Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...

 

 

020.0787.030209

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 փետրվարի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող` քաղաքացի Սուսաննա Հովսեփյանի ներկայացուցիչներ Ա. Կիվիրյանի, Դ. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սուսաննա Հովսեփյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Սուսաննա Հովսեփյանի` ՀՀ սահմանադրական դատարանում 26.11.2008թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմողի գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը ներառված է օրենսգրքի «Գործերի ընդդատությունը» վերտառությամբ 3-րդ գլխում և վերնագրված է «Գործերի առարկայական ընդդատությունը»: Հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում` արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.

4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից»:

2. Ըստ գործում առկա դատական ակտերի` դիմողը, նախ` 23.06.2008 թ. դիմել է ՀՀ Երևանի քաղաքացիական դատարան` ներկայացնելով չորս հայցապահանջ.

- Երևանի քաղաքապետի` հողամասն աճուրդով վաճառելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին,

- Երևանի քաղաքապետի և Դ. Ավագյանի միջև 30.12.2005 թ. կնքված Հ 874/5-ԱԳ հողամասի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու մասին,

- Երևանի քաղաքապետին վիճելի հողատարածքն ուղղակի վաճառքի ձևով Ս. Հովսեփյանին օտարելուն պարտավորեցնելու մասին,

- 30.12.2005թ. կնքված Հ 874/5-ԱԳ հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման կողմից Դ. Ավագյանի սեփականության իրավունքի` 25.01.2006թ. կատարված գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու մասին:

Երևանի քաղաքացիական դատարանն իր` 25.06.2008թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի հիմքով, այն պատճառաբանությամբ, որ 1-ին, 3-րդ և 4-րդ հայցապահանջներն ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այդ որոշմամբ դատարանը չի անդրադարձել հայցվորի 2-րդ հայցապահանջին, նշված հայցապահանջի վերաբերյալ որոշում չի կայացրել և չի պարզել այն հանգամանքը, թե որ դատարանին է ընդդատյա նշված հայցապահանջը:

Այնուհետև Ս. Հովսեփյանը 28.06.2008թ. դիմել է ՀՀ վարչական դատարան` ներկայացնելով վերոնշյալ չորս հայցապահանջները: Վարչական դատարանն իր` 03.07.2008թ. որոշմամբ, ի տարբերություն Երևանի քաղաքացիական դատարանի, անդրադարձել է հայցվորի բոլոր չորս հայցապահանջներին և, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի հիմքով, դրանցից երեքի մասով հայցադիմումն ընդունել է վարույթ` գտնելով, որ նշված հայցապահանջների հիման վրա գործը ծագում է հանրային իրավահարաբերություններից: Ինչ վերաբերում է վերոնշյալ 2-րդ հայցապահանջին, ապա ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն նշված հայցապահանջն «ընդդատյա է Երևանի քաղաքացիական դատարանին»: Վարչական դատարանն իր նշված որոշման դեմ դիմողի կողմից բերված բողոքի քննության արդյունքում իր` 18.07.2008թ. որոշման մեջ, անդրադառնալով առարկայական ընդդատության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Առուվաճառքի պայմանագրերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական իրավունքի նորմերով, հետևաբար դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են և չեն կարող դիտվել որպես հանրային իրավահարաբերություններից ծագող հարաբերություններ: Նշված իրավահարաբերություններում վարչական մարմնի հանդես գալը չի նշանակում, որ դրանք ստանում են հանրային-իրավական բնույթ, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին իրավունք է վերապահում քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով մտնել քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների մեջ: Իսկ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում են ընդհանուր իրավասության դատարանները, բացառությամբ քաղաքացիական դատարանների քննությանը ընդդատյա գործերի»:

Վարչական դատարանը նույն որոշման մեջ, անդրադառնալով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի խախտման հարցին, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 94 և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածների դրույթները, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վարչական դատարանի կողմից քաղաքացիաիրավական կամ այլ իրավահարաբերություններից ծագող գործերի վարույթ ընդունելու դեպքում կխախտվի գործերի առարկայական ընդդատության սկզբունքը և այդպիսով դատարանը կգերազանցի իր լիազորությունները, հետևաբար, անկախ գործերի միմյանց հետ փոխկապակցված լինելու հանգամանքից, վարչական դատարանը լիազորված չէ իրեն ոչ ընդդատյա գործը ընդունել վարույթ: ... վարչական դատարանին ընդդատյա չլինելու մասով հայցադիմումի ընդունումը մերժելը չի խախտում հայցվորի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, քանի որ հայցվորին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրավունք է տրված իր խախտված իրավունքները վերականգնել քաղաքացիական դատավարության կարգով»:

Դիմողն այնուհետև դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր` 25.09.2008թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է, գտնելով, որ գործը վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են:

3. Դիմողը 26.11.2008թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` գտնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածի 1-ին մասի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 18 և 19 հոդվածների 1-ին մասերին, քանի որ տարբեր դատարաններին ընդդատյա, սակայն միմյանց հետ փոխկապակցված գործերի` տարբեր դատարաններում քննության ժամանակ չի ապահովվում ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13 հոդվածով սահմանված` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված` գործի քննության ողջամիտ ժամկետի սկզբունքի պահպանումը և դրանց համակցությամբ` խախտվում են ՀՀ Սահմանադրության 3 հոդվածով սահմանված սկզբունքները, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովելու` պետության պարտականության վերաբերյալ սահմանադրական դրույթը:

4. Պատասխանողը գտնում է, որ ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է` այն պատճառաբանությամբ, որ քաղաքացու կողմից ըստ էության վիճարկվում են ոչ թե ՀՀ վարչական օրենսգրքի համապատասխան հոդվածի դրույթները, այլ որոշակի կոնկրետ դրույթի բացակայությունը, որը հնարավորություն կտար վարչական դատարանին վարույթ ընդունել տարբեր դատարաններին ընդդատյա և միմյանց հետ կապված մի քանի պահանջներով հայցադիմում: Սահմանադրական դատարան քաղաքացու դիմում ներկայացնելու իրավունքը կայանում է նրանում, որպեսզի վերջինս պաշտպանի իր` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, մինչդեռ ըստ պատասխանողի` վարչական դատարանում գործերի առարկայական ընդդատությունը սահմանող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն կապված չէ դիմողի կողմից ներկայացված պահանջի հետ, դիմողն իր դիմումում բառ անգամ չի ասում վիճարկվող նորմի բովանդակության հակասահմանադրականության մասին: Ավելին, անգամ վիճարկվող հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում դիմողն իր պահանջի բավարարում չի ստանա:

Պատասխանողը գտնում է, որ դիմողի կողմից սխալ է ձևակերպված նաև պահանջի առարկան: Մասնավորապես, միմյանց հետ կապված մի քանի պահանջների առարկայական ընդդատությունը սահմանող իրավադրույթը չէր կարող ամրագրված լինել Վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասում: Վիճարկվող դրույթը սահմանում է վարչական դատարանի առարկայական ընդդատության ընդհանուր կանոնը, մինչդեռ դրանից բացառությունները և մասնավոր դրսևորումները, այդ թվում` միմյանց հետ կապված մի քանի պահանջների առարկայական ընդդատությունը, պետք է սահմանվի միևնույն հոդվածի մեկ այլ մասով կամ նոր հոդվածով: Հարցն այդ կերպ է կարգավորված, օրինակ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում (ՀՀ քաղ. դատ. օր., Գլուխ 2):

5. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմողը բարձրացնում է տարբեր բնույթ ունեցող, սակայն միմյանց հետ փոխկապակցված հարաբերություններից ծագող վեճերի դեպքում տարբեր դատավարական օրենսգրքերի համաժամանակյա գործողության համատեքստում դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցը, սահմանադրական դատարանը կարևորում է տարբեր դատավարական օրենսգրքերի համադրված վերլուծության անհրաժեշտությունը: ՀՀ վարչական դատարանն իր` 18.07.2008թ. «Բողոքը մերժելու մասին» որոշման մեջ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի համատեքստում անդրադառնալով գործի քննության արագության սկզբունքների խախտման, ինչպես նաև անհարկի ձգձգումներ և քաշքշուկներ առաջանալու հարցին, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 94 և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածների դրույթները, գտել է, որ «... վարչական դատարանին ընդդատյա չլինելու մասով հայցադիմումի ընդունումը մերժելը չի խախտում հայցվորի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, քանի որ հայցվորին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրավունք է տրված իր խախտված իրավունքները վերականգնել քաղաքացիական դատավարության կարգով»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները: Վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածով օրենսդիրը սահմանում է վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը:

Վիճարկվող հոդվածի 2-րդ մասը վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառում է այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների:

Սահմանադրական դատարանը` գտնելով, որ վարչական գործերի առարկայական ընդդատության` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածով սահմանված կանոնները` իրենց իրավակարգավորման շրջանակներում, ինքնին իրավաչափ են և համահունչ մասնագիտացված վարչական արդարադատության ինստիտուտի բովանդակությանը, միաժամանակ, հաշվի առնելով դիմողի կողմից բարձրացված իրավական հիմնախնդիրը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան հարկ է համարում անդրադառնալ օրենքի հնարավոր բացի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Գործերի ընդդատությունը» վերտառությամբ 3-րդ գլխով (կազմված է մեկ` 8 հոդվածից) սահմանված իրավակարգավորման սահմանադրականության հարցին:

6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախկին խմբագրությամբ 15 հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի վերլուծությունից բխում է, որ վարչաիրավական և քաղաքացիաիրավական բնույթ ունեցող տարբեր, սակայն միմյանց հետ փոխկապակցված իրավահարաբերություններից ծագող գործերն օրենսդիրը դիտարկում էր որպես մեկ գործ, որը ենթակա էր քննության միևնույն դատարանի կողմից, և որի ընթացքում դատարանին դատավարական հնարավորություն էր ընձեռվում հիմնական հայցապահանջը բավարարելիս, այն է` վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունից ծագող վեճը հայցվորի օգտին լուծելիս անդրադառնալ նաև հիմնական հայցապահանջի իրավական հետևանքները վերացնելու հարցին, այսինքն` վարչաիրավական հարաբերության հետ փոխկապակցված քաղաքացիաիրավական հարաբերությունից կամ, ընդհակառակն, քաղաքացիաիրավական հարաբերության հետ փոխկապակցված վարչաիրավական հարաբերությունից ծագող վեճի ողջամիտ ժամկետում ամբողջական լուծմանը: Այդպիսին է եղել նաև դատական պրակտիկան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ո՛չ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ո՛չ էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չեն սահմանում տարբեր, մասնավորապես, վարչաիրավական և քաղաքացիաիրավական բնույթ ունեցող, սակայն միմյանց հետ փոխկապակցված հարաբերությունների ընդդատության կանոնները, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունմամբ առաջացել է մի իրավիճակ, երբ դատական պաշտպանության իրավունքն իրականացվում է միաժամանակ տարբեր դատական մարմիններում և որի ընթացքում գործում են երկու տարբեր դատավարական օրենսգրքեր: Այսինքն, ի տարբերություն նախորդ իրավակարգավորումների, ներկա իրավակարգավորումների պարագայում վարչաիրավական և քաղաքացիաիրավական բնույթ ունեցող, սակայն միմյանց հետ փոխկապակցված հարաբերություններից ծագող գործն օրենսդիրն արդեն դիտարկում է որպես առնվազն երկու գործ, որոնք ենթակա են քննության տարբեր դատարանների կողմից, և որի ընթացքում համապատասխան դատարաններին այլևս դատավարական հնարավորություն չի ընձեռվում հայցապահանջը բավարարելիս, այն է` վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունից ծագող վեճը հայցվորի օգտին լուծելիս անդրադառնալ նաև տվյալ հայցապահանջի իրավական հետևանքների վերացման հարցին, այսինքն` վարչաիրավական հարաբերության հետ փոխկապակցված քաղաքացիաիրավական հարաբերությունից կամ, ընդհակառակն, քաղաքացիաիրավական հարաբերության հետ փոխկապակցված վարչաիրավական հարաբերությունից ծագող վեճի լուծմանը:

7. Ինչպես նշվեց, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն (ինչպես նաև ՀՀ դատավարական մյուս օրենսգրքերը) ունի գործերի առարկայական ընդդատության իր կանոնները: Սակայն միմյանց հետ փոխկապակցված հարաբերությունների առկայության հնարավորությունը հաշվի չառնելը և նշված իրավահարաբերություններից ծագող գործերը մեկ դատարանում քննելու հանգամանքի բացակայությունը գործնականում բացասաբար են անդրադառնում իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության վրա: Նշված իրավիճակը հնարավոր է շտկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածում կամ 3-րդ գլխում համապատասխան փոփոխություններ կատարելով, որը կնախատեսի հանրային-իրավական և քաղաքացիաիրավական բնույթ ունեցող, սակայն միմյանց հետ փոխկապակցված հարաբերություններից ծագող գործերը մեկ դատարանում քննելու հնարավորությունը` հիմնական իրավահարաբերությունից ծագող պահանջի ընդդատության սկզբունքի գերակայության ապահովմամբ:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ վարչաիրավական և քաղաքացիաիրավական բնույթ ունեցող, սակայն միմյանց հետ փոխկապակցված հարաբերությունների առկայության հնարավորությունը հաշվի չառնելու համատեքստում այդ թերությունն առկա է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որի սահմանադրականության հարցի լուծումը սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանի իրավասությունը չէ, ուստի անհրաժեշտ է Ազգային ժողովի ուշադրությունը հրավիրել օրենսգրքի նշված բացի լրացման անհրաժեշտության վրա:

8. ՀՀ Սահմանադրության 19 հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածը սահմանում են անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման երաշխիքներն ու չափորոշիչները: Վերջիններս իրենց ամբողջության մեջ կոչված են ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք ու ամբողջական վերականգնումը:

Խնդրո առարկա իրավակարգավորումը` անձի դատական պաշտպանության արդյունավետության ապահովման և դատավարական սահմանադրական ու օրենսդրական երաշխիքների պահպանման տեսանկյունից գնահատելու նպատակով սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել ՀՀ Սահմանադրության 19 հոդվածում «... իր խախտված իրավունքները վերականգնելու համար ... իր գործի ... քննության իրավունք» ձևակերպման սահմանադրաիրավական բովանդակությունը:

Նշված սահմանադրական դրույթում «իր խախտված իրավունքները վերականգնելու» և «իր գործի» ձևակերպումների համադրված վերլուծությունը վկայում է, որ «իր գործի քննություն» հասկացությունը ներառում է բոլոր այն փոխկապակցված հայցապահանջների համակցված քննությունը, որոնք նպատակաուղղված են մեկ ընդհանուր խնդրի լուծմանը, այն է` այդ գործի շրջանակներում անձի խախտված իրավունքի վերականգնմանը:

Վերոնշյալը նշանակում է, որ ինչպես ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածով և ներպետական դատավարական օրենսդրությամբ սահմանված երաշխիքները պետք է ապահովվեն ոչ միայն այս կամ այն կոնկրետ հայցապահանջի քննության շրջանակում և համատեքստում, այլ նաև տվյալ խախտված իրավունքի վերականգնմանը միտված` տարաբնույթ փոխկապակցված հայցապահանջների քննության շրջանակում և համատեքստում, քանզի այդ հայցապահանջների վերջնական նպատակը մեկն է` միևնույն խախտված իրավունքի ամբողջական վերականգնումը: Հետևաբար, անձի միևնույն խախտված իրավունքի վերականգնմանն ուղղված փոխկապակցված հայցապահանջների դիտարկումը որպես միմյանցից տարանջատված առանձին և ինքնուրույն գործերի հարուցման հիմքեր, կարող է հանգեցնել անձի գործի արդյունավետ, ամբողջական և բազմակողմանի քննության ապահովման դատավարական երաշխիքների խախտման:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ածանցյալ իրավահարաբերությունից ծագող, այսինքն` հիմնական իրավահարաբերության իրավական հետևանքների վերացմանն ուղղված պահանջը դատարան առանձին ներկայացնելու դեպքում դատարանը գործնականում զրկվում է տվյալ գործի վերաբերյալ արդարացի որոշում կայացնելու հնարավորությունից, խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը, քանի որ արդար որոշում կայացնելու համար դատարանն ստիպված է իրականացնել գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրություն, իսկ այդպիսի ուսումնասիրության համար դատարանը պետք է անդրադառնա հիմնական իրավահարաբերությանը, սակայն գործող իրավակարգավորումը դա թույլ չի տալիս, քանի որ տվյալ իրավահարաբերությունից ծագող գործն ընդդատյա է ոչ թե տվյալ դատարանին, այլ մեկ այլ դատարանի: Սահմանադրական դատարանը նման իրավակարգավորումը համարում է ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածների 1-ին մասերով նախատեսված` դատարանի կողմից գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման հիմք և դատական պաշտպանության ոչ արդյունավետ միջոց:

9. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6 հոդվածն ամրագրում է վարչական դատարանի կողմից գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը: Վերջինիս տրամաբանությունը կայանում է նրանում, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչաիրավական հարաբերություններից ծագող վեճում քաղաքացին հանդես է գալիս ընդդեմ վարչական մարմնի, քաղաքացու համար պետք է ստեղծվի որոշակի բարենպաստ վիճակ: Վերջինս ենթադրում է, որ վարչաիրավահարաբերություններից ծագող վեճի կարգավորման գործընթացում քաղաքացին չպետք է ծանրաբեռնվի անհամաչափ պարտավորություններով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա իրավակարգավորումը ոչ միայն թույլ չի տալիս ապահովել արդյունավետ դատական պաշտպանության իրացումը, այլ նաև հայցվորին ծանրաբեռնում է անհամաչափ պարտավորությամբ: Վերջինս դրսևորվում է նրանում, որ, բացառելով վարչաիրավական հարաբերություններից ածանցվող քաղաքացիաիրավական վեճի լուծումը մեկ գործի սահմաններում, ներկա իրավակարգավորումը պարտավորեցնում է, որպեսզի քաղաքացին, իր հիմնական պահանջին վերաբերող դատական ակտի առկայության պարագայում, որը կանխորոշում է հետևանք ներկայացնող պահանջների լուծումը, պարտադրված ձևով դիմի տարբեր դատարաններ, ինչը դժվարացնում է նրա իրավունքների պաշտպանության գործընթացը:

Բացի դրանից, նման իրավակարգավորումը կարող է ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծել նաև դատարանների համար:

10. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննության առարկա հարցի առնչությամբ տեղ է գտել հակասական իրավակիրառական պրակտիկա: Մասնավորապես, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2008թ. փետրվարի 11-ի թիվ 113 որոշման 5-րդ կետով ամրագրվել է, որ «այն դեպքերում, երբ դատարան ներկայացված հայցադիմումն իր մեջ պարունակում է քաղաքացիական, ընդհանուր իրավասության և վարչական դատարանների առարկայական ընդդատության ենթակա մի քանի պահանջներ, ապա քաղաքացիական գործեր քննող դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին) որոշում է կայացնում հայցադիմումը վերադարձնելու մասին, որում պարզաբանում է, թե պահանջի որ մասն է իրեն ընդդատյա և որը` ոչ:

Վարչական դատարանում քաղաքացիական և վարչական դատարանների առարկայական ընդդատության ենթակա մի քանի պահանջներ պարունակող հայցադիմում ստանալու դեպքում դատարանը հայցադիմումն ընդունում է միայն վարչական դատարանին ընդդատյա մասով: Մնացած մասով հայցադիմումի ընդունումը մերժվում է` հիմք ընդունելով Վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ դատարանը պարզաբանում է, թե պահանջը որ դատարանին է ընդդատյա»:

Ներկայումս գործում է այլ պրակտիկա: ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, ի փոփոխումն 2008թ. փետրվարի 11-ի թիվ 113 որոշման, 2008թ. դեկտեմբերի 22-ին ընդունել է թիվ 123 որոշումը, որում մասնավորապես նախատեսված է, որ. «այն դեպքերում, երբ դատարան է ներկայացվել հայցադիմում, որը վերաբերում է տարբեր դատարաններին ընդդատյա (քաղաքացիական, ընդհանուր իրավասության և վարչական դատարանների առարկայական ընդդատություն) միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճին, ապա գործը քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:

Հիմնական է համարվում այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է հետևանք ներկայացնող պահանջների լուծման ելքը»:

Ելնելով գործի քննության արդյունքներից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ գլուխը, այնքանով, որքանով բացառում է վարչաիրավական հարաբերություններից ածանցվող քաղաքացիաիրավական վեճի լուծումը մեկ գործի սահմաններում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 փետրվարի 2009 թվականի

ՍԴՈ-787

 

ՀԱՏՈԻԿ ԿԱՐԾԻՔ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 3 ՓԵՏՐՎԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԴՈ-787 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-787 որոշման վերաբերյալ ունեմ հետևյալ առարկությունները.

1. ՀՀ սահմանադրական դատարանի առջև դիմումատուի բարձրացրած հարցի իրավական էությունը (անկախ նրա կողմից բերված փաստարկներից ու հիմնավորումներից) ելնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 և 69 հոդվածների պահանջներից, հանգում է հետևյալին. հակասահմանադրական ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածի 1-ին մասում ամրագրված հետևյալ դրույթները, այն է.

- վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում`

ա) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.

բ) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

գ) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.

դ) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից:

Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում գլխավորապես պետք է տրվեին վերը թվարկված վիճարկելի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու կամ համապատասխանելու վերաբերյալ հարցերի ամբողջական վերլուծություններ, հիմնավորումներ, եզրահանգումներ և պատասխաններ, ինչը բխում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64 հոդվածի պահանջներից, և մասնավորապես, արդյոք սահմանադրական է հանրային իրավահարաբերություններից ծագող վերը նշված գործերը վարչական դատարանում քննելու լիազորությունը` առաջնահերթ անդրադառնալով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասի թվով 6 պահանջներին:

Ինչպես, իմ կարծիքով, արդարացիորեն նշում է պատասխանողը, դիմումատուի հարցադրումը հանգում է ոչ թե վերոհիշյալ օրենսգրքի 8 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, այլ` «տարբեր դատարաններին ընդդատյա և միմյանց հետ կապված մի քանի պահանջներով» վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու իրավական (դատավարական) հնարավորության բացակայության սահմանադրականությանը:

Չանտեսելով ընդդատության խնդրի ամբողջական (ինստիտուցիոնալ) լուծման կարևորությունը, որը երաշխիք է նաև ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներով նախատեսված անձի իրավունքների առավել արդյունավետ իրականացման և պաշտպանության, այնուհանդերձ կարծում են, որ սահմանադրական դատարանն իր որոշմամբ հանգել է ոչ ընդունելի այնպիսի հետևության, համաձայն որի, տարբեր իրավահարաբերություններից ծագող (տվյալ դեպքում` հանրային-իրավական և քաղաքացիաիրավական) գործեր մեկ դատարանում քննելու հնարավորության բացակայությունը հանգեցնում է անձի իրավունքների անարդյունավետ պաշտպանությանը (որոշման 6-րդ, 7-րդ, 8-րդ կետեր), հետևաբար խնդրի լուծումը դիտարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածում (կամ օրենսգրքի 3-րդ գլխում) (տես որոշման 7-րդ կետը)` այն ճանաչելով Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Բացի այն, որ իմ կարծիքով սահմանադրական դատարանը պետք է զերծ լինի օրինաստեղծ գործունեությունը կրկնօրինակող մոտեցումներից, այնուհանդերձ, ՍԴՈ-787 որոշմամբ հաստատագրված` մեկ դատարանում տարբեր իրավահարաբերություններից ծագող գործերի քննության սկզբունքի անվերապահ ներդրումն անխուսափելիորեն կհանգեցնի արդարադատական գործառույթի գործառնական տարանջատման (արդարադատության մասնագիտացման)` ՀՀ Սահմանադրության 92, 93 և 94 հոդվածներից բխող սկզբունքի խախտմանը, հետևաբար նաև` ընդդատության գաղափարի մերժմանը: Փաստորեն առաջ է քաշվում արդարադատական գործառույթի մասնագիտացման ներհամակարգային միասնականացման անհրաժեշտության խնդիր` որպես ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներով նախատեսված անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովող միջոց:

Սույն գործի շրջանակներում ընդդատության ինստիտուտի օրենսդրական առավել հանգամանալի կարգավորման խնդրի ծագումը թերևս պայմանավորված է նաև վարչական արդարադատության ինստիտուտի ներդրմամբ (2008թ. հունվարի 1-ից), որն իմ կարծիքով պետք է ուղեկցվեր ինստիտուցիոնալ լիազորությունների առավել ամբողջական հստակեցման` սահմանադրական կարգի սկզբունքներին համապատասխան լուծումներով, որոնց սահմանադրական դատարանն անդրադարձել է իր` ՍԴՈ-780 որոշմամբ` իրավացիորեն խնդրի լուծումը դիտարկելով ՀՀ Ազգային ժողովի լիազորության շրջանակում:

Օրինաստեղծ գործունեության արդյունքում կարող են գտնվել դատական մի գործի շրջանակներում տարբեր իրավահարաբերություններից ծագող վեճերի լուծման առավել ողջամիտ ընթացակարգեր, որոնց հիմքում դրվի տարբեր իրավազորության դատարանների համագործակցության սկզբունքը (օրինակ, մի գործի շրջանակներում` այլ իրավահարաբերությունից ծագող վեճի նյութերը շահագրգիռ անձանց համաձայնությամբ տվյալ դատարանի կողմից իրավասու այլ դատարան արագացված կարգով փոխանցելը և այլն), որը կծառայի ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներով ամրագրված անձի իրավունքների առավել արդունավետ պաշտպանությանը:

2. Անդրադառնալով իրավակիրառական պրակտիկային, ՍԴՈ-787 որոշմամբ հանգամանալի վերլուծության չենթարկվեց առարկայական ընդդատության ինստիտուտի կիրառման ոչ իրավաչափ դրսևորումները, մասնավորապես` փաստելով քննության առարկա հարցի առնչությամբ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2008 թվականին ընդունված իրարամերժ որոշումները, չկարևորվեց ՀՀ վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառությունը ապահովելու սահմանադրական գործառույթի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` սույն գործով առաջացած վիճելի իրավահարաբերության կարգավորման, հետևաբար նաև ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածներով նախատեսված անձի իրավունքների արդյունավետ պաշտպանություն ապահովելու խնդրում (ՀՀ վճռաբեկ դատարանն իր 25.09.2008թ. որոշմամբ սույն գործով դիմող կողմի վճռաբեկ բողոքը վերադարձրել է` համարելով դիմումատուի բարձրացրած հարցը ոչ էական` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար), քանի որ համոզիչ չէ նաև` անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմաններին և կարգին վերաբերող, հետևաբար` օրենքով կարգավորման ենթակա հարաբերությունների (ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 1-ին կետ) կանոնակարգումը Դատարանների նախագահների խորհրդի կողմից (ՀՀ դատական օրենսգրքի 72 հոդվածի 1-ին և 4-րդ կետերի դրույթների մեկնաբանմամբ): Իրարամերժ որոշումներ կայացնելու փոխարեն, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը թերևս կարող էր իրացնել ՀՀ դատական օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով նախատեսված իր գործառույթը:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.02.2009
N ՍԴՈ-787
Որոշում