. Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ժամանակավոր պահման վայր

 

20. Այս հաստատության կալանքի պայմանները հիմնականում նույնն էին, ինչ 2002 թ. կատարված այցի ժամանակ արձանագրվածները, այսինքն` վատ: Դրական փոփոխություն էր այն, որ վարչական կալանք կրող անձանց այժմ տրամադրվում էր անկողին (ՀՀ ոստիկանության պետի 2003 թ. օգոստոսի 11-ի թիվ 8 հրամանի համաձայն): Բացի այդ, պատվիրակությունը տեղեկացվեց, որ կալանավորների սննդին հատկացվող գումարը մեծացվել էր 2003 թ. մայիսին ընդունված Կառավարության որոշման համաձայն: Այլապես նախորդ այցից հետո վերակառուցման կամ մեծածավալ նորոգման աշխատանք չէր իրականացվել:

Հետևաբար, ԽԿԿ-ն կրկնում է 2002 թ. կատարված այցի վերաբերյալ զեկույցի 49-րդ պարբերությունում նշված իր առաջարկությունները` մասնավորապես բնակելի տարածքի, խցերի լուսավորման և օդափոխման, նորոգման և հիգիենայի պահպանման վերաբերյալ:»

 

Գ. ԽԿԿ զեկույցը 2006 թ. Հայաստան կատարած այցի վերաբերյալ - CPT/Inf(2007)47

 

34. Զեկույցի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.

 

«4. Կալանքի պայմանները

 

ա. ոստիկանության պահման վայրերը

 

28. 2006 թ. կատարած այցի սկզբում պատվիրակությունը տեղեկացվեց, որ 2004 թ. դեկտեմբերի 28-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-328-ՆԳ հրամանագրի համաձայն վերակառուցման մեծածավալ ծրագիր էր նախաձեռնվել ոստիկանական պահման վայրերում: ԽԿԿ-ն ողջունում է սա: Պետք է նշել նաև, որ [Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին] ՀՀ օրենքի վերջերս կատարված փոփոխությամբ ոստիկանական պահման վայրերում յուրաքանչյուր անձին տրամադրվող բնակելի տարածքի պաշտոնական նվազագույն չափանիշ սահմանվեց 4 քմ-ը: Սա կարող է ընդունելի համարվել բազմամարդ խցերի դեպքում, սակայն 4 քմ-ը բավարար չափ չէ մեկ մարդու համար նախատեսված խուցի համար:

29. Այցի ընթացքում պատվիրակությունը կարող էր նշմարել վերը նշված ծրագրի արդյունքը: Ոստիկանական արգելանքի վայրերից մի քանիսը (օրինակ, Չարենցավանում, Գավառում և Հրազդանում) դեռևս վերակառուցման գործընթացում էին և շուտով պետք է վերաբացվեին: Ինչ վերաբերում է արդեն իսկ վերակառուցված արգելանքի վայրերին, դրանց պայմաններն ընդհանուր բարձր մակարդակի էին:»

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԿԱԼԱՆՔԸ

 

33. Դիմումատուն ներկայացրել է բողոքներ Կոնվենցիայի մի շարք հոդվածների հիման վրա` կապված 2004 թ. ապրիլի 5-ի վարչական գործով դատաքննության, ինչպես նաև վերջինիս պատասխանատվության ենթարկելուց հետո նշանակված կալանքի պայմանների հետ:

34. Դատարանը նշում է, որ 2004 թ. ապրիլի 5-ին սկսած դատաքննությունն ավարտվել է նույն օրը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռով, և որ առկա չէին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ (տե՛ս վերը մեջբերված Գալստյան (Galstyan), պարբ. 40-42): Ավելին, դիմումատուն կալանքից ազատ է արձակվել 2004 թ. ապրիլի 14-ին իր պատիժն ամբողջությամբ կրելուց հետո: Այնուամենայնիվ, սույն գանգատը ներկայացվել է միայն 2004 թ. նոյեմբերի 5-ին:

35. Դրանից հետևում է, որ գանգատի այս մասը ժամկետանց է ներկայացվել և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին համապատասխան պետք է մերժվի:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

36. Դիմումատուն բողոքել է իր կալանքի պայմաններից և 2004 թ. մայիսի 20-ին ոստիկանությունում գտնվելու ժամանակ ենթադրյալ նվաստացնող վերաբերմունքին արժանանալուց: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է.

 

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»

 

Ա. Ընդունելիությունը

 

1. Կալանքի պայմանները

 

37. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիման վրա նա իր կալանքի պայմանների հետ կապված բողոք ներկայացնելու հնարավորություն է ունեցել:

38. Դիմումատուն նշել է, որ քանի որ նա իր կալանքի ժամանակ իրավական խորհրդատվություն ստանալու հնարավորություն չի ունեցել, նա տեղեկացված չի եղել կալանքի պայմանների հետ կապված բողոքարկման ընթացակարգերին` հաշվի առնելով այն, որ նման բողոքներ բերելը պրակտիկայում լայնորեն չի կիրառվում: Ամեն դեպքում դա իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէր, քանի որ ցանկացած նման բողոքի արդյունքում նրան ամենայն հավանականությամբ պարզապես կտեղափոխեին նմանատիպ պայմաններով մեկ այլ խուց: Ավելին, բողոքարկման ընթացակարգի օրենսդրական առկայությունը պետական մարմիններին չէր ազատում կալանքի պայմանների պատշաճ ապահովման պարտավորությունից:

39. Դատարանը կրկնում է, որ պետք է սպառվեն միայն այն իրավական պաշտպանության ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են: Կառավարության պարտավորությունն է ներպետական պաշտպանության միջոցների չսպառումը վիճարկելիս ապացուցել, որ այդ միջոցը եղել է արդյունավետ, գործնականում և տեսականորեն մատչելի է եղել տվյալ ժամանակահատվածում, այսինքն` եղել է այնպիսի միջոց, որն ի զորու է եղել դիմումատուի բողոքների կապակցությամբ ապահովելու իրավական պաշտպանություն և առաջարկել է հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն: Այն պահից, երբ ապացուցման պարտականությունն իրականացված է, դիմումատուի պարտավորությունն է հանդիսանում հիմնավորել, որ Կառավարության կողմից մատնանշված միջոցը սպառված է, կամ որ այն պատշաճ և արդյունավետ չէր գործի կոնկրետ հանգամանքներում, կամ որ առկա են հատուկ հանգամանքներ, որոնք ազատում են իրեն նման պարտավորությունից (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (Kalashnikov v. Russia), (որոշում), թիվ 47095/99, 18 սեպտեմբեր 2001 թ., և Մելնիկն ընդդեմ ՈՒկրաինայի (Melnik v. Ukraine), թիվ 72286/01, պարբ. 67, 28, 28 մարտ 2006 թ.):

40. Այնուհետև, Դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասը պետք է կիրառվի որոշակի աստիճանի ճկունությամբ և առանց ավելորդ ֆորմալիզմի: Ավելին, իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը ոչ բացարձակ է, ոչ էլ ենթակա է մեխանիկորեն կիրառման: Դիտարկելով այն հարցը, թե որքանով է այդ կանոնը պահպանվել, կարևոր է անդրադառնալ տվյալ պետության իրավական համակարգում ֆորմալ միջոցների առկայությանը, ընդհանուր իրավական և քաղաքական համատեքստին, որում նրանք գործում են, ինչպես նաև գործի կոնկրետ հանգամանքներին և նրան, թե որքանով է դիմումատուն կատարել այն ամենը, ինչ իրենից ողջամտորեն ակնկալվում էր ներպետական բոլոր մատչելի միջոցներն սպառելու համար (տե՛ս նույն տեղում):

41. Սույն գործով Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն իր տրամադրության տակ ունեցել է իրավական պաշտպանության միջոց, այն է` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, որի հիման վրա նա բողոք ներկայացնելու հնարավորություն է ունեցել: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ առաջարկվող պաշտպանության միջոցը եղել է բավարար և արդյունավետ: Այն նույնիսկ չի մասնավորեցրել, թե այդ հոդվածում թվարկված մի շարք մարմիններից որ մեկին պետք է դիմեր դիմումատուն, և ինչպիսի առանձնահատուկ միջոցներ կարող էին ձեռնարկվել նրանց կողմից դիմումատուի բողոքները բավարարելու համար, հատկապես` հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից բարձրացված խնդիրներն ակնհայտորեն կառուցվածքային բնույթ ունեին և չէին վերաբերում միայն դիմումատուի անձնական խնդիրներին (տե՛ս վերը ԽԿԿ-ի համապատասխան զեկույցները, պարբ. 30-32): Հետևաբար` իրավական պաշտպանության միջոցների չսպառման հետ կապված Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

42. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Այնուհետև նշում է, որ գանգատն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:

 

2. Ոստիկանությունում ենթադրյալ վատ վերաբերմունքը

 

43. Դիմումատուն պնդել է, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ նա ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, նա ներկայացրել է, որ այն հանգամանքը, որ նա ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք տեղյակ են եղել այն մասին, որ նա նախկինում եղել է ոստիկանության բաժնի պետ, որ նրան տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ նա աշխատել է շուրջ տասը տարի, որ նրան այնպիսի մեղադրանք է առաջադրվել, որն այդ ոստիկանության աշխատակիցների կողմից էլ ենթադրաբար ընդունվել է իբրև շինծու, և որ ոստիկանության բաժնի պետը վիրավորել է իրեն, ինչը հանգեցրել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

44. Դատարանը նախ և առաջ, դիտարկում է, որ 3-րդ հոդվածում ամրագրված է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ տուժողի վարքագծից (տե՛ս այլ գործերի շարքում Լաբիտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] (Labita v. Italy) թիվ 26772/95, պարբ. 119, ՄԻԵԴ 2000-IV): Դատարանը կրկնում է, վատ վերաբերմունքը պետք է հասնի խստության որոշակի նվազագույն աստիճանի, որպեսզի այն ընդգրկվի 3-րդ հոդվածի կիրառման ոլորտում: Գործնականում այս նվազագույն շեմի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի կամ պատժի բնույթն ու իրավիճակը, վերջինիս ի կատար ածման եղանակն ու մեթոդը, տևողությունը, ֆիզիկական և հոգեկան հետևանքները և, որոշ դեպքերում, տուժողի սեռը, տարիքն ու առողջական վիճակը (տե՛ս այլ գործերի շարքում Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության (Ireland v. the United Kingdom), 1978 թ. հունվարի 18-ի վճիռը, Շարք Ա, թիվ 25, էջ 65, պարբ. 162):

45. Եթե նույնիսկ ենթադրենք, որ դիմումատուն ներկայացված գանգատների առումով սպառել է իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, հաշվի առնելով այն, որ նա չի բողոքարկել 2004 թ. մայիսի 26-ի որոշումը, Դատարանը չի համարում, որ 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ խստության նվազագույն աստիճանը առկա է միայն նրանում, որ դիմումատուին ձերբակալել և մեղադրանք են առաջադրել նրա նախկին գործընկերները: Ավելին, դիմումատուի այն պնդումը, համաձայն որի` ոստիկանության աշխատակիցներն ընդունել են, որ իր դեմ առաջադրված մեղադրանքը եղել է շինծու, չի հիմնավորվել որևէ ապացույցով: Վերջապես, ինչ վերաբերում է դիմումատուին հասցված վիրավորանքի հետ կապված վերջինիս պնդմանը, ապա գործի նյութերում նույնպես առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր այդ պնդումը, և որն, ավելին, բացակայում է նաև ինչպես դիմումատուի կողմից ներպետական մարմիններին ներկայացված բողոքներում, այնպես էլ Դատարան ներկայացված գանգատում: Այսպիսով, առկա չէ որևէ ապացույց, որը կհիմնավորեր ոստիկանությունում վատ վերաբերմունքին արժանանալու հետ կապված դիմումատուի պնդումները:

46. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

Բ. Ընդունելիությունը

 

47. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առկա չէ: Դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհավաստեր, որ իր հոգեկան կամ ֆիզիկական առողջությանը վնաս է հասցվել: Իր այն պնդումները, համաձայն որոնց կալանքի արդյունքում իր առողջությունը վատացել է, չի հիմնավորվել որևէ ապացույցներով: Վերջապես, պետական մարմինները դիմումատուին վիրավորելու և նվաստացնելու նպատակ չեն ունեցել: Կառավարությունը նաև հավելել է, որ չնայած առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում էական փոփոխություններ են կատարվել, ինչպես ընդհանուր պայմանների, այնպես էլ բանտային ռեժիմի բարելավման հետ կապված:

48. Դիմումատուն գտնում է, որ իր կալանքի պայմաններն եղել են այնպիսին, որ հանգեցրել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Նա վիճարկել է այն պնդումները, որոնց համաձայն նա չի կարողացել իր առողջության վատթարացման հանգամանքը հավաստող տեղեկանք վերցնել, քանի որ բժիշկները, խուսափելով հետագա հետապնդումներից, վախեցել են նման տեղեկանք տալուց: Ավելին, թեպետ պետական մարմինները տեղյակ են եղել, որ նա նախկինում եղել է ոստիկանության բաժնի պետ, նրան տարել են մի խուց, որտեղ պահել են այլ հանցագործների հետ միասին, ինչով և նրան հարձակման վտանգի առաջ են կանգնեցրել: Չնայած այն հանգամանքին, որ ոչ մի նման հարձակում չի եղել, այնուամենայնիվ, նա իր անվտանգության համար մտավախության արդյունքում հոգեկան տառապանքներ է ունեցել: Այս ամենը, ներառյալ` կալանքի ընդհանուր պայմանները, հանգեցրել են 3-րդ հոդվածի խախտման:

49. Դատարանը կրկնում է 3-րդ հոդվածի հիման վրա իր նախադեպային իրավունքով սահմանված վատ վերաբերմունքի արգելքի հետ կապված հիմնարար սկզբունքները (տե՛ս վերը, պարբ. 44): Այնուհետև Դատարանը նշում է, որ իր կողմից վերաբերմունքը համարվել է «նվաստացնող», որովհետև այն իր զոհերի մոտ առաջացրել է վախի, տառապանքի և նվաստացման զգացում, ինչը կարող էր վիրավորել և ստորացնել նրանց (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] (Kudla v. Poland), թիվ 30210/96, պարբ. 92, ՄԻԵԴ 2000-XI): Ավելին, որոշելիս վերաբերմունքի տվյալ տեսակը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով «նվաստացնող» է, թե ոչ, Դատարանը հաշվի է առնում, թե արդյոք վերջինիս նպատակը տվյալ անձին վիրավորելն ու նսեմացնելն է, և արդյոք առաջացած հետևանքների առումով այն հետագայում այնպիսի ազդեցություն է ունեցել նրա անձի վրա, որը անընդունելի է 3-րդ հոդվածի տեսանկյունից (տե՛ս Ռանինենն ընդդեմ Ֆինլանդիայի (Raninen v. Finland) 1997թ. դեկտեմբերի 16-ի վճիռը, Վճիռների և որոշումների տեղեկագիր 1997-VIII, էջեր 2821-22, պարբ. 55): Այդուհանդերձ, նման նպատակի բացակայությունը չի կարող վերջնականապես բացառել 3-րդ հոդվածի խախտման ճանաչումը (տե՛ս օրինակ Փիերսն ընդդեմ Հունաստանի (Peers v. Greece), թիվ 28524/95, պարբ. 74, ՄԻԵԴ 2001-III): Որպեսզի պատիժը կամ վերջինիս հետ կապված վերաբերմունքը լինի «նվաստացնող», կրած տառապանքը կամ վիրավորանքը պետք է ցանկացած պարագայում լինի ավելին, քան տառապանքի կամ վիրավորանքի այն անխուսափելի չափը, որն առկա է իրավաչափ վերաբերմունքի կամ պատժի ժամանակ (տե՛ս Վ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [ՄՊ]) (V v. the United Kingdom), թիվ 24888/94, պարբ. 71, ՄԻԵԴ 1999-IX):

50. Անձին ազատությունից զրկելու միջոցները կարող են հաճախ նման տարրեր պարունակել: Այդուհանդերձ, պետության պարտավորությունն է ապահովել, որ անձը պահվի այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են վերջինիս մարդկային արժանապատվության հարգմանը, որ տվյալ միջոցի իրականացման եղանակն ու մեթոդը նրան չեն պատճառում ավելի մեծ տառապանք և դժվարություն, քան կալանքի հետ կապված տառապանքի անխուսափելի սահմանը, և որ, հաշվի առնելով ազատազրկման գործնական անհրաժեշտությունը, նրա առողջությունն ու բարեկեցությունը բավականաչափ ապահովված են (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (Kalashnikov v. Russia), թիվ 47095/99, պարբ. 95, ՄԻԵԴ 2002-VI): Կալանքի պայմանները գնահատելիս պետք է հաշվի առնվի ինչպես այդ պայմանների հանրագումարային ազդեցությունը, այնպես էլ դիմումատուի առանձնահատուկ պնդումները (տե՛ս Դուգոզն ընդդեմ Հունաստանի (Dougoz v. Greece), թիվ 40907/98, պարբ. 46, ՄԻԵԴ 2001-II):

51. Սույն գործում դիմումատուն կալանավորված է եղել ընդհանուր տասն օր ժամկետով: Այդ ժամանակահատվածում նա պահվել է ինը այլ անձանց հետ միասին 10 քմ մակերեսով խցում. այլ կերպ ասած` նրան տրամադրվել է 1 քմ անձնական օգտագործման տարածք: Այս առումով դիմումատուի վիճակը կարող էր համեմատվել Կալաշնիկովի գործում դիմումատուի վիճակի հետ, որտեղ դիմումատուի ազատությունը սահմանափակվել էր 0.9-1.9 քմ տարածքում: Այդ գործում Դատարանը գտավ, որ բնակեցվածության նման խիտ աստիճանն ինքնին խնդիր էր առաջացնում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից (տե՛ս վերը նշված Կալաշնիկովը, պարբ. 96-97): Ավելին, սույն գործում դիմումատուին տրամադրված տարածքն էականորեն փոքր էր, քան այն 4 քմ տարածքը, որը ԽԿԿ-ի չափանիշների համաձայն բազմամարդ խցի մեկ բանտարկյալի համար նախատեսված նվազագույն պահանջն է (տե՛ս վերը, ԽԿԿ-ի համապատասխան զեկույցները, պարբ. 30-32) և նույնիսկ ավելի փոքր էր, քան տվյալ ժամանակահատվածում ուժի մեջ գտնվող ներպետական օրենսդրությամբ պահանջվող նվազագույն 2.5 քմ-ը: Ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուին թույլատրել են խցից դուրս որևէ գործունեություն իրականացնել, որը կարող էր փոխհատուցել տարածքի խիստ պակասը (տե՛ս Ցենբաուերն ընդդեմ Խորվաթիայի (Cenbauer v. Croatia), թիվ 73786/01, պարբ. 49, ՄԻԵԴ 2006-III, Մալեչկովն ընդդեմ Բուլղարիայի (Malechkov v. Bulgary), թիվ 57830/00, պարբ. 141, 2007 թ. հունիսի 28, և դրան հակառակ, Նուրմագոմեդովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) (Nurmagomedov v. Russia), թիվ 30138/02, 2004 թ. սեպտեմբերի 16):

52. Այնուհետև Դատարանը նշում է, որ խցում չկային մահճակալներ կամ անկողնային պարագաներ, ինչի արդյունքում կալանավորները ստիպված էին քնել հատակին: Միևնույն խցում գտնվող այլ կալանավորներին թույլատրվում էր ծխել, մինչդեռ խցում կար շատ փոքր պատուհան, որը հիմնականում փակ էր, ինչի արդյունքում խոչընդոտվում էր թարմ օդի և ցերեկային լույսի մուտքը խուց:

53. Վերջապես Դատարանը նշում է, որ ժամանակավոր պահման վայրում գտնվելու ընթացքում դիմումատուին երբևէ չի թույլատրվել անարգել օգտվել զուգարանից և խմելու ջրից: Նրան թույլատրվում էր օգտվել զուգարանից և խմելու ջրից միայն օրական երկու անգամ: Նրան սնունդ էր տրամադրվում օրական միայն մեկ անգամ: Դատարանը կրկնում է, որ անընդունելի է անձին կալանքի տակ պահել այնպիսի պայմաններում, որտեղ չեն ապահովվում վերջինիս տարրական կարիքները (տե՛ս, mutatis mutandis, Ռիադն ու Իդիաբն ընդդեմ Բելգիայի (Riad and Idiab v. Belgium), թիվ 29787/03 և 29810/03, պարբ. 106, ՄԻԵԴ 2008 (քաղվածքներ), և Շեբետն ընդդեմ Ռուսաստանի (Shchebet v. Russia), թիվ 16074/07, պարբ. 93, 2008 թ. հունիսի 12):

54. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի կողմից կալանքի պայմանների մասին իր պնդումները (տե՛ս վերը պարբ. 25): Այն նաև նշում է, որ դիմումատուի նկարագրությունը մեծամասամբ համապատասխանում է ԽԿԿ-ի եզրահանգումներին, որը 2002 թ. Հայաստան կատարած այցի ժամանակ ստուգումներ է անցկացրել ոստիկանության մի շարք ժամանակավոր պահման վայրերում, որտեղ պահվում էին վարչական գործերով կալանավորները (տե՛ս Դատարանի կողմից ԽԿԿ-ի զեկույցները հիմք ընդունելու այլ օրինակներ Կեհայովն ընդդեմ Բուլղարիայի (Kehayov v. Bulgary), թիվ 41035/98, պարբ. 66, 2005 թ. հունվարի 18, և Օստրովարն ընդդեմ Մոլդովայի (Ostrovar v. Moldova), թիվ 35207/03, պարբ. 80, 2005 թ. սեպտեմբերի 13): Նույնիսկ եթե այս այցն նախորդել է սույն գործի հանգամանքներին, ԽԿԿ-ի նյութերից երևում է, որ այս ոլորտում մինչև 2004 թ. դեկտեմբերին լայնածավալ բարեփոխումների ծրագիր սկսելն էական բարելավումներ տեղի չեն ունեցել: Հետևաբար, Դատարանը ոչ մի պատճառ չի տեսնում դիմումատուի պնդումների ճշմարտացիությունը կասկածի տակ դնելու համար:

55. Դատարանը նշում է նաև, որ դիմումատուի կալանքի ժամկետը համեմատաբար կարճ էր` ընդհանուր առմամբ կազմելով տասն օր: Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ նմանատիպ և նույնիսկ շատ ավելի կարճ տևողությամբ կալանքի պայմանները նախկինում համարվել են 3-րդ հոդվածի պահանջներին հակասող (տե՛ս վերոնշյալ Ռիադն ու Իդիաբը, պարբ. 66-70, որտեղ դիմումատուները կալանքի տակ էին պահվել տասնհինգ և տասնմեկ օր, և Ֆեդոտովն ընդդեմ Ռուսաստանի (Fedotov v. Russia), թիվ 5140/02, պարբ. 66-70, 2005 թ. հոկտեմբերի 25, որտեղ դիմումատուն կալանքի տակ էր գտնվել քսաներկու ժամ առանց սննդի, ջրի կամ զուգարանից օգտվելու): Այդ պատճառով չնայած նրան, որ կալանքի տևողությունը կարող է հաշվի առնվել կալանքի պայմանների անբավարարության պատճառով դիմումատուին պատճառված տառապանքի կամ նվաստացման ծանրության աստիճանը գնահատելիս (տե՛ս օրինակ վերոնշյալ Կալաշնիկով, պարբ. 102, և վերոնշյալ Դուգոզ, պարբ. 48), այդ տևողության հարաբերական կարճ լինելը միայն բողոքարկվող վատ վերաբերմունքը 3-րդ հոդվածի գործողության շրջանակից ինքնին չի բացառում, եթե մյուս բոլոր տարրերը բավարար են այն քննարկվող նորմի կիրառման ոլորտում ընդգրկելու համար:

56. Դատարանը համակարծիք է Կառավարության հետ, որ գործի նյութերում չկան բավարար ապացույցներ, որոնք դիմումատուի կողմից ենթադրաբար ունեցած առողջական խնդիրները կկապեին ժամանակավոր պահման վայրում իր մնալու հետ: Այնուամենայնիվ, այն գտնում է, որ չնայած կալանավորված անձի առողջությանը կալանքի պայմանների հետևանքով պատճառված վնասի առկայությունը կարող է հաշվի առնվել (տե՛ս օրինակ Լաբզովն ընդդեմ Ռուսաստանի (Labzov v. Russia), թիվ 62208/00, պարբ. 47, 2005 թ. հունիսի 16), նման հետևանքների գոյությունը ոչ մի դեպքում նախապայման չէ 3-րդ հոդվածի խախտման ճանաչման համար (տե՛ս օրինակ վերոնշյալ Դուգոզ (Dougoz), պարբ. 45-49, վերոնշյալ Ցենբաուեր (Cenbauer), պարբ. 45-53, վերոնշյալ Շեբետ (Shchebet), պարբ. 86-96, և վերոնշյալ Ֆեդոտով (Fedotov), պարբ. 66-70):

57. Ճշմարիտ է, որ դիմումատուն իր կալանքի ընթացքում չի բողոքել, որ իրեն որևէ անգամ սպառնացել են նույն խցում գտնվող կալանավորները, որոնք ենթադրաբար դատապարտված հանցագործներ են եղել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալ նկարագրության համաձայն դիմումատուի կալանքի պայմանների ընդհանուր ազդեցությունը, Դատարանը գտնում է, որ դիմումատուի կրած դժվարությունները գերազանցել են այն սահմանը, որն անխուսափելիորեն առկա է կալանքի դեպքում և եզրակացնում է, որ դրա արդյունքում առաջացած տառապանքի, վիրավորանքի ու նվաստացման զգացումները գերազանցել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո նախատեսվող խստության թույլատրելի սահմանը:

58. Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ պետական մարմինները չեն ցանկացել նվաստացնել նրան, ինչպես արդեն նշվել է վերևում, զոհին վիրավորելու կամ նվաստացնելու նպատակի բացակայությունը չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտման ճանաչումը (տե՛ս վերը` պարբ. 49): Դատարանն այսպիսով եզրակացնում է, որ դիմումատուի կալանքի պայմանները հանդիսացել են նվաստացնող վերաբերմունք 3-րդ հոդվածի իմաստով:

59. Հետևաբար, առկա է այդ հոդվածի խախտում:

 

III. 2004 թ. ՄԱՅԻՍԻ 20-Ի ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՉՍՊԱՌՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

60. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի համաձայն ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին չդիմելով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները 2004 թ. մայիսի 20-ի որոշման հետ կապված:

61. Դիմումատուն վիճարկել է Կառավարության առարկությունը:

62. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է այս հարցը և գտել է, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված վերանայման հնարավորությունն արդյունավետ պաշտպանության միջոց չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից (տե՛ս վերը մեջբերված Գալստյան (Galstyan), պարբ. 42): Հետևաբար` Կառավարության նախնական առարկությունները պետք է մերժվեն:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

63. Դիմումատուն, հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի վրա, բողոքել է իր վարչական կալանքից: 5-րդ հոդվածի համապատասխան հատվածները սահմանում են`

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

 

ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

դ) անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,

ե) անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,

զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

...

 

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

 

Ընդունելիությունը

 

64. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի վարչական կալանքը թույլատրելի է եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետով, այն է` «անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո»: Իր գործը քննվել է առաջին ատյանի դատարանի կողմից, որը միակ իրավասու մարմինն է եղել դա անելու համար: Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատական վերանայման հնարավորությանը, ապա այն նախատեսված է եղել առաջին ատյանի դատարանի որոշմամբ:

65. Դիմումատուն պնդել է, որ իր վարչական կալանքը կամայական է եղել և խախտել է 5-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իր իրավունքները: Այնուհետև նա պնդել է, որ զրկված է եղել ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իր կալանքի օրինականությունը վերաքննիչ դատարանում վիճարկելու արդյունավետ հնարավորությունից:

66. Դատարանը նշում է, որ իր կողմից արդեն քննվել է 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված նմանատիպ գանգատ, որով գտել է, որ դիմումատուի դեմ վարչական կալանքը նշանակված է եղել 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի իմաստով «իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո» և օրենքով սահմանված կարգով (տե՛ս վերը մեջբերված Գալստյան (Galstyan), պարբ. 47-49): Սույն գործով Դատարանն այդ մոտեցումից շեղվելու պատճառ չի տեսնում: Ավելին, Դատարանը կրկնում է, որ այն դեպքերում, երբ ազատազրկման դատապարտումը նշանակվում է «իրավասու դատարանի կողմից դատապարտման» արդյունքում, ապա 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերանայման հնարավորությունն արդեն ներառված է այդ որոշման մեջ (տե՛ս վերը մեջբերված Գալստյան (Galstyan), պարբ. 51):

67. Հետևաբար` գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

68. Դիմումատուն իր դեմ հարուցված վարչական վարույթի հետ կապված մի շարք բողոքներ է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (բ)-(դ) կետերի հիման վրա, որոնք համապատասխանաբար սահմանում են հետևյալը.

 

«1. Յուրաքանչյուր ոք ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... անկախ ու անաչառ դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք...

...

 

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

 

բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով...

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները...»:

 

Ա. Ընդունելիություն

 

69. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Այնուհետև այն նշում է, որ գանգատն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար` այն պետք է ճանաչվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

70. Կառավարությունը պնդել է, որ Դիմումատուն ունեցել է արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Նա չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհիմնավորեր իր պնդումներն առ այն, որ դատավորն անաչառ չի եղել: Դիմումատուն վկաներ կանչելու, ապացույցներ ներկայացնելու, բողոքներ և միջնորդություններ անելու հնարավորություն է ունեցել, որից չի օգտվել: Դատարանը կայացրել է պատճառաբանված որոշում, որը հիմնավորված է եղել մի շարք փաստաթղթերով, ներառյալ` վկաների ցուցմունքներով: Ինչպես ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ դատավորը դիմումատուին առաջարկել են օգտվել փաստաբան ունենալու իր իրավունքից, որից վերջինս հրաժարվել է: Վերջապես դիմումատուին տրվել է բավարար ժամանակ և հնարավորություն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:

71. Դիմումատուն պնդել է, որ դատաքննությունն արդարացի չի եղել, և որ դատարանն անկախ և անաչառ չի եղել: Ավելին, այն հրապարակային չի եղել, քանի որ այն եղել է դռնփակ և տեղի ունեցել է դատավորի սենյակում: Դատարանը պատճառաբանված որոշում չի կայացրել: Ավելին, այդ որոշումը հիմնավորված է եղել բացառապես ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով: Նա զրկված է եղել իր վկաներին հարցաքննելու և առերեսման հնարավորություններից: Նրան ժամանակ չի տրվել ապացույցներ ձեռք բերելու և իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Նա ո՛չ տեղեկացվել է փաստաբան ունենալու իր իրավունքի մասին, ո՛չ էլ երբևէ հրաժարվել է փաստաբան ունենալուց: Վերջապես, նրան ձերբակալել են ժամը 16.00-ին, մինչդեռ դատաքննությունն սկսել է ժամը 18.00-ին: Այսպիսով, նրան իր պաշտպանությունը նախապատրաստելու համար տրվել է ընդամենը երկու ժամ, որը բավարար չէր:

72. Դատարանը, նախ և առաջ, նշում է, որ նմանատիպ փաստեր և գանգատներ արդեն քննվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված մի շարք գործերով, որոնցով Դատարանը 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետերի խախտում է ճանաչել 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ (տե՛ս վերը մեջբերված Գալստյան (Galstyan), պարբ. 86-88, և Աշուղյանն ընդդեմ Հայաստանի (Ashughyan v. Armenia), թիվ 33268/03, պարբ. 66-67, 17 հուլիս 2008 թ.): Սույն գործի փաստական հանգամանքները գրեթե նույնական են: Դիմումատուի դեմ հարուցված վարչական գործը քննվել է արագացված դատաքննության կարգով` համաձայն ՎԻՎՕ-ի 277-րդ հոդվածի: Դիմումատուն սույն գործով ևս տարվել և պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան ու դատապարտվել: Հետևաբար` սույն գործով Դատարանը մեկ այլ եզրահանգման գալու պատճառ չի տեսնում և եզրակացնում է, որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես` կապված այն բանի հետ, որ վերջինիս չի տրամադրվել պատշաճ ժամանակ և հնարավորություն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:

73. Հետևաբար` առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ:

74. Հաշվի առնելով նախորդ պարբերությունում արված հետևությունը, Դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել 6-րդ հոդվածի նաև այլ ենթադրյալ խախտումները:

 

VI. ԹԻՎ 7-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

75. Դիմումատուն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա բողոքել է, որ 2004 թ. մայիսի 20-ի որոշումը վիճարկելու հնարավորություն չի ունեցել: Դատարանը որոշում է քննել այս գանգատը Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որը սահմանում է.

 

«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով»:

 

Ա. Ընդունելիություն

 

76. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Այնուհետև այն նշում է, որ գանգատն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար` այն պետք է ճանաչվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

77. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն, ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված կարգով, իրեն պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման իրավունք է ունեցել:

78. Դիմումատուն պնդել է, որ բողոքարկման իրավունքի հետ կապված բոլոր իրավական դրույթները եղել են անորոշ և անհասկանալի:

79. Դատարանը նշում է, որ սույն գործում դիմումատուի դատապարտումը եղել է նույն ընթացակարգով, ինչ վերոնշյալ Գալստյանի գործով, որով Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կհամապատասխաներ Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի պահանջներին (տե՛ս վերը մեջբերված Գալստյան (Galstyan), պարբ. 124-27): Սույն գործով Դատարանը այդ մոտեցումից շեղվելու պատճառ չի տեսնում:

80. Հետևաբար, տեղի է ունեցել Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:

 

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

81. Վերջապես, դիմումատուն պնդել է, որ իր դատապարտման արդյունքում խախտվել են Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորվող իր իրավունքները, և որ իր կալանքի ընթացքում իրեն չեն թույլատրել տեսակցել իր ընտանիքի անդամների և իր իրավաբանի հետ, որն էլ հանգեցրել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորվող իր իրավունքների խախտման:

82. Հիմք ընդունելով գործում առկա բոլոր նյութերը` այնքանով, որքանով այս գանգատները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցում չկա ոչինչ, որ կվկայեր այն մասին, որ առկա է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորվող իրավունքների և ազատությունների խախտում: Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:

 

VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

83. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնաս

 

84. Դիմումատուն պահանջել է 20,000 եվրո ոչ նյութական վնասի համար:

85. Կառավարությունը պնդեց, որ եթե Դատարանը Կոնվենցիայի խախտում ճանաչի, ապա դա ինքնին բավարար փոխհատուցում կլինի: Ամեն դեպքում պահանջված գումարը չափազանցված է:

86. Դատարանը գտնում է, որ դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս` անարդար դատաքննության հետևանքով պատասխանատվության ենթարկվելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալու համար, ինչի արդյունքում նա ազատազրկվել էր 10-օրյա ժամկետով: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 4,500 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

87. Դիմումատուն նաև պահանջել է 3,050 ԱՄՆ դոլար (մոտավորապես 2,075 եվրո) և 3,537.49 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ) (մոտավորապես` 5,200 եվրո) Դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար: Այս պահանջները ներառում են.

ա) 3,050 ԱՄՆ դոլար` որպես իր երկու ներպետական ներկայացուցիչներին վճարված գումար (ընդհանուր 16 և 13 ժամ կատարած աշխատանքի դիմաց` համապատասխանաբար 150 և 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ժամի համար),

բ) 3,437.49 ՄԲՖ KHRP-ի երկու իրավաբաններին և մեկ փաստաբանին վճարված գումարը (ընդհանուր 10 և 13 ժամ կատարած աշխատանքի դիմաց` համապատասխանաբար 150 ՄԲՖ յուրաքանչյուր ժամի համար), և

գ) 100 ՄԲՖ KHRP-ի կրած կազմակերպչական ծախսերի համար:

Դիմումատուն իր գանգատը հիմնավորելու նպատակով ներկայացրել է մանրամասն ժամանակացույցեր, որոնք սահմանում են ժամավճարի դրույքաչափերը:

88. Կառավարությունը պնդեց, որ այս պահանջները պատշաճ հիմնավորված չեն փաստաթղթերով, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ պայմանագիր, որը կվկայեր իրավաբանների հետ ենթադրյալ ժամավճարով իրավաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ համաձայնության առկայության փաստի մասին: Ավելին, դիմումատուն օգտվել է չափից ավելի շատ իրավաբանների ծառայություններից` չնայած այն բանին, որ գործն այնքան ծավալուն չէր, որ արդարացներ նման անհրաժեշտությունը: Վերջապես, ներպետական իրավաբանների կողմից ենթադրաբար պահանջված ժամավճարը չափազանց բարձր էր:

89. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուին տրամադրվում է ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Սույն գործում Դատարանը գտնում է, որ ոչ բոլոր հայցվող դատական ծախսերն են եղել անհրաժեշտ և ողջամիտ` ներառյալ օտարերկրյա և ներպետական իրավաբանների կատարած աշխատանքի որոշ կրկնությունը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցերում: Ավելին, գումարի էական նվազեցում նաև պետք է կատարվի այն բանի համար, որ նախնական գանգատի էական մասը և դրան հաջորդող գանգատները ճանաչվել են անընդունելի: Կատարելով իր գնահատումն արդարացիության սկզբունքին համապատասխան` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 3,000 եվրո կատարված ծախսերի և ծախքերի համար, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում նրա ներկայացուցիչների բանկային հաշվին:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

56. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Հայտարարում է ընդունելի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի (բ)-(դ) ենթակետերի և Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը` 2004 թ. մայիսի 20-ի դիմումատուի դատապարտման և դրա արդյունքում նշանակված վարչական կալանքի պայմանների վերաբերյալ և անընդունելի` գանգատի մնացած մասը,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կապված դիմումատուի կալանքի պայմանների հետ,

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետերի խախտում, քանի որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես` կապված այն բանի հետ, որ վերջինիս չի տրամադրվել պատշաճ ժամանակ և հնարավորություն իր դեմ հարուցված վարչական վարույթի շրջանակներում իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

4. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննության առնել 6-րդ հոդվածի այլ ենթադրյալ խախտումները,

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում,

6. Վճռում է, որ

(ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.

(I) 4,500 (չորս հազար հինգ հարյուր) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,

(II) 3,000 (երեք հազար) եվրո, գումարած նշված գումարի վրա դիմումատուի նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով Միացյալ Թագավորությունում ներկայացուցիչների բանկային հաշվին,

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը, պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոս:

7. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2008 թ. դեկտեմբերի 2-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

 

    Stanley Naismith                           Josep Casadevall

    Քարտուղարի տեղակալ                            Նախագահ

 

Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի, դատավոր Ֆուրա-Սանդստրոմի համընկնող կարծիքը կցվում է սույն վճռին:

 

J.C.M.

S.H.N.

 

ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

Դատարանը, հիմք ընդունելով Աշուղյանի (Ashughyan) և Գալստյանի (Galstyan) գործերով սահմանված նախադեպային իրավունքը, գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի զուգակցմամբ, քանի որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը` մասնավորապես կապված այն բանի հետ, որ վերջինիս չի տրամադրվել բավարար ժամանակ և հնարավորություն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (պարբ. 72): Ընդունելով այս մոտեցումը, այնուամենայնիվ, կնախընտրեի առանձին քննել իրավական օգնության բացակայության հետ կապված գանգատները: Դիմումատուի պնդմամբ նա ոչ տեղեկացվել է փաստաբան ունենալու իր իրավունքի մասին, ոչ էլ երբևէ հրաժարվել է փաստաբան ունենալուց (պարբ. 71): Նույն պատճառաբանությամբ, որը ես հայտնել եմ իմ մասնակի չհամընկնող կարծիքում Գալստյանի (Galstyan) գործով, որին ես հղում եմ կատարում, ես գտնում եմ, որ առկա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի խախտում այս իմաստով ևս:

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
02.12.2008
N 41698/04
Վճիռ