020.0472.240204
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 փետրվարի 2004թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի (զեկուցող),
մասնակցությամբ` հրավիրված` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) և 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 4 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 11-ին` Երևանում: Արձանագրության նպատակն է փոխարինել 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի 3 հոդվածի 3-րդ պարբերության` 1991թ. դեկտեմբերի 29-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը վկայակոչող դրույթները 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված և ՀՀ ԱԺ կողմից 1998թ. փետրվարի 2-ին վավերացված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը վկայակոչող դրույթներով:
Արձանագրությունը հանդիսանում է 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի անբաժանելի մասը:
2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը 1996թ. նոյեմբերի 27-ին կայացրել է որոշում, և հիշյալ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1997 թվականի ապրիլի 29-ին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003թ. նոյեմբերի 11-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 4 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
24 փետրվարի 2004 թվականի
ՍԴՈ-472