020.0504.060904
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1968 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 սեպտեմբերի 2004 թվականի |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) և 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված` Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1968թ. նոյեմբերի 8-ին` Վիեննայում և բացվել է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության կամ ցանկացած մասնագիտացված հաստատության, կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ պետությունների, կամ Միջազգային դատարանի կանոնադրության կողմերի, ինչպես նաև` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից կոնվենցիայի կողմ դառնալու համար հրավիրված ցանկացած այլ պետության համար Նյու Յորքում մինչև 1969թ. դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան չի ստորագրել:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1977թ. մայիսի 21-ին:
Կոնվենցիայի նպատակն է ճանապարհային երթևեկության միատեսակ կանոններ ընդունելու միջոցով միջազգային ճանապարհային երթևեկությունը հեշտացնելը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելը:
2. Կոնվենցիան ունի յոթ հավելվածներ, որոնցով սահմանվում են ավտոմեքենաները և կցասայլերը միջազգային երթևեկության թույլատրելու պարտականությունից շեղումները, միջազգային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենաների և կցասայլերի գրանցման համարին, տարբերանշանին, ճանաչման նշաններին ներկայացվող պահանջները, ավտոմեքենաներին և կցասայլերին վերաբերող տեխնիկական պայմանները, ազգային և միջազգային վարորդական վկայականներին ներկայացվող պահանջները:
3. Կոնվենցիայով սահմանվում են ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները, կցասայլերը, հեծանիվները և կախովի շարժիչով հեծանիվները միջազգային երթևեկության թույլատրելու պայմանները, ազգային և միջազգային վարորդական վկայականների տրամադրման և ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման կարգը:
4. Կոնվենցիայի 49 հոդվածը սահմանում է կոնվենցիայում փոփոխություններ կատարելու կարգը` իրավական հնարավորություն ընձեռելով Պայմանավորվող կողմերին` առաջարկված փոփոխության տեքստը ստանալուց հետո ընդունել այդ փոփոխությունը, մերժել այն կամ փոփոխության քննարկման համար կոնֆերանս հրավիրելու խնդրանք ներկայացնել: Ընդ որում, կոնվենցիան նախատեսում է փոփոխության ընդունման և դրա ուժի մեջ մտնելու երկու իրավական հնարավորություն.
ա) փոփոխության մերժման կամ դրա քննարկման համար կոնֆերանս հրավիրելու խնդրանքի ներկայացում մեկ երրորդից պակաս թվով Պայմանավորվող կողմերի կողմից, որի դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար, բացառությամբ նրանց, որոնք մերժել են փոփոխությունը կամ դրա քննարկման համար կոնֆերանս հրավիրելու խնդրանք են ներկայացրել (կոնվենցիայի 49 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետ),
բ) փոփոխության ընդունում կոնֆերանսի կողմից, որի դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար, բացառությամբ նրանց, որոնք մերժել են փոփոխությունը (կոնվենցիայի 49 հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետ):
Կոնվենցիայի 49 հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի «ա» ենթակետերի դրույթների հիման վրա Պայմանավորվող կողմերի համար առաջացող պարտավորությունները, այն է` իրենց համար ուժի մեջ մտած ճանաչել կոնվենցիայում առաջարկված փոփոխությունը կամ կոնֆերանսի կողմից ընդունված փոփոխությունը, չի ենթադրում այդ պարտավորությունների անվերապահ կատարում և իրավական հնարավորություն է ընձեռում Պայմանավորվող կողմերին առաջարկված փոփոխության տեքստն ստանալուց հետո մինչև փոփոխության քննարկման համար կոնֆերանս հրավիրվելը մերժելու առաջարկված փոփոխությունը: Ընդ որում, կոնվենցիայի 49 հոդվածի 1-ին կետի դրույթների հիման վրա Պայմանավորվող կողմերին իրավական հնարավորություն է ընձեռվում նաև առաջարկված փոփոխության տեքստը ստանալուց հետո մինչև փոփոխության քննարկման համար կոնֆերանս հրավիրվելն ընդունելու այդ փոփոխությունը:
5. Կոնվենցիայի 54 հոդվածով սահմանվում է կոնվենցիայի վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև կոնվենցիայի և դրա հավելվածների վերաբերյալ վերապահումներ անելու կարգը:
6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի ՀՀ տարածքում գործող ճանապարհային երթևեկության կանոնները, ըստ իրենց էության, համապատասխանեն կոնվենցիայի` ճանապարհային երթևեկության կանոնները սահմանող II գլխի դրույթներին,
- ձեռնարկել պատշաճ միջոցներ, որպեսզի ՀՀ տարածքում գործող տեխնիկական պայմաններին առնչվող կանոնները, որոնց պետք է համապատասխանեն ավտոմեքենաները և կցասայլերը, ինչպես նաև ՀՀ տարածքում գրանցված միջազգային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենաները և կցասայլերը, համապատասխանեն կոնվենցիայի` ավտոմեքենաներին և կցասայլերին վերաբերող տեխնիկական պայմանները սահմանող 5-րդ հավելվածի դրույթներին,
- կոնվենցիայի 1-ին հավելվածով նախատեսված շեղումները հաշվի առնելով` ՀՀ տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այն ավտոմեքենաները և կցասայլերը, որոնք համապատասխանում են կոնվենցիայի` ավտոմեքենաները և կցասայլերը միջազգային երթևեկության թույլատրելու պայմանները սահմանող III գլխում նախատեսված պահանջներին, և որոնց վարորդները համապատասխանում են կոնվենցիայի` ավտոմեքենաների վարորդների վերաբերյալ դրույթներ սահմանող IV գլխի պահանջներին: Ճանաչել կոնվենցիայի III գլխի դրույթներին համապատասխան տրված գրանցման վկայականները,
- ՀՀ տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այն հեծանիվները և կախովի շարժիչով հեծանիվները, որոնք համապատասխանում են կոնվենցիայի` հեծանիվները և կախովի շարժիչով հեծանիվները միջազգային երթևեկության թույլատրելու պայմանները սահմանող V գլխում նախատեսված տեխնիկական պայմաններին, և որոնց վարորդներն ունեն հիմնական բնակության վայր մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Վարորդական վկայական չպահանջել միջազգային երթևեկության մեջ գտնվող հեծանիվների կամ կախովի շարժիչով հեծանիվների վարորդներից,
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հատկապես բոլոր մակարդակների դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների կանոնավոր և մշտապես ուսուցումն ապահովելու համար,
- փոխադրամիջոց վարելու ուսուցումը պրոֆեսիոնալ վարորդներ պատրաստող հիմնարկներում անցկացվելու դեպքում ազգային օրենսդրությունում նախատեսել ուսումնական կուրսին և այդպիսի ուսուցումն իրականացնող ուսուցիչների որակավորմանը ներկայացվող նվազագույն պահանջները,
- ցանկացած Պայմանավորվող կողմի խնդրանքով վերջինիս տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է այն անձին պարզելու համար, որի անունով ՀՀ տարածքում գրանցված է մեխանիկական փոխադրամիջոցը կամ այդպիսի փոխադրամիջոցին կցորդված կցասայլը, եթե ներկայացված խնդրանքում նշված է, որ այդ փոխադրամիջոցը մասնակից է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, կամ այդպիսի փոխադրամիջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել և այդ կապակցությամբ ենթակա է լուրջ պատժի կամ զրկվելու այդպիսի խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրամիջոց վարելու իրավունքից,
- ձեռնարկել կոնվենցիայի 4 հոդվածով նախատեսված միջոցները, որոնք սահմանում են ճանապարհային նշանների, ազդանշանների, լուսային ճանապարհային ազդանշանների, ճանապարհների գծանշման և նախազգուշացնող ազդանշանային ազդանշանների պատրաստման և տեղակայման պայմանները, ինչպես նաև ազդանշանային նշանի, նրա հենասյան, երթևեկության կարգավորման համար նախատեսված ցանկացած այլ հարմարանքի վրա որևէ բան տեղադրելու, պլակատներ, ազդագրեր տեղադրելու, նշագծում կատարելու, հարմարանքներ տեղադրելու, մայթերի և ճամփեզրերի վրա հարմարանքներ և սարքավորումներ տեղադրելու անթույլատրելիության պայմանները,
- երաշխավորել ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձանց` հեռվից լավ տարբերվող և տեսանելի լինելն ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը,
- երաշխավորել ՀՀ բոլոր ճանապարհներում շարժման ուղղության միատեսակությունը,
- ազգային օրենսդրությամբ բոլոր ճանապարհների համար նախատեսել առավելագույն արագության սահմանափակումներ, իրենց զանգվածի կամ բեռնվածության հետևանքով առանձնահատուկ վտանգ ներկայացնող փոխադրամիջոցների համար սահմանել արագության հատուկ սահմանափակումներ,
- չընդունել կոնվենցիայի 18 հոդվածի 7-րդ կետով սահմանված` ոչ ռելսավոր փոխադրամիջոցների վարորդների կողմից ճանապարհը ռելսավոր փոխադրամիջոցների վարորդներին զիջելու պարտականության վերաբերյալ դրույթներին հակասող դրույթներ,
- ազգային օրենսդրությամբ նախատեսել 8-ից ավելի նստատեղեր (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող ուղևորատար ավտոմեքենաների, 3500 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների, ինչպես նաև այդպիսի փոխադրամիջոցների կցասայլերի տեխնիկական ստուգումների պարբերական անցկացում,
- կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին կետի դրույթների ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում գրանցման մասին վկայականը համապատասխանեցնել այդ դրույթներում պարունակվող ցուցումներին, փոխադարձաբար ճանաչել նշված ժամանակահատվածում տրված վկայականները` մինչև դրանց վրա նշված գործողության ժամկետի ավարտը,
- ապահովել վարորդական վկայականների տրամադրումը միայն վարորդների անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների առկայությունն իրավասու մարմինների կողմից ստուգվելուց հետո և ազգային օրենսդրությամբ նախատեսել վարորդական վկայականներ ստանալու համար պահանջներ,
- ՀՀ տարածքում վավերական ճանաչել ՀՀ ազգային լեզվով կազմված կամ, եթե այդ լեզվով կազմված չէ, վավերացված թարգմանությամբ ուղեկցվող ցանկացած ազգային վարորդական վկայական, կոնվենցիայի 6-րդ հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած ազգային վարորդական վկայական, կոնվենցիայի 7-րդ հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած միջազգային վարորդական վկայական,
- ազգային վարորդական վկայականները համապատասխանեցնել կոնվենցիայի 6-րդ հավելվածի դրույթներին` դրա ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում և փոխադարձաբար ճանաչել այդ ժամանակամիջոցում տրված վկայականները` մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-504