ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿՆՈՋ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
(29 ՀՈՒՆՎԱՐԻ 1957 Թ.)
Պայմանավորվող պետությունները,
ընդունելով, որ իրավունքում և պրակտիկայում քաղաքացիության առնչությամբ կոլիզիաները ծագում են որպես ամուսնության, ամուսնալուծության կամ ամուսնության ընթացքում ամուսնու կողմից կնոջ քաղաքացիության փոփոխման, քաղաքացիությունը կորցնելու կամ ձեռք բերելու վերաբերյալ որոշումների հետևանք,
ընդունելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հռչակել է, որ «յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք» և որ «ոչ ոքի չի կարելի կամայականորեն զրկել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից»,
ցանկանալով համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության հետ` ի նպաստ անկախ սեռից բոլորի համար մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքին և պահպանմանը,
սույնով համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
ՀՈԴՎԱԾ 1
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ ոչ իր քաղաքացիներից որևէ մեկի և օտարերկրացու ամուսնությունը, ոչ նրանց ամուսնալուծությունը, ոչ ամուսնության ընթացքում ամուսնու կողմից քաղաքացիությունը փոխելն ինքնաբերաբար չեն ազդում կնոջ քաղաքացիության վրա:
ՀՈԴՎԱԾ 2
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ ոչ իր քաղաքացիներից որևէ մեկի կողմից որևէ պետության քաղաքացիության կամավոր ձեռքբերումը, ոչ իր քաղաքացիներից որևէ մեկի հրաժարումը քաղաքացիությունից չեն խոչընդոտի այդ քաղաքացու կնոջը` պահպանելու իր քաղաքացիությունը:
ՀՈԴՎԱԾ 3
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ իր քաղաքացիներից որևէ մեկի հետ ամուսնացած օտարերկրացի կինը կարող է իր խնդրանքով ձեռք բերել իր ամուսնու քաղաքացիությունը` հպատակագրման հատուկ արտոնյալ ընթացակարգով: Նման կարգով քաղաքացիության շնորհումը կարող է ենթարկվել այնպիսի սահմանափակումների, որոնք կարող են նախատեսվել ի շահ պետական անվտանգության կամ պետական քաղաքականության:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ սույն Կոնվենցիան չի մեկնաբանվի ի վնաս որևէ օրենսդրության կամ դատական պրակտիկայի, որոնց համաձայն նրա քաղաքացիներից որևէ մեկի հետ ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի կինը կարող է իրավունքով, իր խնդրանքով, ձեռք բերել ամուսնու քաղաքացիությունը:
ՀՈԴՎԱԾ 4
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման և վավերացման համար Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության, ինչպես նաև ցանկացած այլ պետության անունից, որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած մասնագիտացված հաստատության անդամ, կամ որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա Միջազգային դատարանի ստատուսի մասնակից, կամ ցանկացած այլ պետության անունից, որին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հրավեր կուղարկի:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 5
1. Սույն Կոնվենցիան բաց է միանալու 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետությունների համար:
2. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 6
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
2. Վեցերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 7
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է ինքնակառավարում չունեցող, խնամարկյալ, գաղութային և մետրոպոլիայի մեջ չմտնող այն բոլոր տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն: Տվյալ Պայմանավորվող պետությունը, հետևելով սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին, ստորագրելիս, վավերացնելիս կամ միանալիս հայտարարում է, թե մետրոպոլիայի մեջ չմտնող որ տարածքի կամ տարածքների նկատմամբ է Կոնվենցիան կիրառվում ipso facto` նման ստորագրման, վավերացման կամ միանալու հետևանքով:
2. Յուրաքանչյուր դեպքում, երբ քաղաքացիության նպատակի համար, մետրոպոլիայի մեջ չմտնող որևէ տարածք չի դիտվում որպես մետրոպոլիայի տարածքի հետ մեկ ամբողջություն, կամ Պայմանավորվող պետության կամ մետրոպոլիա չհանդիսացող տարածքի սահմանադրական օրենքներով կամ պրակտիկայով այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիայի կիրառման համար պահանջվում է մետրոպոլիայի մեջ չմտնող տարածքի նախնական համաձայնությունը, այդ Պայմանավորվող պետությունը պետք է փորձի իր կողմից Կոնվենցիան ստորագրելուց հետո տասներկու ամսվա ընթացքում ապահովել մետրոպոլիայի մեջ չմտնող տարածքի անհրաժեշտ համաձայնությունը, և նման համաձայնություն ձեռք բերելու դեպքում այդ մասին ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այդպիսի ծանուցագրում հիշատակված տարածքի կամ տարածքների նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվում է Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցագիրն ստանալու օրվանից:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված տասներկուամսյա ժամկետի ավարտից հետո համապատասխան Պայմանավորվող պետությունները Գլխավոր քարտուղարին տեղեկացնում են մետրոպոլիայի մեջ չմտնող այն տարածքների հետ իրենց խորհրդակցությունների արդյունքների մասին, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են, և որոնց համաձայնությունը սույն Կոնվենցիայի կիրառման կապակցությամբ մերժվել է:
ՀՈԴՎԱԾ 8
1. Ստորագրելիս, վավերացնելիս կամ միանալիս` ցանկացած պետություն կարող է վերապահում կատարել սույն Կոնվենցիայի ցանկացած հոդվածի կապակցությամբ, բացառությամբ 1-ին և 2-րդ հոդվածների:
2. Եթե որևէ պետություն սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան վերապահում է կատարում, ապա Կոնվենցիան, բացառությամբ այն դրույթների, որոնց կապակցությամբ արվել է վերապահումը, գործում է վերապահումը կատարած պետության և մյուս կողմերի միջև: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն այդ վերապահման տեքստը փոխանցում է բոլոր այն պետություններին, որոնք հանդիսանում են կամ կարող են դառնալ Կոնվենցիայի մասնակիցներ: Ցանկացած պետություն, որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա սույն Կոնվենցիայի մասնակից, կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին, որ ինքը համաձայն չէ իրեն Կոնվենցիայով կապված համարել այդ վերապահումը կատարած պետության հետ: Արդեն իսկ մասնակից պետության պարագայում այդ ծանուցումը պետք է կատարվի Գլխավոր քարտուղարի կողմից վերապահման տեքստը փոխանցելու օրվանից հետո իննսուն օրվա ընթացքում, իսկ հետագայում մասնակից դարձած պետության պարագայում` վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուն օրվա ընթացքում: Նման ծանուցում կատարելու դեպքում Կոնվենցիան չի գործում ծանուցումը կատարած պետության և վերապահում կատարած պետության միջև:
3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան վերապահում կատարած յուրաքանչյուր պետություն կարող է այն ընդունելուց հետո ցանկացած ժամանակ լրիվ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարել տվյալ վերապահումը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ կապակցությամբ ուղղված ծանուցման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 9
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդ ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց:
2. Սույն Կոնվենցիան ուժը կորցնում է չեղյալ հայտարարվելն ուժի մեջ մտնելու օրը, երբ դրա հետևանքով սույն Կոնվենցիայի մասնակիցների թիվը դառնում է վեցից պակաս:
ՀՈԴՎԱԾ 10
Պայմանավորվող երկու կամ ավելի պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագող ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, վիճող կողմերից յուրաքանչյուրի պահանջով հանձնվում է Միջազգային դատարանի լուծմանը, եթե կողմերը չեն պայմանավորվում կարգավորման այլ եղանակի շուրջ:
ՀՈԴՎԱԾ 11
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված ոչ անդամ պետություններին ծանուցում է հետևյալի մասին.
(ա) 4-րդ հոդվածի համաձայն կատարված ստորագրումների և ստացված վավերագրերի մասին,
(բ) 5-րդ հոդվածի համաձայն ստացված միանալու վավերագրերի մասին,
(գ) Կոնվենցիայի` 6-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելու օրվա մասին,
(դ) 8-րդ հոդվածի համաձայն ստացված հաղորդումների և ծանուցումների մասին,
(ե) 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված` չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցումների մասին,
(զ) Կոնվենցիայի` 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժը կորցնելու մասին:
ՀՈԴՎԱԾ 12
1. Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվ:
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի հաստատված պատճենները փոխանցում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ բոլոր պետություններին և 4-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված ոչ անդամ պետություններին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 16-ից: