Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

020.0483.300304

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 մարտի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2003թ. մայիսի 15-ին:

Հաշվի առնելով, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է քրեական գործերով գործուն և արագ միջազգային համագործակցություն, կոնվենցիան նպատակ ունի իրականացնել կոռուպցիոն իրավախախտումների համակարգված քրեականացում, ինչպես նաև ընդլայնել միջազգային համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

Կոնվենցիան հիմնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1996թ. նոյեմբերին ընդունված` Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագրի, 1976թ. նոյեմբերի 6-ի` Կոռուպցիայի դեմ պայքարի 20 հիմնական սկզբունքների մասին թիվ (97) 24 բանաձևի և 1998թ. մայիսի 4-ին ընդունված` «Կոռուպցիայի դեմ պետությունների խումբ-GRECO»-ի մասնակի և ընդլայնված հիմնադիր համաձայնագրի ընդունումը լիազորող թիվ (98) 7 բանաձևի վրա:

2. Քննության առարկա կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 14-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են պետական պաշտոնյաների ակտիվ և պասիվ կաշառակերության, մասնավոր հատվածում ակտիվ և պասիվ կաշառակերության, ազդեցությունը շահարկելու և հաշվապահական հանցագործությունների հանցակազմերը:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, իր ներպետական իրավունքին համապատասխան, ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են քրեականացնելու համար.

- ազգային պետական պաշտոնյաների` կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները և հանցակցությունն այդ արարքներին,

- կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները և հանցակցությունն այդ արարքներին, երբ դրանցում ներգրավված է ներպետական կամ օտարերկրյա ներկայացուցչական մարմնի անդամ, օտարերկրյա պետական պաշտոնյա, միջազգային կազմակերպության պաշտոնյա, միջազգային խորհրդարանական վեհաժողովի անդամ կամ միջազգային դատարանի դատավոր կամ պաշտոնյա,

- կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված արարքները և հանցակցությունն այդ արարքներին,

- եկամուտների լվացման հետ կապված այն հանցագործությունները, որոնք նախատեսված են «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» կոնվենցիայով, եթե հիմնական հանցագործություն են համարվում քննության առարկա կոնվենցիայի 2-12-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները:

Նշված արարքների համար պետք է սահմանվեն արդյունավետ և համարժեք պատժամիջոցներ:

Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի նաև համապատասխան միջոցներ կոնվենցիայի 14-րդ հոդվածով նախատեսված արարքների համար քրեական կամ պատասխանատվության այլ տեսակ սահմանելու, ինչպես նաև կոնվենցիայով նախատեսված ակտիվ կաշառակերության, ազդեցությունը շահարկելու և փողերի լվացման հանցագործությունների համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ` իր քաղաքացու, պետական պաշտոնյայի կամ ներպետական ներկայացուցչական մարմնի անդամի կողմից կամ իր տարածքում կատարված` կոնվենցիայի 2-14-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար:

Այդ հանցագործությունների նկատմամբ իրավազորությունը հաստատելու պարտավորությունը գործում է նաև այն դեպքում, երբ այդ հանցագործություններում ներգրավված է ՀՀ պետական պաշտոնյա կամ ներպետական ներկայացուցչական մարմնի անդամ: Այն դեպքում, երբ այդ հանցագործություններում ներգրավված է ՀՀ քաղաքացի հանդիսացող` միջազգային կազմակերպության պաշտոնյա, միջազգային խորհրդարանական վեհաժողովի անդամ կամ միջազգային դատարանի դատավոր կամ պաշտոնյա, Հայաստանի Հանրապետության վերապահման համաձայն` նշված պարտավորությունը կգործի, երբ այդ անձինք կներառվեն ՀՀ քրեական օրենսգրքով ակտիվ և պասիվ կաշառակերության համար քրեական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակում:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայով ստանձնում է նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմինների ստեղծման, արդարադատության հետ համագործակցող անձանց և վկաների պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների հավաքումը և այդ հանցագործություններից ստացված եկամուտների բռնագրավումը դյուրացնելու համար:

3. Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO): Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ հանդիսանում է այդ խմբի անդամ:

Կոնվենցիան սահմանում է դրանով նախատեսված հանցագործությունների քննության գործում միջազգային համագործակցության հիմնական սկզբունքներն ու միջոցները: Դրանք են` փոխադարձ իրավական օգնությունը, տեղեկատվության տրամադրումը, կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց հանձնումը: Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները` որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառված են համարվում Պայմանավորվող կողմերի միջև կնքված հանձնման մասին պայմանագրերում և պետք է ներառվեն հետագայում կնքվելիք պայմանագրերում:

4. Պայմանավորվող կողմերը պետք է նշանակեն կենտրոնական մարմիններ, որոնք պատասխանատու են կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների քննության կապակցությամբ հարցումներ ուղարկելու և այդ հարցումներին պատասխանելու համար: Կոնվենցիան սահմանում է կենտրոնական մարմինների միջև հաղորդակցության կարգը:

Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 29-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հայտարարում է, որ կոնվենցիայի 4-րդ գլխում նախատեսված համագործակցության համար պատասխանատու մարմիններն են ՀՀ գլխավոր դատախազությունը` մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով, և ՀՀ արդարադատության նախարարությունը` դատարաններում քննվող քրեական գործերով:

5. Կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում հռչակված ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1999թ. հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 մարտի 2004 թվականի

ՍԴՈ-483

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.03.2004
N ՍԴՈ-483
Որոշում